Մաշտոցի պուրակ 2011-2012
SOS Երևան

Մաշտոցի պուրակ 2011-2012

Պայքար Մաշտոցի պուրակի համար։

Հեղինակ՝ Հասմիկ Բարխուդարյան

 

Լուսանկարիչ՝ Հայկ Բիանջյանի

 

ԵՐԵՎԱՆ #68 | 2021

 

 

#SOSԵրևան

Հարցի էությունը

2000-ականները Երևանի պատմության մեջ նշանավորվեցին տարատեսակ քաղաքացիական բողոքի ակցիաներով։ Այդ պայքարի մի մասն ուղղված էր Երևանի կանաչ տարածքների պահպանությանը։ Բազմաթիվ անգամներ մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից՝ Երևանում նախաձեռնվում էին կառուցապատումներ հենց կանաչ տարածքների՝ այգիների կրճատման հաշվին։ 

 

2011 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «մաքրել» Աբովյան փողոցը երկար տարիներ այնտեղ գործող կրպակներից: Այդ կրպակների մի մասը քաղաքացիների կողմից մասնավորեցված էին և նրանց էին պատկանում սեփականության իրավունքով: Քաղաքապետարանը որոշում կայացրեց նոր կրպակներ կառուցել Մաշտոցի պուրակում և այդպիսով հատուցել այդ սեփականատերերին։ Արդյունքում մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ և քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ ու նստացույցեր կազմակերպեցին պուրակում կանաչապատ տարածքի պահպանության և պուրակում կատարվող շինարարական աշխատանքների կասեցման նպատակով՝ իրենց պահանջը հիմնավորելով նրանով, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են մի շարք իրավական և շինարարական նորմերի ու կանոնների խախտումներով:

 

Երեք ամիս տևած նստացույցերից, բողոքի ակցիաներից ու տեղում իրականացված մշակութային միջոցառումներից հետո, ի վերջո, ցուցարարներին հաջողվեց թելադրել իրենց կամքը և հասնել կրպակների ապամոնտաժմանը։ Այդ ժամանակ էր, որ հնչեց հանրահայտ «Սիրուն չի» արտահայտությունը։  Սակայն ամենակարևորն այն էր, որ այս պայքարն առաջ բերեց նոր օրակարգ՝ հանրային տարածքների կարևորության ու մասնավորի հանդեպ նրա գերակայության մասին։

 

ՎԱՀՐԱՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Քաղաքագետ, «Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր

 

Ինչպես էր ամեն բան սկսվում

2010-ին մի օր սովորականի նման աշխատանքի էի գնում, երբ նկատեցի, որ Ուսանողական այգում ինչ-որ կառուցապատում է սկսվել։ Պարզվեց, որ այդ հարցով մտահոգ մարդիկ էլի կան ու մենք միավորվեցինք։ Ֆեյսբուքում, որն այն ժամանակ դեռ նոր էր, մի խումբ բացեցինք, որն անվանեցինք «Մենք ենք այս քաղաքի տերը» (խումբը, ի դեպ, այժմ էլ գործում է և շարունակում է բարձրաձայնել քաղաքին վերաբերող հարցեր)։ 

 

Ուսանողական այգու պայքարը չհաղթեցինք, բայց փոխարենը ստեղծվեց այդ շատ կարևոր քաղաքացիական նախաձեռնությունն ու այդ հարթակը։ Դա թերևս Թեղուտի և «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճի համար պայքարից հետո առաջին նմանօրինակ կարևոր քաղաքացիական նախաձեռնությունն էր։ Ժամանակի ընթացքում խնդիրը սկսեց է՛լ ավելի ակտուալ դառնալ։ Այդ այգու համար պայքարից հետո նույնիսկ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը AGBU-ի շենքի կառուցման համար երկու ծառ կտրելու հարցով մեզնից՝ ակտիվիստներից, ստորագրություն պահանջեց, որ չենք առարկի։ Մենք էլ ասացինք՝ դե լավ, բայց ներսում պիտի այգի լինի։ Ասացին՝ հա, հարց չկա։ Այսպես էլ սկսվեց ամեն ինչ։ 

 

Մաշտոցի պուրակի շուրջօրյա հավաքների մասնակիցները

 

