«Մեկ էլ Դարեն Արոնոֆսկին ա մտնում սենյակ․․․»
Ոսկե ծիրան

«Մեկ էլ Դարեն Արոնոֆսկին ա մտնում սենյակ․․․»

Նաստասյա Կինսկին հաճույքով ջրվում է, Դարեն Արոնոֆսկին ջրում է, իսկ Կիմ Կի-դուկը նկարվում է երկրպագուների հետ․ ինչպես է անցնում Ոսկե ծիրանի մեծանուն հյուրերի ժամանցը Երևանում, պատմում են նրանց շատ մոտիկից տեսնողները։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Ոսկե ծիրանի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #55 | 2019

🍑

 

#ՈսկեԾիրան

Ատոմ Էգոյան, 2005

Պատմում է դերասանուհի, պրոդյուսեր, գրող Արմինե Անդան

 


2005 թվականին Ոսկե Ծիրանում մամուլի քարտուղար էի աշխատում և այդ տարի իր հարցազրույցներն էի կազմակերպում։ Ասաց, որ ուզում է, որ նաև թարգմանեմ իր հարցազրույցները, քանի որ ցանկանում էր թեմայից տեղյակ մարդ զբաղվի այդ հարցով։ Այդպես, մի քանի օր, բացի կազմակերպչական հարցերից, նաև թարգմանում էի իր համար։ Մի պահ ինձ ասաց, որ շատ լավ թարգմանիչ եմ և միտքը շատ յուրահատուկ կերպով եմ հասցնում։ Սակայն իրեն ասացի, որ ընդհանրապես թարգմանչուհի չեմ, այլ դերասանուհի: Շատ զարմացավ և ասաց, որ իմ կոնտակները թողնեմ, բայց բացի դրանից, որոշեցի նաև իմ տեսանյութերից ուղարկել։ Այդ պահին, ճիշտն ասած, միայն մանկական հաղորդման վիդեոներ ունեի և հենց դրանք էլ ուղարկեցի իրեն։ Երբ Հայաստանից վերադարձավ Կանադա, ինձ նամակ գրեց, որ նայել է տեսանյութերը, շատ հավանել և անպայման պետք է մի օր ինձ հետ համագործակցի։

 

Երբ մեկ տարի անց վերադարձավ, արդեն միայն իր հետ էի աշխատում՝ որպես օգնական և թարգմանիչ։ Այդ ժամանակ ինձ ասաց, որ ֆիլմ է ուզում նկարել՝ որպես իր «Օրացույցի» շարունակություն և այնտեղ ինձ է տեսնում։ Եվ իսկապես, խոստումը պահեց․ 2008-ին Հայաստանում էքսպերիմենտալ ֆիլմ նկարահանեց, որտեղ ինձ հրավիրեց խաղալ գլխավոր դերերից մեկը։ Նկարահանումները շատ հետաքրքիր էին։ Oպերատորը Նորայր Կասպերն էր և այնտեղ կար ընտրված ուսանողների խումբ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից, որը մասնակցում էր նկարահանումներին, տեսնում, թե ինչպես է աշխատում Ատոմը: Ֆիլմը կոչվում էր «Լուսավորիչ», քանի որ կապ ուներ Գրիգոր Լուսավորչի և Խոր Վիրապի հետ։ Իմ կերպարը միաժամանակ թարգմանիչ էր, ուսուցչուհի և նույնիսկ մանկական հաղորդման հեղինակ։ Ամբողջական ֆիլմը չեմ տեսել դեռ, բայց նյութը, որը տեսել եմ, անչափ հետաքրքիր էր:

 

Իր հետ շփվելիս չէի զգում, որ իմ դիմաց աշխարհահռչակ ռեժիսոր է։ Շատ հասարակ էր, շատ բաց, սիրում էր Հայաստանը և այստեղի մարդկանց։ Իր հետ շատ հեշտ էր աշխատել թե՛ որպես մարդ, թե՛ որպես ռեժիսոր, որովհետև գործ ունեի մի մարդու հետ, որը, բացի բացարձակ պրոֆեսիոնալ լինելուց, ուներ կինոյի իր աշխարհը։

 

Կիմ Կի-Դուկ, 2014

Պատմում է թարգմանիչ Աննա Լաչիկյան

 


