Տիգրան Մանսուրյան. Ես կուզեի միշտ ի՛նքս լինել նայողը
Իմ Երևանը

Տիգրան Մանսուրյան. Ես կուզեի միշտ ի՛նքս լինել նայողը

Սարյանի ու Կարա Բալայի երևանցիությունը, թաղային կռիվները, տրամվայում գողացված պարտիտուրան և Փարաջանովի հետ զբոսանքները։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի, Արքմենիկ Նիկողոսյանի


Լուսանկարները՝ Առնոս Մարտիրոսյանի


ԵՐԵՎԱՆ #62 | 2020

#ԻմԵրևան

Դեռ Բեյրութից գիտեի «Հեյ ջան Երևան» երգը։ Մեր տանը նաև մի օրացույց կար Շահումյանի արձանի լուսանկարով։ Մեր լավագույն քանդակներից է՝ իր հրապարակով հանդերձ։

 

Երբ առաջին անգամ եղա Երևանում, ապշեցրին բուսականության առատությունը, օդի տաքությունը, ապահովության զգացողությունը, չէ՞ որ Արթիկից էի եկել։

 

Ես գավառից եկած, անփորձ 17 տարեկան տղա էի։ Բայց ահա, ընդունվեցի ուսումնարան ու, դու մի ասա, ուսումնարանի կարևոր մարդկանցից մեկը դարձա անմիջապես։ Հավելյալ թոշակ նշանակեցին նույնիսկ բացի ուսանողականից՝ պրոֆմիության, որ օրական ուտելու փող ունենամ։

 

Երևանում շատ տարածված էին թաղային կռիվները։ Կոնդեցիները, երրորդմասցիները, մյուսներն անընդհատ կոնֆլիկտների մեջ էին։ Այնպիսի տպավորություն էր՝ էս կռվարար տղերքի գործունեությունն իշխանության կողմից լուռ քաջալերվում էր մնացածներիս զսպելու համար։ Կարծում եմ՝ վախը կարևոր էր։ Թե չէ կարող էին մի օրում բոլոր կռվարարներին վերացնել, բայց պահում էին, ձեռք չէին տալիս։

 

 
Image for post

 

Մի օր նկատեցի, որ հենց կոնֆլիկտի մեջ պիտի հայտնվեմ, արդեն վերջ, բայց մեջքիս հետևում ինչ-որ տղերք էին հայտնվում՝ սասունցիներ, որոնք զսպում էին ու չէին թողնում, որ ինձ կպնեն։ Էնպես որ՝ երբևէ կռիվ չեմ արել։

 

Գողություն շատ կար, շատերի համար գոյատևելու հարց էր։ Մի անգամ տրամվայում ձեռքիցս թռցրեցին «Եվգենի Օնեգին» օպերայի պարտիտուրան, որ հետս տարել էի օպերային թատրոն. սովորելու համար շատ կարևոր է և՛ լսել երաժշտությունը, և՛ հետևել պարտիտուրային։ Չիմացա՝ ինչներին էր պետք։ Տարան ու վերջ։

 

Երևանն ինձ համար առաջին հերթին ծայրամասերն էին։ Ապրում էի Մալաթիայում, իսկ ուսումնարանի մոտիկ ընկերս՝ Հրանտը՝ Երևանյան լճի մոտակայքում՝ բարձունքի վրա, ներքևն էլ այգիներ ունեին։ Գնում էինք իրենց տուն, Չարենց էինք կարդում մինչև լույս, գինի էինք խմում։

 

Թաղամասերը կազմված էին առանձին տներից ու մարդիկ ընկերություն էին անում ընտանիքներով։ Եվ դա շատ գեղեցիկ էր դարձնում հարաբերությունները։ Քաղաքային բարձրություններն ու աղմուկը դեռ չկային։ Որոշ ժամանակ դեռ պահպանվում էին էդպիսի հանրությունները, երբ դալանից մտնում էիր ներս, ու էնտեղ՝ տներ, ընտանիքներ…

 

Այն ժամանակ Կամերային երաժշտության տան տեղում պարտեզ էր, բայց հենց այդ մասում կար բացօթյա համերգասրահ, որտեղ ամռանը սիմֆոնիկ համերգներ էին լինում։ Եթե ոչ այնտեղ, գնում էի Ֆիլհարմոնիա կամ Օպերային թատրոն։

 

