Արտյոմ Մանուկյան․ «Երևանն ամեն ինչ լսում է»
Իմ Երևան

Արտյոմ Մանուկյան․ «Երևանն ամեն ինչ լսում է»

Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը՝ իր մանկության Երրորդ մասի, 400 դրամանոց կասետների, 90-ականների Երևանի, քաղաքի «երգող» հատվածների և այլնի մասին։

Տեքստը՝ Լենա Գևորգյանի


Լուսանկարը՝ Առնոս Մարտիրոսյանի

 

ԵՐԵՎԱՆ #44 | 2017

 

 

#ԻմԵրևան

Քաղաք Երևան, Երրորդ մաս, Կաշևոյ փողոց, 1983 թիվ՝ սա արդեն մի պատկեր է։ 90-ականների սկզբին թավջութակահար լինելը մի առանձին պատկեր է։ Բելինսկու անվան ռուսական դպրոց, որը հետո փոխվեց հայկականի. սա ևս հետաքրքիր երևույթ էր, երբ մշակույթը սովետական վիճակներից փոխվեց ավելի ազատ, անկախ հայկական իրականության։

 

Կերտվել եմ Երրորդ մասում։ Հենց այս տարածքում եմ ապրել մինչև 2010 թվականին ԱՄՆ մեկնելս։ Բայց ամեն ինչ լավ է, չեմ բողոքում, բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան, շատ ծանր տարիներ տեսանք։ Բայց այդ ամենն օգնեց կոնկրետ ոճ կերտելու համար։

 

Իմ Երևանը մի քանի կետից է բաղկացած։ Մի Երևանը, երբ դեռ փոքր էի, հիմնականում Երրորդ մասի տարածքում էր լինում, առանձնապես cool բաներ չէի տեսնում, քաղաք «դուրս չէի գալիս», տեսնում ու սովորում էի այն, ինչ տեղի էր ունենում բակիս շրջանակներում։ Մյուս Երևանը պատանեկությունն է, երբ սկսեցի սովորել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետո՝ կոնսերվատորիայում։ Օրս անց էի կացնում քաղաքի կենտրոնում ու բացահայտում էի «ուրիշ Երևանը»՝ չուզենալով վերադառնալ Երրորդ մաս։ Հիմա էլ Երևանի հաջորդ փուլն է. 6–7 տարի Երևանում չլինելով, կարծես որպես զբոսաշրջիկ վերադարձա, որովհետև հիմա էլ քաղաքն ինձ համար լրիվ այլ է։ Ի դեպ, Երևանում լինելու ընթացքում էլի Երրորդ մասում եմ ապրում։

 
Image for post

 

Շատ եմ սիրում Երևանը, ամեն ինչ անում եմ, որ ավելի հաճախ սկսեմ վերադառնալ։ Մտածում եմ նաև, որ ինչ-որ մի փուլ կգա իմ կյանքում, երբ կվերադառնամ։ Իսկ դրա համար պետք է հիմնական նախագիծ ստեղծեմ, չեմ կարող վերադառնալ որպես ֆրիլանս երաժիշտ, ով ամեն օր ինչ-որ փաբում է նվագում։ Երեխաներին սովորացնելու կամ սեփական փաբն ունենալու մտքեր ունեմ։

 

Սուտ է, որ այնտեղ մենք միլիոններ ենք աշխատում։ Որքան էլ խոսեն ու ասեն, որ այնտեղ գործերս լավ են, համագործակցում եմ հայտնի մարդկանց հետ, նվագում հոլիվուդյան ֆիլմերում, միևնույն է, ինձ 100 տոկոսով հարազատ չեմ զգում Լոս Անջելեսում։ Չնայած, որ լիքը ամերիկացի ընկերներ ունեմ։ Միևնույն է, Երևանը շարունակում է կանչել ինձ, այնտեղ էլ շատ ժամանակ եմ անցկացնում երևանցի ընկերներիս հետ։

 

Երևանում բավական ընկել է ընդհանուր երաժշտական մակարդակը։ Ու դա բավական տարօրինակ է, որովհետև, երբ նոր էինք սկսում նվագել «Կատուներով» Stop ակումբում, ոչ մեկիս մոտ մի կոպեկ փող չկար։ Բայց հենց այդ ժամանակ էին Stop-ի նկուղում ծնվում «Ռեինկարնացիան», «Բամբիռը», «Դորիանսը», «Պապլավոկում» նվագում էին Time Report-ն ու Վահագն Հայրապետյանը։ Մի ընդհանուր նպատակ կար՝ հավաքվում էինք, նվագում էինք, խմում էինք, լավ երաժշտություն էինք լսում, փորձեր էինք անում ու բառիս բուն իմաստով քնում էինք Stop-ի շքամուտքում։ Իսկ հիմա փողն ու գռդոնը ամեն ինչ սվաղել են։

 

Չեմ սիրում երբ ասում են՝ այն ժամանակ լավ էր, հիմա՝ ոչ։ Մոցարտի ժամանակ մի ձև էր, Rolling Stones-ի ժամանակ՝ այլ կերպ, Մայքլ Ջեքսոնի ժամանակ՝ մի ուրիշ, Քանյե Ուեսթի ժամանակ՝ այսպես։ Էվոլյուցիան անխուսափելի է։ Ու միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր ասել են՝ «Էս ջահելները ի՜նչ են անում»։ Բայց երիտասարդները էլ չեն ուզում 80-ականների համազգեստով ֆուտբոլ խաղալ, ուզում են Մխիթարյանի նորաոճ շապիկն ունենալ։ Մի քանի օր առաջ ռեփեր Միշոյի հետ հիշում էինք, որ փոքր ժամանակ բոլորս՝ տղաներն ու աղջիկները, միևնույն ծաղիկներով սանդալներն էին կրում։ Ինչու՞։ Վստահ եմ, աղջիկս երբ մեծանա, տեսնելու է այդ սանդալներով լուսանկարներս ու հարցնելու է՝ «Էս ի՞նչ ա»։

