Մեկ կադր․ Moving Somewhere
Փառատոն

Մեկ կադր․ Moving Somewhere

Հունիսին Երևանում տեղի ունեցավ «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի 20-րդ միջազգային փառատոնը։ Նախապատրաստական աշխատանքները համընկան մեծ թվով ռուսաստանցիների, այդ թվում՝ բազմաթիվ կինոգործիչների Հայաստան ժամանելու հետ։ Արդյունքում փառատոնն ունեցավ երկու ինքնաբուխ հատուկ ծրագիր։ Կինոլրագրող Յուրի Միխայլինը մասնակցել է այդ ծրագրերի համակարգմանը, իսկ փառատոնից հետո ԵՐԵՎԱՆի խնդրանքով վերլուծել է տեսածը։


Այս նյութը նաև լույս է տեսել ռուսերեն լեզվով՝ «Сеанс» ամսագրում։ 

 

Տեքստը՝ Յուրի Միխայլինի

#Արվեստ


Ծրագրի բոլոր ֆիլմերը կարելի է դիտել այստեղ

Առաջին ծրագիրը ստացավ բավական լավատեսական անվանում՝ «Մեկ կադր. շարժվելով առաջ» (“One Shot. Moving Forward”)։ Այն ներառում էր Երևան տեղափոխված ռուս ռեժիսորների, օպերատորների և անիմատորների աշխատանքները։ Հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու նրանց ֆիլմերին, իսկ հեղինակները՝ միմյանց հետ։ Ծրագրի անվանման կենսուրախությունը երևի թե նաև թերապևտիկ դեր ուներ, կարծես ասելով՝ մենք լքել ենք մեր հայրենիքը, բայց փորձում ենք մեր կյանքը դասավորել նոր վայրում և այստեղ ֆիլմեր ստեղծել (գործերից մի քանիսն նկարահանվել են արդեն Երևանում)։

 

Երկրորդ՝ մի փոքր ավելի մռայլ «Շարժվել ինչ-որ տեղ» (“Moving Somewhere”) ծրագրում ներառված էին 29 մեկ կադրով նկարահանված, մեկ րոպե տևողությամբ ֆիլմեր գաղթի թեմայով։ Փետրվարին աշխարհը շարժման մեջ մտավ, բազմաթիվ մարդիկ ստիպված էին լքել իրենց երկրները և ճանապարհվել դեպի անհայտություն:

 

Ծրագիրը մտածվել էր այնպես, որ հեղինակները կարողանան փաստագրել և ֆիլմի միջոցով արտահայտել այն, ինչ կատարվում է աշխարհի և նրանց հետ այս նոր հանգամանքներում։ Անհայտ ուղղությամբ շարժման թեման առաջարկվում էր լայնորեն ընկալել  հենց որպես գաղթ, երկրից դուրս գալու անհնարինություն կամ գիտակցված մերժում, որպես անորոշ իրավիճակ, որում, կարծես, հայտնվել են բոլորը։

 

29 ֆիլմերից 28-ը նկարահանվել են ռուս հեղինակների կողմից Երևանում (14), Թբիլիսիում (5), Մոսկվայում (3), Սանկտ Պետերբուրգում (2), Բաթումում (1), Քարաշամբում (1), Տուլայում (1) և Շրի Լանկայում (1)։ Մեկ ֆիլմ ուղարկել էր բելառուս ռեժիսոր Մինսկից։ Դրանք վավերագրական (11), գեղարվեստական ​​(8), անիմացիոն (5) և փորձարարական (5) ֆիլմեր են։ 

 

Այս բոլոր աշխատանքները կարելի է դիտարկել որպես առանձին երևույթներ, բայց միասին նրանք կազմում են մեկ կես ժամ տևողությամբ ֆիլմ, հրաշալի հավաքական կտավ՝ կազմված փլուզված իրականության բեկորներից։ Այս ֆիլմը չունի մեկ ստեղծող, դրվագները կարող են վիճել միմյանց հետ՝ երբեմն հակասելով իրար և ողջախոհությանը։ Թվում է, թե հեղինակը հենց այն իրականությունն է, որում մենք հայտնվել ենք և որը թույլ է տվել հավերժացնել իրեն։ 

 

