«Մենք օգնում էինք պոկվել իրականությունից»
Երևանի առաջին փակ ակումբը, տնական փարթիներ Դավթաշենում, տոմսի փոխարեն մի կիլո նարինջով մուտքը, Դեցլի համերգը «Բաղրամյան 11-ում» և առաջին դրսից դիջեյները Հայաստանում. պատմում են 2000-ականների Երևանի մի քանի կարևորագույն ակումբների ու նախագծերի հիմնադիրներ Լևոն Հունանյանը և Բելլա Նազարեթյանը։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Բելլա Նազարեթյանի և Լևոն Հունանյանի արխիվներից
ԵՐԵՎԱՆ #71 | 2021
Բելլան այժմ սպորտային մարզիչ է և մոտիվատոր։ Ակումբային կյանքում այլևս մեծ ներգրավվածություն չունի։ Իր շուրջ հավաքել է մարզվել ցանկացող աղջիկների, որոնց հետ ստեղծել է այս անգամ առողջ ապրելակերպի ակումբ։ Լևոնը շարունակում է մնալ ժամանցային ոլորտում. Most Promo ընկերության համամինադիրն է, որը պարբերաբար էլեկտրոնային երաժշտության խոշոր միջոցառումներ է կազմակերպում։ Ամենաթարմ օրինակը Alteration փառատոնն էր, որի ընթացքում Երևան եկան Նինա Կրավիցն ու Ռիկարդո Վիյալոբոսը։
ՏՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Լևոն
Ամեն ինչ սկսվեց 1996-ին, երբ բանակից հետ եկա։ Սկզբում Party People նախագիծն էր, որի շրջանակում մի քանի հավաքույթներ կազմակերպեցի։ Հետո ծանոթացա Բելլայի հետ, ամուսնացանք, և այդ հավաքույթները տեղափոխվեցին մեր տուն՝ հավես լոֆթ էր, բայց չնայած կենտրոնում չէր՝ Դավթաշենում էր, բոլորը գալիս, հասնում էին տեղ, ներսի գույները տեսնում ու պայծառանում էին։ Մի անգամ Նոր տարվա գիշերն էնքան մարդ էր եկել, որ ժամը երեքին ուտելիքն արդեն սպառվել էր։
Բելլա
Տան ներսում բարային հատված ունեինք, կոկտեյլներ էինք պատրաստում, նույնիսկ մենյու էի կազմել։ Բոլորին միշտ ասում էի՝ կգա մի օր, երբ այս ամենի համար վճարելու եք։ Ընդամենը մի տարի հետո այդպես էլ եղավ։ Մեր տունը դարձավ մեր բոլոր հետագա նախագծերի հատակագիծը։
Լևոն
Այդ շրջանում մեր ընկերներից մեկը՝ Վահեն, առաջարկեց ակումբ բացել։ Մենք արդեն հասցրել էինք ակումբային միջավայրը ներսից լավ ճանաչել ու հասունացել էր սեփականն ունենալու պահը։ Ի վերջո, Վահեն Սայաթ-Նովայում տուն ձեռք բերեց ու հենց այնտեղ 2003-ի դեկտեմբերից բացեցինք «Բունկերը»։
ԲՈՒՆԿԵՐ
Բելլա
«Բունկերը» քաղաքային գլամուրի սկիզբն էր։ Դա առաջին փակ ակումբն էր Երևանում։ Բոլորը չէին, որ կարող էին այնտեղ մտնել. ինչ-որ պահից մուտքն ակումբային քարտերով էր և հատուկենտ մարդկանց համար։ Խրուշչովյան շենք էր՝ մեծ երկաթյա դռնով, որը փակ էր և շատ լուրջ ֆեյս քընթրոլ էր գործում։ Ամենաբարձրաստիճան դեմքերին կարող էինք ներս չթողել ու դա նույնիսկ կարող էր վտանգավոր լինել, բայց մեր մոտ վեճեր չէին լինում։ Կարծում եմ՝ մարդիկ, մեզ հարգելով, պահում էին քաղաքավարության սահմանները։
