Menu.am՝ առաջինը, հայկականը
ՏՏ

Menu.am՝ առաջինը, հայկականը

Ինչպես ստեղծվեց Menu.am-ը, և ինչպես են ընկերությունում ձգտում «սուպեր արագության»։ Պատմում է տնօրեն Դավիթ Բաբայանը։

Տեքստը՝ Կարինա Տերտերյանի


Լուսանկարները՝ Menu.am

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022
 

#ՏՏ #Գործընկեր

21-րդ դարում նախընտրելի ռեստորանից ուտեստ պատվիրելն ավելի քան հասարակ երևույթ է համարվում։ Սակայն սննդի առաքումն ունի պատմություն՝ շատ ավելի երկար, քան սմարթֆոնների դարաշրջանը: Առաջին պատվիրված տաք պիցցան վայելել են 19-րդ դարում իտալական ազնվական ընտանիքներից մեկում։ Իսկ ահա սննդի առաջին օնլայն պատվերն իրականացվել է արդեն 1994 թվականներին ԱՄՆ-ում։ Դրանից էլ 18 տարի անց օնլայն սնունդ պատվիրելու մշակույթը մտել է Հայաստան։ 2012-ին ստեղծվել է Menu.am-ը՝ առաջին հայկական օնլայն առաքման հարթակը։ Ընկերության տնօրեն Դավիթ Բաբայանը պատմել է Menu.am-ի հիմնադրման, արժեքների, մարտահրավերների, IT ստարտափ լինելու, սպասվող բարեփոխումների և այլնի մասին։

 

Menu.am ընկերության տնօրեն Դավիթ Բաբայան

 

Ինչպե՞ս ծնվեց ընկերության ստեղծման գաղափարը։

 

— Երկու հայրենասեր գործարար 2012-ին հանդես եկան ընկերությունը ստեղծելու գաղափարով։ Տեսնելով դրսի փորձը՝ նպատակ կար մի քանի էլեկտրոնային առևտրի նախագիծ իրականացնել։ Մտածեցին՝ ինչո՞ւ այդ փորձը չբերել Հայաստան, ինչո՞ւ չզարգացնել այդ մշակույթը հենց մե՛ր երկրում։ Խնդիր դրեցին իրենց առջև ու սկսեցին աշխատել։ Թիմ հավաքեցին, առաքիչներ ներգրավեցին։ 2012-ի հոկտեմբերին գրանցվեց Menu.am-ի առաջին պատվերը։ 2020-ին փոխարինեցի Վահան Քերոբյանին տնօրենի պաշտոնում։ Menu.am-ը Հայաստանում հիմք դրեց օնլայն առաքման մշակույթին: Կարելի է ասել՝ եթե չլիներ Menu.am-ը, ապա կլիներ մեկ ուրիշը, բայց փաստ է, որ այս դեպքում կարևոր չէր գաղափարը, կարևոր էր իրականացումը։ Menu.am-ի հիմնադիրները կյանքի կոչեցին այդ գաղափարը։ 

 

Շատերը Menu.am-ը ընկալում են որպես սննդի առաքման ծառայություն, քչերն են պատկերացնում, որ այն նախ և առաջ ՏՏ ստարտափ է… 


— Մեր արտադրանքն առաջին հերթին մեր ՏՏ պրոդուկտն է, և հետո՝ դրա միջոցով հաճախորդներին մատուցվող ծառայություն։ Առանց ՏՏ լուծումների հնարավոր չէր կազմակերպել այս ամենը։ 2012-ին Հայաստանում եղել ենք այն եզակիներից, ում հաջողվել է էլեկտրոնային առևտրի հարթակ՝ վեբ կայք ու հավելված ստեղծել։ Ծրագրային ապահովումն արել ենք մեր միջոցներով, հաջողության հասել մեր ծրագրավորողների և գործընկերների շնորհիվ։ 2012-ից սկսած հասցրել ենք մի շարք մրցույթներում ցույց տալ մեր հնարավորությունները և դրական գնահատականի արժանանալ հասարակության կողմից՝ արդեն որպես ՏՏ ստարտափ։ Կարող է թվալ, որ մենք արդեն ունենք ծրագրային ապահովում, ու անհրաժեշտություն չկա դրա վրա փոփոխություններ անել, բայց քանի որ շուկան շատ արագ է զարգանում, ավելանում են հաճախորդների պահանջները, մեր ծրագրավորողների թիմը միշտ շարունակում է աշխատել։ Հաճախորդների, ռեստորանների և առաքիչների համար ավելացվում են նոր գործառույթներ, ծրագրային ապահովումը հարմարեցվում է նրանց պահանջներին։ 
Մի բան էլ կա, որ հաճախ անտեսվում է. կա տպավորություն, որ Menu.am-ով հնարավոր է միայն սնունդ պատվիրել։ Հարթակում սննդից բացի կգտնեք գրեթե ամեն ինչ. տնտեսական ապրանքներ, ծաղիկներ, կենդանիների սնունդ, փուչիկներ, տորթեր, ալկոհոլ… Համագործակցում ենք «Քարֆուր» սուպերմարկետի հետ, ցուցակը պատրաստվում ենք համալրել նաև դեղորայքով, սակայն ներկա պահին հաճախորդը հնարավորություն ունի դեղատներից նաև հիգիենայի պարագաներ պատվիրել։ Ծածկույթը բավական լայն է։ Նախապես պլանավորած միջոցառումը, ճաշկերույթը ևս խնդիր չէ, քանի որ Menu.am-ում հաճախորդը հնարավորություն ունի պատվերը նախօրոք տեղադրել։

 

 

Չենք կարող չխոսել նաև խնդիրներից: Ինչ-որ պահից հաճախացան բողոքներ Menu.am-ից, հատկապես առաքման արագությունից։ Ըստ ձեզ՝ արդարացվա՞ծ էին այդ բողոքները։


— Չենք բացառում ու տեղյակ ենք, որ ժամանակ առ ժամանակ եղել են թերացումներ առաքման հետ կապված։ Հիմնական խնդիրն այն է, որ շատ հաճախ ունենում ենք առաքիչների սակավություն, մյուս կողմից էլ ունենում ենք պատվերների քանակի շեշտակի աճ, որը հաճախ հնարավոր չի լինում կառավարել։ Խնդրին լուծում տալու համար նոր առաքիչներ ենք ներգրավում, սակայն դա էլ միշտ չէ, որ խնդրին ամբողջական լուծում է տալիս։ Պիկ ժամերին, անձրևային օրերին, հավաքների ժամանակ խնդիրը շոշափելի է դառնում։ Այնուամենայնիվ, քանի որ Menu.am-ն է հանդիսանում հաճախորդի և ռեստորանի միջև կապը, մենք պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա։ Այժմ ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս առումով ունենք բարելավումներ։ 

 

Հատկապես ի՞նչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ և ի՞նչ ձեռքբերումներ ունեք։


— Նախորդող ամիսներին ունենք բարելավումներ, ինչը նկատելի է մեր հաճախորդների գնահատականներից։ Հաճախորդը հնարավորություն ունի պատվերից հետո գնահատել ռեստորանին, առաքիչին։ Էականորեն մեծացրել ենք առաքիչների թիվը։ Շատ ինտենսիվ աշխատում ենք ռեստորանների հետ, որ կարողանանք կոորդինացնել և նվազագույնի հասցնել պատվերների ուշացումները ռեստորանների կողմից։ Առաքիչների հետ նաև թրեյնինգներ ենք կազմակերպում։ Ջանք չենք խնայում առաքումը ճիշտ ժամանակին հաճախորդին հասցնելու համար, իհարկե, դեռ այս ուղղությամբ անելիքներ ունենք։ Ձգտում ենք սուպեր արագության։

 

Ինչպե՞ս եք պատրաստվում ամրապնդել ռեստորան-առաքիչ-պատվիրատու հարաբերությունները։


— Menu.am-ը, լինելով առաջին հայկական օնլայն պատվիրման հարթակը շուկայում, այժմ ունի ամենամեծ գործընկերների ցանցը Հայաստանում (500+)։ Մեծացրել ենք վաճառքի թիմը, ինչն էլ ավելի է ամրապնդում կապը ռեստորանների հետ։ Փորձում ենք հասկանալ Menu.am-ից իրենց ակնկալիքները, լսում դժգոհությունները, եթե կան խնդիրներ, փորձում ենք դրանց արագ լուծում տալ։ Կարելի է ասել՝ մենք 24 ժամ կապ ենք պահում գործընկերների հետ։ Իրականցնում ենք ակցիաներ ռեստորանների հետ, ունենք հաճախորդների անհատական մոտեցման բանաձև։ Իսկ մեր ծրագրային ապահովումը թույլ է տալիս ունենալ ռեստորան-առաքիչ-պատվիրատու շփումն ու հարաբերությունների ամրապնդումը։

 

 

Վերջին 1-2 տարում սննդի առաքման ոլորտի միջազգային ընկերություններ սկսեցին գործունեություն ծավալել նաև Հայաստանում։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ դրանց մուտքը Menu.am-ի գործունեության վրա և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում մրցունակ լինելու համար։


— Իհարկե, Menu.am-ն առաջին հայկական օնլայն առաքման ծառայությունն է, սակայն չենք կարող շուկայում մնալ միակը։ Նոր խաղացողների մուտքը Հայաստան լավ ենք գնահատում։ Մի կողմից՝ շուկան է մեծանում, մյուս կողմից՝ մրցակցությունն է ավելանում։ Չնայած նրան, որ մրցակիցները խոշոր խաղացողներ են, սակայն Menu.am-ն իր դիրքերը չի զիջում։ 2022 թվականին ունենք պատվերների աճ։ Խաղացողները զարգացնում են օնլայն պատվիրման մշակույթը, իսկ մրցակցությունն այն բանալին է, որը տանում է դեպի զարգացում։ Բացի այդ, Menu.am-ն ունի և հաճախորդին կարող է առաջարկել մի շարք հնարավորություններ, որոնք չեն առաջարկում այլ առաքման ընկերությունները։ Մենք ընդլայնել ենք մեր աշխարհագրական գործունեությունն ու Երևանից բացի աշխատում ենք Գյումրիում, Աբովյանում, Էջմիածնում։ Համագործակցում ենք ավելի քան 500 ռեստորանի, խանութների հետ։ Առաքումն իրականացնում ենք ավելի մեծ շառավղով, քան շուկայում մրցակիցներից որոշները։ Աշխատում ենք 24 ժամ՝ հաճախորդին հնարավորություն տալով պատվեր իրականացնել օրվա ցանկացած պահին: Մենք այն բացառիկներից ենք, որն ունի զանգերի կենտրոն: Ի վերջո՝ առաջինն ենք ու հայկականը։

 

Իսկ եթե խոսենք ապագայի մասի՞ն։ Ինչպիսի՞ն է տեսլականը մոտակա տարիների համար։


— «Ուրախության առաքում ամեն օր»՝ մեր կարգախոսն է։ Մենք ունենք գերնպատակ՝ այնպես անել, որ հաճախորդը մեզնից գոհ մնա։ Մեր տեսլականն է՝ արժեք ստեղծել թե՛ ռեստորանի, թե՛ առաքիչի և, որ ամենակարևորն է՝ հաճախորդի համար։ Այդ գործընթացում անում ենք ամենը՝ այդ շղթայում ներգրավված բոլոր կողմերին գոհացնելու համար։ Եվ, ի վերջո, նպատակ ունենք հասնել «սուպեր գոհ» հաճախորդների։