 

Ես հասկանում եմ, որ Երևանի մասշտաբները փոքր են՝ 4 ակումբ ու 20 երաժիշտ։ Բայց դա չի նշանակում, որ երիտասարդները պետք է դադարեն պարապել։ «Դե մեկ ա ինձ են կանչելու, ուրիշ երաժիշտ չկա»՝ այսպես մտածելով սկսում են դոփել նույն տեղում։ Իսկ Լոս Անջելեսում մենք 24 ժամ պարապում ենք, որովհետև ամեն առավոտ քեզնից տաղանդավոր երաժիշտներ են ծնվում կամ այլ երկրներից երաժիշտներ են գալիս, ու դու էլ առաջարկներ չես ստանում, որովհետև քեզնից լավերը կան։ Դա է առողջ մրցակցությունը։

 

Ես ծնվել եմ ջազի գիտակ Արմեն Մանուկյանի ընտանիքում, դրա համար էլ ինձ համար Երևանը ջազային երանգներ ունի։ Բայց հիմա դեմ եմ, երբ ասում են՝ «Երևանը ջազ է լսում», կարծում եմ՝ այդպես չէ։ Որովհետև լսելուց էլ ջազային ջազ չի լսում՝ Ջորջ Բենսոն լսելն ու իմանալ, որ Մայլս Դևիսը կաշվե բաճկոն է հագել, դեռ չի նշանակում, որ ջազ ես սիրում։

 

Երևանը ամեն ինչ էլ լսում է։

 

90-ականներին Երրորդ մասի մետրոյի տակ «Մետրո» թատրոն կար։ Հենց այնտեղ եմ առաջին անգամ ելույթ ունեցել՝ «Փոքր Ջազ» մեր խմբով։ Սախարովի հարևանությամբ գտնվող Ավանգարդ Ֆոլք Ակումբը իմ երաժշտական տունն է, Արտո Թունջբոյաջյանն էլ՝ իմ գուռուն։ Նա ինձ բերեց այդ ակումբ ու ասաց, որ պիտի նվագեմ։

 

1997-ին կասետները 400 դրամ էր։ Երրորդ մասի անցումի տակ մի տղա կար, ումից էլ միշտ առնում էի՝ 100 դրամանոցներ հավաքելով։ Մի անգամ մի կասետ տեսա՝ վրան գրված էր Էրիկա Բադու, հետաքրքիր նկար էր։ Գնեցի։ Ու այդ ոճի երաժշտությունն ինձ տարավ։ Կասետը դեռ կա։

 

Երբ կենտրոնում թավջութակով քայլում էի, մարդիկ կային, որ միշտ ասում էին՝ «Այ ախպեր, էս ի՞նչ ա, ակարդեոն ա՞»։ Ու միայն Երրորդ մասում գիտեին՝ դա ինչ գործիք է։

 

Մի անգամ էլ Երրորդ մասում ինձ հարցրեցին՝ «Ախպեր, էս գործիքով ե՞ն Led Zeppelin-ի Kashmir-ում նվագում»։

 

Աբովյան փողոցն ամենաերաժշտականն է։ 90-ականներին մի շրջան կար, երբ այնտեղ ամեն պատուհանից ու մեքենայից լրիվ տարբեր երաժշտություն էր հնչում։ Մեկի պատուհանից 2Pac էր հնչում, մյուսի պատշգամբից՝ ռուսական երաժշտություն, մեքենաներից՝ ռաբիզ։ Երևանն ինքն իրենով շատ երաժշտական է, հիշեք, որ բոլորիս տանը դաշնամուր կար, տարբեր հավաքների ժամանակ մարդիկ միշտ նվագում ու երգում էին։ Երևանում երգում են նույնսիկ շատրվանները։

 

Ոգեշնչվում եմ Երևանից ու այստեղ ապրող մարդկանցից։ Չնայած «իմ» մարդկանցից շատերը կամ մահացել են կամ հեռացել։ Հիմա այլ կերպ եմ քաղաքում քայլում։ Շատ են անծանոթ մարդիկ՝ ես նրանց չգիտեմ, նրանք էլ՝ ինձ։ Բայց դա կապ չունի, զգում եմ՝ նույն ալիքի վրա եմ։ Իսկ Երևանի շենքերը իմ հարազատներն են, որովհետև էստեղ առաջին անկապ ծեծն եմ կերել, էստեղ՝ խմել, սիրել, նվագել։

 

Երևանն ինձ համար միայնակ կին է, ով անհաջող ամուսնացել ու արդյունքում բաժանվել է։

 

Նա ունի երեխա ու հիվանդ մայր, անում է ամեն ինչ, որ կարողանա նրանց պահել։ Շատ դասական է, հնաոճ է, բայց միևնույն ժամանակ՝ նորաձև։ Սև է հագնում։ Շատ խելացի է։ Ու էլ ի՞նչ պիտի ուզենա՝ սեր ու փող։ 90 տոկոսով հենց այս պատմությունն եմ լսում այստեղ։

 

Սիրում եմ քայլել Երևանով, կարծես գիրք կարդաս։ Ամեն քարն իր մեջ ինֆորմացիա ու պատմություն է կրում։ Ու այնքան հետաքրքիր է քայլել ու լսել՝ ինչ է պատմում քեզ քաղաքը, ու տեսնել լավ նկարազարդումներ։

հավելյալ նյութեր