Շատերին կողքից թվում էր, որ Կիմ Կի-Դուկը տարօրինակ անձնավորություն է, բայց ճանաչելով կորեացիներին և իրենց մշակույթը, ինձ համար այդքան էլ արտասովոր մարդ չէր: Երկար տարիներ ճգնել է, կյանքում չի ամուսնացել, բայց շփման մեջ շատ պարզ և անմիջական մարդ էր: Յոգայով է զբաղվում, ինձ էլ պատմում էր, որ սարերում մի տեղ ունի, ուր գնում, ամիսներով մնում է: Վանականի հետ է ինձ մոտ ասոցացվում, քանի որ միշտ այդ ոճի մեջ էր հագնվում՝ տրեխներ էր կրում, պարկաձև շորեր: Ու վանականի պես իմաստուն խորհուրդներ էր ինձ տալիս կյանքի մասին, շատ յուրահատուկ փորձառություն էր։

 

Կորեացիները միշտ որոշակի դիստանցիա են պահում իրարից, իրար չեն դիպչում: Մի անգամ ինձ հարցրեց՝ տեղյա՞կ եմ այդ մասին, ասացի՝ այո, գիտեմ, հարցրեց՝ «Բայց կարո՞ղ եմ ուսիդ խփել, եթե ծիծաղալու մի բան լինի կամ ձեռքդ սեղմեմ գնալուց»: Ընդհանրապես, լավ ընկերացանք։ Մի երեկո եղավ, հրավիրել էին ռեստորան, հայկական ավանդական ուտեսներ համտեսելու: Բոլորը անընդհատ իր հետ խոսում էին, ես երևի անգամ մեկ րոպե լռելու ժամանակ չէի ունենում: Էդպես թարգմանեցի-թարգմանեցի, մեկ էլ ասեց՝ «Ես հոգնեցի, հեսա իմ կոտրված անգլերենով իրենց ասելու եմ՝ սուս մնացեք, էս աղջիկը մի բան ուտի»։ Ու էդպես պտտվեց և ասեց, «Please, she eat!» [Խնդրում եմ, նա ուտել — խմբ․]: Առհասարակ շատ կարճ էր պատասխանում հարցերին, չէր սիրում երկար խոսել, ինձ էլ ասում էր՝ չեմ ուզում քեզ երկար տանջեմ:


Իրեն աշխարհաճանաչ ռեժիսորի պես չէր պահում՝ շատ անմիջական էր: Շատ զարմացել էր, որ այստեղ իրեն ճանաչում էին, անընդհատ նկարվում էին հետը։ Ինձ ասաց՝ «Ես այդքան կա՞մ»։ Հա, բացի ամեն ինչից, նաև այստեղ մի աղջկա էր սիրահարվել և գնալուց հետո էլ ինձ անընդհատ հարցնում էր իր մասին, ամենայն լրջությամբ ասում էր․ «Կարո՞ղ ա՝ ինձ հետ ամուսնանա»: Նաև իմ սիրած կորեացի դերասաններից մեկին էր ճանաչում, այդպես իրեն խնդրել էի փոքրիկ նամակ և նվեր փոխանցել, և մեկնելուց մի քանի օր հետո ինձ գրեց, «Հանդիպել եմ Օջունին, փոխանցել եմ նվերդ, նկարդ էլ տեսել էր, ասում էր՝ չե՞ս գալիս Կորեա»:

 

Դարեն Արոնոֆսկի, 2018

Պատմում է դերասանուհի Լիանա Ավետիսյանը

 