Լևոն
Ներսում հատուկ մթնոլորտ էր տիրում, որակյալ ձայնային ապահովում ունեինք, նույնիսկ պլազմային հեռուստացույց էինք տեղադրել, ինչն այն ժամանակվա համար բավական հազվադեպ հանդիպող երևույթ էր։ Վերևի հարկում մեծ ընդհանուր բազմոց էր ու եթե նույնիսկ մարդիկ իրար չէին ճանաչում, ծանոթանում էին ու սկսում միասին ուրախանալ։ Ներքևում ավելի ակումբային մթնոլորտ էր։ Առհասարակ «Բունկերը» շատ ընկերական միջավայր էր ու իր պրիվատ լինելը քաղաքի համար շատ մեծ նորություն էր։ Շատ չանցած մարդիկ սկսեցին իրենց դրսի հյուրերին Հայաստանում ման տալ հետևյալ ծրագրով՝ Գառնի-Գեղարդ, Սևան ու «Բունկեր»։
Դու կարող էիր միայնակ գալ, բայց գիտեիր, որ մենակ չես լինի, քանի որ ես ու Բելլան այնտեղ ենք։ «Բունկերի» հաճախորդները միայն երիտասարդները չէին, տարբեր սերունդների մարդիկ, քաղաքական գործիչներ, շոուբիզնեսի մարդիկ՝ բոլորը գալիս էին մեզ մոտ։ Այսօր այդպիսի կազմ չես տեսնի։
Բելլա
«Բունկերի» փակ բնույթն այն ավելի գրավիչ էր դարձնում։ Մարդիկ փորձում էին ծանոթով մտնել, գալիս ժամերով կանգնում էին դռների առաջ։ Առաջին անգամ Հայաստանում ներդրեցինք քարտային անդամակցության համակարգը։ Առաջին կարճ հաղորդագրությունով հրավերը նույնպես «Բունկերից» է գնացել։ Այստեղ առաջին անգամ կազմակերպեցինք ներքնազգեստի ցուցադրություն։ Քանի որ ոչ մի մոդել չհամաձայնեց մասնակցել ցուցադրությանը, մերկապարուհիների հրավիրեցինք։
ԲԱՂՐԱՄՅԱՆ 11
Լևոն
Բարեկամներիցս մեկը Բաղրամյանում երկհարկանի տուն ուներ՝ իր բակով, լողավազանով, ամեն ինչով։ Մենք եկանք այդ տուն ու բոլորը հետևեցին մեզ։
Բելլա
Այդ տան դուռը չէր փակվում։ Ով երբ ուզում էր, գալիս էր։ Դու կարող էիր գալ, բացել սառնարանը, վերցնել սնունդը, որը միշտ պատրաստ քեզ էր սպասում։ Բնականաբար դա անվճար չէր, բայց, միևնույն է, քեզ զգում էիր ինչպես տանը։ Նույնիսկ կարող էիր քո տնային կոշիկները բերել կամ անձնական օգտագործման սափրիչդ։
Սովորաբար բազմոցի վրա յոթ հոգով քնում էինք, արթնանում ու շարունակում մեր ժամանցը։ Դու կարող էիր վերևի հարկում դաշնամուր նվագել, իջնել ներքևում քարտխաղալ, կամ միս բերել ու բակում խորոված անել։ «Բաղրամյան 11»-ում «չէ» չկար։
Լևոն
Քամած մածուն էինք բաժակով տալիս, մաֆիա էինք խաղում բոլորով։ Ու չնայած էս տնավարի վիճակին, մեզ մոտ այնտեղ նույնիսկ Դեցլի համերգն էր տեղի ունեցել։
ONE
Լևոն
