Մեր ԱԺ-ից ձեր ԱԺ-ին
ԱԺ արարողակարգի թանգարանի թանկարժեք նվերները։
Տեքստը՝ Աշոտ Գարունցի
Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ արխիվ
ԵՐԵՎԱՆ #69 | 2021
Խորհրդարանի թանգարանը ստեղծվել է Երրորդ հանրապետության ԱԺ-ին զուգահեռ: Սակայն տարիներ շարունակ այն չուներ հստակ դասակարգում կամ հուշանվերների անհատական պատմություն: 2018-ի սեպտեմբերի 20-ին՝ անկախության տոնին ընդառաջ, Ազգային ժողովում բացվեց արարողակարգի թանգարան, որտեղ ցուցադրվում են այն հուշանվերները, որոնք խորհրդարանը ստացել է 1990-ից ի վեր։ Դրանց մեջ կան եզակի իրեր՝ արտառոց պատմությամբ։ Ներկայացնում ենք մի քանիսը։
Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձևի բնօրինակը
ԱԺ արարողակարգի թանգարանի վերջին ու կարևորագույն ձեռքբերումներից է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակության ժամանակ ստացած նվերը: 2020-ի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևի բնօրինակը 2021-ի Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների շրջանակում հանձնեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Եվ հետևաբար՝ այժմ այն պահվում է ԱԺ արարողակարգի թանգարանում:
ԱԺ շենքի խճանկար
ԱՊՀ Միջկառավարական ասամբլեայի Խորհրդի ղեկավարի տեղակալ Հրաչյա Պողոսյանն ԱԺ այցի ընթացքում դատարկաձեռն չէր եկել: Նրա նվերը՝ բնական քարերից պատրաստված խճանկարը, որտեղ պատկերված է Ազգային ժողովի շենքը, այժմ փակցված է թանգարանի պատին։
Գժվելու գժել
Մոսկվայի մերձակայքում գտնվող Գժել տարածքի անունն է կրում նաև այդտեղ արտադրվող յուրօրինակ կերամիկան։ Յուրաքանչյուր նմուշ եզակի է և ձեռագործ: ԱԺ թանգարանում պահվող Գժելի հավաքածուն դեռևս չունի անձնագիր, հայտնի չէ, թե հատկապես որ այցի կամ բարեկամական հանդիպման ընթացքում են այս գունագեղ հավաքածուն նվիրել ԱԺ-ին։
Ծիսական սպասք Իլյա Երկրորդից
Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը պաշտոնական այցի ժամանակ ծիսական սպասք՝ սկիհ էր բերել որպես նվեր: Հայ և վրաց եկեղեցիներում ընդունված է պատարագի ժամանակ կարմիր գինին լցնել սկիհի մեջ:
Հուշանվեր Ջայպուրից
Եվս մի ափսե, որը նախատեսված չէ ուտելու համար։ ԱԺ պատվիրակության Հնդկաստան այցի ժամանակ այն նվեր են ստացել Ռաջաստանի թագավորական քաղաքում: Ջայպուրում պատրաստված մարմարից բնական քարերով զարդարված նկարազարդ ափսեն արիական ազգերի բարեկամության խորհրդանիշերից է:
Արցախյան վիշապագորգ
2018-ին՝ Հայաստանի անկախության տոնին ընդառաջ, ԱԺ արարողակարգի թանգարանի բացման առթիվ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նվիրեց «Ղարաբաղ կարպետ» ընկերության ձեռագործ գորգ:
Գինու եղջյուր Վրաստանից
Վրացական ամենահայտնի ավանդույթներից է եղջյուրներից գինի խմելը: Եղջյուրները հաճախ նվիրում են նաև պատվավոր հյուրերին: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, հետևելով վրացական ավանդույթին, մի այդպիսի եղջյուր է նվիրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին։
«Հայկական այբուբենի» ֆաքսիմիլեն