Նախորդ տարի Ոսկե Ծիրանի բացումը համընկել էր Վարդավառի հետ: Արոնոֆսկին՝ մեքենան ինքնուրույն վարելով, Վրաստանից գալու էր. մենք անհանգիստ սպասում էինք, կապն էլ իր հետ կտրվել էր, ուզում էինք իրեն զգուշացնել, որ «մտնես Երևան, քեզ ջրեն՝ չվախենաս»: Ասիստենտին գրել էինք, որ զգուշացնեն, բայց ժամային տարբերություն կար՝ էնտեղ գիշեր էր, ու մենք սպասում էինք հյուրանոցի մոտ: Մեքենան եկավ, կանգնեց, տեսնենք՝ ցեխոտ, կեղտոտ վիճակ: Արոնոֆսկին դուրս եկավ լրիվ ջուր, բայց ուրախ, ընդհանրապես չխոսեց դրա մասին: Ու մենք, որ ուզում էինք բացատրել, պարզվեց ճանապարհին ինքն արդեն հասկացել էր դա ինչ ա: Նախապատմությունը բնականաբար չգիտեր, բայց հասկացել էր, որ բոլորը իրար ջրում են, ու շատ ծանր չտարավ: Ու բացման օրը, երբ իրեն կանչեցին բեմ, ձեռքին շիշ ուներ ու… իր խոսքից հետո ասաց. «Քանի որ ինձ առավոտից ջրում են, ես էլ հիմա ձեզ պիտի ջրեմ»։ Էդպես բոլորին ջրեց, բարեբախտաբար, տեխնիկա չվնասվեց, բայց առաջին շարքում զոհեր ունեինք:

 

Ժամանակին ես Դարենի վարպետության դասին էի եղել Բեռլինում, երբ մասնակցում էի Berlinale Talents գագաթնաժողովին․ դերասանական կամպուսում ինքը մեր համար լեկցիա ուներ: Այդ ժամանակ ոչ մեկ չմոտեցավ, որ նկարվի, ես էլ մենակով ռիսկ չարեցի։ Ծափահարեցինք, ու գնաց: Հետո փոշմանել էի, մտածում էի՝ «Դարենի հետ մի հատ նկար չունեցա»: Իսկ հետո Երևանում, երբ միասին գնացինք աշխարհի առաջնության խաղ նայելու, ասացի, որ առաջին անգամ չեմ իրեն տեսնում: Սկսեց ֆեյսբուքով նայել այդ տարվա Berlinale Talents-ի նկարները: Լեկցիայի ժամանակ ես իրեն նկարել էի, դրել իմ էջում ու գրել՝ «Insane Daren» [Խելագար Դարենը — խմբ․]: Ու մեկ էլ ինքը նայում-նայում ու ասում ա՝ «Insane? You called me insane?» [Խելագա՞ր, դու ինձ անվանել էիր խելագա՞ր — խմբ․]: Նայեցի, ասացի՝ «Sorry but yes, you are insane» [Կներես, բայց այո, դու խելագար ես — խմբ․]: Բնականաբար ծիծաղեց, չնեղացավ:

 


Մի պատմություն էլ ինձ պատմել են, ներկա չեմ եղել: ՀԲԸՄ-ում Դարենի վարպետության դասը պետք է լիներ, շուտ էր հասել, սկսել էր շենքով պտտվել, կողքն էլ «Ավրորայի» գրասենյակն էր: Դե շատ գիտի՝ ապակյա դռներ են, մի տեղից մտավ, մյուս տեղից դուրս եկավ ու հայտնվեց իրենց գրասենյակում: Հետո աշխատակիցները պատմում էին, որ իրենց համար հանգիստ նստած են, մեկ էլ Դարեն Արոնոֆսկին ա մտնում սենյակ:

 

Նաստասիա Կինսկի, 2015

Պատմում է Լիանա Ավետիսյանը

 


