Մելիք Կարապետյան․ «Մենք որսում էինք ֆիլմերը»
Իմ Երևան

Մելիք Կարապետյան․ «Մենք որսում էինք ֆիլմերը»

Կինոգետ, պրոդյուսեր Մելիք Կարապետյանը պատմում է իր տանը էգոյանական կինոդիտումներ կազմակերպելու, Երևանի աբսուրդ էկլեկտիկության, քաղաքում կինոմշակույթի ավանդույթի ու կինո «Ռոսիայի» շուրջ իր երազանքների մասին:

Տեքստը՝ Լենա Գևորգյանի


Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյանի


ԵՐԵՎԱՆ #55, 2019

#ԻմԵրևան #Կինո

 

 

Կինո սիրելու հարցում, իհարկե, մեծ դեր է ունեցել Երևանը: Ֆիլմեր դիտելու կուլտուրան իմ կյանքում սկսվեց հինգ տարեկանից, երբ ծնողներս ինձ ու քրոջս իրենց հետ կինոթատրոններ էին տանում: Այդ ամենը նստվածք թողեց ենթագիտակցությանս մեջ, ու ես հմայվեցի կինոյի աշխարհով:

 

Ծնողներս այժմյան քաղաքապետարանի շենքի տեղում են ապրել: Երկու տատիկներս հարևաններ են եղել: Ես ծնվել եմ Շրջանայինի հիվանդանոցում ու մեծացել Կայարանում:

 

Ընտանիքիս հետ Երրորդ մաս տեղափոխվեցինք, իսկ այնտեղ «Սևան» կինոթատրոնն էր, կինո «Հայրենիքը», Կիրովի ակումբը: Դպրոցական տարիներին շատ ինտենսիվ էի ֆիլմեր դիտում:

 

Պատշգամբի մի մասը իմ սենյակն էր: Ամբողջ պատին ամսագրերից նկարներ էին փակցված՝ դերասաններ, կինոյից դրվագներ: Մերոնք ասում էին «Կոշկակարի բուդկա»:

 

Հայաստանում կինոդիտումների կուլտուրան կար, լավ ֆիլմեր էին բերում՝ սովետական, նաև իտալական ու ֆրանսիական: Փառատոները՝ ամենապայծառ կետն էր: Փակ ցուցադրություններ էին կազմակերպվում Երևանում, ու բոլորը, ծանոթների միջոցով, «ալիքները գտնում էին», որ մասնակցեն դիտմանը Կինոյի տանը: Ի դեպ, ինստիտուտի տարիներին մեկնում էի Մոսկվա, Պետերբուրգ՝ մասնակցելու կինոփառատոներին:

 

Գերմաներենի ուսուցչուհիս՝ ընկեր Մանարյանը, այնպիսի մանրամասներով ու գունավոր էր ինձ պատմել Ֆելինիի «Հռոմը», որ երբ տարիներ անց Հունգարիայում վերջապես դիտեցի՝ այնպիսի տպավորություն էր, որ արդեն դիտել եմ:

 

 

 

 

Քաղաքում մոտ 30 կինոթատրոն կար ու մենք որսում էինք ֆիլմերը. եթե մի տեղ վերջացավ, արդեն գիտեիր, որ ավելի ուշ այլ կինոթատրոնում է ցուցադրվելու: Իսկ էլ ավելի ուշ ցուցադրվողներից կար կրկնվող ֆիլմերի կինոթատրոն՝ Անգլիական այգում: Ի դեպ, կային նաև ակումբներ՝ Կիրովի, Երկաթգծի աշխատակիցների, Ներքին գործերի նախարարության և այլն, որտեղ ֆիլմերը ժապավենով էին ցուցադրում:

 

«90-ականներին Երևանում կինոթատրոնների հետ կապը խզվեց: Իսկ ես չէի սիրում VHS-ներով ֆիլմ դիտելու կուլտուրան»:

 

1997 թվականին մեկնեցի Ամերիկա: Հենց այնտեղ էլ սկսեցի DVD-ներ հավաքել, շատ մեծ հավաքածու ունեմ: Ի դեպ, առաջին ֆիլմը, որ նվեր եմ ստացել, Պազոլինիի «Դեկամերոնն» է: 2001 թվականին եկա Երևան, որ իրականացնեմ երազանքս՝ ֆիլմեր ցուցադրել երևանցիների համար:

 

ԱՕՔՍ-ի շենքում կայացավ առաջին կինոդիտումը՝ հինգ օր շարունակ:

 

