Մեն օֆ Սթիլ
Գյումրի

Մեն օֆ Սթիլ

Գյումրիի ամենայուրօրինակ թանգարանը նշում է իր 30-ամյակը։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի


Լուսանկարները՝ Առնոս Մարտիրոսյանի


ԵՐԵՎԱՆ #57, 2019

#Գյումրի #Թանգարաններ

Գյումրիում պարտադիր այցելության թանգարանների պակաս չկա։ Բայց դրանց մեջ հատկապես առանձնանում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը՝ իր տեսակի մեջ բացառիկ մի վայր, որը Հայաստանի առաջին և Գյումրիում միակ մասնավոր թանգարանն է։ Մենք այցելեցինք քաղաքի կենտրոնում գտնվող պատկերասրահը այն պահին, երբ դրա հիմնադիր Արտուշ Մկրտչյանը պատրաստվում էր հերթական խոշոր ցուցահանդեսին՝ նվիրված հայկական գրաֆիկային։ Խնդրեցինք նրան պատմել, թե ինչպես են գոյանում հավաքածուները և ինչու է նա իր կյանքը նվիրել «Սթիլին»։

 

 

Լավ ներդրում

Ես նկարչություն միշտ սիրել եմ, չնայած մասնագիտությամբ ինժեներ եմ։ Երբեմն-երբեմն ինքս էլ նկարում եմ, բայց մարդու ցույց չեմ տալիս, որ վրաս չխնդան։ Մի պահ եղավ, որ կոպերատիվ ունեինք, լավ էլ եկամուտներ էր տալիս, բայց փողը առանձնապես արժեք չուներ՝ աղբի պես գալիս ու գնում էր։ Ու որպեսզի գումարները մի քիչ ավելի ամուր արժեք ստանան, որոշեցի նկարներ առնել, ըստ էության՝ ներդրում արեցի։ Քիչ-քիչ մեծ հավաքածու առաջացավ, էդ ընթացքում մենք էլ սկսեցինք ավելի լավ հասկանալ՝ որն է լավը, որն է որակյալը։ Ցուցադրություն արեցինք Ձիթողցոնց տանը՝ հիշում եմ, նույնիսկ լույս չկար, դվիժոկ էինք միացնում։ Հետո մի քանի ցուցադրություն կազմակերպեցինք դրսում։ Ի վերջո, հասկացա, որ ուզածս հենց սա է, որ հենց թանգարանով եմ ուզում զբաղվել ու վերջ։ Էդ ժամանակ էլ որոշեցի կենտրոնանալ հենց գրաֆիկայի վրա, որը լիարժեք ինքնուրույն արվեստի ճյուղ է, բայց բավական անտեսված է Հայաստանում։

 

Կոմունալնիկներից մինչև գրաֆիկա

Շենքը գնել ենք արհմիությունից միակ նպատակով՝ տեղավորել թանգարանը։ Երբեք մտքիս ծայրով անգամ չի անցել դարձնել ռեստորան կամ հյուրանոց, չնայած, որ առաջարկներ եղել են։ Շենքը կառուցվել է 1928 թվականին՝ Կոմունալնիկների ակումբն է եղել երկար ժամանակ, չնայած մի հատվածը նախախորհրդային կառույց է։ Հիմա առաջին հարկում ներկայացված է գերմանական գրաֆիկա՝ մի ամսագրից վերցրած ավտոմեքենաների գովազդային էջերը։ Պատահաբար գնեցի Փարիզում ու շատ գոհ եմ։ Ամենաշատը գրավեց այն, որ էս բոլոր մեքենաների դիզայնն արել են կանայք, պատկերացնո՞ւմ եք՝ 1927 թվին։ Դրանից տասը տարի հետո ամսագիրը փակվեց, քանի որ հիմնադիրները հրեաներ էին։

 

 