Մի անգամ «Լոռի» ճաշարանում նստած էինք Փարաջանովի հետ։ Մատուցողը եկավ, ասաց՝ կողքի սեղանից ձեզ օղի են հյուրասիրում։ Փարաջանովը ոչ էլ նայեց էդ ուղղությամբ, ոչ մի ձև չարձագանքեց։ Հետո վեր կացանք, շիշը վերցրեց հետը։ Դուրս եկանք, հասանք Իսահակյանի արձանի մոտ, Փարաջանովը շիշը դրեց Իսահակյանի ոտքերի մոտ՝ նվիրեց Վարպետին ու շարունակեցինք։

 

Էն ժամանակ մեծերը՝ էս քաղաքի հայրերը, տերերը, մի քիչ աչքի ընկնեիր՝ քեզ առնում էին իրենց շրջապատ, դարձնում իրենց մերձավորը։ Միանգամից կապը կայանում էր։ Երեք տեր ուներ քաղաքը. ղեկավար մարդիկ՝ ցեկա-մեկա, ռայկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, վարորդը և այլն։ Հետո՝ ստուկաչները և արվեստագետները։ Երբեմն լինում էին ստուկաչ-արվեստագետներ։ Էսօրվա տերերը մեծամասամբ անհետաքրքիր մարդիկ են։ Իրենք փողի տեր են, փողն էլ է էստեղ, իրենք դարձել են Երևանի տերերը։

 

Մի անգամ Արվեստի աշխատողների տանը Փարաջանովը պատմեց ապագա «Նռան գույնի» պատմությունը։ Դա ոչ թե նկարագրություն էր, այլ մի դերասանի թատրոն։ Էդ ի՜նչ հրաշք էր պատմում։ Իսկ ցուցադրված բոլոր տարօրինակ շարժումները հետո հատ-հատ տեսանք ֆիլմում։ Ֆանտաստիկ մի բան էր։ Սարյանը, իհարկե, ներկա էր։

 

Երկու գլխավոր երևանցիներն ինձ համար Սարյանն ու Կարա Բալան էին՝ երկու բևեռներն էն ժամանակվա Երևանի։

 

Սարյանը մեծ հեղինակություն էր, հայր էր։ Միշտ գալիս էր երիտասարդ նկարիչների ցուցահանդեսներին, ուշադիր նայում էր, կարծիք էր հայտնում, քաջալերում էր։ Իսկ Կարա Բալան էս աշխարհից չէր։ Դերվի՜շ, ծաղկեփունջը միշտ ձեռքին, միշտ քիչ կամ ավելի խմած էր։

 

Մի անգամ մտա մի ճաշարան՝ «Կովկաս» ռեստորանի կողքը։ Տեսնեմ Կարա Բալան պառկած է գետնին՝ երկու սեղանների միջև, հենց էդպես։ Ոչ մեկ ուշադրություն չի դարձնում՝ ուտում, խմում, խոսում են։ Մի կերպ օգնեցի, կանգնեցրի ոտքի, նորից գնաց անձայն փլվեց գետնին։ Չէր էլ խոսում, ինքն իր հետ էր միշտ։

 

Հիմա փողոց դուրս գալիս մտովի սուլում եմ էն, ինչի վրա որ աշխատում էի տանը, հիմա շատ եմ աշխատում, միշտ մտքով երաժշտության մեջ եմ։

 

Ընկերս՝ Հրանտը, մի աղջկա էր սիրում։ Բոլորով ուղեկցում էինք նրան էդ աղջկա տան մոտ, իսկ նա պատշգամբի տակ երգում էր «Երևանի սիրուն աղջիկը»։ Բայց չօգնեց, էդպես էլ չամուսնացավ հետը։

 

Պատերազմից հետո Արամ Խաչատրյանը «Գարուն Երևան» երգը գրեց, պարզվեց, որ դա ամենակենսունակն էր Երևանի մասին բոլոր երգերից։ Չնայած, որ 60–70-ականներին Բաբաջանյանն էլ լցրեց քաղաքն իր երգերով՝ և՛ ռուսերեն, և՛ հայերեն։ Արտեմի Այվազյանն էլ գրեց։

 

Տոնական Երևանը միշտ հիշեցնում է Խաչատրյանի վալսը «Դիմակահանդեսից»։ Խենթանալու գեղեցիկ երաժշտություն է։ Ամբողջությամբ երիտասարդություն, կյա՜նք, տո՜ն։ Էնքան զորավոր վալս էր, որ մերոնք բոլորը հարկ համարեցին վալս գրել։ Չէին մտածում՝ Արարատը, էս քաղաքը, էս երկիրն ի՞նչ կապ ունեն վալսի հետ։

 