Պայքարը Վիշապների այգու համար

Ուսանողական այգուց հետո Նոր Նորքի զանգվածի Վիշապների այգում նման մի խնդիր առաջացավ։ Այնտեղ պատրաստվում էին բարձրահարկ շենք կառուցել։ Բնակիչներն աղմուկ բարձրացրեցին, ու մենք՝ այսպես կոչված ակտիվիստներս, ժամանեցինք դեպքի վայր ու կանգնեցրեցինք շինարարական աշխատանքները։ 

 

Գիշերը գալիս, փորձում էին շարունակել, բայց դա նրանց չհաջողվեց։  Ի վերջո, երբ Կարեն Կարապետյանը քաղաքապետ դարձավ, մի պահ նորից փորձեցին շարունակել շինարարությունը, բայց կրկին հանդիպեցին մեր համառությանը։ Ֆեյսբուքում մեծ ալիք բարձրացավ, բազմաթիվ ստատուսներ գրվեցին այդ մասին և քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընկրկեց ու այդ կառուցապատողին առաջարկեց այլ հողատարածք։ Այգին փրկվեց։

 

Մաշտոցի պուրակ․ օրենքի լեզվով խոսողները

Մի օր, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության մի քանի անդամներ նկատեցին, որ Մաշտոցի պուրակում ձյան մեջ շատ աննկատ ինչ-որ շինարարություն է ընթանում։ Պաստառներով, բողոքի կոչերով գնացին պուրակ ու կանգնեցրեցինք շինարարությունը։ 

 

Սկզբում ոչ ոք բանի տեղ չէր դնում։ Հետո կամաց-կամաց մարդիկ միացան։ Թռչկանի համար պայքարը նոր էր եղել, ու այդ էներգիայով լի բնապահպանները միացան մեզ։ Արդյունքում տարբեր մարդիկ հավաքվեցին պուրակում ու այդ ճնշման տակ շինարարությունն իրոք կանգնեցվեց։ 

 

Հետո ոստիկանությունը եկավ ու այդպես ձնագունդը գլորվեց, մինչև որ կարճ հանդիպում եղավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Ակտիվիստների կողմից իրեն հստակ ասվել էր, որ ըստ օրենքի նման շինարարության իրավունք նա չունի։ Նա էլ թե՝ «օրենքի լեզվով ինձ հետ չխոսեք»։ Դա էր ու վերջ, բոլորը սկսեցին խոսել հենց օրենքի լեզվով։  

 

Մի պահ էյֆորիկ վիճակ էր, հետո ոստիկանական մեծ ուժեր բերվեցին ու պայքարը թեժացավ։ Եղան բախումներ, քաշքշուկ։ Սակայն ոստիկանների հետ բախումը ոչ միայն ֆիզիկական, այլև գաղափարական բնույթ կրեց։ Առաջին անգամ ոստիկանի ու քաղաքացու միջև քննարկում ծավալվեց օրինականի ու անօրինականի մասին, հանրային տարածքի ու դրա հետ կապված իրավունքների մասին և առաջին անգամ ոստիկաններն ուղղակի ստիպված էին գնալ այդ երկխոսությանը։ Այսինքն՝ եթե սկզբում մենք այնտեղ էինք մի քանի ծառ պաշտպանելու համար, ապա ընթացքն այդ պայքարն արժևորեց հանրային տարածքի գաղափարն ու դրա շուրջ դիսկուրս ծավալելու անհրաժեշտությունը։ Տեղի էր ունենում հանրային տարածքի ձևակերպման մի հետաքրքիր գործընթաց։ 

 

Ընթացքը շատ բան ցույց տվեց։ Պարզվեց, որ ավագանին ասելիք չունի ու պարզապես ենթարվում է քաղաքապետին։ Որոշ անդամներ նույնիսկ մի պահ եկան պուրակ, բայց ժողովուրդը չընդունեց նրանց։ Սկսեցին շրջանառել, թե մենք ինչ-որ գրանտակերներ ենք։ Այնտեղ մի արկղ կար, որի մեջ շրջակայքի բնակիչներն այգում հերթապահողների համար ուտելիք էին բերում։ Այդ արկղի վրա մեծ-մեծ տառերով գրեցինք՝ «գրանտ»։ 

 

Բախում ոստիկանության հետ

 

