Maison Marom․ «Երևանն այնպիսի տեղ է, որի մասին ուզում ես պատմել աշխարհին»
Maison Marom lifestyle էկոհամակարգի համահիմնադիրներ Մարետա Գևորկյանն ու Օլգա Մեդելյանը ԵՐԵՎԱՆին պատմել են, թե ինչու բիզնեսը պետք է լինի մշակութային ժառանգության բաղադրիչ, ինչ պոտենցիալ ունի Երևանը և ինչպես գտնել հագնելու բան, երբ «հագնելու բան չկա»։
Տեքստը՝ Արեգ Դավթյանի
ՄԱՐԵՏԱ ԳԵՎՈՐԿՅԱՆ
Նույն հայացքներ
Դեռ նախքան Maison Marom-ը, ես ու Օլգան սկսել էինք համատեղ մշակել հարսանեկան նորաձևության Moment of White բրենդը, որի հիմքում Ալյոնա Կոննովայի շատ յուրահատուկ հավաքածուն էր։ 2023-ին շատ տպավորիչ շնորհանդես-ցուցադրություն կազմակերպեցինք Ազգային պատկերասրահում։ Այդ նախագծի ընթացքում Օլգայի հետ շատ հեշտ լեզու գտանք, քանի որ երկուսս էլ գեղագիտությունը, արժեքները, բիզնես-մոտեցումները նույն կերպ էինք տեսնում ու ընկալում։ Արդեն MW-ում փորձում էինք համատեղել ավանդականն ու ժամանակակից թրենդներն այնպես, որ ծնվեն ոչ թե պարզապես իրեր, այլ գեղարվեստական, մշակութային արժեք ունեցող օբյեկտներ։ Այդ գաղափարախոսությունը նաև հիմք հանդիսացավ Maison Marom-ի համար։
Maison Marom—ը՝ գոյություն ունեցող էկոհամակարգի մեջ
Maison Marom-ը նաև նրբորեն լրացնում է արդեն գոյություն ունեցող էկոհամակարգը, որում գործում են Էվոկաբանկը, Green Rock—ը և այլ խոշոր նախագծերը։ MM-ը կարծես դուրս է գալիս լոկալ բրենդի սահմաններից ու ձևավորում նոր երևույթ, որը համատեղում է նորաձևության ոլորտը, ճարտարապետությունն ու մշակույթը։ Ինչպես և էկոհամակարգի մյուս նախագծերը, MM-ի նպատակը ոչ թե արագ, այժմեական արդյունքներն են, այլ երկարաժամկետ մշակութային ժառանգության կերտումը, կայուն բիզնեսի հիմնումը և տեղական կոնտեքստի զարգացումը։ Սա բավական հավակնոտ գաղափար է, բայց մենք վստահ ենք, որ Maison Marom—ի պես բրենդը պետք է ոչ պարզապես գոյություն ունենա շուկայի շրջանակում, այլև ինքը կերտի նոր ուղղություններ։
Տեղականը և գլոբալը
Չնայած, որ Երևանը մեծ դեր է խաղում բրենդի կյանքում (իսկ բրենդը, վստահ ենք, մեծ դեր է խաղալու Երևանի հետագա կյանքում), ես կասեի, որ Maison Marom—ը առաջին հերթին գլոբալ բրեդն է, բայց տեղական ինքնությամբ։ Նույնիսկ մեր թիմն ուսումնասիրելով միանգամից կտեսնեք, որ այն միջազգային է, մարդիկ կապված չեն միմյանց կոնկրետ ազգությամբ կամ աշխարհագրությամբ։ Այո, հայկական ժառանգությունը հանգուցային դեր է խաղում մեր վիզուալ կոդում ու փիլիսոփայության մեջ, բայց բրենդը ստեղծվում է համաշխարհային շուկայի համար։ Մենք աշխատում ենք ամենատարբեր երկրներից ու տարբեր ազգային արմատներ ունեցող դիզայներների, արհեստավորների ու ստեղծարարների հետ, որպեսզի ստեղծենք մի նոր մշակութային երկխոսություն նորաձևության ոլորտում։ Եվ ես նկատի ունեմ ոչ թե հայկական շուկան, այլ համաշխարհային նորաձևությունը։
