«Մեր տեսլականն է՝ Շվանիձոր բնակավայրը դարձնել ժամանակակից արվեստի կենտրոն»
Քաղաքից դուրս

«Մեր տեսլականն է՝ Շվանիձոր բնակավայրը դարձնել ժամանակակից արվեստի կենտրոն»

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը վերջին երեք տարիներին իր յոթ աշխատակիցներով և հարյուրավոր համախոհներով մշակել է «Շվանիձոր․ Ժամանակակից արվեստի կենտրոն» բազմաշերտ ծրագիրը։ Կենտրոնը գործելու է ողջ տարին՝ ներգրավելով ամբողջ Սյունիքի մարզը, լուծելով ոչ միայն մշակութային, սոցիալական, այլ նաև ռազմավարական խնդիներ։ Իհարկե, ամենակարող մշակույթի միջոցով:

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ «Մշակույթների երկխոսության»

#Արվեստ

Ստանալով ՏԻՄ մարմինների և մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցությունը՝ այս տարվա ապրիլի 25-ից Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում կմեկնարկի լայնածավալ նախագծի առաջին փուլը: «Մշակույթների երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը պատմել է ԵՐԵՎԱՆին ծրագրի մասին:

 

Սոնա Հարությունյանը՝ Շվանիձորում

 

Ինչու Սյունիք

2020-ի պատերազմից հետո պարզ դարձավ, որ մեր հայրենիքի և պետության խնդիրները պետք է յուրաքանչյուրս մեր տեղում լուծենք. մենք գործում ենք մշակույթի և արվեստի ոլորտում և այդ իսկ պատճառով նախաձեռնեցինք մի ծրագիր, որը կնպաստի Հայաստանի հարավային սահմանի՝ Սյունիքի ամրակայմանը։      

 

Բավական է որքան խոսեցինք. դրանից ո՛չ պետությունն է առաջընթաց ապրում, ո՛չ հասարակությունը: Բացի այդ, մեր միջից պետք է արմատախիլ անել պետութունից անընդհատ որևէ բան պահանջելու սովորությունը: Բոլորը շատ են սիրում Գերմանիան օրինակ բերել, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացին չէր սպասում և պահանջում պետությունից քայլեր իր համար՝ ինքն էր գործում: 

 

Առհասարակ, Սյունիքի ուղությամբ կարևոր նախաձեռնությունները սակավաթիվ են և առավելապես ուղղված են դեպի հյուսիս՝ Գյումրի, Դիլիջան … Իրականում, մեր հարավային սահմանները շատ հագեցած են պատմական շերտերով և ավելի շատ բացահայտման կարիք ունեն: 

 

Ժամանակակից արվեստը՝ Շվանիձորում

Ապրիլի 25-ին դանիացի արվեստագետ է ժամանելու Շվանիձոր և մեկ տարվա ընթացքում ստեղծելու է Շվանիձոր բնակավայրի դիմագիծը՝ դանիացու աչքերով և 2025թ․-ին կներկայանա արվածի բացօթյա ցուցդրությամբ: Դանիացի արվեստագետին կմիանան նաև երկու հայ արվեստագետ՝ լուսանկարիչ Հակոբ Մարգարյանը և գեղանկարիչ Լուսինե Բաղդասարյանը: Այսպիսով, կմեկնարկենք մեր բազմաշերտ ծրագրի առաջին փուլը: 

 

Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում գործելու է Ժամանակակից արվեստի կենտրոն, որի համար գյուղում ընտրվել է յոթ տարածք՝ Խորհրդային Միության ժամանակահատվածում կառուցված Շվանիձորի մշակույթի տունը, Շվանիձորի ուղղաթիռների համար դետալներ արտադրող գործարանի շենքը, մշակութային ժառանգություն հանդիսացող դպրոցը, բնակելի տներ: Այս կառույցներից շատերը լքված վիճակում են, և մենք դրանք ընտրել ենք գյուղի դիմագիծը վերականգնելու նպատակով: Ամբողջ Շվանիձորը տարին 365 օր վերածվելու է ժամանակակից արվեստի կենտրոնի:  

 

 

 

Մեր տեսլականն է՝ Շվանիձորն աշխարհի մշակութային քարտեզի վրա դարձնել ժամանակակից արվեստի հասանելի հարթակ, կեցավայր տեղացի և օտարերկրյա արվեստագետների համար: Փաստ է՝ Շվանիձորն Իրանի հետ սահմանամերձ բնակավայր է՝ Արաքսի ափին և դյուրին է իրանցի արվեստագետների համար։ Խճանկարի, լուսանկարչության, ֆիլմարտադրության, գեղարվեստական տպագրության լավագույն մասնագետներն այսօր Իրանոմ են և նրանց համար այլևս հարկ չի լինի ներկայանալ Երևանում՝ Շվանիձորը հարևանությամբ է: 

 

Պարբերաբար իրականացվելու են ցուցադրություններ, փոխանակման ծրագրեր, վարպետության դասընթացներ, մասնագիտական արվեստանոցներ, կանանց զբաղվածությանն ուղղված ծրագրեր, արևային կայան, էկո գյուղատնտեսություն, վարչական աշխատակիցների մասնագիտական հմտություների վերապատրաստման դասընթացներ և այլն: Կենտրոնի ստեղծմամբ ցանկանում ենք ներգրավել ողջ Սյունիքի մարզի և Մեղրու համայնքի բնակչությանը, մասնավորապես` երիտասարդներին։ Իրենց համար աշխատատեղեր ապահովել՝ լուծելով նաև սոցիալական խնդիր: Սյունեցին շատ ոգևորված է ծրագրով և պատրաստակամ ներգրավվելու: Պետական և միջազգային շատ կառույցներից արդեն աջակցություն ստացել ենք, հիմա մասնավոր հատվածում ենք փնտրում հովանավորներ:

 

 

Մշակութային դիվանագիտություն

Այս նախաձեռնությունը չի բխել մշակութային կարիքներից. դրա նպատակը քաղաքական հարցերը ոչ թե սառը զենքով, այլ՝ համամարդկային արժեք ներկայացող՝ մշակութային զենքով լուծելն է: Երբ միջազգային հանրության համար ինչ-որ տարածք անծանոթ է, անծանոթ է նաև այդ տարածքի ծագումնաբանությունը, պատմական շերտը,  պատկանելիությունը: 

 

Այս առումով արտերկրից Շվանիձոր ժամանող յուրաքանչյուր արվեստագետ նաև անուղղակի կերպով տեղեկատվական քարոզչություն է իրականացնում Սյունիքի մասին: Ցավում եմ, որ 21-րդ դարում դեռևս այս մասին ենք խոսում, դրա համար էլ պետք է օր առաջ մեկնարկել գործընթացը. պատմությունը կրկնվում է, ու մենք երբևիցե դրանից դաս չենք քաղում․ մենք,  որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի, որևէ պարտականություն չենք ստաձնում մեր պետության առջև. սպասում ենք՝ մեկ ուրիշին, բայց ուրիշը՝ մենք ենք: Սա յուրահատուկ դիվանագիտություն է՝ տարածաշրջանի և աշխարհի մակարդակով:  Հուսանք՝ այն վարակիչ կլինի նաև հայաստանյան այլ համայնքների համար:

հավելյալ նյութեր