Մեկ րոպեանոց, մեկ կադրով նկարահանված ֆիլմի ֆորմատը զարմանալիորեն համապատասխանում է ընտրված թեմային։ Այն, ինչ տեղի է ունենում, շարունակում է լինել, դեռևս չկա այն հեռավորությունը, որից դա հնարավոր լիներ տեսնել ու հասկանալ։ Կարճ էսքիզները բռնացնում են կյանքի տարբեր պահեր, փոքր ձևն օգնում է կենտրոնանալ, իսկ խիստ շրջանակները հեղինակին (և դիտողին) հնարավորություն են տալիս գոնե ժամանակավորապես զգալ հողը ոտքերի տակ:

Պրոֆեսիոնալիզմի մակարդակը հետին պլան է մղվում։ Լավագույն գործերից մի քանիսը ստեղծել էին մարդիկ, որոնք իրենց կյանքում առաջին անգամ էին փորձում ինչ-որ բան մոնտաժել։

 

***

Ֆիլմերը հեշտությամբ միավորվում են մի քանի խմբերի մեջ, որոնք արտացոլում են տեղափոխության տարբեր փուլերը՝ տանը ապրելու անհնարինությունը, հեռանալու կամ մնալու որոշումը, հենց այլ երկիր տեղափոխվելը, առաջին տպավորությունները, ապրումները և մտքերը նոր վայրում, փոփոխությունները կյանքում և իրենց մեջ, հարմարվելու փորձերը։

 

Առաջին բլոկին վերաբերում է Անդրեյ Միտենևի «Լռությունը»՝ անձայն (ինչպես հեղինակն է սահմանում) «մոգական վիդեո կախարդանք», որը նկարահանվել է փետրվարին Մոսկվայում։ 

 

Դրան հաջորդող Դմիտրի Լուկյանովի «Գրկախառնությունները» ինքնին կարող է ընկալվել որպես պատահական չեզոք կադր, բայց դրվելով նախորդող և հաջորդող ֆիլմերի համատեքստում, ձեռք է բերում մոտավոր այն իմաստը, որը հեղինակը ցանկացել էր փոխանցել: «Կեցության անտանելի թեթևությունն արևի տակ, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի կենտրոնում։ Պետերբուրգի լույսն այրում է նոր կյանքը, իսկ նորապսակները դա դեռ չգիտեն»։ Վիկտոր Բորշչևի «Ամպերը» փորձ է պատկերացնել ներքին վիճակը կամ աչք գցել հնարավոր մոտ ապագան:

 

  

 

Սվետլանա Էլիսի «Իմ տեղը չէ»-ն (“Не мое место”) («վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթող) հրաշալի էսքիզ է ճնշվածության, սեղմվածության, ընկճվածության զգացողության մասին։ «Հունվարից սկսեցի նկարել կարճ տեսանյութեր նկարչի առօրյայի մասին։ Փետրվարին այս տեսանյութերը դարձան ժամանակի վավերագիր։ Սարսափելի աղետի ֆոնին առօրյա կյանքի իմաստը փոխվել է. ամենօրյա հոգսերը դարձել են ամենակարևորը, քանի որ հիմա մենք ապագայի պլաններ չունենք։ Մարտին ես դուրս էի գալիս վարպետանոցից և ականատես եղա մի տեսարանի։ Մի տղամարդ և կին վիճում էին տան առջև կայանատեղիի համար։ Անհանգստություն և վախ զգացի, միմյանց ուղղված ագրեսիվությունից ուզում էի փախչել, թաքնվել»։

 

Լավ ընտրված նկարահանման կետը (ինչ-որ ճեղք, որով հերոսը նայում է աշխարհին) իրականությունը վերածում է կիսաբստրակցիայի. լույսի գիծը կտրում է սենյակի խավարը, անկյունը, անօդ պահարանը: Այստեղից չես կարող գնալ, կարող ես փախչել միայն քո ներսը, փորձել միաձուլվել երաժշտության հետ։ «Երաժշտությունը չի թողնում տարածք վախի համար, այն դարձել է մի վայր, որտեղ ես ինձ լավ եմ զգում»։ Բայց իրականությունը, միևնույն է, վրա է հասնում վիճող մարդկանց ագրեսիվ ձայներով։ 

 

 

***

Անիմացիաները դարձան ծրագրի ամենահաջող ֆիլմերը։ Ֆյոդոր Յուդինի «Այստեղ քեզ տանը չես զգում» («լավագույն անիմացիոն ֆիլմ») ֆիլմում պատմության քամին պատռում է հարմարավետության վարագույրը՝ մարդուն թողնելով մենակ կյանքի ամենամութ կողմերի հետ։ 

 

«Տունը դադարել է լինել ապահով վայր և վերածվել է ստվարաթղթե դեկորացիայի ինչ-որ հրեշավոր բեմադրության մեջ, սուտ և անբնական։ Այն, ինչի մասին կարդում էինք պատմական նյութերում, դարձել է մեր իրականությունը, որից չես փախչի»։ 

 

 

Սաշա Դեևայի «Նավը». «Երաժիշտը որոշել է չշարունակել նվագել խորտակվող նավի վրա, բայց դա չի նշանակում, որ նա գիտի՝ ինչ անել»։ Հեգնանքով խաղարկելով վերջին շրջանի իրողությունները՝ ֆիլմը հնարավորություն է տալիս ծիծաղել սարսափելիի վրա և դրանով իսկ, գոնե որոշ ժամանակով ազատվել։ Ուտյոսովի Օդեսայի մասին երգը, որը հնչում է մուլտֆիլմում, մի փոքր շփոթեցնող է, թեև ընդգծում է տեղի ունեցողի խենթությունը։

 

 

Տաիսյա Զասլավսկայայի «Գնալ-գալ»-ն իր համարյա մանկական անփորձությամբ արտացոլում է մարդու շփոթմունքը, որը չի կարող որոշում կայացնել, իսկ վերջապես կայացնելով այն, անմիջապես փոխում է իր միտքը։

 

Ալեքսանդրա Կոնոնովայի «Ես սովորեցի ցատկել»-ը էլեգանտ ստեղծագործություն է նոր կյանք ցատկելու քաջության մասին: Ֆիլմը հետաքրքիր է նաև բազմագույն գծային անիմացիայի և ֆակտուրաների համադրությամբ, որոնք բազմիմաստ են դառնում ձայնի և երաժշտության շնորհիվ։

 

Էլինա Կլիմովայի «Ծառերը միայն արմատներ չեն» ֆիլմն ավարտում է տեղափոխության թեման և սկսում մտորումների շարք նոր երկրում հենակետ գտնելու վերաբերյալ։ «Լքելով հայրենի երկիրը՝ կտրվում ենք արմատներից։ Բայց ծառերը միայն արմատներ չեն։ Մեզ հետ հավերժ կմնան ծանոթ մանրուքները, որոնք օգնում են, գոնե մի փոքր, բայց զգալ ինչպես տանը, որտեղ էլ որ լինենք»։ Դանիիլ Չուբարի «Տախտակի վրա քայլելը» գեղեցիկ և տխուր գաղափար արտահայտելու այդքան էլ հաջող փորձ չէ։ 

 

«Պարտադիր գաղթը ոտքերի տակ առաջացող ճանապարհ է։ Առջևում ոչինչ չի երևում, և դեռ ոչինչ էլ չկա: Ամեն ինչ մնացել է ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակում»։

 

 

Ծրագրում առանձին տեղ է զբաղեցնում Լյուսի Սիբիրցևայի «Դեպի դուրս» մուլտֆիլմը՝ բազմաշերտ անիմացիան, որտեղ անձնականն ու պատմականը, համընդհանուրն ու աննշան թվացողը միաձուլվում են մեկ հոսքի մեջ, և դրվագները ծնվում են միմյանցից՝ շփոթելով պատճառներն ու հետևանքները։ Անձնական ողբերգությունը նույնպես աղետ է, և հարսնացուի ծաղկեփնջի ծաղկաթերթը կարող է ոչնչացնել մեկի աշխարհը ոչ պակաս, քան օդային ռումբերը։ Մի հասարակության մեջ, որտեղ ընդունված է դասակարգել տառապանքը և ներողություն խնդրել վատ զգալու համար, այս բովանդակությունը դառնում է գրեթե ռադիկալ։

 

 