ԱՕԿՍ-ը՝ որպես ներդրում ապագայի մեջ
ԱՕԿՍ-ի շենքի նախագիծը մեր հավակնությունների ամենալավ վկայությունն է։ Դա մի մարտահրավեր է, որը մենք ընդունեցինք միանգամայն գիտակցաբար, քանի որ դրանում տեսանք բացառիկ հնարավորություն՝ միավորելու պատմությունը, ճարտարապետությունն ու ժամանակակից բիզնեսը։ Գիտեք, երբ նոր սկսեցինք մշակել նախագիծը, շենքը բավական անմխիթար վիճակում էր ու այն վերագործարկելը չափազանց մեծ պատասխանատվություն է։ Բայց շենքի պատմամշակութային արժեքը ստիպեց մեզ գնալ այս ռիսկային քայլին։ Ի վերջո, այս նախագիծը ոչ թե պարզապես վերանորոգում է, այլ տարածքի լիարժեք վերադարձ դեպի մշակութային ու գործարար շղթա։ Ես համոզված եմ, որ սա հրաշալի ներդրում է ոչ այնքան Maison Marom—ի, որքան մեր քաղաքի ապագայի համար։
Բիզնես և մշակույթ
Ես հավատացած եմ, որ բիզնեսն ու մշակույթը պետք է զարգանան իրար հետ ու իրար օգնելով, ոչ թե հակադրվելով։ Չէ՞ որ մշակույթը ձևավորում է ինքնություն, առանց որի բիզնեսը զուտ մեխանիկական, անդեմ գործընթաց է մնալու։ Բայց եկեք իրատես լինենք, բիզնեսն էլ իր հերթին անհրաժեշտ է մշակույթին, քանի որ մշակութային նախաձեռնություններին աջակցելու, նոր արժեքներ ստեղծելու համար պետք են միջոցներ։ Ես կարծում եմ, որ այս երկու կարևոր միտքը պետք է գիտակցեն և՛ ստեղծարար մարդիկ, և՛ գործարարները։
Maison Marom-ի դեպքում, օրինակ, ես, որպես գործարար, սպասում եմ, որ այն կսկսի մեծանալ, զարգանալ ու եկամուտ բերել, բայց որպես ստեղծարար ոգի՝ նաև հույս ունեմ, որ այն անդադար դինամիկ վիճակում կլինի ու իր շուրջ կձևավորի առողջ գործարար-մշակութային միջավայր, որին կմիանան մեր արժեքներն ու փիլիսոփայությունը կիսող գործընկերները։
ՕԼԳԱ ՄԵԴԵԼՅԱՆ
Մեծ գաղափարի սկիզբ
Maison Marom-ը սկիզբ է առել Մարետա Գևորկյանի հոգու ձգտումից ու իմ ստեղծարարությունից։ Ստացվեց այնպես, որ իմ տեսլականը 100 տոկոսով համընկավ նրա բիզնես-մղումների հետ։
Ի սկզբանե սա ոչ թե մի նախագծով զբաղվող ընկերություն էր լինելու, այլ հենց լիարժեք բազմաֆունկցիոնալ էկոհամակարգ։ Այսպիսի հավակնոտ, ահռելի գաղափար էր, որից դողում էին ձեռքերը։ Կար վախ՝ կկարողանա՞նք այդ գաղափարի տակից դուրս գալ։ Բայց երբ նախագիծը սկսեց ստանալ իր շոշափելի տեսքը, սկսեց ձևավորվել թիմը, հասկացանք, որ ճիշտ ենք շարժվում։
