Մեկնարկել է Artbox ինկուբատորը․ ստեղծարար արկղն արդեն բաց է
Արվեստ

Մեկնարկել է Artbox ինկուբատորը․ ստեղծարար արկղն արդեն բաց է

Մեկնարկել է Creative Armenia-ի՝ Եվրոպական միության և GIZ-ի ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համատեղ իրականացվող Artbox տեղծարար ինկուբատորը։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Creative Armenia

#Արվեստ

Ի՞նչ է Artbox-ը

Ոգեշնչված լինելով բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելնեից՝ Artbox-ը ինկուբատորի մոդելի վերակերտումն է արվեստի աշխարհի համար։ Այն մի դինամիկ ձեռնարկատիրական համակարգ է, որն աջակցում է արվեստագետներին և արվեստագետների խմբերին՝ զարգացնելու իրենց գաղափարները թատրոնի, ֆիլմի, երաժշտության, մշակութային տուրիզմի և արվեստի այլ ոլորտների մեջ և դարձնում դրանք առևտրայնորեն կենսունակ, վերածում դրանք  ներդրումային նախագծերի և արտադրանքների՝ Հայաստանում։ 

 

Artbox-ը, լինելով Հայաստանի առաջին ստեղծարար ինկուբատորը, նպատակ ունի ստանձնելու առանցքային դեր արվեստի ոլորտում՝ զորակցելով արվեստագետներին և Հայաստանի արվեստը դարձնելով տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ղեկավար և դեսպան Անդրեա Վիկտորինը առցանց մեկնարկի ընթացքում համոզմունք հայտնեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի համայն հայության մեջ ստեղծարար ոլորտներում և արվեստի դաշտում կա մեծ ներուժ և որ ստեղծարար արդյունաբերությունները կարևոր գործոն են տնտեսությունը զարգացնելու համար։ Creative Armenia-ի հիմնադիր-տնօրեն և Artbox-ի հեղինակ և ղեկավար Կարին Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Artbox-ի նպատակն է ապացուցել թե՛ Հայաստանին, թե՛ աշխարհին, որ արվեստն ու մշակույթը կարող են լինել արդյունավետ, շահաբեր և տնտեսության անբաժանելի մաս որ ու հենց արվեստն է, որ հասարակության շարժիչ ուժն է։ 

 

Անուշ Տեր-Խաչատրայն՝ Ծրագրերի ղեկավար, Կարին Հովաննիսիան՝ Creative Armenia-ի հիմնադիր և տնօրեն, Աննա Զաքարյան՝ Artbox ծրագրի համակարգող, Վասիլ Շահբազյան՝ Կրեատիվ պրոդյուսեր, Մարիամ Իսրայելյան՝ Հաղորդակցության և կապերի համակարգող

 

Ինչպե՞ս է գործում Artbox-ը

Artbox-ը 12 շաբաթ տևողությամբ ստեղծարար ինկուբատոր է։ Այս ընթացքում տեղի կունենա դասընթացների և հանդիպումների մի շարք՝ առաջատար բիզնես փորձագետների և անվանի մշակութային գործիչների հետ, որի միջոցով 25 արվեստագետներ կամ արվեստագետների խմբեր կզարգացնեն իրենց նախագծերը գաղափարից մինչև ներդրումային բիզնես պլան և փիթչինգ։ 

 

Յուրաքանչյուր շաբաթ սերտորեն աշխատելով փորձագետների հետ և ստանալով Artbox-ի թիմի ուղղորդումը՝ արվեստագետները կպատրաստեն իրենց նախագծերի բյուջեն, բիզնես պլանը, մարքեթինգային ռազմավարությունը և այլ անհրաժեշտ նյութերի մի ամբողջ փաթեթ: 12 շաբաթը լրանալուն պես արվեստագետները կունենան հնարավորություն իրենց նախագծերի մի ամբողջ փաթեթը ներկայացնելու անվանի մշակութային ներդրողների դատին՝ հնարավոր աջակցություն և ներդրում ստանալու համար։ 

 

Ո՞վ կարող է դիմել Artbox-ին  

Artbox-ը բոլոր այն արվեստագետների համար է, ովքեր նպատակ ունեն իրականցնելու իրենց յուրահատուկ ու նորարարակն մտքերը, և ցանկություն ունեն իրենց նախագծերից ստանալ շահույթ ու նպաստել մշակույթի զարգացմանը։ Դիմորդ արվեստագետները կարող են լինել աշխարհի ցանկացած կետից։ Կարևորն այն է, որ նախագիծն իրականացվի հենց Հայաստանում կամ, որ շատ ցանկալի է, Հայաստանի հյուսիսային շրջաններում։ 

 

Ծրագիրը նախատեսված է արվեստի բոլոր ոլորտների համար, սկսած թատրոնից, պարարվեստից, գրականությունից, ճարտարապետությունից, կերպարվեստից, վերջացրած դիզայնով և անգամ նորաձևությամբ։ Artbox-ը չունի սահմաններ և սահմանափակումներ։ Ցանկալի է, որ նախագիծն ունենա ունենա կոմերցիոն ուղղվածություն և լինի հետաքրքիր ներդրողների համար։ Ցանկալի է նաև, որ նախագիծը հնարավորություն ունենա իրականացվելու Հայատանի հյուսիսային շրջաններում, քանի որ ընտրված նախագծերից առնվազն 30 տոկոսը կիրականացվեն հենց այդ շրջաններում։ Հատուկ ուշադրության կարժանանան նաև այն նախագծերը, որոնք կունենան Հայաստանում մշակութային տուրիզմը զարգացնելու մտքեր։ 

 

Դիմումների վերջնաժամկետը 2022 թվականի հունվարի 21-ն է։