Բացման առավոտը հանդիպեցինք Նաստասիայի հետ, ու մինչ բացման արարողությունը ժամանակ կար, ցանկություն հայտնեց քաղաքով մի քիչ պտտվել։ Շատ զգույշ էի, քանի որ գիտեմ, որ ամբողջ Երևանը իրար հիմա ջրում ա: Մենք մի քիչ ուշացած հասանք ծիրանօրհնեքի արարողությանը, ու արդեն էնտեղ՝ եկեղեցու բակում, բոլորը իրար ջրում էին։ Բացատրեցի, որ չվախենա, նորմալ ա: Ու հա փորձում էի պաշտպանել՝ «ինձ ջրեք, իրան չջրեք» վիճակով: Մեկ էլ սենց նայեց, ասում ա՝ «Ոչինչ, լավ ա, թող ջրեն»: Իրեն ջրեցին, ինքը նկարվեց, ու հիմա էս փորձում եմ նենց անեմ, որ գոնե Օպերայի բակի ու Կարապի լճի մոտի արմագեդոնը շրջանցենք: Մեկ էլ տեսավ լիքը մարդ, ուրախ-զվարթ, ջրցան մեքենաներ, ասեց, թե բա՝ գնանք նայենք: Զգուշացրեցի, որ վտանգավոր ա, բայց դա իրեն չկանգնացրեց: Մեկ էլ չորս տղա դույլերով վազեցին մեր վրա: Ասում եմ՝ «Սպասեք, ինձ ջրեք, իրեն չկպնեք, հիվանդ կին ա, ձեռքը տեխնիկա կա»: Վստահ չեմ կճանաչեին, թե չէ, բայց որ ասեի հայտնի դերասանուհի ա, ավելի շատ կուզեին ջրել: Ու մինչ ես փորձում էի բանակցել, ինքը ասեց՝ «Մի րոպե», այֆոնը տվեց ձեռքս, ասեց՝ «Ջրե՜ք»: Էս երեխեքը հարձակվեցին, մի լավ ջրեցին: Վազում են իմ վրա, հիմա էլ ասում եմ՝ «Ինձ մի ջրեք, իրան ջրեք»: Ասում ա` «բա արի թող քեզ էլ ջրեն»: Մի խոսքով՝ ջրվեց, ինքը երեխեքից շատ ուրախացավ, մեկ էլ երեխեքին գրկեց, ինձ ասում ա՝ «ֆոտո, ֆոտո»:

 

Մի անգամ երեկոյան առաջարկեց գնանք ման գանք: Ես իրեն մանկուց շատ եմ սիրել, հիացել իր գեղեցկությամբ, իմ սիրած դերասանուհիներից ա եղել, ու հենց իմացա, որ գալու ա, ասեցի, որ ես իրեն պիտի ուղեկցեմ:

 

Տարիներ առաջ ինձ, որ ասեին՝ Հյուսիսային պողոտայով քայլում եմ Կինսկիի հետ, զբոսնում ենք ընկերուհիների նման, խոսում ենք կինոյից, կյանքից, աշխարհից, երբեք չէի հավատա: 


Պաղպաղակ ուզեց, մոտեցանք վերցրեցինք, էդ ժամանակ էլ Հյուսիսային պողոտան վերանորոգում էին, ու նստելու տեղ էլ չկար, երկու քար գտանք՝ նստել ու պաղպաղակ էինք ուտում գիշերը ժամը երկուսին:

 

Ջանֆրանկո Ռոզի, 2018

Պատմում է կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը

 


Ինքը էն դասական կարծրատիպային իտալացիներից էր՝ խնամված, ոճային, էքստրավերտ, ու, ամենակարևորը, շատ անմիջական: Երբ առաջին օրը եկավ, իրեն հյուրանոցը ցույց տվեցի, «Դոլմաման», որտեղ պիտի ընթրեր, և հարցրի` որևէ բան պե՞տք է, իրեն բնորոշ անմիջականությամբ ասեց. «Այո, դերձակ կարո՞ղ ենք գտնել, տաբատս պետք է կարել»:

 

Բայց նաև զգացվում էր, որ սեփական արժեքը լավ գիտի: Իտալական կարծրատիպերի հավաքածու պորտրետ էր, բայց լավ իմաստով: Իր էներգետիկան ու իրենից եկող ֆլուիդները դրա մասին վկայում էին: Կնամոլային ակնարկներ կային իրեն շրջապատող կանանց նկատմամբ, բայց դա երևի ինչ-որ աուտենտիկ իտալական բնածին բնավորության գիծ էր: Հետաքրքիր դրայվ էր ապահովում: Արոնոֆսկին «Միրզոյան» գրադարանում փառատոնի փակման աֆթըր-փարթիին չկար, Ասղար Ֆարհադին իրանական զսպվածությամբ հանգիստ զրուցում էր մարդկանց հետ, իսկ Ռոզին, երբ երաժշտություն միացավ, սկսեց ինձ հետ պարել-ուրախանալ:

 