Ես ինձ միշտ նեղված եմ զգացել այն բոլոր նախագծերում, որոնք եղել են Maison Marom-ից առաջ, որովհետև դրանք կարծես մեկուսացած լինեին, կենտրոնացած մի ինչ-որ չափազանց ստույգ ոլորտի վրա, անտեսելով մնացած բազմադեմ աշխարհը։ Ու ես վստահ եմ, որ նման նեղվածք զգում են իմ պես շատ-շատերը։ Էնպես որ Maison Marom-ի առաջնային նպատակներից էր հենց հնարավորություն տալը, որպեսզի ստեղծարար մարդիկ կարողանան իրագործել իրենց պոտենցիալը։
Բիզնեսն իբրև մշակութային ժառանգություն
Բիզնեսը ոչ թե կարող է, այլ պե՛տք է լինի մշակութային ժառանգություն: Բիզնեսը պարզապես բառ է, ինչպես, ասենք, «մայրիկը»։ Ամեն մեկի համար «մայրիկի» հետևում կոնկրետ մարդ է կանգնած՝ շատ հստակ բնութագրով։ Նույնն էլ բիզնեսն է։ Ամեն առանձին դեպքում այն մարմնավորում են դրա հետևում կանգնած մարդիկ։ Այո՛, երբեմն բիզնեսը միայն փողի շուրջ է պտտվում։ Բայց իրական հաջողակ բիզնեսն ունի նաև ամուր բովանդակություն։ Պարզ օրինակ բերեմ․ երբ գնում եք Փարիզ, բացի Էյֆելյան աշտարակից ու Լուվրից ի՞նչն է կազմում այդ չքնաղ քաղաքի հարուստ մշակութային դեմքը։ Սրճարանները, ռեստորանները, խանութները։ Իսկ ի՞նչ են դրանք, եթե ոչ բիզնես։ Ստացվում է, որ գործարարները ստեղծում են Փարիզի դեմքը։ Եվ դա վերաբերում է բոլոր այլ քաղաքներին։
Մշակույթից բխող ու դեպի մշակույթ բերող
Մեր կարևոր նպատակն է ցույց տալ երևանցիներին ու Երևան եկողներին, որ այս չքնաղ վարդագույն քաղաքում իրականում կան բոլոր անհրաժեշտ մշակութային-քաղաքային արժեքները, պարզապես պետք է դրանք շեշտել, վերաբացահայտել, վերագնահատել։ Մեր բոլոր նախագծերն այսպես թե այնպես վերաճում են հայ մշակույթից և կարծես կամրջակներ են այցելուի ու մշակույթի միջև։
Marom բրենդը բացարձակ կապ չի ունենալու մասս-մարկետի հետ։ Մեզ չեն հետաքրքրում միլիարդ օրինակով պատրաստվող հուդիները։ Աշխարհում դրանցից շատ կա արդեն, ու շատ ավելին, քան օգտագործվում է։ Մենք տալու ենք աշխարհին այնպիսի արժեք ու որակ, որն իրոք այսօր պակասում է։ Ընդ որում՝ մեր նպատակը մնայուն արժեք ստանալն է։ Տարին մեկական հավաքածու, ու այնպիսի որակի, որ մարդիկ հագնեն ու փոխանցեն սերնդե սերունդ։
Տունը ու «մերոնք»
Իհարկե, ամեն ինչ այնքան հեշտ չէ, չես կարող պարզպես վեր կենալ, գալ Երևան ու միանգամից նախագծեր իրագործել։ Պետք է խորանալ տարածքի մեջ, հասկանալ մարդկանց ու քաղաքի բնավորությունը, ըմբռնել։ Այդ ճանաչողական գործընթացն ինքնին շատ հաճելի փորձառություն է։ Հիշում եմ, երբ առաջին անգամ ժամանեցի այստեղ, քայլեցի քաղաքով, հստակ տպավորություն էր մոտս, որ տուն եմ եկել։ Ես տանն եմ, որովհետև մարդիկ են բարեհամբույր, բաց, հյուրընկալ։ Սա այնպիսի տեղ է, որի մասին ուզում ես պատմել աշխարհին։ Ցավոք, աշխարհի անտանելի փոքր մասը գաղափար ունի, թե ինչ է Երևան, ինչ է Հայաստանը, հայկական մշակույթը։
