Մաքուր օդի
Մեկուսացում 2020

Մաքուր օդի

Յոգան, թատրոնը, սպորտը և այլ ոլորտներ, որոնք ստիպված դուրս եկան մաքուր օդի։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Նելլի Շիշմանյան | 4 Plus, Հարություն Մալխասյան

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

 

 

#Մեկուսացում2020

Մարտ ամսին բոլորս փակվեցինք մեր տներում, բայց դա երկար տևել չէր կարող։ Արդեն ամռանը, երբ արտակարգ դրությունը դեռ ուժի մեջ էր, բայց եղան որոշ մեղմացումներ, մի շարք ոլորտներ իրենց գործունեությունը տեղափոխեցին մաքուր օդի։ ԵՐԵՎԱՆը պատմում է, թե ինչպես դա եղավ։

 

Ամռան շոգի հետ տանը նստելն այլևս անհնար էր թվում։ Այդպես, երկար ինքս ինձ համոզելուց հետո մի օր առավոտյան յոթին հայտնվեցի Թումոյի այգում՝ սպորտային գորգն ու ջրի շիշը ձեռքիս։ Ատելով ամբողջ աշխարհն ու ակնոցի անթափանց ապակիների հետևում թաքցնելով քնկոտ աչքերս՝ քայլեցի դեպի խաղահրապարակ, որտեղ էլ պայմանավորված էի մարզչի հետ։ Գորգը փռեցինք ծառերից մեկի տակ ու սկսվեց։


Այդ ժամին այգում միայն երիտասարդ զույգերն էին իրենց նորածին փոքրիկների հետ, ովքեր վստահաբար ավելի ծանր գիշեր էին ունեցել ու հիմա նստարաններից մեկի վրա քնել էին, քանի դեռ երեխան լուռ էր։


Այգու պահակներն իրենց օրվա առաջին սուրճն էին եփում, այգում բնակվող շների մի մասը գտել էր արևի առաջին շողերն ու տաքուկ տեղավորվել դրանց տակ, իսկ մյուսներն ուտելիքի որոնողական աշխատանքների մեջ էին։ Մենք էլ ակտիվ պարապում էինք՝ փոխարինելով ծառերն արդեն մանկական ճոճանակների սյուներով։ Հետո անցանք վազելուն, իսկ երբ վերադարձա, գորգիս վրա շան թաթերի հետքեր էին, ու երկու շունիկ՝ նստած, պոչերը խաղացնելով, ինձ էին նայում։ Այդ օրերին քարերն ու ծառերն ինձ համար փոխարինում էին մարզասրահի ապարատները, իսկ ամեն շաբաթ օր պարապմունքից ձորով դեպի տուն քայլելը՝ կարդիոն։


Սա քովիդյան սպորտային իրականությունն էր, բայց մի շարք այլ ոլորտներ ևս դուրս եկան փողոցներ ու այգիներ։


Սպորտ

Դրսում սպորտով զբաղվելը մի քանի խելագարների գաղափարը չէր, շատերն այդ օրերին իրենք իրենց շարժելու տարբերակներ էին փնտրում։ Մեկուսացման առաջին օրերից, երբ քաղաքը դատարկվեց ու պարտադրված նստեցինք մեր տներում, մարդիկ սկսեցին փորձել մարզվել յութուբյան տեսանյութերի միջոցով, որ տանը երկար մնալուց հետո չանցնեն ծանր քաշայինների կարգին։


Որոշ ժամանակ անց թույլատրվեց «անդիմակ» սպորտը դրսում, և այդ օրվանից քաղաքի տարբեր հատվածներում սկսեցին նկատվել վազող կամ հեծանիվ քշող մարդիկ։

 

Անցորդները նախանձով էին նայում նրանց, քանի որ վերջիններս կարող էին դիմակ չկրել, քանի դեռ սպորտով էին զբաղվում։ Այգում պարապելիս յուրաքանչյուր կես ժամը մեկ ոստիկաններ էին անցնում և խիստ դեմքով ուշադիր նայում, որ ոչ մի վայրկյան կանգ չառնես (թեկուզ ջուր խմելու), եթե կանգ առար, ուրեմն դա սպորտ չէ։


Մարզիչ Գայանեի խոսքով, ով առաջիններից էր, որ սկսեց անցկացնել իր պարապմունքները մարզասրահից դուրս, դրանք յուրահատուկ օրեր էին։ Այլ պայմաններում, թեկուզ ամառվա շոգին, դժվար թե նույն հաջողությամբ հնարավոր լիներ պարապել։ «Կարանտինի օրերին այլ էր, մարդիկ էին այլ,– ասում է Գայանեն,– մեր պահակների ու այգու շունիկների հետ պարապմունքները
կարծես ուրիշ աշխարհ մեզ տանեին, որտեղ չկար քովիդը»։