Հին Երևանում քաղաքի ընտրյալները ռուսախոսներն էին։ Հիմա առաջին լեզուն հայերենն է, իսկ օտար լեզուները մի բան էլ շատացել են։ Դա հրաշալի է։ Բայց մի ուրիշ սարսափ է առաջացել՝ խանութների օտար անվանումները, այն էլ հայերեն տառերով։ «Շուզ» են գրում կոշիկի խանութի մուտքին։ Լա՞վ է որ։

 

Դրսում ոչինչ չունեմ։ Ինչ ունեմ՝ էստեղ է։ Իմ քաղաքն է, իմ տունն է։

 

Որտեղ էլ եղել եմ, հիվանդության աստիճան կարոտել եմ Երևանը։ Մոլորյալի պես սպասել եմ՝ երբ եմ վերադառնալու։

 

Ութ տարի ձմեռներն անցկացրեցի Ֆրանկֆուրտում։ Շատ ուշադիր էին իմ նկատմամբ, բազմաթիվ հրաշալի համերգների եղա, որոնք երբեք Երևանում չէի լսի, 20-րդ դարի հսկաներին, բայց մեկ է՝ տառապում էի։ Երբեք մտքովս չի անցել մնալ ուրիշ տեղ։

 

Գժվում եմ ուրախությունից, երբ փողոցում արևմտահայերեն խոսք եմ լսում, խենթանալու գեղեցի՜կ է։

 

Պետք է շատ շուտ կարողանաս մերվել։ Երևանում կային ներգաղթած մտավորականների ընտանիքներ, որոնք առանձին հավաքատեղիներ ունեին, առանձնանում էին մյուսներից։ Չէի սիրում դրանց առանձնանալը։ Մյուս կողմից՝ հայրենադարձ լինելը, դուրսը տեսած լինելն ինձ օգնեց։ Ես, օրինակ, շատ լավ գիտակցում էի, որ պաշտոնական իրականությունը բոլորովին էն չի, ինչպես ներկայացվում է։

 

Կար արտահայտություն՝ «միոտանի դիսիդենտ»։ Երկոտանիները նրանք էին, որ ակտիվ դիսիդենտական գործ էին անում, միոտանիները՝ մտքով դիսիդենտները։ Լսել եմ դա Լևոն Ներսիսյանից։ Այ Լևոնն ու ես էդպիսին էինք։ Ու էլի կային, իհարկե։

 
Image for post

 

Նոտաներ ձեռք բերելու համար գնում էի Մոսկվա, Կիև, Տալին։ Հեշտ չէր ժամանակակից երաժշտության մասին տեղեկություն ստանալը։ Հասկանում եք, Տալինի կողքին Ֆինլանդիան էր, Եվրոպա, կապ կար։ Մեր կողքին Թուրքիան է, էնտեղից բան չէինք կարող ստանալ։

 

Տերյանի ու Մոսկովյանի խաչմերուկում Մասնագետների շենքն է, շա՜տ գեղեցիկ կառույց, ամենաշքեղներից մեկը Երևանում։ Մի օր գալիս էի լճի կողմից, տեսնեմ՝ Վարպետը՝ Սարյանը, հատեց Տերյանը։ Անցավ մայթը, շուռ եկավ ու սկսեց երկար նայել շենքին։ Ես էլ հեռվից իրեն էի նայում։ Ի՞նչ հիացմունք էր ապրում, ի՞նչ հիշողությունների մեջ էր, ո՞վ կար մտքում։

 

Այսօր պատահում է, որ ինձ էլ նայում են էնպես, ինչպես ես՝ Սարյանին։ Ցավոք սրտի, դա ինձ կաշկանդում է։ Ես կուզեի միշտ ի՛նքս լինել նայողը։

 

Շատ եմ սիրում այս բնակարանի դիրքը, որովհետև ամեն ինչ մոտակայքում է. մի ոտքով Կոնսերվատորիայում եմ, մի ոտքով՝ Ֆիլհարմոնիա, Օպերա, մի ոտքով՝ Կամերային երաժշտության տուն, մի ոտքով էլ Մատենադարան։

 

Կողքի բակում ապրում էր Կոստան Զարյանը, իր մոտ էի գնում։ Դիմացի շենքում՝ Համո Սահյանը, փողոցի մյուս կողմում՝ Սոս Սարգսյանը։

 

Աբովյանի ու Սայաթ-Նովայի անկյունում Ակադեմիայի շենքն էր, որ հետո քանդեցին, եկեղեցին կառուցեցին։ Այդտեղ՝ մուտքի մոտ, մի օր տեսա Սևակին։ Հանդիպեցինք, բաժանվելուց էլ մի տաք պաչեց ճակատս իր հաստ շրթունքներով։ Մի ամիս հետո մահացավ։

