Մարետա Գևորկյան. «Մտածի՛ր ավելի համարձակ, ավելի լայն, քան լեռների հորիզոնը»
Green Rock-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը պատմում է իր մանկության Դիլիջանի, քաղաքի մարդկանց ու ապագայի տեսլականի մասին։
03.09.2026ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Դիլիջանի մասին իմ ամենավաղ հիշողությունը կապված է անտառի հոտի հետ։ Մենք ապրում էինք գրեթե անտառի շեմին։ Առավոտյան օդը միշտ լի էր ծառերի խոնավ, սառը բույրով։ Այդ հոտը, ինչպես նաև սաղարթների միջով անցնող քամին, մինչ այսօր ամենակենդանի հիշողություններից են։
Երբեմն նույնիսկ թվում է, թե ես բառացիորեն մեծացել եմ անտառում. մեզ համար այն նույնքան բնական տարածք ու միջավայր էր, որքան բակը։ Անտառում անցկացնում էինք օրվա մեծ մասը՝ խաղում, կաղին հավաքում, գտնում երիցուկներով լի բացատներ, պսակներ հյուսում ու բաժանում մեր բակի բնակիչներին։ Մեզ ոչ ոք չէր փնտրում. մեծերը չէին անհանգստանում, քանի որ վստահ էին՝ մեզ հետ ոչինչ չի պատահի։ Ես ունեցել եմ շատ հանգիստ ու ազատ մանկություն։


Մարետա Գևորկյան. դիլիջանյան մանկություն
Գարնան հիշողություններից մեկը. ամբողջ ընտանիքով բակը մաքրում էինք քարերից։ Հետաքրքիր է, որ մանկության տարիներին տնային աշխատանքը երբեք ծանր չէր թվում։ Եթե, օրինակ, տատիկս տուն էր վերադառնում ծանր պայուսակներով, մենք ինքներս էինք գնում դիմավորելու՝ առանց որևէ խնդրանքի։ Տունը բարձունքում էր, և պետք էր իջնել ու նորից բարձրանալ՝ օգնելով մեծերին։
Հետո սկսեցի հաճախել երաժշտական դպրոց. քանոն էի նվագում և ամեն օր ծանր գործիքը տնից դպրոց ու հետ էի տանում։ Հիմա եմ հասկանում, թե մեր ճանապարհներով դա որքան դժվար էր, բայց այն ժամանակ դա ընդհանրապես չէր զգացվում։
Մանկության համերից ամենավառը լոլիկն էր։ Մենք այն ուտում էինք խնձորի պես՝ այնքան հյութեղ ու համեղ էր, որ մինչև հիմա դժվար է գտնել մի բան, որը կարող է համեմատվել այդ հիշողության հետ։
Քաղաքում կա մի ծառաշատ պուրակ։ Ամեն անգամ այնտեղ հայտնվելիս հիշում եմ, թե ինչպես էի դպրոցից տուն վերադառնում հենց այդ ճանապարհով։ Տարիների ընթացքում տարածքը փոխվել է՝ նոր կանգառներ, շինություններ ավելացել, բայց ծառերի այդ շարանը մնացել է ու այդպես պահպանում է տան զգացողությունը։
Մանկուց սովորություն ունեի խնամքով վերաբերվել իրերիս։ Միշտ չափազանց զգույշ էի, իսկ եթե ինչ-որ բան կոտրվում էր՝ ինքս էի նորոգում, կարում։ Մինչ օրս էլ սիրում եմ ձեռագործ աշխատանքը. եթե ինչ-որ բան փչացած է կամ կոտրված, չեմ կարողանում անտարբեր անցնել։ Անպայման պետք է իրին նոր կյանք տամ։
Դեռ պահում եմ տատիկիցս մնացած հին կարի մեքենան։ Տասնամյակներ առաջ կարի մեքենան համարվում էր սովորական իր շատերի տներում։ Հավանաբար հենց դրա շնորհիվ էլ ձևավորվեց իմ վերաբերմունքը ձեռագործ աշխատանքի նկատմամբ։ Այդ պատճառով այսօր մեծ հարգանքով եմ վերաբերվում ստեղծագործող ու արհեստով զբաղվող մարդկանց։ Ուրախ եմ, որ քաղաքում կան վայրեր, օրինակ Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանը, որտեղ կարողանում ենք իրականացնել նախագծեր, որոնք աջակցում են այդ միջավայրին. դա ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։