Լավագույն էքսպերիմենտալ ֆիլմ ճանաչված Դենիս Սեգեդայի “У нядзелю была дарога” - ը (միակ բելառուսական ֆիլմը) շատ կարևոր զրույցի սկիզբ է այն մասին, թե ինչ ենք մենք բերում մեզ հետ այլ երկիր։Մարդը թողնում է այն, ինչ կատարվում է իր երկրում, բայց հեռանալու իրական պատճառները, թերևս, իր մեջ կատարվողն ընդունելու անկարողությունն է։ Արտագաղթը, ի թիվս այլ բաների, մեկուսացումն է, որում կարող ես հանդիպել ինչ-որ սարսափելի բանի՝ քեզ և քո անձնական դժոխքին:

 

 

Մասամբ նույնի մասին է Միխայիլ Կոմարիչևի «Մեր երաժշտությունը»։ «Մեզ ասում են, որ աշխարհում չեղարկում են ռուսական մշակույթը, բայց իրական ռուսական մշակույթը և իրական ռուսական աշխարհը կմնան մեզ հետ, նույնիսկ եթե դա Ռուսաստանում չլինի»: «Ռուսական աշխարհը» ֆիլմում դրսևորվում է ծանոթ ձևով` օտարի նկատմամբ ագրեսիայի տեսքով, որը ծնվում է սեփականի խոցելիության հանդեպ դժգոհությունից։ Այնուամենայնիվ, սեփականը պաշտպանելու մի փոքր անհարմար, նույնիսկ միամիտ փորձի հետևում թաքնված է միայնության, անպաշտպանության զգացում և այն միտքը, որ անհրաժեշտ է որոշել, թե ո՞վ եք դուք այժմ այս նոր տարածքում:

 

***

Այս մասին մտածելու փորձ կա նաև Ալեքսանդր Յոֆեի «Մտքերով ընկա» ֆիլմում, որի հերոսը երկար շարժման մեջ լինելուց հետո վերջապես կանգ առավ։ Իր հետ մենակ մնալով՝ հերոսը զգում է, որ ի վիճակի չէ գիտակցել և ընդունել այն, ինչ կատարվում է։ Կիրիլ Պոլուտորաչասովոյի և Վալենտին Ռաստորգուևի «Կոշտ ձեռքի» մեջ փորձ է արվում տեղի ունեցողի էությունը հասցնել սովորական ընտանեկան վեճի մակարդակի։ 

 

Դրամայի ակամա ականատես դարձած հերոսները գերադասում են ծխել և թաքնվել վերջաբանի հետևում՝ հուսալով, որ այն գոնե ինչ-որ բան կբացատրի։ Գործելու ակտիվ փորձերը Նիկիտա Դվորյանչենկոյի «Ոչ պատերազմին» ֆիլմում տեղի են տալիս գրեթե հուսահատության. ռուս և բելառուս ակտիվիստները բողոքում են և պահանջում «Փոփոխություններ», սակայն գործողությունը տեղի է ունենում Թբիլիսիում։

 

Խզված ու պահպանված կապերի, անհանգստության, կորստի ու կարոտի մասին՝ Իլյա Մոշչիցկու “Disconnect” և Մարիա Լոպատինայի «Մեր օրերը» ֆիլմերն են։ Վերջին ֆիլմը հատկապես հետաքրքիր է նրանով, որ այն ցույց է տալիս մի մարդու հայացք, որը մնացել է հայրենիքում։

 

Աննա Կադիկովայի «Մահվան փոքրիկ ջրաղացը» ցուցադրում է «տարօրինակ բնական երևույթ, երբ մրջյունները առանց կանգ առնելու պտտվում են փակ շրջանում։ Սա մի փոքրիկ հատված է շրջանակից դուրս եկած և Ռուսաստանից տաք Շրի Լանկա մեկնած էմիգրանտների կյանքից»։ Բայց գաղթականանների անշտապ զրույցը միայն մի ֆոն է, որը զարմանալիորեն ներդաշնակ կերպով ուղեկցում է մրջյունների շարժումը՝ գրեթե ձուլվելով նրա հետ։



 