Գնացի արխիվ՝ հայկական համր կինոն կոմերցիոն հաջողություն չուներ: VHS — ը, որ ինձ տվեցին, շատ վատ վիճակում էր: Հենց այդ ժամանակ ինձ մոտ օրացույց արտադրելու գաղափար ծնվեց, որը կգրավեր մարդկանց ուշադրությունը համր կինոյի նկատմամբ: 2003-ի օրացույցը տպեցինք, նույնիսկ ինձ հետ ԱՄՆ տարա ու տարածեցի:

 

2002-ը վերադարձիս տարին էր: 900 ֆիլմերի հավաքածու և երազանք՝ պահպանել ու տարածել հայկական ֆիլմերը: Խնկո Ապոր գրադարանում կազմակերպեցինք Չապլինի մարաթոնը: Այն համընկավ հայկական կինոյի ստեղծման օրվա հետ․ առիթից օգտվելով՝ խոսեցինք նաև հայկական ֆիլմերի մասին:

 

Կինոդիտման հարթակներ չկային, ես չէի աշխատում, որոշեցի հենց իմ տանը՝ հեռուստացույցի առջև կինոդիտումներ կազմակերպել: Ստեղծեցի ծրագիր ու մեյլով հրավեր էի ուղարկում: Կինոդիտումները անվճար էին: Փոքր Երևան էր՝ Երևանում:

 

2003 թվականն էր՝ «Մոսկվա» կինոթատրոնում Ատոմ Էգոյանի «Արարատն» էր ցուցադրվելու: Իսկ ես Էգոյանի ֆիլմերի հավաքածուն ունեի: Իմ տանը ցուցադրություն կազմակերպեցի՝ ուզում էի, որ հայ հանդիսատեսը լավ ճանաչի էգոյանին: Մի օր էլ դուռը թակեցին, ու Ատոմ Էգոյանը մտավ իմ տուն՝ մասնակցելու Ատոմ Էգոյանի կինոդիտումներին։ Պարզվեց, որ Երևանում էր իմ նախկին տնօրեն Սթիվի հետ, ինքն էլ պատմել էր իմ տնական ռետրոսպեկտիվի մասին։

 

Համալսարանի կիրառական մաթեմատիկան եմ ավարտել, դե որովհետև ՎԳԻԿ չէի կարող ընդունվել՝ անհնար էր: Ուզում էի ռեժիսոր դառնալ:

 

Երևանն էնքա՜ն էկլեկտիկ է, բազմաժանր: Երևանում կարելի է ցանկացած ժանրի ֆիլմ նկարել՝ սարսափից մինչև կատակերգություն ու արտ հաուս: Այստեղ կարելի է էնպիսի վայրեր, մարդկանց, տրամադրություններ ու պատմություններ գտնել, որ բոլոր հայտնի ռեժիսորները նկատել են ու նկարահանել: Ֆելինին, Անտոնիոնին, Ալմոդովարն այստեղ էնպիսի ֆիլմեր կնկարեին, որ կխենթանայինք:

 

Ոսկե Ծիրանը, որպես միջազգային հարթակ, իսկապես մեծ նվաճում ունի, երբ համաշխարհային համբավ ունեցող մարդիկ գալիս ու մի շաբաթ Երևանում են անցկացնում: Վստահ եմ՝ փառատոնը մեր քաղաքի կյանքում ամենակարևոր միջոցառումներից է:

 

Վերջին 20 տարիների ընթացքում Երևանը փորձեցին բռնաբարել՝ ինտենսիվ կառուցապատելով կենտրոնը: Անընդունելի էր՝ քանդել շերտերն ու հասցնել այսօրվա աբսուրդին: Բայց հետաքրքիրն այն է, մի անգամ մի նորակառույց տեսա ու հասկացա՝ Երևանը հասել է էկլեկտիկության աբսուրդի այն մակարդակին, որ հենց դրանով է նորից դարձել հետաքրքիր: Դեռ կարող ենք պահպանել քաղաքը, որովհետև այն, ինչ եղավ Օպերայի շուրջը, հուսադրող է: Երբ քայլում ես ազատված ու բաց տարածքով, որքա՜ն հաճելի է:

 

Այնքան կուզեի «Ռոսիա» կինոթատրոնը կինոպալատի վերածել, այն ունի այդ պոտենցիալը: Եթե չլիներ Կաննի կինոպալատը, չէր լինի նաև փառատոնը, այդքան կարևոր է տարածքը: Ի դեպ, կինոսրահը, որտեղ անց է կացվում Համբուրգի կինոփառատոնը, ավելի փոքր է, քան «Ռոսիայի» երկու դահլիճներն առանձին-առանձին վերցրած:

 

Ապրելով Երևանում՝ մենք հոգնում, ջղայնանում, նյարդայնանում ենք տարբեր իրավիճակներից, բայց Երևանն իմ վերադարձի ամենակարևոր խթանն է եղել:

հավելյալ նյութեր