Եվրոպական կենցաղ

Էս մի դահլիճում ցուցադրվելու է եվրոպական գրավյուրաները, օֆորտները։ Հավաքածուն շատ պատահական ձևավորվեց։ Դժբախտ դեպք էր պատահել ընտանիքումս, բայց պիտի մեկնեի Պրագա։ Մեկնեցի, բայց միտքս խառն էր, ոչինչ չէի կարող անել, գնացի զբոսնելու։ Հանդիպեցի գրավյուրաներով մի քանի թերթ, առանց շատ մտածելու առա։ Մի տասը օր հետո էլ Փարիզում Սենի ափին ֆրանսիական գրավյուրաներ տես։ Դրանք էլ գնեցի։ Ու սկսվեց հավաքածուն, որի մեջ հիմա կա վեց հազար թերթ՝ Հայաստանում ավելի մեծը չկա։ Ամենահինը 17-րդ դարի գործ է, 1852-ի գունավոր նմուշները ամենանորերն են։
 

 

 

Էս դահլիճում էդ վեց հազարից ընտրված է մի շարք, որով ներկայացվում է 17–19-րդ դարերի եվրոպական կենցաղը։

 

Խորհրդային կինոպլակատներ

Երկրորդ հարկի մի սրահում կլինի սովետական կենցաղին նվիրված ցուցադրություն՝ 30–50-ականների կինոյի պաստառներ ու ապակի։ Մի ամբողջ հսկա պետություն, որը էլ գոյություն չունի, բայց դեռ կարելի է տեսնել նրա արձագանքը էստեղ, Գյումրիում։ Շատ բաներ գնում եմ Թիֆլիսից, էնտեղ, ի տարբերություն Հայաստանի, վաղ Սովետի հավաքակչական նմուշներ շատ կան։ Անտիկվարիատի շուկա կա, կոչվում է Սուխոյ մոստ․ սովորության համաձայն պտտվում էի, մեկ էլ լսեցի՝ «Բատոնո Արտուշ, պլակատ եմ ծախում, կառնե՞ս»։ Դե ինձ էնտեղ արդեն լավ ճանաչում են։ Բայց ասեցի՝ այ մարդ, էնքան հավաքածու ունեմ, էլ տեղ չունեմ։ Ասեց՝ 500 դոլար տուր, 100 հատ պլակատ տամ։ Ու հետևից գալի՜ս ա Զուրան, հանգիստ չի թողնում։ Էնքան որ պոկ գա, ասեցի՝ 50 դոլար կտամ, ավել չեմ տա։ Ասեց՝ 60-ով կտամ։ Առա, հետո ուրիշները գտա, հիմա մոտ 300 հատ կա։

 

 

Սրանք պահելն է շատ դժվար, որովհետև թուղթը մաշվում է, առանց դրա էլ անորակ սովետական նյութ է։ Ամեն պատից կախելը մի պատմություն է դառնում։ Երկար մտածում էինք, հետո որոշեցինք պատից կախել իր հին ձևով՝ հնեցված, Սովետական Միության պես ժանգոտած կնոպկաներով փակցնում ենք պատից, ոնց որ իր ժամանակին էր լինում։

 

Խորհրդային ապակի

Ցուցադրության ամենահիշարժան հատվածը ապակին է՝ հետպատերազմյան տարիներին հատուկ տեխնոլոգիայով ստեղծված նմուշները։ Լիծյո էին անում ու տալիս էին խանութներ, որովհետև Սովետի եվրոպական մասում ահռելի կարիք կար։ Բացի այդ, սրանց վրա աշխատել են սովետական լավագույն դիզայներները։ Ընդհանրապես, հատկապես մինչև 30-ական թվերը սովետական դիզայնը ֆանտաստիկ մի բան էր։ Սրանք հիմնականում Սվերդլովսկում ու Նովոսիբիրսկում էին պատրաստում։ Շատ կարճ ժամանակ է տևել, քանի որ պետք էր էդ պահին լրացնել պակասը։ Երևում է, որ շտապել են՝ անհարթություններ կան, ապակին լավ թափանցիկ չի։ Բայց նաև դրանով են յուրահատուկ։ Եվ, ինչ մեղքս թաքցնեմ, նոստալգիկ զգացողություններ են առաջացնում նրանց մոտ, ովքեր հիշում են խորհրդային տարիները, ինչպես ես։ Մենք տանը, իհարկե, սրանցից ունեինք։ Մայրիկս մի քիչ դժգոհեց, բայց համաձայնվեց տրամադրել ինձ, էդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Շատ եմ հպարտանում նաև գավաթների շարքով։ Հիմնականում գինու բաժակներ են, որովհետև ես ինքս գինի եմ նախընտրում։

