ՀԲԸՄ Կատապուլտ․ «Մենք միշտ արվեստագետի կողքին ենք»
ՀԲԸՄ Կատապուլտ

ՀԲԸՄ Կատապուլտ․ «Մենք միշտ արվեստագետի կողքին ենք»

«ՀԲԸՄ Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագիրը նախագծվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից՝ Creative Armenia-ի հետ համագործակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը, զարգացնող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Լուսանկարները՝ ՀԲԸՄ Հայաստան

 

ԵՐԵՎԱՆ #87 | 2025

#Գործընկեր #Արվեստ


Ի՞նչ է ՀԲԸՄ Կատապուլտը

Աննա. ՀԲԸՄ Կատապուլտը ստեղծում է էկո-համակարգ, որը պետք է, որպեսզի մշակութային ոլորտն առողջ լինի։ Առանց այդ առողջ հիմքի ոչ մի զարկ տալու մասին խոսք չի կարող գնալ։ Մենք որոշեցինք չկենտրոնանալ մի կետի վրա, քանի դեռ տեղային լուծումները լիարժեք արդյունք չէին տա։ ՀԲԸՄ Կատապուլտի նպատակն է անել այնպես, որպեսզի ստեղծարար շղթան ամբողջական լինի՝ միտք, պրոդուկտի ստեղծում, իրացում, միջազգային շուկա. այս բոլոր օղակները պետք է աշխատեն։

 

 

Աննա Գարգարյան, ՀԲԸՄ Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար
 

Շողակաթ. Ինձ համար ամենակարևորն այն է, որ արվեստագետը մեր ծրագրում ոչ մի հարցում մենակ չի։ Մենք իր կողքին ենք ամեն քայլին, չնայած երբեմն մեր արած աշխատանքն անտեսանելի կարող է թվալ՝ դրամաշնորհ, օրենքի բարեփոխում, հետազոտություն և այլն։ Մենք փորձել ենք հարթել ճանապարհն ու ուղեկցել արվեստագետներին։ Գիտեք՝ հայ արվեստագետն անդադար պայքարի մեջ է. տարածքի համար, հանդիսատեսի համար, երբեմն իր գործընկերների դեմ, արտաքին հանգամանքների…


Աննա. Կարծում եմ՝ խորհրդային ժառանգությունն էլ իր դերն ունի։ Այն ժամանակ ենթադրվում էր, որ արվեստագետը կապ չունի կոմերցիոն դաշտի հետ։ Դա մի տեսակ ռոմանտիկ մոտեցում էր, և այդ համակարգն ուներ իր առավելությունները, բայց արդյունքում ոլորտն այսօր շուկայական տեսանկյունից զարգացած չէ։

 

Շողակաթ Մլքե-Գալստյան, ՀԲԸՄ Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի միջոցառումների ու հաղորդակցման պատասխանատու


Ինչի՞ց սկսվեց ՀԲԸՄ Կատապուլտը

Աննա. ՀԲԸՄ Կատապուլտը ձևավորվեց ինչպես իմ անձնական փորձառության հիման վրա, այնպես էլ AGBU-ի կողմից մշակույթի ոլորտում հաստատությունների զարգացման հարուստ ժառանգության ազդեցությամբ։ Որպես արտերկրում և Հայաստանում գործող համադրող՝ ես ականատես եմ եղել ինչպես Հայաստանի մեծ ստեղծագործական ներուժին, այնպես էլ ոլորտի առջև կանգնած խոր ենթակառուցվածքային մարտահրավերներին։


ՀԲԸՄ-ի տեսանկյունից՝ կրթական հաստատություններում և կարևոր մշակութային կենտրոններում, ինչպիսիք են Ֆիլհարմոնիան և Մատենադարանը, տասնամյակների ներդրումները պայմանավորված էին մեծագույն հպարտության, ինքնության և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությամբ։ Սակայն այդ ծրագրերը նաև ի ցույց էին դնում ոլորտի խոցելիությունը։


ՀԲԸՄ Կատապուլտի նպատակն էր ստեղծել ավելի կայուն համակարգ՝ մշակութային գործիչներին ձեռներեցության հմտություններով զինելու և իրավաբանական, լոգիստիկ և ֆինանսական ոլորտներում աջակցող ծառայություններ զարգացնելու միջոցով։