Շատ կուզեի, որ այսօրվա երեխաներին ավելի շատ պատմեն իրենց շրջապատող աշխարհի մասին՝ բնության, իրենց քաղաքի կառուցվածքի մասին։ Մեր մանկության տարիներին դա գրեթե չկար։ Մենք ապրում էինք մեր գեղեցիկ Դիլիջանում, բայց միշտ չէ, որ կային մեծահասակներ, ովքեր կարող էին ուղղորդել մեր հետաքրքրությունը գիտելիքով ու պատմություններով։ Դա կօգներ իսկապես զգալ կապը քաղաքի հետ։
Իմ մանկության գլխավոր վայրերն էին եղևնիներով փողոցը, անտառն ու մարզադաշտը։ Այնտեղ էինք անցկացնում ժամանակը, մարզվում, մրցում։ Մինչ այսօր ինձ բավականին սպորտային մարդ եմ զգում հենց այդ միջավայրի շնորհիվ։ Երբեմն մտածում եմ՝ եթե Դիլիջանում այն ժամանակ սպորտի համար ավելի շատ հնարավորություններ լինեին, գուցե ես էլ մարզիկ դառնայի։ Հավանաբար հենց դրա համար էլ հիմա փորձում եմ ստեղծել այն միջավայրը, որը մեր ժամանակներում չկար։

ՔԱՂԱՔԸ ԵՎ ՄԱՐԴԻԿ
Այն ժամանակ Դիլիջանը դանդաղ, չափված, «մերոնքական» քաղաք էր։ Մենք գրեթե բոլորին անունով էինք ճանաչում։ Այսօր այն փոխվում է, դառնում ավելի հավակնոտ, և դա լավ է։ Բայց շատ կուզեի, որ այդ աճի ընթացքում Դիլիջանը չկորցնի իր բնավորությունն ու ջերմությունը։
Ինձ համար քաղաքի հիմնական արժեքը ոչ թե փողոցներն են, այլ մարդիկ։ Նրանք ուրիշ են, տարբերվող։ Սակայն թվում է՝ դեռ մի քիչ պակասում է ներքին ազատությունը։ Շատերը շարունակում են ապրել «ի՞նչ կասեն մյուսները» մտածողությամբ։ Երևանում, օրինակ, դա արդեն շատ ավելի քիչ է զգացվում։ Կուզեի, որ դիլիջանցիներն ավելի շատ իրենց թույլ տան ապրել այնպես, ինչպես ուզում են՝ չճնշելով իրենց զգացմունքներն ու ցանկությունները, բայց միևնույն ժամանակ պահպանելով հարգանքը հասարակության նկատմամբ։
Քաղաքում հայտնվում են բաներ, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նախկինում թվում էին անհասանելի։ Այս տարի, օրինակ, իրականություն դարձավ երիտասարդության տարիների մի երազանք. դեկտեմբերին Green Rock Foundation-ը կազմակերպեց Սուրբ Ծննդյան տոնավաճառ։ Ստացվեց ստեղծել ջերմ միջավայր, որտեղ ընտանիքները գալիս էին երեխաների հետ, զբոսնում, վայելում մթնոլորտը, լուսանկարվում։ Այդ լուսանկարները հիմա պահվում են շատերի տներում, և տարիներ անց մարդիկ կվերադառնան դրանց՝ հիշելով այդ տոնի զգացողությունը, ապրած էմոցիաները։ Մեր մանկության տարիներին նման բան պարզապես չկար։
ՎԵՐԱԴԱՐՁ
Երևանում սովորելու տարիներին ամեն շաբաթ վերադառնում էի տուն՝ նույնիսկ չպատկերացնելով, որ կարող է այլ կերպ լինել։ Ինչ-որ բան միշտ հետ էր քաշում, ձգում, կանչում։ Հետագայում էլ, արդեն տեղափոխվելուց հետո, ամեն տարի գալիս էի Դիլիջան։
Քաղաքում քիչ էին երեխաների խաղալու վայրերը։ Երբ հնարավորություն ստեղծվեց՝ ցանկություն առաջացավ ստեղծել մի տարածք, որտեղ կարող էին գալ ոչ միայն թաղի երեխաները, այլ բոլորը։ Դա բիզնես նախագիծ չէր. պարզապես ուզում էի, որ երեխաները ժամանակն անցկացնեն հետաքրքիր ու օգտակար ձևով՝ խաղան, սպորտով զբաղվեն, զարգանան։ Ժամանակի ընթացքում այս գաղափարի շուրջ սկսեցին առաջանալ նոր նախաձեռնություններ՝ մարզադպրոցի վերանորոգում, բալետի ու մարմնամարզության խմբակներ։