 

 

 

Ապակիների հավաքածուի մեծ մասը ֆոնդում է՝ մոտ երկու հազար կտոր։ Պահելը շատ դժվար է, փոշոտվում է, դժվար է մաքրվում, բայց դե ինչ արած։ Նկարիչ ընկերներիցս մեկն ասաց՝ ապակու վրայի փոշին ազնիվ փոշի է։ Բայց, մեր մեջ ասած, ազնիվը գինին է, սա փնթիություն է արդեն։

 

Հայկական գրաֆիկա

Մի քանի ժամից պիտի էս նկարները սկսենք կախել պատերից, որ ամսի 25-ին ցուցահանդեսը ներկայացնենք։ Էս շարքում ամենահին գործը կնոջս տատիկի նկարն է, որն ստեղծագործել է Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում, անցյալ դարի սկզբին։ Ափսոս, որ ընդամենը երեք աշխատանք է պահպանվել, շատ շնորհքով նկարիչ էր։

 

Կոջոյան կա, Վռամշապուհ Շաքարյան, ամերիկահայ Ռուբեն Մակյան, որի գործերից շատ քչերը կան Հայաստանում։ Վահագն Համալբաշյանի գործերը կան՝ ինքն է նվիրել, իր հայրիկի գործերն էլ։ Այսինքն՝ հայկական գրաֆիկայի շատ ներկայացուցչական շարք է ստացվել։

 

 

Նախագահն ու այլ այցելուները

Դրանով հավաքածուն նմանվում է Գալուստ Գյուլբենկյանի հավաքածուին․ նա էլ փնտրում էր ոչ թե հանրության տեսանկյունից կարևոր աշխատանքները, այլ նրանք, որ հենց իր դուրն են գալիս։ Ես էլ եմ էդպես անում, հավաքում եմ այն, ինչ իմ սրտով է, թեկուզ շատ մարդկանց կարող է տարօրինակ թվալ։ Բայց փորձը ցույց տվեց, որ էդ մոտեցումը գրավիչ է, իզուր չի, որ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի անգամ մեզ հյուր է եկել։ Իսկ ընդհանրապես տուրիստներն են շատ գալիս՝ Երևանից, արտերկրից։ Լեննագանցիներն էլ, իհարկե։ Օրինակ՝ վերջերս իտալական արվեստի ցուցահանդեսին մեծ հետաքրքրությամբ գալիս էին տեղացիները։

 

Թանգարանի ու քաղաքի ապագան

Թանգարան պահելը թանկ հաճույք է։ Յոլա գնալու համար մեծ ծախսեր են պետք, նյութեր են պետք։ Երբ թանգարանը դադարում է նոր նմուշներ ձեռք բերել, սկսում է մեռնել։ Մեզ շատ են նվիրում նկարիչները, դա նշանակում է, որ պրոֆեսիոնալ հանրությունը մեր աշխատանքը գնահատում է։

Շատ ուրախ եմ, որ հին քաղաքի վերածնունդն է սկսվել։ Լավ կլիներ նկարիչներ գային էստեղ իրենց արվեստանոցներն ունենային, հետն էլ՝ փոքրիկ պատկերասրահներ, գարեջրատներ բացվեին, հայկական երաժշտություն հնչեր։ Միջավայրը շատ կարևոր է։ Մաքուր, սիրուն փողոցում արևածաղիկ չես չրթի ու ծխախոտ չես գցի։ Դրան զուգահեռ մարդիկ պիտի փոխվեն՝ տաքսիստը, մատուցողը, բոլորը։ Գյումրին մենակ շենքերը չեն, իհարկե, բոլորս ենք։

հավելյալ նյութեր