Հունվարի 27-ին կներկայացվի «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգային ծրագիրը
Երաժշտություն

Հունվարի 27-ին կներկայացվի «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգային ծրագիրը

Հունվարի 27-ին՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, տեղի կունենա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները:

«8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ - Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։ Համերգի մասնակիցներն են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

 

Համերգը կազմակերպվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակներում։ Նախագծի կազմակերպիչն է «Կողբ» հիմնադրամը, գլխավոր հովանավորն է Ֆասթ Բանկը, հովանավորներն են Team Telecom Armenia և Տրանսիմպեքս (FedEx) ընկերությունները։

 

Մաեստրո Մանսուրյանը, անդրադառնալով հունվարի 27-ին կայանալիք համերգին, ընդգծում է, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ իր տարեդարձի օրն առաջին անգամ հնչելու են երկու կարևոր ստեղծագործություններ, ինչն իր համար չափազանց հուզիչ է։ Ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, կոմպոզիտորը գրել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով, և առաջին անգամ հնչել է անցյալ տարի։ Ըստ հեղինակի, հայրենների համար մեղեդի գրելն իր երազանքն է եղել։ «Երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայրենները ձայնի և դաշնամուրի համար։ Մշտական պահանջ ունեի կրկին անդրադառնալու հայրեններին։ Մլքեյանի հետ երկար տարիներ ենք համագործակցում, ինչը լավ հիմք հանդիսացավ շարունակելու այդ աշխատանքն արդեն նոր ստեղծագործություններով։ Արդյունքում ունենք «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։ 

 

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ այս նախաձեռնությամբ նպատակ ունեն ևս մեկ անգամ կարևորելու պոեզիան, երաժշտությունը՝ մաեստրո Մանսուրյանի կերպարով փորձելով ոգեշնչել հատկապես երիտասարդ կոմպոզիտորներին։ Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը դառնա ամենամյա։

 

Team Telecom Armenia-ի տնօրեն, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկ Եսայանը նշեց, որ ընկերությունը շարունակում է աջակցել հայկական մշակույթի զարգացմանը և նոր տաղանդների բացահայտմանն ուղղված ծրագրերին․ «Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանում Կոմիտասը կարողացավ երաժշտության միջոցով տարածել մեր մշակույթը՝ այն դարձնելով հայի ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը։ Այժմ մենք պարզապես պարտավոր ենք նպաստել նրա գործի շարունակականությանը, այդ նպատակով էլ միացել ենք մրցույթի կազմակերպչական թիմին»:

հավելյալ նյութեր