Հետո եղավ One ակումբը։ Այստեղ ավելի շատ կենտրոնացանք երաժշտության վրա։ Դիփ թեք հաուսի ժամանակներն էին։ Ամեն ուրբաթ-շաբաթ օրերը ակումբում գժանոց էր, կիրակի օրերն էլ մեզ թույլ էինք տալիս հայկական երաժշտության փարթի կազմակերպել։ Մի պահ այնքան էինք կրեատիվացել, որ միջոցառումներից մեկի մուտքը թթվածնային դիմակներով էր, մյուսինը՝ մի կիլո նարինջով։ Պատկերացրեք՝ մեծ հերթ, որը հասնում է երկու խաչմերուկ այն կողմ ու բոլորի ձեռքում նարինջներ են։ «ՍԱՍում» նարինջ չէր մնացել, մարդիկ զանգում խնդրում էին, որ մանդարինով թողնենք։ Մենք էլ նարինջները քամում էինք ու կոկտեյլներ սարքում։ Հաջորդ մի շաբաթը ակումբից նարնջի հոտ էր գալիս։
Բելլա
Մենյուին շատ լուրջ էինք վերաբերվել։ Նույնիսկ «Կրիստալ» շամպայն ունեինք, «Աբսենթ», որի մասին այստեղ դեռ ոչ մեկ չգիտեր, նարգիլե, մատե։ Այսինքն՝ մեր հաճախորդներին միջազգային դասի պրոդուկտներ էինք առաջարկում։ Բացի այդ, ի սկզբանե մեր բոլոր նախագծերում մեծ ուշադրություն ենք դարձրել դիզայնին, ամանեղենին, տարատեսակ աքսեսուարներին։ Մարդիկ նույնիսկ գողանում, տանում էին իրենց հետ։
Լևոն
Անընդհատ նորույթներ էինք փորձում ներդնել։ Եվրոպայում «Տոկիա այս» կոկտեյլն էի փորձել ու հավանել։ Միանգամից բաղադրությունը պարզեցի և բերեցի Հայաստան, որպեսզի ինտեգրենք մեր մենյուի մեջ։ Այսօր այն կարելի է հանդիպել Երևանի գրեթե բոլոր բարերում։ Մեր հյուրերն էլ, որ գնում էին դուրս, մի նոր բան էին տեսնում, գալիս մեզ էին պատմում, մենք էլ ուշադիր լսում էինք ու ներդնում մեր գործի մեջ։
FACE CONTROL
Լևոն
ONE-ից հետո մտածեցինք, որ արժի ավելի հանգիստ նախագիծ իրականացնել։ Բացեցինք Face Control դիջեյ բարը, որտեղ շատ ջերմ մթնոլորտ էր ու որակյալ երաժշտություն։ Մարդիկ գալիս էին հասարակ շփման ու երաժշտության համար։ Նույնիսկ սենյակ ունեինք, որտեղ դու կարող էիր գալ համակարգչային խաղեր խաղալ։
Բելլա
Հենց Face Control-ի ժամանակներն էին, նայեցի DJ Tiesto-ի համերգը ու սկսեցի մտածել, որ հուլիսին մենք անպայման պիտի գնանք իր Իբիցայի համերգին։ Այդպես էլ եղավ։
Լևոն
Կյանքում առաջին անգամ էինք մի տեղում հինգ հազարից ավել մարդ տեսնում։ Պարզեցինք, թե ինչ է երկրորդ բեմը, կամ պրոմո խումբ հասկացողությունը։ Շատ բաներ սովորեցինք այնտեղից ու դրա համար մեր հաջորդ ու վերջին նախագիծը լրիվ այլ իրականության մեջ էր։
GALLERY
Լևոն
