«Մեգալոպոլիս»․ Կոպպոլան ժամանակի կանգառում
Կաննի կինոփառատոնի այս տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի նոր կինոկտավն էր՝ «Մեգալոպոլիսը»։ Կարեն Ավետիսյանը դիտել է «Կնքահոր» հեղինակի աղմկահարույց նախագիծն ու ԵՐԵՎԱՆի խնդրանքով փորձում է ի մի բերել տպավորությունները։
Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի
1979 թվական, նույն Կրուազեթի նույն լողափում օրեր շարունակ քննարկում էին այդ պահի դրությամբ բոլոր ժամանակների «ամենատապալված» ֆիլմը, որը երբեմնի հանճարեղ «Կնքահոր» ու «Զրույց»-ի հեղինակ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան տաժանակիր ու հալումաշ նկարահանումներից հետո մի կերպ կարողացավ ավարտել՝ տասնյակ անգամներ վերագրելով ֆիլմի վերջաբանը և «Կնքահորից» ու անձնական գինեգործական ձեռներեցությունից աշխատած տասնյակ միլիոններ ներդնելով ֆիլմի մեջ (այդ ամենը հրաշալի ներկայացված է «Խավարի սրտերը» վավերագրական ֆիլմում)։ Օրեր անց ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուազ Սագանի գլխավորությամբ ժյուրին «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմին շնորհում է բարձրագույն մրցանակը՝ Ոսկե արմավենու ճյուղը (կիսելով մեկ այլ նշանավոր գրող Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» վեպի Ֆոլկեր Շլյոնդորֆի նշանավոր էկրանավորման հետ), իսկ Կոպպոլան ասուլիսին ասում է իր հայտնի խոսքը՝ «Այս ֆիլմը Վիետնամի պատերազմի մասին չէ՝ այն հենց Վիետնամն է որ կա»։
Նույն տարիներին Կոպպոլային արդեն սկսել էր հանգիստ չտալ մեկ այլ խելահեղ գաղափար՝ մեծ կինոկտավ հռոմեական պրետոր Լուկիոս Սերգիոս Կատիլինայի և Ցիցերոնի քաղաքական խարդավանքների և դավադրապաշտությունների, Հռոմի կայսրության անկման մոտիվներով՝ տեղափոխելով գործողությունները ժամանակակից մեգապոլիս կամ ավելի կոնկրետ՝ վերժամանակյա Մեգալոպոլիս։
Էլ ավելի զարգացնելով կալիֆորնիական գինեգործական բիզնեսը՝ Կոպպոլան ուներ նպատակ՝ բիզնեսի ամենաթանկ պահին այն վաճառել՝ ողջ գումարը ներդնելու 100 միլիոնը գերազանցող գերֆիլմի բյուջեն ապահովելու համար։
Բազմաթիվ խոչընդոտներից, չեղարկումներից ու հեղափոխություններից հետո ֆիլմը մոտ էր դարանցումնային 2001-ին նկարահանված լինելուն, բայց այս անգամ էլ վրա հասավ սեպտեմբերի 11-ը և պարզ դարձավ, որ նյույորքյան երկնաքերերի ֆոնին ուտոպիստական բուռլեսկը, մեղմ ասած, տեղին չէ (ի դեպ, ճիշտ նույն պատճառով էլ Քեմերոնը հրաժարվեց «Հավաստի ստի» 2-րդ մասից), չնայած, որ արդեն արվել էր հսկայական աշխատանք, այդ թվում՝ նշանավոր օպերատոր Ռոն Ֆրիկեի հատուկ նկարահանումները Նյու-Յորքում, քասթինգ, որին մասնակցել էին Դե նիրոն, Քեվին Սփեյսին, Ռասել Քրոուն, Դի Կապրիոն և այլք։
Հերթական նոր փորձի վերջնաժամկետը տեղափոխվեց ևս 20 տարով և 120 միլիոն սեփական միջոցների անմնացորդ և անվերադարձ ներդրումը բոլոր ժամանակների ամենասևեռուն արվեստագետներից մեկին օգնեցին ավարտել այն, ինչը մոտ էր «անհնարին» կնքվելուն։
Գլխավոր դերակատար Ադամ Դրայվերը դեռ նախքան ֆիլմի դիտումը հասցրել էր ասել, որ նկարահանումներն իր կյանքի ամենատարօրինակ ու անմոռանալին էին՝ չնայած նրան, որ այսպես էլ չհասկացավ, թե ֆիլմում ինչ է կատարվում։ Ուրիշները պատմում էին, թե ինչպես էր ռեժիսորը հանկարծ դադար հայտարարում գերթանկարժեք նկարահանման օրվա կեսին, փաթաթում ջոյնթը ու միայնակ փակվում սենյակում միքանիժամանոց մտորումների։
Ֆիլմի ավարտից հետո թվում էր, թե ամենածանրը հետևում է, բայց ապրիլին Universal-ի հոլիվուդյան IMAX թատրոնում տեղի է ունենում ֆիլմի փակ ցուցադրությունը դիստրիբյուտորների համար։
Ֆիլմից հետո գրեթե բոլորը Կոպպոլային մաղթում են հաջողություն ու չեն հայտնում որևէ կոմերցիոն հետաքրքրվածություն։
Անհնար է պատկերացնել, բայց 5-ական Օսկարի ու Ոսկե գլոբուսի, կրկնակի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկրի ամբողջ կյանքի ֆիլմը՝ Ադամ Դրայվերով, Ջոն Վոյթով, Լորենս Ֆիշբըրնով, Դասթին Հոֆմանով, հսկայական բյուջեով օդում է թողնում համագործակցության և կոմերցիոն առաջխաղացման ձեռքը։
Մեկ ամիս անց հետևում է հաջորդ հարվածը. մահանում է վարպետի վերջին 60 տարիների կողակիցը՝ Էլինոր Կոպպոլան՝ 1 ամիս ու մի քանի օր չհասնելով ֆիլմի համաշխարհային պրեմիերային, որը տեղի ունեցավ օրեր առաջ Կաննի 77-րդ կինոփառատոնում, որն ի հակառակ շուկայագետների հայտարարեց, որ Կոպպոլան փառապսակ տեղ ունի իրենց գլխի վրա, իսկ ֆիլմը՝ մրցութային ծրագրում։
Դիտումից առաջ գլխավոր հարցը մեկն էր՝ լինելու է մեծ ձախողում, թե՞ մեծ արվեստի գործ, որը պարզապես ենթակա չէ կոմերցիալիզացման։
Դանդաղ ծերունական քայլերով Լյումիերի մեծ դահլիճ է մտնում ալեհեր Կոպպոլան՝ մի ձեռքին ձեռնափայտ, մյուսին՝ առ ողջույն պարզած ցիլինդր. դահլիճը կանգնում է անդադար ծափողջույնների և գիտակցում, որ ըստ ամենայնի ականատեսն են կինոյի պատմության մեծագույն վարպետներից մեկի վերջին ֆիլմի առաջին ցուցադրությանը, որը սկսվում մեծ էկրանին առկա ընդամենը մեկ արտադրական տարբերանշանով՝ American Zoetrope սեփական ընկերության, ասել է, թե՝ «այս ֆիլմի ամեն լուման գնացել է հեղինակի գրպանից», դահլիճը ողջունում է և մեկ ծափատարափով։
Ֆիլմի կեսերին տեղի է ունենում մի բան, որն անգամ դժվար է սփոյլեր համարել՝ կրկնվելու անհավանականության պատճառով. երկարաձող միկրոֆոնով հենց ֆիլմի ընթացքում բեմ է բարձրանում մի տղամարդ, դահլիճը սկսում է քթի տակ քմծիծաղել, մտածելով, որ փառատոնի տեխնիկական աշխատակիցը շփոթմամբ մի կուլիսից մյուսն է տանում խոսափողը։
Տղամարդը ձողը կանգնեցնում է բեմի մեջտեղում, իսկ Ադամ Դրայվերը սպասում է ֆիլմում, հանկարծ տղամարդը բեմից սկսում է խոսել՝ հարց ուղղելով Դրայվերի կերպարին, վերջինս պատասխանում է՝ դահլիճը շիվարած լռում. Կոպպոլան հաղթում է «Ժամանակ»-ի հետ պատերազմում՝ ոչ միայն ֆիլմի ստեղծման ճանապարհին, այլև ֆիլմի դիտման ընթացքում, իսկ յուրաքանչյուր տեղյակ հանդիսատեսի մտքին ֆլեշբեքով հայտնվում են մերժած դիստրիբյուտորները ու զուգահեռ նաև գիտակցումը, որ նրանց կարելի է հասկանալ ու որ նրանցից շատերը ասել են՝ «Մաեստրո, գոնե կտրիր ֆիլմից ընդամենը այդ մի քանի վայրկյանը, վարձույթում անհնար է լինելու ամբողջ աշխարհով մեկ ամեն կինոթատրոնի յուրաքանչյուր սեանսին ապահովել հատուկ պատրաստված մարդ, որը մի քանի վայրկյանով կդառնա Ադամ Դրայվերի «խաղընկերը»։
Կոպպոլան բնականաբար պատասխանում է՝ ֆիլմը կա այն, ինչ կա և ոչ մի ակնթարթ պակաս։
Ավարտական տիտրերից հետո այդպես էլ պատասխան չի տրվում նախադիտման հիմնահարցին՝ ձախողում, թե՞ չհասկացված գլուխգործոց, առավել ևս, որ հավանական է՝ երկուսն էլ։ Հավանական է, քանզի ժամանակը արդեն հաղթած է ու «ձախողումը» առնչվում է անցողիկ այսօրվան, իսկ «գլուխգործոցը»՝ վաղվան ու հավիտենականությանը, որին և ուղղված է վարպետի անվերծանելի վերջին ֆիլմ-նամակն այն մասին, թե ինչպես է դժբախտ պատահարը կործանում «Նոր Հռոմ» անվամբ քայքայվող մեգապոլիսը, իսկ առավելապաշտ-ճարտարապետ Սեզար Կատիլինան ստանում է ժամանակը կառավարելու ուժ ու նպատակ այն վերակառուցելու՝ իբրև ուտոպիա, մինչդեռ նրա ընդդիմախոսը՝ կոռումպացված քաղաքապետ Ցիցերոնը, հավատարիմ է մնում ձախողում գուժող ստատուս քվոյին:
Պարուրված բրիտանական դասական թատերականությամբ, անգլիացի անարխիստ-մարդաբան Դեյվիդ Գրեբերի բազմահատոր աշխատություններով, Հերման Հեսսեի ուտոպիական և Ֆուկույամայի քաղաքական մտավորականությամբ, Ջեյմս Ջոյսի անտիկ և ներկայի միջև հոսքային ժամանակախաղով, Կոպպոլան ստեղծում է բազմաակտ պեպլում-օպերա խճանկարազարդ կոնցեպտուալ լիբրետտոյով, որն այնքան անսովոր է, որ թվում է կատարյալ ձախողում և այնքան տարօրինակ, որ թվում է գլուխգործոց գոյություն չունեցող բառախաղային "aeternative" կինոժանրում, որտեղ անհնար է քննադատել, քանզի այդ քննադատությանը կտապալի Ժամանակը, որին արդեն տապալել է Կոպպոլան։