Մարկ Սարկիսյան․ «Երբեք չենք ասում, որ անհնար է»
Շինարարություն

Մարկ Սարկիսյան․ «Երբեք չենք ասում, որ անհնար է»

«Ռենշին» ընկերության և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի» հրավերով Հայաստանում էր աշխարհահռչակ SOM ընկերության Սան Ֆրանցիսկոյի գրասենյակի սեյսմիկ և կառուցվածքային ճարտարագիտության գործընկեր, հայազգի Մարկ Սարկիսյանը։ ԵՐԵՎԱՆը խոսել է նրա հետ մասնագիտության յուրահատկությունների, ամենախոշոր շինարարությունների և Երևանի համար մշակվող նախագծերի մասին։

#Ճարտարապետություն

Մարկ Սարկիսյանը SOM ընկերության գլխավոր կոնստրուկտոր և կառավարման խորհրդի անդամ-գործընկեր է, աշխարհի տարբեր երկներում ավելի քան 100 խոշոր շինարարական նախագծերի՝ ներառյալ Բուրջ Խալիֆայի ինժեներ, նորարարական ինժեներական լուծումների, բարձր արդյունավետության սեյսմիկ կառուցվածքային մեխանիզմների համար տարբեր միջազգային արտոնագրերի հեղինակ։

Սարկիսյանը Միացյալ Նահանգների հեղինակավոր Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ է: Նա հեղինակել է «Բարձր շենքերի նախագծում՝ կառուցվածքը որպես ճարտարապետություն» առարկան և դասավանդում է Բերկլիի համալսարանում, Կալիֆորնիայի արվեստների քոլեջում, Սթենֆորդի համալսարանում, Կալ Պոլիում, Հյուսիսարևելյան համալսարանում, NC պետական ​​համալսարանում, Պրատ ինստիտուտում և Մադրիդի Ալկալա համալսարանում:

 

 — 

Արդեն 4-րդ անգամ «Ռենշին» ընկերության և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի» հրավերով Հայաստան են ժամանում համաշխարհային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ՝ գիտելիքի, փորձի, նոր գաղափարների իրենց տեսլականը բերելով Հայաստանի կառուցապատման, շինարարության, ճարտարապետության ոլորտի մասնագետների և ուսանողների համար։ 

Մայիսի 31-ին պարոն Սարկիսյանը դասախոսություն կարդաց «Հնարամիտ ճարտարապետություն՝ ոգեշնչված ստեղծարար ինժեներիայից» թեմայով։ Սա ֆանտաստիկ հնարավորություն էր ճարտարապետների, կառուցապատողների, ինժեներների և ոլորտի ուսանողների համար՝ ծանոթանալու պարոն Սարկիսյանի փորձառությանը և բարձրահարկ շինարարության վերջին միտումներին, հատկապես սեյսմիկ ակտիվ գոտիներում:

 

 

Այսօր դուք դասախոսություն էիք կարդում քաղաքաշինական անվտանգության մասին, իսկ երեկ Երևանում երկրաշարժ զգացվեց։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ ենք մենք պատրաստ այդ մարտահրավերին։ 

 

Մի ճշմարտություն կա, որ վերաբերում է ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանին․ մենք կառուցում ենք, օգտվելով այս պահին հասանելի տեխնոլոգիաներից։ Հիմա մենք ունենք բավական լուրջ գիտելիքներ՝ մարդկանց համար ապահով շենքեր կառուցելու համար։ Բայց բանն այն է, որ, օրինակ, ԱՄՆ-ում շատ են այնպիսի կառույցները, որոնք իրենց ժամանակին՝ 19-րդ դարում կամ 20-րդի սկզբին, առաջադեմ տեխնոլոգիաներով են կառուցվել, բայց այսօր դրանք չեն համապատասխանում ճկունության չափանիշներին, որոնք կենսական նշանակություն ունեն երկրաշարժերի դեպքում։ ԱՄՆ-ում շատ լուրջ են վերաբերվում դրան, այն աստիճան, որ որոշ շենքեր, որոնք չեն թարմացվել նոր պահանջներին համապատասխան, կարող են պարզապես ապօրինի ճանաչվել։ 

 

 

Կողքից կարող է չափազանց խիստ թվալ։ 

 

Երկարշարժն այնպիսի բան է, որ հաճախ տեղի չի ունենում։ Ու շատ սեփականտերեր ու կառուցապատողներ սկսում են մտածել, որ դե դժվար էլ տեղի ունենա, ի՞նչ կա մտածելու։ Բայց այդ մի անգամը կարող է լինել աղետալի, ինչպես այստեղ 1988-ին։ Քանդված շենքերի մեծամասնությունը ծանր, չամրապնդված, այսօրվա ճկունությունը չունեցող կառույցներ էին և դրա հետևանքները մինչև հիմա ակներև են։ Այնպես որ սրան պետք է շատ լուրջ վերաբերվել։ 

 

Կոնստրուկտորը կարծես այնքան էլ ռոմանտիկ ու հետաքրքիր չի հնչում, որքան ճարտարապետը։ Իսկ լինու՞մ է, որ ճարտարապետը նկարի գեղեցիկ մի կառույց, իսկ կոնստրուկտորը նայի ու ասի, որ սա հնարավոր չէ կառուցել։ 

 

