Մանդելշտամի, Սառայի ու Գոռի երեք օրը Հայաստանում
ԵՐԵՎԱՆը զրուցել է «Երեք օր» կինոնկարի համահեղինակ, ռեժիսոր Դավիթ Ներկարարյանի հետ՝ Օսիպ Մանդելշտամի գրքի հետքերով կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու գաղափարի, յուրահատկությունների ու կարևորության մասին
Տեքստը՝ Լենա Գևորգյանի
Սառան Օսիպ Մանդելշտամի պոեզիայի մեծ երկրպագու է: Պոետի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գրքից ոգեշնչված՝ Սառան որոշում է ուղևորվել Հայաստան։ Եռօրյա այցը ճակատագրական է դառնում Գոռի համար, ով ուղեկցում է Սառային ճանապարհորդության ընթացքում․ այս պատմությունը շուտով կտեսնենք էկրաններին։
Հեռավոր նախաքովիդյան ժամանակներն էին՝ 2017 թվականի մի գեղեցիկ օր։ Գրող Գնել Հակոբյանն ու նկարիչ, ռեժիսոր Դավիթ Ներկարարյանը Մոսկվայում էին։ Արդեն չեն հիշում, թե ինչպես դրան հասան, բայց Դավիթն ասաց․ «Արի՛ ֆիլմ նկարենք, դու սցենարը կգրես, ես էլ կօգնեմ, բայց կարևորը՝ արի՛ սկսենք»։
Ու սկսեցին։ Հաջորդ քայլը թեմա ընտրելն էր։ Լիքը զրուցելուց ու տարբեր քննարկումներից հետո Դավիթը հանկարծ հիշում է Մանդելշտամի՝ Հայաստանին նվիրված բանաստեղծությունների հավաքածուն։ Լինելով բանաստեղծի երկրպագու՝ Գնելը համաձայնվում է հենց դրա շուրջ ստեղծել սցենարը, սկսում են սեփական ճանապարհորդությունը կինոյի ոլորաններով։
«Կարճամետրաժ ֆիլմն իր բարդություններն ունի, քառակուսու մեջ ես, սահմանները չես կարող կոտրել, շարժվելու շատ տեղ չկա ու ինֆորմացիան ավելի մատչելի ու հասանելի պիտի կարողանաս ներկայացնել», - պատմում է Դավիթ Ներկարարյանը։
Արդյունքում հեղինակներն ընտրում են Մանդեշտամի այցելած մի քանի լոկացիա․ «Սևանում, Շուշիում էլ է եղել, բայց ամբողջը քարտեզագրելու ու ցուցադրելու կարիքն էլ չկար։ Մեզ համար կարևոր էր փոխանցել մթնոլորտը»։
Արդյունքում ֆիլմի գլխավոր հերոսուհին եռօրյա այցով ժամանում է Հայաստան՝ տեսնելու Մանդելշտամի անցած ուղին ու հանդիպում է Գոռին։ Մանդելշտամի, Սառայի ու Գոռի մասին պատմությունը թղթին հանձնելուց հետո Գնելն ու Դավիթը դիմում են Ազգային կինոկենտրոն։ Ու սկսում են դժվարությունները՝ իշխանափոխություն, քովիդ, պատերազմ։ Բայց ահա չորս տարի անց՝ 2021-ին, գլխավոր հերոսները՝ Սվետլանա Պերվուշինայի ու Վաչե Երիցյանի մարմնավորմամբ, վերջապես հանդիպում են նկարահանման հրապարակում։
Մալայա Բրոննայա թատրոնի դերասանուհի Սվետլանան, մինչ նկարահանումը, երբևէ չէր եղել Հայաստանում։ Բայց պարզվել էր, որ հերիք չէ չափից շատ է սիրում երկիրը, հայերեն բառեր գիտի ու լիքը հայ ընկերներ ունի։ Դերասանուհին Սանկտ Պետերբուրգից է, որտեղ ապրել է նաև Մանդելշտամը, իսկ Սվետլանան իր հերթին շատ է սիրում պոետի ստեղծագործությունները։ «Սվետլանան իսկական նվեր էր մեզ համար՝ տաղանդի ու աշխատասիրության արտացոլում է։ Իսկ Վաչեն կարծես պլաստիլին լինի՝ կերպարանափոխվում է և ունիվերսալ է, կարողանում է որսալ պահն ու զգալ», - նշում է Դավիթը։
Սա Դավիթի առաջին ֆիլմն է․ «Անբացատրելի զգացողություն է։ Կինո ստեղծելը թիմային աշխատանք է, այդ ընթացքում բոլորս կարծես մի ընտանիք լինեինք։ Ստեղծագործական վեճեր էլ լինում են, բայց դա էլ է հաճելի ու արդյունավետ։ Որքան էլ որ հոգնած լինես, սպասում ես՝ երբ է լույսը բացվելու, որ նորից նկարահանման հրապարակ գնաս»,- հիշում է Դավիթն ու հավելում, որ երկար ժամանակ մեծ ցանկություն ուներ օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի հետ աշխատելու, ում հետ կրկին Մոսկվայում է ծանոթացել։
«Ուզում ենք, որ ֆիլմի միջոցով նրանք, ովքեր չգիտեն Մանդելշտամին՝ բացահայտեն իրենց համար մեծ պոետին ու տեսնեն, թե ինչպես է եկել Հայաստան ու սիրահարվել երկրին։ Սա իմ գերագույն նպատակներից է», - նշում է ռեժիսորը։ Նա նաև վստահ է, որ ֆիլմից դժգոհ չէր մնա նաև ինքը՝ պոետը։
Ֆիլմն այժմ փառատոնային կյանքով է ապրում, դրանից հետո արդեն կցուցադրվի նաև մեծ էկրաններին։