Երբ իրեն տարա «Դոլմամա», այնտեղ ռեժիսոր Շոն Բեյքերն ու Հարություն Խաչատրյանը հաց էին ուտում: Մեզ հրավիրեցին, բայց Ռոզին ասաց, որ ուզում ա գնա հանգստանա: Դուրս եկանք Աբովյան, մեկ էլ հեռվից Շոն Բեյքերը վազելով եկավ ու ասում ա. «Պարոն Ռոզի կներեք… կներեք, չճանաչեցի ձեզ»: Շատ հետաքրքիր դրվագ էր, որ Օսկարի նոմինացված ռեժիսորը փայլուն աչքերով, վազելով շնչահեղձ գալիս ու հիացմունքի խոսքեր է ասում տարիքով ավել մեծ վարպետի, ու դա այդքան անկեղծ է ու նորմալ:

 

ՀԲԸՄ-ում ելույթ էր ունենալու: Դուրս եկանք, այնտեղ, կարծեմ, ամբարձիչ մեքենայով պաստառ էին տեղադրում: Նա բարձրացավ այդ մեքենայի վրա և որոշեց նկարվել: Բոլորը սկսեցին նկարել իրեն, կարելի է ասել, փոքրիկ շոու արեց: Հետո սկսեց բանվորների հետ նկարվել: Հա՛մ Ռոզին, հա՛մ բանվորը ճաղատ էին, նմանություն կար: Հետաքրքիր էր այդ մարդու դեմքի արտահայտությունը, քանի որ չգիտեր Ռոզին ո՞վ է, ի՞նչ է ուզում իրենից:

 

Օռնելա Մուտի, 2015

Պատմում է թարգմանիչ Վահե Գևորգյանը

 

 

Շատ բաց կին էր։ Երբ օդանավակայանից եկանք հյուրանոց, ում ճանապարհին հանդիպում էր, հետները նկարվում և հաճույքով շփվում էր։ Եթե անգամ փորձում էին իրենից հեռու պահել, թույլ չէր տալիս։


Կրկին փառատոնը համընկել էր Վարդավառի հետ, Օռնելան այդ ժամանակ գնացել էր Գեղարդ և լավաշ թխելու արարողության էր մասնակցում։ Գյուղերից մեկով անցնելիս կանգ առանք թոնրատան մոտ, պլանավորված ոչինչ չկար։ Տեսնելով, որ կանայք ոտաբոբիկ են, ինքը նույնպես կոշիկները հանեց։ Ընթացքում հարցնում էր. ինչո՞ւ են այդ կանայք այդպես հագնվում կամ ինչո՞ւ են ոտաբոբիկ։ Այդ պահին մի աղջիկ առաջ անցավ՝ անհասկանալի պատճառով այդ ամռան շոգին երկարաճիտ կոշիկներ էր հագել։ Օռնելան ստիպեց հանել կոշիկները։

 

Այդ նույն ժամանակ Նաստասիա Կինսկին էլ էր այստեղ։ Պատահական հանդիպել էին հյուրանոցում և շատ ջերմ գրկախառնվել, ինչպես երկար տարիների ընկերուհիներ։ Միասին սրճեցին, և հետաքրքիր էր դիտել, որ հասարակ մարդկանց նման իրենց երեխաներից էին պատմում, կիսվում տարբեր դրվագներով։

 

Կլաուդիա Կարդինալե, 2010

Պատմում է թարգմանիչ Վահե Գևորգյանը

 


Շատ համեստ և անմիջական կին էր, չնայած իր էպատաժային և հիշարժան կենսագրությանը։ Իր «Լեոպարդ» ֆիլմն էին ցուցադրում փառատոնին։ Ավարտից հետո բնականաբար լրագրողներ, երկրպագուներ, բայց ինձ առաջարկեց գնանք մի տեղ հանգիստ սուրճ խմելու։ Իր հետ ճապոնացի թիկնապահ ուներ, աչքի չընկնող մեկն էր՝ փոքր-մոքր, կարծես ֆիլմի էն կերպարներից լիներ, որ առաջին հայացքից թույլ է երևում, բայց պարզվում է՝ պրոֆեսիոնալ մարտիկ է։ Մի խոսքով, անգամ նրան չասեց, որ միանա։ Այդ ժամանակ էլ հաջողացրեցինք նորմալ շփվել։ Շատ հանգիստ կարող էր ընդհատել որևէ կարևոր նախաձեռնություն և երկրպագուների հետ շփվել՝ մերժելու կամ նյարդայնանալու սովորություն չուներ։

հավելյալ նյութեր