Ամեն վերադարձի ժամանակ ինձ դիմավորում էր նույն ծառերի հոտը։ Նայում էի դրանց՝ բարձր, ուժեղ, լայն սաղարթներով, և զգում, որ նախկինում կարծես չէի նկատում այդ ամբողջ գեղեցկությունը։ Սկսեցի երկար դիտել, ուսումնասիրել մանրամասները։ Եղևնիներ, կաղնիներ, կաղիններ, պտերներ՝ սա է իմ Դիլիջանը։ Հատկապես սիրում եմ դիլիջանյան պտերները. դրանք զարմանալի են ու համեստ։ Ամեն անգամ փորձում եմ ինձ հետ վերցնել մի ճյուղ՝ որպես տան փոքրիկ մասնիկ։


Դիլիջանի մարզադպրոցում բալետ ուսանող խմբակի սաները
Green Rock հիմնադրամն ինձ համար ամենաանձնական նախագծերից է, որտեղ երբևէ ներգրավված եմ եղել։ Օրինակ՝ ծրագիրը, որը նվիրված է անտուն շների խնդրին։ Դիլիջանը միշտ եղել է մի վայր, որտեղ բնությունն ու մարդը սերտորեն կապված են եղել՝ ապրելով կողք կողքի։ Շատ կարևոր է, որ այդ համակեցությունը լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև մարդասիրական։ Շների հանդեպ հոգատարությունը դարձել է քաղաքի և նրա կենդանական աշխարհի նկատմամբ սիրո բնական շարունակություն։ Եվ ես խորապես շնորհակալ եմ Green Rock-ի թիմին, որը հնարավոր է դարձնում Հիմնադրամի նախաձեռնությունների իրականացումը։
Ինձ շատ հարազատ են նաև երեխաների համար նախատեսված ծրագրերը՝ բացօթյա ամառային դպրոցը, տիկնիկային ներկայացումները, վարպետաց դասերը, հանդիպումները տարբեր մասնագետների հետ։ Այս ամենը ստեղծում է զարգացման, ստեղծագործության, մտածողության և շփման միջավայր։
Դիլիջանի անտառներում շատ գեղեցիկ վայրեր կան, որոնց մասին քչերը գիտեն։ Կուզեի, որ այստեղ հայտնվեն հստակ նշված արահետներ ու ցուցանակներ, ինչպես, օրինակ, Շվեյցարիայում։ Դա կօգնի մարդկանց ավելի հեշտ բացահայտել քաղաքի բնությունը և ավելի խորությամբ այն զգալ։ Երբեմն մենք ապրում ենք գեղեցկության կողքին ու պարզապես այն չենք նկատում։ Իսկ անտառը Դիլիջանի ամենամեծ հարստությունն է՝ նրա հոգին ու հիշողությունը, որը պետք է պահպանել։
Ես հավատում եմ, որ քաղաքը կարող է դառնալ կրթական ու մշակութային հաբ։ Բայց շատ եմ ուզում, որ այդ ճանապարհին չկորցնի կապը բնության հետ։ Իմ զգացողությամբ՝ հենց այնտեղ է բաբախում Դիլիջանի սիրտը։


Դիլիջանի մարզադպրոցը վերականգնումից առաջ և հետո
ԵՐԱԶԱՆՔՆԵՐ
Եթե այսօր ինչ-որ բան ասեի փոքրիկ Մարետային, կասեի՝ մի՛ վախեցիր երազել, եղի՛ր ավելի համարձակ, ավելի լայն մտածողությամբ։ Երազի՛ր ավելի լայն, քան լեռների հորիզոնը։ Մանկության տարիներին դա շատ էր պակասում. թվում էր, թե մեծ երազանքներն անհասանելի են։
Այսօր հասկանում եմ՝ ամեն ինչ սկսվում է հենց երազանքից։ Երբ թույլ ենք տալիս մեզ իսկապես երազել, ժամանակի ընթացքում այդ երազանքները դառնում են նպատակներ, հետո՝ իրականություն։ Երբեմն դա արագ չի լինում, երբեմն ժամանակ է պահանջվում, բայց գրեթե ամեն ինչ, ինչի մասին երբևէ երազել եմ, ի վերջո կատարվել է։
Չգիտեմ՝ կարելի՞ է սովորել երազել։ Բայց հստակ գիտեմ՝ որքան կարևոր է դա քեզ թույլ տալ և չվախենալ։