 

Յոգա

Ընդամենը մի քանի ծառ այն կողմ, նոր ջրված խոտի վրա իրենց գորգերը փռած մի խումբ մարդիկ յոգայով էին զբաղվում, ու նույնիսկ եթե այգում արդեն աղմկոտ էր, քանի որ մի պահից մարդիկ վերադարձել էին փողոցներ, ապա այդ տասը քառակուսի մետր տարածքը կարծես իզոլացված լիներ իրականությունից։ Այստեղ հանգիստ էր ու լուռ։


Եթե դրսային մարզումներն այլ մարզաձևերի համար մինչ քովիդ այդքան էլ տարածված չէին, ապա վերջին տարիներին այգիներում յոգայով զբաղվող շատ խմբեր կային, դրա համար նրանք արդեն սովորել էին անցնող մարդկանց տարօրինակ հայացքներին և նույնիսկ ակնարկներին (իսկ մարդիկ նրանց՝ այդքան էլ չէ)։ «Եթե սպորտով զբաղվող մարդիկ կողքից ավելի պարզ էին թվում անցորդներին, ապա մեր վարժությունները նրանց համար այդպես էլ մնացին տարօրինակ ու զարմացնող,– պատմում է յոգայի խմբից Անին,– գուցե նաև վախեցնող»։


Այդ խմբերը նույնիսկ հաջողացնում էին մեդիտացիայով զբաղվել այգու խժդժոցի մեջ։ Դրա համար ընտրում էին առավոտյան ավելի շուտ ժամեր, բայց նույնիսկ այգու նոր թափ առած կյանքը նրանց շատ չէր խանգարում, քանի որ, ինչպես ասացի, նրանց զբաղեցրած տարածքում մթնոլորտն այլ էր։

 

Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնն օգտագործեց շենքի բակում գտնվող տարածքը՝ տեխնիկական սարքերը դարձնելով ներկայացման ատրիբուտ

 

Թատրոն

Արվեստը նույնպես դուրս էր եկել փողոցներ։ Ու եթե երկուհազարականներին Հայֆեստի շրջանակում պարբերաբար տեղի էին ունենում բացօթյա՝ բոլոր հնարավոր սահմանները կոտրող ներկայացումներ, դա պարզապես ներկայացման մտահղացումն էր, իսկ ահա քովիդյան իրականության մեջ փողոց դուրս գալը երևի թե թատրոնի համար միակ հնարավորությունն էր գոյատևելու դատարկ դահլիճների դարաշրջանը։


Առաջին բացօթյա ներկայացումն իրականացրեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը։ Հունիսի մեկին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նրանք համերգներկայացում կազմակերպեցին թատրոնի պատշգամբում՝ այսպես կոչված՝ ամֆիթատրոնում։ Հանդիսատեսի համար նախապես նշված էին տեղերը՝ պահպանելով սոցիալական հեռավորության բոլոր կանոնները։ Հետո արդեն փողոց դուրս եկան մնացած թատրոնները։


Ստանիսլավսկին իր ներքին բակում ներկայացրեց «Գարդենիա» բեմադրությունը, որին ներկա էր մոտ քառասուն հանդիսատես, իսկ գլխավոր ռեկվիզիտը թատրոնի բակում ներկայացման համար կառուցված ջերմոցն էր։ Ներկայացման ժամանակ տեղացած անձրևը նույնիսկ չխանգարեց հանդիսատեսին՝ անձրևանոցներով նստած նայում էին։ Փորձերի ժամանակ հարևաններից բողոքներ էին ստանում, բնակելի շենքերի պատուհաններից ձայներ էին լսվում՝ թե բա հոգնեցինք, մի նոր բան խաղացեք։


Ամբողջ ամառվա ընթացքում թատերական կյանքն ակտիվ էր՝ քաղաքը վերածվել էր թատերաբեմի, Սունդուկյանի և Կամերային թատրոնի կատակերգություններով ու մի շարք այլ հետաքրքիր բեմադրություններով։

 

RiverSide դրայվ-ին կինոթատրոնը


Կինո

Բնականաբար, կինոթատրոններն առաջին հանրային վայրերից էին, որոնք փակվեցին համաճարակային իրավիճակի պատճառով։ Հենց այդ օրերին էլ բացվեց բացօթյա Riverside այսպես կոչված drive-in կինոթատրոնը։ Նման կինոթատրոն, որտեղ հնարավոր կլինի սեփական մեքենայից դուրս չգալով մեծ էկրանների վրա ֆիլմեր դիտել, Հայաստանում դեռ չէր եղել։ Riverside-ի հիմնադիրները երեք ընկեր են, ովքեր տևական ժամանակ (դեռ մինչև քովիդը) երազել էին նման մի բան ստեղծելու մասին։ Այդպես, ամառվանից սկսած ամեն երեկո՝ արևը մայր մտնելուն պես, նախկին «Երևանյան գիշերներից» ոչ հեռու սկսում էին և առ այսօր շարունակվում են ֆիլմերի սեանսները։ Դու ես քո մեքենայում՝ ռադիոընդունիչի հետ ու նեոնային լույսերի ներքո. բոլոր պայմանները ստեղծված են անհոգ հանգստի համար։ 