 

Իսկական երևանցին պիտի լինի մեկը, որ էստեղ ապրում է տիրոջ հոգեբանությամբ և երբ դրսից ընկերոջն է կանչում, ուրախությամբ ընդունի էստեղ, համարի, որ այդ մարդը գալիս է ի՛ր մոտ, որ քաղաքն ի՛նքն է։ Մի հարյուր տարի առաջ այդպես մեր մտավորականները հրավիրում էին մարդկանց Թիֆլիս, նրանց կենտրոնը, նրանց տունը Թիֆլիսն էր։

 

Բայց Երևանը սիրելն էլ պիտի լինի ոչ թե ասելով, կենտրոնանալով դրա վրա, այլ անմիջական, բնական։ Մարդ, որ ինքն իրեն սիրում է, ամեն օր այդ մասին իրեն չի ասում, չէ՞։ Այ էդպես էլ պիտի սիրես Երևանը։

 

Ես հիշում եմ Սայաթ-Նովա փողոցի տեղը կավաշեն տների կույտը, շատ նման էր Սարի Թաղին։ Այսինքն՝ այդ փողոցը լրիվ նոր է, չունի պատմություն։ Հիշում եմ, որ բացման օրերին Վարդատոն արեցին, հրաշալի վարդեր տնկեցին երկայնքով։

 

Երրորդ կուրսի ուսանող էի, երբ իմ գործը տպագրվեց։ Դա ավելի մեծ իրադարձություն էր ինձ համար, քան առաջին ձայնագրությունը։

 

Սովետում գնալը հեշտ չէր։ Երաժիշտ-կատարողները կարող էին գնալ մրցույթների, իսկ կոմպոզիտորը… Դե նրանք գաղափարի բնագավառից էին, ինչո՞ւ պիտի գնային։

 

Տասը տարի չէի կարողանում դուրս մեկնել։ Ելքի վիզա չէին տալիս ՕՎԻՐում։ Հարցնում էի՝ աղջիկ ջան, ինչո՞ւ թույլտվություն չեք տալիս։ Ամաչելով ասում էր՝ նպատակահարմար չենք գտնում։ Ու վերջ։ Այնպես էին ուզում անել, որ ինքս թողնեմ գնամ։ Չեմ ենթարկվել։ Եվ եթե էսօր կամ, չենթարկվելու արդյունքում է։ Դուրս էի գալիս ՕՎԻՐից ու ինքս ինձ ասում էի՝ դեռ կերևա՝ ով է մնում, ով գնում։

 

Երկրորդ մասնագիտություն ունեի՝ դիվանագիտություն։ Ապրելու դիվանագիտություն։ Որտեղ ինչ անես, ինչ խոսես, ինչ չխոսես։

 

Շատ մեծ էր ոգևորությունը, երբ անկախությունը եկավ։ Իսկ հետո… Ոչ թե հիասթափություն ապրեցի, այլ սթափվեցի։ Տեսա, թե ինչ ահռելի դժգոհություն է կուտակված ժողովրդի մեջ, իսկ ես՝ բոլորովին անտեղյակ։ Հրանտ Մաթևոսյանի հետ էինք հաճախ խոսում մեր իրականությունից։ Պարզվում էր՝ նա գիտեր, աչալուրջ էր։ Արդեն Լևոնի հեռանալուց հետո մի օր նկատեցի, որ ինձ չեն բարևում։ Տասը տարի ինձ չէին ուզում տեսնել, չէին ներում, որ ես իշխանության կողքին եղա։

 

93 թիվն էր, Լոս Անջելեսում մահացավ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը։ Աճյունը բերեցին Երևան։ Հուղարկավորությունը պիտի լիներ Կոնսերվատորիայի սրահից, որտեղ ես ռեկտորն էի այդ ժամանակ։ Խնդրեցի, որ կազմակերպենք՝ ուսանողներից նվագեն։ Փող էին ուզել։ Այդպիսի բարքեր հանկարծ ներխուժեցին քաղաք։ Ու էն ժամանակ կարողություններ դիզած մարդիկ հիմա էլ հրաշալի ապրում են մեզ հետ նույն քաղաքում։

 

Նոր ջահելներ են եկել երաժշտության բնագավառ։ Աստված ի՜մ, ի՜նչ լավ տղաներ, աղջիկներ են։ Տասնամյակներ երազում էի այս օրվան, երբ տաղանդավոր ջահելները կկարողանային գնալ դուրս, սովորել, շփվել, տեսնել, լսել ու հետ գալ։

հավելյալ նյութեր