Մշակութային նոր հարթակ

Մաշտոցի պուրակը շուտով վերածվեց մշակութային հարթակի։ Հատուկ պատասխանատու կար, որն ըստ գրաֆիկի գրանցում էր բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին այդտեղ ելույթ ունենալ։ Պուրակը վերածվեց ոչ միայն քաղաքացիական ամբիոնի, այլև բեմի, որտեղ ելույթ էին ունենում երաժիշտներ, խմբեր, երգիչներ։ Մի պահ նույնիսկ Շուշան Պետրոսյանն ու մի քանի այլ երգիչներ սկսեցին անհանգստանալ, որ իրենք անմասն են մնում այդ հարթակից, իրենք էլ եկան, ելույթ ունեցան։ 

 

Պուրակը մի հետաքրքիր ալտերնատիվ հարթակի էր վերածվել։ Առավոտյան յոգա էին անում, մարզանք, մինչև անգամ լուսանկարչական ցուցահանդես տեղի ունեցավ ու նույնիսկ մարտի 8 նշվեց։ Այդ օրը ոստիկաններն աղջիկներին ծաղիկներ էին նվիրում։ Հիշում եմ՝ ֆեմինիստները չէին վերցնում․․․ 

 

Շատ խառը բաներ էր կատարվում։ Հավաքվել էին շատ տարբեր մարդիկ, ովքեր հիմա արդեն իրար դեմ են խոսում։ Բայց լիքը մարդիկ էլ այդ օրերին են ծանոթացել ու նույնիսկ ամուսնացել։ 

 

Բազմաշերտ ու հանդուրժող պուրակը

Մաշտոցի պուրակում կողք կողքի պայքարում էին մարդիկ, ովքեր կապ չունեին միմյանց հետ։ Մի կողմում ազգայնականները յարխուշտա էին պարում, մյուս կողմում LGBT պաշտպանները շախմատ խաղում։ Իրար մի քիչ նյարդայնացնում էին իհարկե, բայց իրար կողք էին ու նույն բանի համար էին պայքարում։ 

 

Առհասարակ պուրակը մշակութային այլընտրանքային տարածքի վերածվեց։ Նախկինում որոշ մարգինալ խմբերի շատ ավելի բարդ էր հանրային տարածքներում ազատորեն ինքնաարտահայտվել, իսկ Մաշտոցի պուրակում այդ օրերին հանդուրժվում էր բազմազանությունը, խրախուսվում էր միասնությունը։ Ինչ-որ պահի, կարծում եմ դիտավորյալ, փորձ արվեց խաթարել այդ համերաշխությունը։ Փարպեցու վրա փաբերից մեկը՝ DIY-ը, որ նման մարգինալ խմբերի՝ այդ թվում և սեռական փոքրամասնությունների հավաքատեղի էր, ինքնաշեն ռումբով հրդեհվեց։ Դա անդրադարձավ Մաշտոցի պուրակում հավաքվածների վրա։ Հարցեր առաջացան, թե արդյոք դու ու՞մ ես պաշտպանում։ Այսպես, ցավոք, որոշ պառակտում մտավ ու կողմերը բևեռացան։

 

Պայքարի նոր ճակատը

Ինչ-որ պահի կարծես պայքարը պասիվացավ, արդեն համարյա ապրիլ ամիսն էր։ Մի քանի հոգի հերթապահում էին պուրակում, բայց այն ակտիվությունն արդեն չկար։ Ու այդ ժամանակ մեզ նոր ուժեր միացան․ ավագ սերնդի մտավորականներ, ովքեր հետաքրքրվեցին, թե ինչով կարող են օգնել ու տեղի ունեցան նոր դիսկուրսներ։ Ամեն երեկո կոորդինացիոն խումբը հավաքվում էր ՄԻԺԻ-ում, քննարկում հաջորդ օրվա անելիքները։ Հենց այդտեղ էլ որոշում կայացվեց արդեն կառուցված բուտիկներն ապամոնտաժելու մասին։ 

 

Անգամ այդ քանդված բետոնի կտորները հետո բաժանում էինք որպես հուշանվեր, ինչպես բեռլինյան պատի կտորներն են վաճառում։ Այսպես ավագ սերունդը պայքարի երկրորդ ճակատը բացեց։ Ոստիկաններն էլ ավելի անհավասար պայքարի մեջ էին։ Մարդիկ պաշարել էին կառուցապատվող հատվածը, իրենք էլ պաշտպանում էին այն ու միաժամանակ ստիպված էին տարբեր մարդկանց դասերն ու խրատները լսել։ Արդյունքում՝ իրենց վարքի մեջ էլ փոփոխություններ տեղի ունեցան։ 

 

«Օլիգարխի թաղումը» ակցիան

 