 

Կարանտինի ժամանակ Riverside-ը փրկեց կինոսերներին ներքին լուրջ ճգնաժամից, իսկ այսօր այն ժամանցի ալտերնատիվ լավ տարբերակ է, որին չեն կարող խանգարել եղանակային վատ պայմանները։ Կողքից տրամադրվում են սնունդն ու խմիչքեղենը (բերվում են ուղիղ մեքենայի մեջ)։

 

Գրքի տոնավաճառը՝ Կասկադում


Փառատոներ

Փառատոների մեծ մասը հետաձգվեցին անհայտ ժամանակով, որոշներն անցան օնլայն հարթակներ (օրինակ՝ Երևանի գինու փառատոնը), որոշները տեղի չունեցան և դրանց թվում էր Yerevan Bookfest-ը, որը սակայն ավելի ուշ իր կարևոր դերը խաղաց։


Աշնանը, պատերազմական իրավիճակում բոլոր ոլորտներն ուզում էին իրենց ներդրումն ունենալ և օգնել հայ զինվորին։ Այդ պատճառով հոկտեմբերի վերջին օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պուրակում՝ Կասկադում, անցկացվեց գրքի մեկօրյա տոնավաճառ, որից ստացված հասույթի ուղիղ կեսը փոխանցվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Տոնավաճառին մասնակցեցին երեսունից ավելի հրատարակչություններ, նույնիսկ թանգարաններ և գրադարաններ, ու նրանցից շատերն իրենց հասույթից գոյացած ամբողջ գումարը տրամադրեցին հիմնադրամին։ Մարդիկ ամիսներ երկար տանը նստելուց ու սթրեսային տրամադրության մեջ ապրելուց հետո դուրս էին եկել փողոց, զբոսնում էին պուրակով, ծանոթանում հայ արդի գրականության հետ ու իրենց ընտրությամբ գիրք գնում, այդպիսով գումար հանգանակում մեր զինվորների համար առանց համաճարակային կանոնները խախտելու։ Այսպիսով գրքի փառատոնը, մեկ, բայց շատ կարևոր բաղադրիչով ներկայացավ բացօթյա ձևաչափով։

 

«Հովեր» երգչախմբի փորձը՝ օպերային թատրոնի տանիքում


Համերգներ

Երաժշտության ձայնը Երևանի փողոցներում այդքան էլ անսովոր երևույթ չէ։ Բացօթյա ամառային համերգները երևանցիների ամենասիրելի ժամանցի տարբերակներից են։ Բայց քովիդյան օրերին երաժշտական արվեստի ներկայացուցիչներն արդեն ստիպված էին դուրս գալ բաց երկնքի տակ։ Նույնիսկ որոշ համերգային փորձեր տեղափոխվեցին փողոց։ Օրինակ՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբն առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսեց փորձերը բացօթյա ֆորմատով և փոքր խմբերով՝ պահելով սոցիալական հեռավորությունը, ինչը մասամբ հակասում էր երգչախմբային կատարման մոտեցումներին։


Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր հերթին մեկնարկեց 2020-2021 թթ. համերգաշրջանի բացօթյա ծրագրով, հենց կենտրոնի մոտ գտնվող այգում։ Նույն ամսվա վերջում հենց այդ նույն այգում Կամերայինը մեկ այլ բացօթյա համերգ կազմակերպեց «Կոմիտասին 151» խորագրով՝ նվիրված Վարդապետի հոբելյանին։ Այդ համերգին ելույթ ունեցան «Հովեր» երգչախումբը (երևի նախապես արևի շողերի տակ փորձեր անցկացնելուց հետո) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ Նույն օրերին մեկ այլ այգում՝ Ազգային ժողովին կից, մեկնարկեց «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որի ժամանակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի առաջատար մենակատարների կատարմամբ հնչեց Վերդիի «Տրավիատա» օպերան։ Համերգը տեղի ունեցավ Էդվարդ Թոփչյանի ղեկավարության ներքո ու նրա խոսքով նման փորձ նախկինում չէին ունեցել, երբ բացօթյա մի ամբողջ օպերա կատարեին։ Սա տեղի ունեցած համերգների ընդամենը մի մասն էր՝ երաժշտությունը պտտվում էր դատարկված, բայց նորից ջերմությամբ լցվող քաղաքում։

հավելյալ նյութեր