«Արտադրված է Հայաստանում».  #ՀայկականըՄերնԷ
Հայաստան

«Արտադրված է Հայաստանում». #ՀայկականըՄերնԷ

Այս տարվա սկզբից Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվում է «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական արշավը։ Ծրագրի ղեկավար Գայանե Անտոնյանի օգնությամբ բացատրում ենք, թե ինչից է այն բաղկացած և ինչ նպատակներ է հետապնդում։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի


Լուսանկարները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#Գործընկեր

Ո՞րն է ծրագրի նպատակը

Եկեք խոստովանենք. հաճախ առօրյա գնումների մեջ խճճված՝ մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում, թե որ երկրի ապրանքներ ենք ձեռք բերում, իսկ ավելի սրված դեպքերում նույնիսկ հատուկ շրջանցում ենք հայկականը։ Բայց ինչպե՞ս պահանջել բարձր որակ հայկականից, եթե չենք աջակցում դրան։ Ահա թե ինչու է անհրաժեշտ «Արտադրված է Հայաստանում» ծրագիրը։ Այն բարձրացնում է հայկական արտադրության վարկանիշը, հանրության իրազեկման մակարդակը և ներկայացնում է հայ արտադրողի նորարարական գաղափարներն ու որակյալ արտադրանքը՝ ոգեշնչելով մարդկանց ստեղծել հայկականը։ 

 

 

Ինչո՞ւ ծագեց ծրագրի անհրաժեշտությունը

44-օրյա պատերազմը շատերիս է ստիպել վերանայել մեր վերաբերմունքը հայրենիքի հետ կապված ամենատարբեր հարցերին։ Դրանցից մեկը սեփական տնտեսությանն աջակցելն է, որի լավագույն միջոցը հայրենական արտադրությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելն է։ Այս տեսանկյունից կարևոր էր ճանաչել, թե ինչ են առաջարկում հայ արտադրողները, որպեսզի հայ սպառողը քաջատեղյակ լինի շուկայից։ «Իր մեկնարկի պահից սկսած ծրագիրը, ճանաչելի դարձնելով հայ արտադրողին և արտադրանքը, հորդորում է աջակցել տեղականը երկրի տնտեսական զարգացման համար»,– բացատրում է Գայանե Անտոնյանը։

 

Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը

«Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական արշավը ներկայացնում է հայկական ապրանքներն ու ծառայությունները՝ պատմելով հայ արտադրողի պատմությունը։ Ծրագրի գլխավոր նպատակներից է ներկայացնել, թե ինչպիսի արտադրական փուլերով է անցնում ապրանքանիշը՝ նախքան սպառողին հասնելը։ Օրինակ՝ ո՞վ է ստեղծում Երևանի բույրով օծանելիք, ինչո՞ւ են այդքան մոդայիկ դարձել պատկերազարդ գուլպաները, ինչո՞վ է հայաստանյան ռոբոտն արժանացել Time ամսագրի բարձր գնահատականին, ո՞ր քաղցրավենիքի արտադրանք են սկսել հայրենադարձ գործարարները և այլն, և այլն։ Հերոսներն ու թեմաներն անսպառ են, նրանց պատմությունները՝ ոգևորիչ ու ուսանելի։ Հայաստանում արտադրված յուրաքանչյուր ապրանքանիշի հետևում մի հետաքրքիր պատմություն կա, որը, սովորաբար, լի է մարտահրավերների, բարդությունների հաղթահարման և մեծ կամքի դրսևորման դրվագներով։ Ծրագրի շրջանակներում արվում է հնարավոր ամեն բան՝ պատմելու այս մարդկային պատմությունները։ 


Այսպես, ծրագիրը սպառողին առաջարկում է հայկական այլընտրանք՝ որակյալ և հարմար գնային սահմաններում։ Մյուս կողմից՝ ծրագիրը ստեղծում է հարթակ հայ արտադրողների համար՝ կայանալու և դառնալու ավելի մրցակցային տեղական շուկայում։

 

 

Որտե՞ղ ծանոթանալ այդ պատմություններին

Արշավն իրականացվում է սոցիալական հարթակներում՝ միավորելով Հայաստանի արտադրական և սպառողական ներուժը՝ ի նպաստ հայկական արտադրության խթանման և երկրի տնտեսության զարգացման։ Նախագծի շրջանակներում ստեղծվել է madeinarmenia.online տեղեկատվական հարթակը, որը կամուրջ է հայ սպառողների և արտադրողների միջև՝ մեկ աղբյուրից հասանելի դարձնելով հայկական արտադրության և հայ արտադրողի մասին ամենահետաքրքիր և օգտակար տեղեկատվությունը։