Նախ, երբեք չենք ասում, որ անհնար է։ Վատագույն դեպքում, ասում ենք, որ գուցե արժի մի փոքր այլ կերպ մոտենալ հարցին․․․ Խնդիրներն առաջանում են, երբ մի ընկերություն, որտեղ միայն ճարտարապետն են, գծում է շենքը ու դիմում մեկ այլ ընկերության, որտեղ կան միայն կոնստրուկտորներ։ Բայց մեր ընկերությունն ունի մի կարևոր սկզբունք․ հենց ամենասկզբից ճարտարապետն ու կոնստրուկտորը պիտի աշխատեն միասին։ Այդ երկխոսությունը թույլ է տալիս առանց մեծ խնդիրների գնալ առաջ։ Օրինակ՝ մրցույթներին դիմելիս, մենք երբեք չենք ներկայացնում նախագիծ, որը հնարավոր չէ ներկայացվածի պես նույնությամբ կառուցել։ 

 

Ջին Մաո աշտարակը Շանհայում

 

Ո՞րն էր ամենախնդրահարույց նախագիծը ձեր կարյերայում։ 

 

Երևի Շանհայի Ջին Մաո աշտարակը։ Մենք անում էինք նման նախագիծ առաջին անգամ ու մի վայրում, որտեղ երբևէ չէր իրականացվել այդ ծավալի կառուցապատում։ Մարտահրավերն այն էր, ինչպես կարող ենք մեր փորձը տեղափոխել այս նոր միջավայր ու ինչպես անել այնպես, որ միջազգային թիմն իրար հասկանա։ Մեզ օգնեց, որ կառուցապատողը միացավ գործին վաղ փուլում։ Ընդ որում, կառուցապատողը տեղական էր, ճանաչում էր տեղական միջավայրը, մարդկանց։ Նրանք էլ ունեին թիմում կոնստրուկտորներ, որոնց հետ մենք կարողացանք լեզու գտնել ու ամեն ինչ ընթացավ հնարավորինս ճիշտ ուղով։ 

 

Բուրջ Խալիֆան միանշանակ ձեր ամենահայտնի գործն է։ Այդ շենքը մինչև հիմա ապշեցնում է իր ահռելի ծավալներով։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

 

Մի կողմից, կառուցապատման սկզբունքը պարզ է, մյուս կողմից՝ այդ մասշտաբի աշխատանք չէր արվել դեռ ոչ մի տեղ։ Գիտե՞ք ինչ խնդիրներ պիտի լուծեինք ընթացքում։ Օրինակ՝ ինչպես բետոնը հասցնել այդքան բարձրություն։ Ինչպե՞ս պահել շինարարական կառուցվածքները, չէ՞ որ որքան բարձր, այնքան ավելի ուժեղանում են տատանումները։ Պետք է հաշվարկեինք քամու արագությունը, շենքի տատանումները ու բազմաթիվ նման բաներ։ Ու վերջո դա մեզ հաջողվեց։ Ի դեպ, մենք դեռ ընթացքում էինք, երբ շենքը մտավ շուկա ու մի քանի օրում վաճառեց ամբողջ մակերեսը։ Սովորաբար դա տարիներ է տևում։ Այս ցուցանիշը խոսում է նախագծի բացառիկության մասին։ Ի դեպ, մեզ համար գործի հաջողության ցուցանիշ է նաև այն, թե որքան հարմար է այն այնտեղ ապրողների ու աշխատողների համար։ Կարող եմ ասել, որ Բուրջ Խալիֆան այդ իմաստով էլ ամենամեծ հաջողություններից է։ 

 

Բուրջ Խալիֆայի կառուցումը, Դուբայ

 

Ինչպե՞ս այս նախագծի հաջողությունն ազդեց ոլորտի վրա։ Երևի նման հավակնոտ նախագծերն ավելի հաճա՞խ սկսեցին ի հայտ գալ։ 

 

Այո, դա թույլ տվեց հավատալու, որ բավարար գումար, մասնագետներ ու, գուցե ամենակարևորը՝ կազմակերպչական հմտություններ ունենալով, կարելի է հավակնոտ նախագծեր իրականացնել։ 

 

Ի՞նչ փուլում է գտնվում երևանյան Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագիծը։ 

 

Դեռ վաղ է ստույգ խոսել, բայց մենք իսկապես մեծ հույսեր ենք փայփայում նախագծի հետ։ Դա էլ այնպիսի հավակնոտ նախագծերից է, որ կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքի վրա։ 

 

Արդյո՞ք Երևանը, ձեր կարծիքով, հարմար է երկնաքերերի համար։ 

 

Պարտադիր չէ չափազանց բարձր շենք կառուցել՝ փոփոխություններ անելու համար։ Գիտեք, ամենահայտնի շենքերը բնավ Բուրջ Խալիֆայի նման ահռելի չեն, այդպիսի կառույցները մեր գործում հազիվ մեկ տոկոսը կազմեն։ Իսկ Երևանի պես քաղաքում կարելի է կառուցել այնպիսի մի բան, որ ամեն դեպքում մնա մարդկանց համար բայց, հարմար տարածք։ Երևանն ունի հրաշալի, արվեստով նշանավորված ոգի, այստեղ ապրող մարդիկ կրքոտ են վերաբերվում իրենց քաղաքին։ Հատկապես դրանով է մեզ հետաքրքիր այս միջավայրը։ Եվ իհարկե, երբ նախագիծ ես իրականցում, պետք է նույն ալիքի վրա լինես այնտեղ ապրող մարդկանց հետ։ Նախագիծը պետք է կապված լինի հենց այդ վայրի ու այդտեղ ապրող մարդկանց հետ։ Եթե կա երկխոսությունը, կլինի նաև լավ արդյունքը։  

հավելյալ նյութեր