Հոգեկան հանգստություն և բարոյական աջակցություն գտնելու փորձ է արտահայտված Մաքս Զուռի «Միայն սոուս» ֆիլմում։ Հերոսը ձևակերպում է իր կյանքի հիմնական սկզբունքը՝ ինչ էլ որ լինի աշխարհում, գլխավորը չկեղտոտվելն է։ Հայտարարությունն առնվազն երկիմաստ է ստացվում, քանի որ չմասնակցելը երբեմն տանում է չարի կողմը, իսկ Երևանի փոքրիկ բարձունք բարձրանալու համեմատությունը Գողգոթա բարձրանալու հետ փոքր-ինչ վիճելի է։

 

Արթուր Նազարեթյանի «Նայիր քո տան վրա, հրեշտակ»-ը “Взгляни на дом свой, ангел” , փորձ է հաշտվել թափառական իրավիճակի հետ՝ այն տեղավորելով էկզիստենցիալ համատեքստում. մենք բոլորս թափառական ենք երկրի վրա։ Մի րոպե, մինչ ֆիլմը շարունակվում է, իրոք թեթևություն ես զգում։ «Տրոլեյբուսը մարդկանց տեղափոխում է ժայռի մի կողմից մյուսը։ Դա տևում է երեք րոպեից մի քիչ ավել»: Վիտալի Կովալենկոյի «Ժամանակը վազում է լեռնոտ տեղանքով» ֆիլմում մարդը կարծում էր, որ կարող է վերադառնալ, բայց, վերևից հայացք գցելով տեղի ունեցողին, հասկանում է, որ վերադարձն անհնար է, և, կարծես, ընդունում է դա։  

 

***

Ծրագիրն ավարտվում է ադապտացվելու փորձերի մասին ֆիլմերի մեծ բլոկով: Յուլիա Մելնիկովայի «Տունը» մետաֆորիկ անիմացիոն պատմություն է այն մասին, որ տեղափոխությունը կարող է կապված լինել մեծանալու, աճի հետ։ «Ինքդ քեզ վերաիմաստավորելու համար պետք է առանձնանալ աշխարհի նախկին դրվածքից։ Ողբալ բաժանումը և վերածնվել։ Նույն բլոկը ներառում է չորս ֆիլմ՝ այցելուների կողմից Հայոց ցեղասպանության թեմայի ընկալման մասին։ Դրանցից երկուսում՝ «Դիրիժոր Մոսկվայից» և «Սա ձեռքի հետք է» ֆիլմերում գլխավոր հերոս-երեխան առաջին անգամ է շփվում այս թեմայի հետ Փարաջանովի երաժշտության և նկարների միջոցով։ Մյուս երկուսը` «Ով խոսում է այսօր» և «Տունը հիշողություն է», վերաբերում են օտար երկրի պատմության հետ հարաբերությունների խնդրին. «Այլ երկրում դժվար է զգալ ինչպես տանը: Բայց մեկ ժողովրդի հիշատակը կարող է լինել մարդկության ընդհանուր հիշողության մաս»։

 

 

Ընդհանուր առմամբ, բավական անհանգստացնող ծրագիրը ավարտվում է երկու կյանքի հանդեպ հավատքը վերադարձնող ֆիլմերով՝ Արտեմ Միկրյուկովի տխուր, բայց լուսավոր «Եվ հիմա սա իմ տունն է» և Պաշա Կուլիկովի (լավագույն գեղարվեստական ​​ֆիլմ) հիանալի ու զվարճալի «Բարև, տատիկ»-ը։ Առաջինը Մաշայի և Կսյուշայի մասին է, որոնք իրենց երեխաների հետ բնակություն են հաստատել հայկական փոքրիկ Քարաշամբ գյուղում և փորձում են իրենց կյանքը կազմակերպել նոր տանը։Երկրորդում հայ երիտասարդը կարճատև արտասահմանյան ճամփորդությունից հետո վերադառնում է իր ծննդավայր՝ Երևան, բայց տեսնում է, որ ինչ-որ խորհրդավոր Ուժ փոխել է իր շրջապատի մարդկանց։ Եզրափակիչ ֆիլմը հաղթահարում է վախն ու դեպրեսիան և հաստատում է փոփոխության անհրաժեշտությունը և, ամենակարևորը, հնարավորությունը՝ կյանքի նորացման հույսը։

 

հավելյալ նյութեր