Հաղթանակ

Բախում տեղի ունեցավ։ Մենք ուզում էինք վրան տեղադրել, իսկ ոստիկաններն ամեն գնով ցանկանում էին խանգարել։ Հավանաբար ինչ-որ բաներ էին կարդացել Occupy շարժման մասին, ինչ-որ սեփական վերլուծություններ արել ու վտանգ տեսել այդ վրանի տեղադրման մեջ։ Արդյունքում եղավ ուժեղ բախում, եղան բերման ենթարկվածներ, բայց շուտով նրանց բաց թողեցին։ 

 

Մի քանի օրից պիտի ԱԺ ընտրություններ լինեին Հայաստանում և հավանաբար հասկացան, որ այդ իրադարձությունները կարող էին ստվերել ընտրությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեց հանրահայտ «Տարոն ջան, սիրուն չի»-ն ու փաստորեն մենք հասանք մեր ուզածին՝ բուտիկներն ապամոնտաժվեցին։ 

 

Դժվար է ասել, թե այս պարագայում ինչն էր հաղթանակ։ Ի վերջո, խնդիրն իրավական լուծում չստացավ, բայց նաև բավարարվեց բուտիկներն ապամոնտաժելու մեր պահանջը։ Ամենամեծ հաղթանակը, ըստ իս, այդ ընթացքն էր։ Մաշտոցի պուրակում կատարվածը մեծ դեր է խաղացել Հայաստանի հետագա իրադարձություններում։ Այդտեղ ձևավորվել են մարդիկ, ովքեր այժմ շատ ակտիվ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում։ Կային օրինակ մարդիկ, ովքեր այդ օրերին բավական պասիվ էին, սակայն հաջորդ այլ պայքարներում շարժման առաջին դեմքերը դարձան։ Մաշտոցի պուրակը կարծես վերապատրաստման համալսարան լիներ։ Անձամբ ես գտնում էի, որ Մաշտոցի պուրակի շարժումը շատ ավելի քաղաքական է, քան ցանկացած կուսակցական գործունեություն, որովհետև այն այդ պահին հարցադրում էր քաղաքի մասնավորեցված սեփականությունը։ 

 

 

Հաջողության գրավականը

Պայքարը հաջողեցինք տարբեր պատճառներով և տարբեր հանգամանքներ իրենց դերը խաղացին այդ հարցում։ Նախ, այդ շարժումը համահունչ էր աշխարհում տեղի ունեցող այլ շարժումների հետ, ինչպիսիք էին Occupy-ը, որը կրկին հանրային տարածքներ գրավելու խնդիր էր դնում։ Մի քանի ամիս անց Գեզիի զբոսայգու դեպքերը եղան Ստամբուլում, այն համընկավ նաև Արաբական գարնան հետ։ Աշխարհում կարծես մեկը մյուսին արձագանքող դեպքեր էին տեղի ունենում։ Երևանում էլ փաստորեն պայքարն էր Մաշտոցի պուրակի համար։ 

 

Հաղթանակին նպաստեց նաև մարդկանց համառությունն ու սկզբունքայնությունը։ Բայց, առաջին հերթին, հաղթեց հանրային խոսքը, որը ձևավորվեց հենց փողոցում։ Առաջին անգամ իրար անծանոթ մարդիկ հավաքվում, ընդհանուր դիրքորոշում էին արտահայտում, որն ի վերջո տեքստային ձևակերպում էր ստանում և ուղարկվում ի պատասխան քաղաքապետի ցանկացած հայտարարության։ Ժողովուրդը կարողացավ հստակ ցույց տալ, որ քաղաքապետարանը սխալ է։ Երբ Տարոն Մարգարյանն իր հիմնավորման մեջ ասաց, որ մասնավոր սեփականությունը պաշտպանվում է Սահմանադրությամբ, պուրակում հավաքված ժողովուրդն ի պատասխան մեջբերեց Սահմանադրությունը՝ մատնանշելով, որ հանրային սեփականությունն ավելի բարձր է, քան մասնավոր սեփականությունը։ Նրանք հասկացան, որ սխալ են ու դա շոկային էր, որովհետև 90-ականներից ի վեր ոչ ոք այդ մասին չէր բարձրաձայնել, չէր ասել, որ հանրային սեփականությունն ավելի կարևոր է, քան մասնավորը։ Ու հենց սա է ամենակարևորը։ Հաղթանակը գաղափարական էր։ 

 

հավելյալ նյութեր