Այնտեղ, ուր Լենինի հրապարակն է…
Գուրգեն Մահարու էսսեն, որտեղ «Այրվող այգեստանների» և «Ծաղկած փշալարերի» հեղինակը վերհիշում է իր երիտասարդության Երևանի կենտրոնը: Առաջին անգամ տեքստը լույս է տեսել 1958 թվականին:
28.04.2022
[1] Փարիզյան «Փթի շան» («Փոքր դաշտ») ռեստորանի անունով երևանյան ռեստորանը հիմնել էին Ֆրանսիայից ներգաղթած երկու եղբայրներ:
[2] Ցուցանակի հեղինակներն էին ճարտարապետ-նկարիչներ Կ. Հալաբյանը և Մ. Մազմանյանը: Հումորիստական դիմանկարներից մեկում Մահարին գրել է. «…Այստեղից էլ սկսվում է Միքայել Մազմանյանի եռուն և բեղուն գործունեությունը: Հալաբյանի հետ գլուխ-գլխի, խելք-խելքի տվին և նկարեցին Պետհրատի գրախանութի ցուցանակը և հայտարարեցին մրցանակաբաշխություն, մեծ մրցանակ խոստանալով նրան, ով կկարդա ցուցանակը: Ամբողջ Երևանը ոտքի կանգնեց և մասնակցեց մեծ մրցմանը: Ի վերջո մրցանակը մեծ հաջողությամբ և բանիմացությամբ տարան Կարո Հալաբյանն ու Միքայել Մազմանյանը, միակ մարդիկ, որ կարողացան ճարտարորեն կարդալ իրենց նկարագրած ցուցանակը: Պարզվեց, որ այնտեղ գրված էր «Պետհրատի գրախանութ» («Նաիրի», Բեյրութ, 1962, 21 հունվարի, թ. 38, էջ 4, 5, ԵԼԺ-10):
[3] Խոսքն «Ապոլո» կինոթատրոնի մասին է, գտնվել է Լենինի հուշարձանի տեղը:
[4] Հետպատերազմյան առաջին տարիներին այդ շենքի տեղում կառուցվեց հրապարակը եզերող նախկին կենտրոնական փոստը, կապի նախարարությունը, արհմիությունների շենքը:
Շատ բան կար։ Նախ «Պթի շան» [1] ամառային ռեստորանն էր, հետո կողք կողքի մրգի դուքաններ, էլի ինչ-որ մասնավոր խանութներ, հետո՝ դեղատունը։ Նրա վերին հարկը որբանոց էր, աղջիկների որբանոց, ապա վերածվեց հանրակացարանի, իսկ սենյակներից մեկում հաստատվեց Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան։ Դեղատնից ներքև մի կոոպերատիվ խանութ կար, որը հուսահատական պայքար էր մղում սանձարձակ մասնավորի դեմ, իսկ նրա տակը, Ամիրյանի և Աբովյանի անկյունում, ներքնահարկային «Արաքս» ռեստորանն էր։
Հետո գալիս էր կաֆե «Նաիրին»՝ բարձր ինտելիգենցիայի ժամադրավայրը։ Անշո՛ւք։ Այստեղ կարելի էր տեսնել լայնաթիկունք և առնական Մարտիրոս Սարյանին, Թոթովենցի ծիծաղը կարելի էր լսել կես կիլոմետր հեռավորության վրա, իսկ Չարենցը սիրում էր աղմկահույզ գիշերներից հետո՝ կիտրոնով մուգ թեյ խմել, մեծ կարևորություն տալով ամեն մի կումին։
Հետո Պետհրատի գրախանութն էր, որն աչքի էր ընկնում իր զարմանալի ցուցանակով, չեմ հիշում, թե ով էր գրել այդ։ Բայց հիշում եմ, որ հայագետն անգամ մեծ դժվարությամբ կկարողանար տառ առ տառ կարդալ «Պետհրատի գրախանութ»…[2]
Այժմ գոյություն ունեցող պուրակի (բուլվարի) ճիշտ դեմ դիմաց քաղաքի միակ փոքրիկ կինոթատրոնն էր [3]։ Նրա վրա էր քաղաքային զառամած ժամացույցը, զնգալուց առաջ խռխռում էր, խզխզում։ Հետո գալիս էր «մեքենագրուհիների բյուրո»-ն։
Թեքվում ենք Նալբանդյան փողոց, այս անգամ քայլում վարից վեր։ Սևացրած տախտակի վրա սպիտակ տառերով առաջին ցուցանակը հայերեն և ռուսերեն. «Բեդնի Սաշա»։ Պարզապես ամենահասարակ կարգի փոքրիկ ճաշարան էր, բայց ինչո՞ւ «բեդնի» և ինչո՞ւ «Սաշա»… Մյուս թևի վրա երկհարկանի, սևաքար փոստն էր [4], հետո բնակելի տներ, որսորդական ճաշարանը, նրա դիմաց՝ «Ֆանտազիա» բաղնիքը, ուր ֆանտաստիկ ոչինչ չկար։ Իսկ Ամիրյան փողոցի հատվածի վրա՝ սափրչանոցներ, լուսանկարչատուն, մի բնակելի տուն՝ փոքրիկ բակով, էլի ինչ-որ խանութ…
Ա՛յս էր այսօրվա լայնաշունչ, էպիքական Լենինյան հրապարակը երեսունհինգ տարի առաջ։ Այդ օրերին ծնված մանուկները հիմա երեսունհինգ տարեկան են։