«Մեր հողը լքելու մտադրություն չկա». շրջափակված Արցախը
Արցախ

«Մեր հողը լքելու մտադրություն չկա». շրջափակված Արցախը

ԵՐԵՎԱՆի խնդրանքով Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրող, մայրիկ և արցախցի Լիդիա Սահակյանը պատմել է արդեն 40 օրից ավելի տևող շրջափակման մեջ առօրյա կյանքով ապրելու և չհուսահատվելու մասին, իսկ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը վավերագրել է շրջափակված Արցախի կյանքը։

Տեքստը՝ Կարինա Տերտերյանի


Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023
 

«Հաճա՞խ է ինտերնետ կապն անջատվում: Ի՞նչ եք անում այդ ժամանակ». այս հարցի պատասխանին սպասելով մի ամբողջ օր, բայց այդպես էլ պատասխան չգտնելով՝ մնում էր հրապարակել Լիդիա Սահակյանի հետ հարցազրույցը: Ինտերնետ կապն Արցախում անջատվել էր…


2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Բերձորի միջանցքը՝ կեղծ բնապահպաններով: 120 հազար մարդ (նրանցից 30 հազարը՝ երեխա), հումանիտար ճգնաժամում գոյատևում է։ 1100 քաղաքացի, որոնցից 270-ը՝ անչափահաս, փակված ճանապարհի պատճառով տուն վերադառնալու հնարավորություն չունի։ 11 երեխա նորածնային բաժանմունքներում և մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, 9 չափահաս՝ վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Իսկ շրջափակման մեջ շարունակում են նոր կյանքեր ծնվել. արդեն 114 երեխա է եկել լույս աշխարհ։


Լիդիան պատմել է այս թվերի հետևում թաքնված մարդկային պատմությունները՝ հայրենի հողի համար բարդ առօրյայով, ապրումներով և մտահոգություններով:

 

 

Չեմ հիշում՝ ինչքան ժամանակ են շրջափակման մեջ, անկեղծ ասած՝ հիշել անգամ չեմ ուզում…


Մինչև շրջափակումը առօրյաս վառ երանգներով էր սկսվում: Արթնանում էի ժամը 8:00-ին, բալիկիս հետ ժամանակ անցկացնում, պատրաստվում, ինչպես բոլոր կանայք, ու շտապում հաղորդմանս՝ «Էսթետի» հերթական նկարահանմանը: Արդեն չեմ հիշում՝ որքան ժամանակ է փակ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը: Չեմ էլ ուզում հիշել: Կանկեղծանամ. միայն օրերս սառը դատել, եղելությունը ճիշտ ընկալել կարողացա: Դադարել եմ վարդագույն ակնոցներով ապրել: Պատկերացնել չէինք կարող, որ երբևէ նման իրավիճակում կհայտնվեինք: 


Առօրյաս փոխվել է, եթե առաջ հնարավոր էր անկարևոր բաների մասին մտածել, ապա հիմա միայն կենցաղի՝ կենսական նշանակության իրերի, սննդամթերքի: Խնամքի պարագաներ, տակդիրներ, կաթնախառնուրդ, ծխախոտ, սուրճ, բանջարեղեն գտնելը ֆանտաստիկայի ժանրից է, և դրանք փնտրել-գտնելու հարցը մեր ամեն օրվա խնդիրն է: 


Վերջերս որոշեցի արձակուրդ վերցնել, բայց սխալ էր. աշխատանքի գնալով՝ մտահոգություններս կարողանում էի թաղել աշխատանքային եռուզեռում: Կան մարդիկ, որոնք շարունակում են աշխատանքը՝ չկորցնելով լավատեսությունը: 


