Մանսուրյան միջազգային կոմպոզիտորական մրցույթը և հայ գրականությունը
Երաժշտություն

Մանսուրյան միջազգային կոմպոզիտորական մրցույթը և հայ գրականությունը

Խոսքի և երաժշտության սինթեզն իր յուրահատուկ դրսևորումներն ունի կոմպոզիտորական արվեստում, և հենց այս հիմքով 2022 թվականի հոկտեմբերի 15-ին մեկնարկեց «Մանսուրյան միջազգային մրցույթը»։ Մրցույթի այս և հետագա փուլերի մասին զրուցեցի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանի հետ:

Տեքստը՝ Վիկտորիա Սամուելի

 

Լուսանկարները՝ @andisrayelyan_artfeed

#Արվեստ

Մանսուրյան միջազգային մցրույթի կազմակերպիչն է Կողբ հիմնադրամը, գործընկերներն են Fastbank-ը, Fastshift-ը, ТЕАМ-ը, FedEx-ը։ 

 

---

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Ինչու էր պետք մրցույթը

«Կարևոր է, որ մանսուրյանական մտածողության շարունակություն լինի։ Իսկ պարոն Մանսուրյանն աշխարհին հայտնի է ավելի շատ իր դասական ստեղծագործություններով։ Մինչդեռ Հայաստանում ավելի հայտնի են իր՝ ֆիլմերի համար գրված գործերը, - բացատրում է Սոնա Վերդյանհը, - Թերևս, այս պատճառով որոշվեց, որ մրցույթը լինի նաև միջազգային հանրության համար»։



Սակայն, ինչպես նշում են կազմակերպիչները, առավել այս խոշոր նախագծում կարևորագույն դեր ունի հենց Մանսուրյանի անձը․ «Եթե դուք պարոն Մանսուրյանի հետ քայլեք մի քանի րոպե, կզարմանաք, թե ինչքան մարդ է մոտենում նրան, ուզում խոսել, գրկել՝ անկախ տարիքից: Զարմանալի է՝ ոնց կարող է մի մարդ բավարարել այդքան սերունդների: Կարծում եմ՝ մրցույթի գլխավոր աջակից Կողբ հիմնադրամի ղեկավար Արման Բարսեղյանին նույնպես դա է ոգեշնչել»:



Ըստ Վերդյանի, այս տեսակ մրցույթները շատ կարևոր են նախ՝ հասարակության մտածողության որակի բարձրացման համար: «Եթե ներկա լինեիք համերգին, կտեսնեիք, որ նույնիսկ լռության ձևը բոլորովին այլ է: Համերգի ընթացքում հոգևոր երաժշտություն էր, դադարների ժամանակ խանգարող ծափահարություններ չկային: Իսկ այդ ամենը կրթում է մեզ: Այդպիսի համերգներից հետո ինչ-որ մեկը կսկսի Մաշտոցին ուսումնասիրել, մյուսը հայրեններին կծանոթանա՝ հասկանալու համար՝ ինչքանով են դրանք մեզ նկարագրում որպես տեսակ»:

 

 

Ինչու է հիմքում գրականությունը

«Պարոն Մանսուրյանը խոսքի հիման վրա ստեղծում է մեղեդին, և ինքը միշտ փորձում է դա անել մաքսիմալ համագործակցությամբ և անպայմանորեն այնպես, որ հայերենը դրանից չտուժի, - պատմում է Սոնա Վերդյանը, - իր վերաբերմունքը խոսքին շա՜տ զգույշ է: Հենց այս պատճառով էլ որոշվել է, որ մրցույթի հիմքում լինի հայ պոեզիան»:



Այս հարցում սահմանափակումներ չկան: Մասնակիցները կարող են ընտրել միջնադարյան կամ ժամանակակից գործեր, կարող են համադրել դրանք, կարող են դրանց հիման վրա ստեղծել ցանկացած ժանրի ստեղծագործություն, կարևոր է միայն, որ հիմքում լինի հայ գրականությունը:



Գլխավոր պայմաններից մեկը, սակայն, ակադեմիական կրթությունն է այս ոլորտում և այն, որ ստեղծագործությունները պետք է գրված լինեն ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար:
 

Ինչպես մեկնարկեց ծրագիրը

Մրցույթի շրջանակներում՝ հունվարի 27-ին՝ Մանսուրյանի ծննդյան օրը, Արամ Խաչատրյան համերգասրահում  մանսուրյանական համերգ էր, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց երկու նոր ստեղծագործություն, որոնցից մեկն առաջին անգամ 2021 թվականին հնչել է Բռնոյում՝ Մենդելին նվիրված համերգի ժամանակ, որի ընթացքում որպես նախաբան կատարվել է Մանսուրյանի «Օրհներգ - Նավապետ Բարին»՝ գրված Մաշտոցի խոսքերի հիման վրա, իսկ երկրորդ ստեղծագործությունը նվիրված էր իր ընկերոջը՝ Ռոբերտ Մլքեյանին։ Ստեղծագործության հիմքում 8 հայրեններ են՝ սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների մասին։

 


 

Ովքեր են մասնակցել

Մասնակիցները մրցույթի համար իրենց գործերը կարող էին ուղարկել մինչև ապրիլի 1-ը: Հիմա  ուղարկված ստեղծագործությունների ուսումնասիրության փուլն է։ Փորձում են ընտրել 6 լավագույնին 24 մասնակցից, որոնք դիմել են աշխարհի 13 երկրներից։ Մասնակիցներն անդրադարձել են Ներսես Շնորհալուն, Նարեկացուն, Թումանյանին, Չարենցին, Շիրազին, կա նաև անդրադարձ Գյուրջիևին։



Ընտրված 6 գործերը կներկայացվեն մայիսի 27-ին գալա-համերգի ժամանակ՝ «Ասոնանս» անսամբլի կողմից: Սոնայի խոսքերով՝ այստեղ հիմնականում երաժիշտներ են, որոնք ուղիղ առնչություն ունեն ժամանակակից երաժշտության հետ և կարողանում են ճշմարիտ կերպով ներկայացնել այն:



Համերգի փակման ժամանակ հայտնի կդառնան լավագույն երեք ստեղծագործությունները:

հավելյալ նյութեր