Շողակաթ. Ես շատ հայաստանյան մարդ եմ, արվեստագետի ընտանիքից եմ ու փոքր տարիքից կյանքս լի է եղել արվեստով, իսկ ավելի հասուն ժամանակ ի հայտ եկավ «Միհր» թատրոնը։ Երբ հանդիպեցի Աննային, արդեն ունեի փորձն անկախ թատրոնի, որը չունի պետական աջակցություն, բայց գիտի՝ ինչպես դիմակայել սեփական ուժերով։ Մի խոսքով, ես դաշտի խնդիրները գիտեմ արվեստագետի տեսանկյունից ու գիտեմ, թե արվեստագետներն ինչ մեծ ջանքեր են գործադրում այդ ամենին դիմակայելու համար։ Դրա համար էլ ուզեցի միանալ ՀԲԸՄ Կատապուլտին։ Դա հնարավորություն էր ինձ համար՝ որպես մշակութային գործիչ, իմ գիտելիքներն ու փորձառությունը ներգրավելու համակարգային զարգացման վրա կենտրոնացած ծրագրում։

 


 


Գիտելիքի փոխանցում

Շողակաթ. Ամենամեծ խնդիրներից մեկը, որ բացահայտեցինք աշխատանքի ընթացքում, գիտելիքի փոխանցումն է։ Մարդիկ ամեն ինչ պահում են իրենց գլխում ու առաջնային չեն համարում դրա փոխանցումը, կամ պարզապես հնարավորություն չունեն դա անելու։ Հատկապես առաջին տարում մենք շատ շեշտադրեցինք այդ պահը։ Ստեղծեցինք ձեռնարկներ, կազմակերպեցինք քննարկումներ ու դասընթացներ։ Մի անգամ քննարկում էր կինոգործիչների հետ, հարց բարձրացավ ֆիլմերի մարզային տարածման մասին, հարցնում ենք՝ ինչպե՞ս եք ձեր ֆիլմերը հասցնում այնտեղ։ Ասում են՝ «Իքս» մարդուն զանգում ենք, ինքն անում է։ Բայց ի՞նչ ճանապարհով, ինչպե՞ս, ոչ ոք չգիտի։ Իսկ եթե «Իքս» մարդը մի օր Գրին քարտ շահի ու արտագաղթի, ուրեմն էլ ոչ ոք չի՞ անի։ Ու սա կա ամեն ոլորտում։ Ընդամենը մի մարդուց կարող է կախված լինել մի ամբողջ շուկա։ 


Հատկապես սերունդների միջև փորձի ու գիտելիքի փոխանակման խնդիր կա։ Ու դա պարզապես համալսարանական կրթությամբ լուծվող հարց չէ։ Մենք էլ փորձեցինք այդ քննարկումների համար հարթակ ապահովել։ 


Աննա. Մի պարզ օրինակ. ինչպե՞ս արվեստի գործերը երկրից երկիր տեղափոխել։ Չէ՞ որ տարբեր մարդիկ պարբերաբար դա անում են, այսինքն՝ կա հնարավորություն։ Նախարարությունը հստակեցված կանոնակարգ ունի։ Բայց այդ տեղեկատվությունը հեշտությամբ հասանելի է։ Պետք է պարզապես զանգահարել նախարարություն, և կախված այն բանից, թե ով կպատասխանի հեռախոսին, դուք կարող եք ստանալ կամ ամբողջական տեղեկատվություն, կամ ոչ լրիվ։ Մենք առաջարկեցինք աշխատել միասին ու մի պարզ ձեռնարկ կազմել։ 

 


Ամենաթույլ օղակները

Աննա. Մենք բոլոր ոլորտների հետ շփումների ժամանակ հետևյալ հարցն ենք տվել. եթե նայում ենք շուկայական շղթան, ո՞ր օղակում է ձեր ամենամեծ խոչընդոտը, որ թույլ չի տալիս տնտեսապես իրագործվել։ Ամեն ոլորտ ունի իր թույլ օղակը, բայց ամեն մեկի մոտ կարող է բոլորովին այլ տեղում լինել։ Ճարտարապետները բողոքում էին տենդերային պրոցեսներից, հատկապես պետական։ Նորաձևությունում կարծես թե կան բավական զարգացած բիզնեսներ, բայց շատ դժվարությամբ են կարողանում ապրանքն ուղարկել արտերկրում գտնվող հաճախորդին՝ ժամանակին ու հարմար գնով։ Դրանք անլուծելի խնդիրներ չեն, պարզապես համայնքը պետք է համախմբված լինի։ 