Ժամանակը փոխում է ամեն ինչ՝ մեզ, մեր ապրելակերպը, մտահորիզոնը: Արցախում էլ այս պահին ձյուն է տեղում: Ասում են՝ ձյունը մաքրելու հատկություն ունի, կանխում է նաև սեզոնային հիվանդությունների տարածումը: Այն կարողացավ մաքրել նաև շատերիս բացասական մտքերը: Իմն էլ: Իսկ հոգուս հանգստությունը գուցե հոգեբանական հասունության ավելի բարձր աստիճանից է: 

 

 

 

Դժվարություններն ամենուր են, կարևորը մեր կողմից դրանք հաղթահարելու կարողությունն է

Մտերիմներիս ասում եմ՝ դուրս գան տնից, քայլեն, երկխոսեն իրենք իրենց հետ: Չգիտեմ՝ ինչ կփոխվի տարիներ անց, ինչպես կդասավորվի իմ կյանքը, բայց ես ապրում եմ այս օրով: Ամեն տեղ էլ կան դժվարություններ, ուղղակի պետք է դրանք հաղթահարելու կարողություն ունենալ: Ես հավատում եմ, որ միասին կարող ենք այս փորձությունն էլ հաղթահարել…


Վերջին երկու հաղորդումներս նկարել եմ շրջափակման մեջ: Զարմացա, որ հյուրերն ընդունեցին առաջարկս: Երկուսն էլ ուժեղ աղջիկներ էին: Երկուսն էլ տրամադրություն ու ուժ բերեցին իրենց հետ: Դրական լիցքեր էին հորդում իրենցից ու փոխանցվում էին ինձ: Զարմանում եմ արցախցիների այդ տեսակով: 


Ընդհանրապես, տեսախցիկն իմ լավ ընկերն է: Տեսախցիկին ընկերակցելիս հանգստանում և լիցքաթափվում եմ: Կարծում էի, որ հանրությունը վատ կարձագանքեր շրջափակման մեջ նկարահանված հաղորդումներին: Վախենում էի արձագանքից, սպասում էի, որ մարդիկ կքննադատեն, բայց զարմացա հակառակ արդյունքից: 


Վերջին հյուրս թխվածքաբլիթներ պատրաստող մի կին էր: Ձվի, շաքարավազի պակաս կա, բայց չգիտեմ որտեղից գտնում ու շարունակում էր գործունեությունը: Նրա ուժն էլ կարծես ինձ է փոխանցվել: Չենք դադարում ապրել, ստեղծել ու ստեղծագործել…


Նկարահանումներս չէի դադարեցրել, բայց ստիպված էի անցնել արձակուրդի. հաղորդմանս բնույթը թույլ չտվեց շարունակել: Բանախոսները ևս ցանկություն չունեին զրուցելու, հատկապես խցիկի առաջ և հատկապես իմ հաղորդման թեմատիկայով: Ի զարմանս ինձ՝ կային համառներ, որ այնուամենայնիվ փորձեցին դրական լիցքեր փոխանցել տեսախցիկի հակառակ կողմ:

 

 

 

 

Սպասում էինք Ամանորի հրաշքին, բայց հրաշքը չեկավ 

Ամեն Նոր տարի բարեկամներով մեր տանն ենք հավաքվում: Այս տարի մեզ չհաջողվեց պահել ավանդույթը: Ամուսնուս մայրն ու քույրը Երևանում են մնացել: Տեսակապով հետները խոսեցինք ու Նոր տարին ուրախ դիմավորեցինք, որ բալիկս ուրախանար: Հույսով լցված սպասում էինք, որ Նոր տարվա հրաշքն ամեն ինչ կհարթի, բայց սխալվեցինք: 

 

Մունք տյուրուր օնք

Զգալի դրական մարդկային փոփոխություն եմ նկատում արցախցիների մոտ: Բոլորս համախմբված ենք: Ֆեյսբուքյան շատ էջեր են ստեղծվել իրար օգնելու համար: Էջերից մեկում էլ՝ «Մունք տյուրոր օնք»-ում (նշանակում է «մենք իրար ունենք»– խմբ.), մի կին երեխայի համար խնձոր էր փնտրում: Մեկ ուրիշն էլ օգնելու համար երեք ձվով երեք խնձոր փոխանակեց:


Սկսել եմ գնահատել մանրուքները, գնահատել այն ջերմությունը որ տալիս են մեր հարազատները, մտերիմները, սկսել եմ գնահատել նույնիսկ սննդի հետ կապված մանրուքները: Առաջ խնայողաբար չէինք օգտագործում սնունդը, իսկ հիմա սկսել եմ նույնիսկ արժևորել: Պետք է միշտ մտածել, որ ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ պետք է պատրաստ լինել ամենավատին:

 

 

 

Կտրոններն ու սուրճը

Հատկապես հուսահատեցնող էր կտրոնային համակարգին անցումը: 21-րդ դարում անհավատալի է այս երևույթը… Թեև հասկանում եմ, որ արդեն անհրաժեշտություն էր, որովհետև սննդի պակասից շատ մարդ է տուժում: Կան մարդիկ, որոնք ազատ ժամանակ ունեն ժամերով հերթ կանգնելու համար, կա նաև մի մաս՝ ինձ պես փոքր երեխայի հետ տանը, չի կարող դուրս գալ և ժամերով սպասել, ուստի զրկում է իրեն իր հասանելիքից: 


Իմ տանը բծախնդիր են և՛ բալիկս, և՛ ամուսինս: Հիմա, փառք Աստծո, ունեմ մնացած ուտելիք, բայց ժամանակի հետ երբ դրանք էլ սպառեմ, չգիտեմ, թե ինչ ենք անելու: Հիմա պահուստով եմ բավարարում մեր կարիքները: Մեր արցախցիները շատ բարի մարդիկ են, ես վստահ եմ, որ եթե որևէ մեկին խնդրեմ, որ մեզ մի տուփ սուրճ տա, իրենք կտան: Սուրճը մեր տանը պարտադիր արարողակարգ է: Եթե տղամարդկանց ծխախոտը չի հերիքում, ապա կանանց՝ սուրճը: Լավ է, երեք տուփ գնել ու խնայողաբար օգտագործում եմ, բայց չգիտեմ, որ վերջանա, ինչ եմ անելու:

 

40 օր անց. ամենուր հերթեր

Մենք և՛ հոսանքազրկված ենք, և՛ առանց գազի ենք: Ավելի ճիշտ, պարբերաբար միացնում են, բայց այդ անորոշությունն ավելի է զայրացնում։ Զգալիորեն պակասել են երթուղայինները: Մեքենաները ևս սակավաթիվ են: Քաղաքը մեռած է: Մարդիկ հիմնականում ոտքով են շրջում: Կուտակումներ կան քաղաքի որոշակի հատվածներում, հերթերն ամենուր են: Տնից դուրս չեմ գալիս, որ հերթերը չտեսնեմ: Ամեն անգամ տնից դուրս գալիս հերթերը տեսնելով՝ սթրեսի եմ ենթարկվում: 

 

 

 

Բոլորս բոլորով ապրում ենք, այլ տարբերակ չունենք 

Որպես մայր եմ նաև դիտարկում. նույնիսկ թշնամուն չեմ ցանկանա այս օրերն ապրել, որոնք ապրում ենք ես ու արցախահայությունը: Չեմ ուզում, որ որևէ մեկը հայտնվի այս շրջափակված իրավիճակում: 


Այն, որ Արցախի մեր հողը լքելու մտադրություն չկա, հստակ է: Արցախը թողնելով՝ ոչ մեկիս կյանքը հեշտ չի դառնալու: Եղած դժվարությունները հենց մեր հողում պիտի հաղթահարենք: Յուրաքանչյուրս էլ մեր մեջ գիտենք՝ այս դժվարությունն էլ կհաղթահարենք:

հավելյալ նյութեր