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ԱԺ արարողակարգի թանգարանին նվիրեց «Հայկական այբուբեն 1703»-ի ճշգրիտ կրկնօրինակը: Այն հեղինակել է 1667-ից Բեռլինի Սուրբ Նիկոլայ տաճարի հոգևոր առաջնորդ Անդրեաս Մյուլերը: Նա եղել է նաեւ գերմանացի առաջին արևելագետներից մեկը, ում ջանքերով Բեռլինում առաջին անգամ տպագրվել է հայոց այբուբենը: Իսկ ցուցանմուշի բնօրինակը գտնվում է Բեռլինում։
Հավլաբար
Թբիլիսիի լեգենդար հայկական թաղամասը հայ-վրացական բարեկամության հրաշալի խորհրդանիշ է։ Զարմանալի չէ, որ հերթական հանդիպման ժամանակ էլ ԱԺ գրադա-
րանին են նվիրել Հավլաբարի ոգին կրող քանդակ-հուշանվերը։
Հիրոսիմացի աղջկա զգեստը
21-ամյա Սադակո Սասակին ապրում էր Հիրոսիմայում: 1945-ի ատոմային ռմբակոծության ժամանակ նա էպիկենտրոնից ընդամենը մի քանի կմ էր հեռու: Սադակոն մահացավ պայթյունից հինգ օր անց: Հետագայում՝ արտաշիրիմելուց հետո, նրա հագուստը որպես միջուկային զենքի արգելման պայքարի համաշխարհային խորհրդանիշ ցուցադրվեց Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրում։ Սարսափելի պարզությամբ միջուկային զենքի բնաջնջող վտանգի մասին խոսուն ապացույց զգեստի շրջանակված նկարը ճապոնական պատվիրակությունն այցի ժամանակ նվիրեց ԱԺ արարողակարգի թանգարանին։
Մահաթմա Գանդիի արձանը, որը ոչ ոք չի այրել
Մինչ Երևանում իրարանցում էր Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման վերաբերյալ, ժամանակակից Հնդկաստանի հիմնադիր-հոր կիսանդրին վաղուց կար ԱԺ-ի ստացած նվերների ցանկում։ Jai Jagat 2020 շարժման մասնակից 50-ից ավելի ճգնավորներ Հնդկաստանից, Կանադայից, Արգենտինայից, Ֆրանսիայից և Իսպանիայից քայլերթով Նյու Դելիից հասել են Ժնև՝ ՄԱԿ-ից պահանջելու լուծում տալ աշխարհում տիրող չքավորությանը և կոնֆլիկտներին։ Շարժման անդամներն ԱԺ այցի ժամանակ որպես նվեր բերել էին իրենց առաջնորդի կիսանդրին:
Փյունիկյան արձանիկներ
Լիբանանի Բիբլոս քաղաքում պեղումների ժամանակ գտել են արական սեռի խորհրդանիշ Փյունիկյան արձանիկներ: Որոշ տղամարդիկ մերկ են, ոմանք՝ ծածկված ոսկյա թիթեղներով: Տղամարդկանց կերպարների խտացված մոդելն այցերից մեկի ժամանակ հասել է մեր ԱԺ:
Հռոմեական կայսրության ամենամեծ արգելավայրի խորհրդանիշը
«Բաալբեկ» հուշանվերը Լիբանանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն է հանձնել ՀՀ ԱԺ նախագահին։ Նույնանուն լիբանանական քաղաքը Հռոմեական կայսրության տարիներին հայտնի էր որպես ամենամեծ արգելավայր։
Բեռլինյան արջը
Բեռլինի զինանշանի վրա պատկերված արջուկն այդ քաղաքում որպես արձան հանդիպում է գրեթե ամեն քայլափոխի: «Արջի արձանների» առաջին ցուցահանդեսը եղել է 2001–ին, 350 նկարազարդ արջեր տեղադրված են եղել Բրանդերբուրգյան դարպասի ամբողջ երկարությամբ։ Եվ առավել քան տրամաբանական էր, որ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը 2019-ի պաշտոնական այցի ընթացքում հուշանվեր է ստացել Բեռլինյան արջի արձանիկ։
«Չննջող ակն» Գարեգին Բ կաթողիկոսից
«Տիրամայրը քնած Մանկան հետ» պատկերները քրիստոնեական արվեստում հայտնի են նաև «Չննջող ակն» անվանումով։ Աստվածամոր փառաբանման երգերի վրա ստեղծած պատկերն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նվերն էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այժմ Տիրամայրն իր «չննջող ակնով» հետևում և պահպանում է Ազգային ժողովի արարողակարգի թանգարանը: