«Մեքենա ունեցողների ձայնը միշտ ավելի լսելի է»
Հեծո

«Մեքենա ունեցողների ձայնը միշտ ավելի լսելի է»

Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը բացատրում է, թե ինչու ցանկացած քաղաք, այդ թվում Երևանը, հեծանվորդների ու հեծանվուղիների կարիք ունի, և ինչու են քաղաքային իշխանություններն անընդհատ խուսափում այդ խնդրից։

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Պատկերազարդումը՝ Shutterstock

 

Հայկ Զալիբեկյան

Ժամանակակից առաջադեմ քաղաքներում հեծանվուղիներ վաղուց կան: Երբեմն անցուդարձի մինչև 40%֊ը հեծանիվներով է կատարվում: Բոլոր քաղաքները տարբեր են. քաղաքի դիրքը, կառուցվածքը, ռելիեֆը, ճանապարհների լայնությունը, նեղությունը խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն՝ չազդելով հեծանվուղիներ ունենալու անհրաժեշտության վրա: 

 

Օրինակ` Սկանդինավյան երկրներում, որտեղ շատ են հեծանիվ քշում, անմարդկային ցուրտ է, Հոլանդիայում՝ անընդհատ քամի, անձրև, բայց հեծանիվ քշում են: Խորհրդային երկրներում, այդ թվում Հայաստանում, քաղաքային բնակավայրերում հեծանվին չեն վերաբերել որպես քաղաքային տրանսպորտի. քաղաքում հեծանիվն ընկալվել է որպես երեխայի խաղալիք՝ հայրը մեքենա ունի, երեխան՝ հեծանիվ: 

 

Միգուցե Սարի թաղում անհնար է հեծանիվ քշել, բայց դա չի նշանակում, որ Երևանը չի կարող ունենալ հեծանվուղիներ: Առնազն Երևանի կենտրոնը, որն ամբողջությամբ հարթ է, ունի այդ հնարավորությունը: Բանգլադեշում, Կոմիտասում ևս ոչինչ չի խագարում հեծանվուղիներ ուենալու համար: 

 

Բարդ է քաղաքի առանձին բարձրադիր հատվածները Կենտրոնի հետ կապելը, բայց դրա համար էլ կան լուծումներ՝ օրինակ, հատուկ կախիչներ ամրացնել հասարակական տրանսպորտի վրա, որպեսզի հեծանվորդը կարողանա տեղափոխել իր հեծանիվը: Կա նաև «վերջին կիլոմետրի տրանսպորտ» ասվածը, երբ հասնում ես քո թաղամաս, ասենք՝ Ավան, և կանգառից մինչև քո տուն գնալու համար կա առանձին հեծանվային համակարգ, որը Կենտրոնի հետ կարող է և չկապվել, կանգառից վերցնում ես հեծանիվ և հասնում տուն: Այս նույնը կարելի է անել այն բոլոր թաղամասերում, որոնք դժվար է կապել Կենտրոնի հետ: 

 

Մի խոսքով, լուծումները շատ են: Կարևորն այն է, որ եթե մի օր Երևանում հեծանվային արահետներ կառուցվեն, դրանք լինեն չընդհատվող համակարգ, իսկ այն, ինչը մինչև հիմա արվել է, շատ ծիծաղելի է և զուտ ինստագրամի համար, բայց դա էլ է կարևոր փորձ, որպեսզի հաջորդ իշխանությունը այդպես չվարվի:

 

Կարծում եմ՝ բոլոր իշխանություններն էլ վախենում են նման համակարգ ներդնել, որովհետև պիտի տրորեն մեքենա ունեցողների շահերը՝ որոշ երթևեկելի գծեր փոքրացնեն կամ փակեն, կայանատեղին քչացնեն և այլն, իսկ մեքենա ունեցողների ձայնը միշտ ավելի լսելի է, և յուրաքանչյուր իշխանություն մտածում է, որ առնվազն մինչև հաջորդ ընտրություններ իրեն դժգոհ ընտրազանգված պետք չէ:  Երկրորդ պատճառը՝ չկան համապատասխան մասնագետներ, որ կարողանան նման խելացի համակարգ գծել. մեր երկրում չկա նման փորձ: Լավագույն տարբերակը հրավիրյալ մասնագետներն են: 

 

Մի քանի անգամ առաջարկություններ արվել են մեր կողմից, 2016-ին քննարկումեր ենք ունեցել նաև ճանապարհային ոստիկանոթյան հետ, նույնիսկ կոնկրետ փողոցի օրինակով արվել է նախագիծ, բայց ոչ մի նախագիծ մինչ օրս կյանք չի ունեցել: 

 

Բայց ոչինչ, օրերից մի օր դա լինելու է: Ինչպես աշխարհի բազմաթիվ քաղաքների փորձն է ցույց տալիս, հեծանվուղիներն անխուսափելի են, որովհետև անհնար է անընդհատ գոհացնել մեքենաների անվերջ աճի պահանջը. հիմա էլ մենք շատ մոտ ենք կոլապսին: Օրերից մի օր կլինի իշխանություն, որը կհասկանա՝ ավել 5000 ձայնը այդքան էլ կարևոր չէ, ավելի կարևոր է քաղաքի ճիշտ զարգացումը: 

 

Երևանում հեծանվուղիներ ունենալը պարզապես հավեսի համար «մի կռուգ քշելը» չէ. դա տրանսպորտային միջոց է, որը քաղաքում շատ կարևոր դեր է կատարում: Նախ` քաղաքի երթևեկության մի մասը կկատարվի էկոլոգիապես մաքուր տրանսպորտով, դրա շնորհիվ կկրճատվի թունավոր գազերի արտանետումների քանակը, կկրճատվի մեքենաների զբաղեցրած տարածքը, կնվազեն խցանումները: Ի վերջո, հեծանիվը նաև առողջ ապրելակերպ է, իսկ եթե պետությունն ունի առողջ հասարակություն, ավել քիչ ռեսուրս է ծախսելու 40 տարեկան ճարպակալած քաղաքացիների սիրտ-անոթային համակարգը բուժելու համար: Սա հեծանիվ հայտնագործել չէ, սա պարզ հաշվարկ է: Իսկ հեծանվուղիներ ունենալը միշտ էլ քաղաքական որոշում է. կամ քաղաքային իշխանությունը ուզում է և գնում է այդ քայլին, կամ ստիպողաբար է ներդնում այդ համակարգը, որովհետև դա շահավետ է պետության համար:

 

Սպասարկման ոլորտի շատ բիզնեսմեններ վաղուց հաշվել են հեծանվի շահավետությունը և մեքենաները փոխարինել են հեծանիվով: Հեծանվի երթևեկությունը կանոնակարգված է՝ հեծանվորդը պետք է վարի երթևեկելի հատվածի առավելագույն աջ մասով: Կայանման երկու համակարգ է գործում Երևանում՝ հստակ կահավորված կայանման կետեր, կամ որտեղ ուզես, այնտես թողնես հեծանիվը. Երևանի դեպքում վերջին տարբերակն է աշխատում, որը կարգավորվում է հատուկ թվային հավելվածով: Անգամ եթե կան բարդություններ կայանման կամ երթևեկության հետ կապված, միևնույն է, մարդիկ հեծանիվ քշում են:

 



 

Կարծիքներ հեծանվորդներից

Օրական 5-15կմ քշում եմ. հնարավոր ա առավոտից մինչև գիշեր քշեմ: Եթե փողոցով չեմ կարողանում քշեմ, որովհետև մեքենաները շատ են, վտանգավոր ա, մայթով եմ քշում, մարդիկ մեկ-մեկ թարս են նայում՝ «ստեղ հեծանիվ քշելու տեղ չի, տղա ջան»: Հիմնականում 3-րդ մասում եմ քշում: Հեծանիվը իմ համար նախ առողջություն ա, հետո՝ տրանսպորտ: Որ հավես եմ ունենում, գնում եմ Խարբերդ` հետ եմ գալիս հեծանիվով, բայց ճանապարհը հարմար չի հեչ: 

 


 

Մոտավոր օրական 20կմ քշում եմ, չնայած մեքենա ունեմ: Կարող ա իջնեմ հեծանիվով Հրազդանի կիրճ թոռներիս հետ՝ բոլորս հեծանիվներով: Հեծանիվը համ առողջություն ա, համ փոխադրամիջոց: 

 


 

Էդքան էլ հարմար չի հեծանիվ քշելը, բայց ես հարմարվել եմ: Տեղ կա մայթերով եմ քշում, տեղ կա՝ փողոցներով: Հյուսիսային պողոտայում, օրինակ, ասեղ գցելու տեղ չկա, մարդիկ ման են գալիս, չեմ կարողանում քշել և պետք էլ չի էդտեղ քշել: Բայց  եթե պետք ա տուն՝ Սայաթ-Նովա հասնեմ՝ հարմարվել եմ ոնց վարեմ: 65 տարեկան եմ, Կենտրոնից հեռու հեծանիվով չեմ գնում, կարիք էլ չի լինում: 

 


 

10 տարի առաջ, երբ հեծանիվ էի քշում, լրիվ ուրիշ էր. էն ժամանակ սիգնալ էին տալիս, մունաթ էին գալիս, հիմա այդպես չի: Առաքիչները հիմա որ շատ են հեծանիվ քշում, ժողովրդի աչքը սովորել ա հեծանիվին: 

 


 

Երևանը միանշանակ հեծանվի կարիք ունի, բայց դե բժիշկները կտխրեն, որովհետև հիվանդ մարդ չի լինի, պարեկը կտխրի, որովհետև խախտում չի կարողանա գրի, հարկայինը կտխրի, որովհետև հեծանիվը հարկատու չի։ Էկոլոգիան կուրախանա: 

 


 

Լինում ա՝ 30-35կմ քշում եմ, հիմնականում Փոքր Կենտրոնում, մի քիչ էլ՝ Մեծ: Իհարկե, լինում ա մի հատ ժամ, որ մարդկանց մեջ էլ չի լինում քշել, մեքենաների մեջ էլ. էդ պիկ ժամն ա, որ ընդմիջման են դուրս գալիս, կամ գործից տուն են գնում: Նույնը՝ մեքենաները. մայթերից մեզ ուղարկում են ճանապարհի վրա քշելու, վարորդներն ասում են՝ ինչ եք դուրս էկել, գնացեք մարդկանց մեջ քշեք: Որտեղ քիչ շարժ կա, էնտեղով էլ քշում ենք: 

 


 

2011 թվից հեծանիվ եմ վարում, էս 2 տարի ա, որ առաքում եմ անում: Հեծանվորդ չեմ, ուղղակի սիրում եմ: Առանձնացված հեծանվային գծերը շատ կարճ են մեզ համար, բայց եթե նույնիսկ համակարգված լինի, էլի մեքենաները մեր վրայով կքշեն. մեզ ընդհանրապես բանի տեղ չեն դնում. կարան ընենց քիփ կողքովդ քշեն, որ դու ընկնես: Անգամ ինձ, որպես կին հեծանվորդի շատ վատ են վերաբերում հատկապես կին վարորդները, հլը տղամարդ վարորդները մի քիչ ոչինչ: 

 



Մոտ մեկ ամիս է առաքիչ եմ աշխատում այս լեռնային հեծանիվով: Սիբիրից եմ Տյումենից, ռուս եմ: Ինձ ազատ գրաֆիկով գործ էր պետք. ոտքով՝ քիչ էր փողը, մոպեդ վարել վախենում եմ, ընտրեցի հեծանիվը: Եթե ամբողջ օրը քշեմ, 30-50կմ կլինի. հիմնականում Կենտրոն, երբեմն էլ՝ Շենգավիթ և Էրեբունի: Քայլուղիներով դժվար է քշել, որովհետև դրանք նեղ են, սալիկապատ և մարդաշատ, ստիպված երթևեկելի հատվածով եմ քշում, բայց մի քիչ վախենալով: Սիբիրում շատ են ուղիղ ճանապարհները, լոսաֆորները՝ քիչ, ճանապարհը՝ հարթ ասֆալտ. ավելի հեշտ է հեծանիվ քշելը, բայց այստեղ վարորդների և հետիոտնի կողմից բացասական վերաբերմունք չեմ զգացել: Պարզապես Երևանում, որքան հասկանում եմ, քիչ են հեծանիվները և մարդիկ չգիտեն ինչ ռեակցիա ցույց տան, երբ քշելով գնում ես իրենց ուղղությամբ:

 

Եթե արձակուրդ եմ գնում, օրինակ, Սևան, հեծանիվս հետս տանում եմ: Սևանում մայրուղու վրա եմ քշում, հարմար ա, Երևանում՝ ոչ այդքան: Երևանում վտանգավոր ա հիմնական ճանապարհներով քշելը՝ գծեր չկան: Ոչ մի անգամ Կենտրոնից դուրս չեմ քշել: 

Հեծանիվ քշելը դրական ա ազդում մտավոր կայունության և տրամադրության վրա և ինձ ոչ մի սթրես չի խանգարում, հետո էլ, մարմինս ամրանում ա, բացի այդ, օդը չի կեղտոտում հեծանիվը. դրական տրամադրություն, ադրենալին ա տալիս հեծանիվը: 

Դժվարանում եմ ասել՝ Երևանին հեծանվուղիներ պե՞տք են, թե՞ ոչ, քանի որ բոլոր ճանապարհները հիմնականում անցնում են Կենտրոնով և շրջանցող ճանապարհներ չկան և եթե մի գիշերվա մեջ կախարդական փայտիկով հեծանվուղիներ գծենք Երևանում, քաղաքը կպարալիզացվի. այստեղ պետք ա տրամաբանությունը, ցանկությունը և հնարավորությունը համընկնեն:

 

հավելյալ նյութեր