Շողակաթ. ՀԲԸՄ Կատապուլտը չի կարող իր վրա վերցնել այսպիսի խոշոր հարցերի լուծումը, բայց մենք ամեն ինչ արել ենք, որ ուղղորդենք ու համայնքների հետ միասին գտնենք ճիշտ լուծումը, գտնենք ճիշտ գործընկերներ և այլն։ Հիմնական մոտեցումներից մեկը եղել է գոյություն ունեցող հաստատությունների ամրապնդումը՝ նորերի ստեղծման փոխարեն։ Մենք ցանկանում էինք հարգել ոլորտի ինստիտուցիոնալ գիտելիքը և հնարավորություն տալ նրանց ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։

 


Դրամաշնորհների կարևորություն

Շողակաթ. Օրվա վերջում արվեստագետը պիտի ունենա հնարավորություն։ Այսինքն՝ փող։ Մեր ֆինանսավորումները եղել են տարբեր տեսակի. նորարարական դրամաշնորհները տրվեցին տեխնիկական վերազինման համար։ Creative Armenia-ի հետ համատեղ արվեց նաև ArtBox-ը, որի շրջանակում աջակցություն տրվեց անհատի, կազմակերպության, ինստիտուցիոնալ մակարդակներում։ Բացի դրամաշնորհից կար նաև կրթական ծրագիրը։ Այսինքն՝ դրամաշնորհը թույլ տվեց շատերին առանց լարվելու ուժերը փորձել ձեռներեցության մեջ՝ շարունակելով իրենց ամենօրյա գործը։ Շատ կառույցներ լուրջ հաջողություններ ունեցան, ընդլայնվեցին։ Մեզ համար կարևոր է, որ արվեստագետն ունեցավ հնարավորություն փորձել ուժերը նոր կարգավիճակում, ու մենք իր կողքին եղանք։ 


Աննա. Մենք նաև տրամադրել ենք ֆինանսական և իրավաբանական մենթորություն դրամաշնորհի իրականացման ողջ ընթացքում։ Բիզնեսի գրանցման և ֆինանսական կառավարման գործընթացները հատկապես դժվար էին արվեստագետների համար և ունեն ավելի լայն ազդեցություն մշակութային քաղաքականության և կրթության վրա։


ՀԲԸՄ Կատապուլտից հետո

Աննա. Որպեսզի այս ամենը չդադարի ՀԲԸՄ Կատապուլտի ավարտից հետո, մենք սկսել ենք ԱՍԱ ծրագիրը։ Դրա ուշադրության կենտրոնում կլինեն այս տեխնիկական, իրավաբանական հարցերը, ԱՍԱ-ն ինչ-որ առումով պետության ու մշակութային ոլորտի միջև կամուրջ կլինի։ Կարծում եմ՝ մինչև հիմա շատ հաջող աշխատել ենք և՛ պետության հետ, և՛ ստեղծարար ոլորտի ու հիմա ունենք այդ լեգիտիմությունը։ Ի դեպ, մենք կարողացանք նաև կազմակերպել տարբեր նախարարությունների՝ իրար հետ շփումը. ԿԳՍՄ-ն ու էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաև ԲՏ նախարարությունը պիտի ավելի շատ իրար հետ շփվեն ու միասնական զբաղվեն ոլորտի հարցերով։ 


Շողակաթ. Մենք կարևոր ենք համարում նաև ներկայացնել իրավիճակն այնպես, ինչպես կա։ ՀԲԸՄ Կատապուլտի ու ԱՍԱ-ի գործառույթներից մեկն իրականությանն առերեսվելն է։ Ոչ, ԱՁ բացելն ու պահելը հեշտ չէ, բայց անհրաժեշտ է այս ու այն ծրագրերին դիմելու համար, հետո այս ու այն քայլերն է պետք հետևողական անել։ Ինքնախաբեությունն արդյունք չի բերի։

հավելյալ նյութեր