Մենք ոչ թե աշխատակիցներ ենք հավաքում, այլ ամբողջ աշխարհով մեկ փնտրում ենք «մերոնց», մարդկանց, որոնք մեզ պես ուզում են ստեղծել, բացահայտել, խորանալ։ Դրա վառ օրինակներից էր մեր փարիզյան դիզայները, որը միանգամից ըմբռնեց հայկական մշակույթի արժեքները։
Հագնելու բան չկա
Աշխարհի բոլոր կանայք գիտեն այս երևույթի մասին, երբ զգեստապահարանները լիքն են, բայց հագնելու բան չկա։ Rien-a-porter ուղղությունը կառուցվելու է հենց այդ գաղափարի շուրջ՝ տեղական հատկանիշներով։ Հայերեն «հագնելու բան չկա» արտահայտությունը, ի դեպ, մշտապես օգտագործվելու է բրենդինգում, որ ամեն տեղ երևան մեր հայկական արմատները։
ԱՕԿՍ
Մեզ համար կարևոր էր վերագործել ԱՕԿՍ-ի շենքը հենց այն պատճառով, որ մեր գաղափարի հիմքումը բիզնեսը որպես մշակութային ժառանգություն կերտելն է։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել, որ սրանով զբաղվելն ուներ շատ մեծ ռիսկեր, քանի որ երկար ժամանակ կիսալքված շենքը լուրջ վերանորոգման կարիք ունի, որն էլ իր հերթին ենթադրում է մեծագույն պատասխանատվություն ու ծախսեր։ Բայց իմ սիրելի գործընկերուհի Մարետան մի վայրկյան անգամ չվարանեց։
Հաջորդ քայլն արդեն բովանդակություն մտածելն էր, որը մենք անելու ենք այլ գործընկերների հետ՝ Z&A ընկերության ու «Կերոն» հիմնադրամի հետ համատեղ։ Մեր մասով այնտեղ լինելու է փոքրիկ, բայց չափազանց հիշարժան ֆլագմանային խանութ, որում կներկայացվի Marom Armenian Lable—ի բրենդային արտադրանքը, իսկ ամենավերևում՝ ռուֆ-թոփ ռեստորանը։
Համայն հայության ժառանգությունը
Հայաստանն իր մեջ պարունակում է տաղանդավորագույն մարդկանց ահռելի պաշար։ Չնայած, որ մենք ազգային տարբերություններ չենք դնում, կարևորը մարդն ու իր տաղանդն են, բայց հատկապես ուրախ կլինենք օգնել տեղացիներին։ Ընդ որում՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն տաղանդավոր մարդու տաղանդավոր միտքը չի կարող պարտադիր բիզնես-հիմք ունենալ, այդ պատճառով էլ կա «Հոսք» հիմնադրամը։
Մեզ նաև չափազանց հետաքրքիր է Սփյուռքի ժառանգությունը։ Այն ահռելի մշակութային հարստությունը, որ կերտել են հայերն աշխարհի տարբեր անկյուններով, շշմեցուցիչ է։ Մենք ակտիվ շփվում ենք ֆեշն-ոլորտում աշխատող հայազգի մասնագետների հետ, հետազոտում պատմությունը, ընդհուպ, չգիտեմ, 19-րդ դարում Ճապոնիայում մի հայ հացթուխի հորինած ֆանտաստիկ հրուշակեղենը, որը դառնալու է մեր ռեստորանի մասը։ Պատկերացրեք, թե ի՜նչ արդյունքներ կարող են տալ մեր այս պեղումները։
Անկեղծ, ես պարզապես չեմ հասկանում, թե որտեղից այս փոքրիկ ազգին այսքան տաղանդ։ Չի կարելի կորցնել այդ հարստությունը։