Շրջանայինի մոտ մի հրաշք տարածք գտանք։ Հեռու էր բնակելի շենքերից, ինչը մեծ առավելություն էր. նախկին նախագծերի կարճաժամկետ լինելը պայմանավորված էր հենց նրանով, որ մեր աղմուկը խանգարում էր բնակիչներին։ Անունը դրեցինք Gallery։ Այստեղ ավելի խոր բովանդակություն սկսվեց։ Այս նախագծի շրջանակներում էլ ստեղծվեց «Դա Վինչի» պրոմո խումբը, որը հայտնի դարձավ իր Babylon Night միջոցառումներով։
Բելլա
Այստեղ արդեն լրիվ այլ իրականություն էր, լրիվ այլ գույներ, այլ պատմություն։ Սա ծռված իրականություն էր։ Այստեղի ապրումներն ու էմոցիաներն աննախադեպ էին։ Արդեն ONE-ի ժամանակներից սկսեցինք տրանս մարդկանց հրավիրել։ Ես ինքս զբաղվում էի իրենց կոստյումներով։ Սկսեցինք դրսից դիջեյների հրավիրել. չտեսնված բան էր Երևանի համար։
Լևոն
Այս ամենն ավարտվեց համաշխարհային ճգնաժամի հետևանքով։ Երբ մեր միջազգային գործընկերները ստիպված եղան կանգնեցնել ցանկացած նմանատիպ ֆինանսավորումները։ Երբ մարդիկ, ովքեր առաջ, մտնելով ակումբ, խմիչք էին հյուրասիրում բոլոր ներկաներին, ստիպված եղան ամեն անգամ ուշադիր կարդալ իրենց ներկայացված հաշիվը։
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ԿՂԶՅԱԿՆԵՐ
Բելլա
Մեր նախագծերը երբևէ չեն եղել ուղղակի երաժշտություն լսելու մասին։ Մենք նոր մշակույթ ենք բերել մեզ հետ, նույնիսկ կարող եմ ասել, որ կրթել ենք մարդկանց, սովորեցրել ենք՝ ինչպես ճիշտ ուրախանալ։ Բացատրում էինք, որ չի կարելի գնալ ակումբ թափթփված վիճակում։ Մեր բոլոր նախագծերում դրեսկոդը պարտադիր է եղել։ Շատերն այդ ժամանակ չգիտեին՝ ինչպես ճիշտ խմել, ու մենք դա նույնպես նրանց սովորեցնում էինք։ Հիմա այդ խնդիրը չկա, էլ երևի չես ունենա հաճախորդ, որը կպատվիրի գարեջուր, շոկմանժե ու մրգային ասորտի։
Լևոն
Հետաքրքիր էր, որ այս ամենը ես ու Բելլան երկուսով էինք անում։ Եթե այսօր շուրջ տասը հոգանոց թիմ է աշխատում մի միջոցառման կազմակերպման վրա, այն ժամանակ երկուսով էինք ու նաև մեկ կամ ամենաշատը երկու դիջեյներ, որոնք զբաղվում էին երաժշտական բովանդակության մասով։ Մնացած ամեն բան մեր վրա էր։
Բելլա
Ես կարող էի աշխատել խոհարարի հետ կոնկրետ ճաշատեսակը ճիշտ մատուցելու համար կամ Լևոնը կարող էր բարմենի հետ կոկտեյլների հարցով զբաղվել, խորհուրդներ տալ, թե ինչը ոնց պետք է խառնել, որ ճիշտ համադրություն ստացվի։ Ստեղծարարության մասը մեր վրա էր։ Այդ տասը տարիների ընթացքում մեր նախագծերը եղել են մեր կյանքը, ապրել ենք դրանով, ամեն բան փորձել ենք, տեսել ենք, զգացել ենք ու նոր ենք առաջարկել մեր հաճախորդին։ Այդ ամբողջ մթնոլորտը ներսից ենք ճանաչել և ըստ իս հենց դրա մեջ է եղել մեր հաջողության գաղտնիքը։ Մեր ակումբները մարդկանց համար կղզյակի նման մի բան էին։ Մենք օգնում էինք պոկվել իրականությունից։