Անընդհատ թարմացվող լրահոսում տեղ են գտնում ամենատարբեր նորությունները՝ ժամանակակից հայտնագործություններից մինչև Հայաստանի արդյունաբերությանն ու տնտեսությանն առնչվող թարմացումներ։ Առաջիկայում հարթակում ավելանալու են հետաքրքիր տեղեկատվական բաժիններ։ 

 

Ի՞նչ գաղափարներ են իրագործվել նախագծի շրջանակներում 

Հավանաբար Երևանի փողոցներում նկատած կլինեք հայրենական արտադրանքը գովազդող պաստառները՝ «հայկականը խելացի է», «հայկականը ոճային է» և նմանօրինակ այլ կարգախոսներով. սա նախագծի շրջանակներում իրականացրած գաղափարներից մեկն էր՝ երևանյան ճանաչելի պատշգամբների պատկերների գործածմամբ։ Ստեղծման պահից ի վեր «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական արշավն օգտագործել է բոլոր հնարավոր եղանակները հասանելի լինելու հայ սպառողներին։ Այս նպատակով էլ արշավի շրջանակներում կյանքի է կոչվել հաջորդ գաղափարը՝ «կախարդական արկղը»։ 

 

Ի՞նչ է «կախարդական արկղը»

Ի սկզբանե միտքն այն էր, որ պետք է մի տեղում ցույց տալ հայկական ապրանքների բազմազանությունն ու որակը։ Պատկերացրեք՝ մի գեղեցիկ ձևավորված արկղ, մեջը՝ խնամքի միջոցներ, թեյեր, շարֆեր և այլն, և բոլորը հայկական։ Եվ որպեսզի այդ ամենի մասին հնարավորինս շատ մարդ իմանա, գործի անցան հայոց ինֆլուենսերները։ Ավելի ճիշտ, նրանք ստացան նվեր արկղեր, իսկ իրենց հիացմունքը վերածվեց իրենց հազարավոր հետևորդներին՝ հայկականը գնելու հորդորներով։ 


Ինչպես նշվում է արկղին կցված նամակում (գրված արկղի անունից). «Հիմա իմ ու քո խնդիրն է պատմել քեզ նվեր հասած հայկական արտադրանքի մասին, որ միասին օգնենք հայ արտադրողին ու խրախուսենք իր աշխատանքը։ Պատմի՜ր բոլորին այս նվերի մասին. չէ՞ որ նրանց մեջ պատմություն, մեծ աշխատասիրություն և իրականացված երազանք կա»։

 

 

 

Ինչպե՞ս են արձագանքում արտադրողները

Այն ապրանքանիշները, որոնք ներկայացված են կախարդական արկղերի հավաքածուներում, տրամադրվում են անմիջականորեն արտադրողների կողմից։ Սա ևս մի ցայտուն ապացույց է, որ նրանք բաց են, հետաքրքիր ու արդյունավետ համագործակցության համար։ Ծրագրի ղեկավար Գայանե Անտոնյանը նշում է, որ հայ արտադրողներից շատերն էլ նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում՝ միանալու այս տեղեկատվական արշավի աշխատանքներին. «Հայ արտադրողներից շատերը սիրով համաձայնում են կիսվել իրենց արտադրանքով ու պատմություններով՝ հավատալով, որ կարող են այդպես ոգեշնչել մյուսներին ևս ստեղծել հայկականը»։ 

 

Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում ծրագրից

Թեև ծրագիրն ունի կարճ պատմություն, արդեն հասցրել է սիրվել հայ սպառողների կողմից և հավաքել լսարան, որը հետևում և աջակցում է նախաձեռնության առաջարկած յուրաքանչյուր գաղափարին։ «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական արշավը նախատեսում է շարունակել իր գործունեությունն այնքան, որքան կպահանջվի՝ հանրության շրջանում հայ արտադրանքի և արտադրության մասին իրազեկվածության մակարդակի առավել բարձրացման համար։ 


Ծրագիրն իրականացնող թիմում նշում են. «Առավել քան երբևէ, այսօր անհրաժեշտ է սատարել հայ արտադրողին և սպառել հայկական արտադրությունը՝ զարգացնելով մեր երկրի տնտեսությունը և արդյունաբերությունը»։ Դժվար է չհամաձայնել այս պնդման հետ։ 

 

Ի վերջո, ինչո՞ւ գնել հայկականը

Հայկականը ոճային է, խելացի է և մերն է։ Այն գնելը պետք է լինի արդի ու սովորական, որովհետև այն նախևառաջ մեր մասին է։