#ՄերԿինոն ԿինոՊարկում
Մեծ էկրան

#ՄերԿինոն ԿինոՊարկում

Փետրվարին ԿինոՊարկ կինոթատրոնում մեկնարկում է #ՄերԿինոն արշավը, որի շրջանակում նորից մեծ էկրան կբարձրանան հայ կինոյի հինգ կարևոր նմուշներ։ ԵՐԵՎԱՆը արշավի կազմակերպիչներից պարզել է, թե որն է նախագծի գլխավոր նպատակը և ինչու արժե դիտել սիրված ժապավենները կինոթատրոնում։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023

#Գործընկեր #Կինո

 

Ավելի հարմար թվային գործիքներ

Երևան Մոլի թարմացված հավելվածը հնարավորություն կտա կինոսերներին ավելի հարմար դիզայնով ավելի արագ գնել ցանկալի ֆիլմի տոմս՝ ստանալով շուկայի համար նորություն համարվող պրոմո կոդեր հետագա այցելությունների համար։ Բացի այդ, Երևան Մոլը ներկայացնում է բոլորովին նոր փորձառություն՝ 5 յուրօրինակ դիզայնով թվային նվեր քարտեր, որոնք կարելի է ձեռք բերել անմիջապես հավելվածից։ Ի դեպ, քարտերից մեկում պատկերված է հայկական կինոյի անփոխարինելի աստղ Մհեր Մկրտչյանը՝ «Խոշոր շահում» ֆիլմի դրվագում, ուստի արշավի շրջանակներում հնարավոր կլինի նաև նվիրել «Ֆրունզի դեմքով» նվեր քարտ։

Մենք ենք, #ՄերԿինոն

Ալլա Թումանյանի կոշիկի կրունկը խրվում է տրամվայի երկաթգծի մեջ և նա հրաշքով փրկվում է վրա հասնող տրամվայից․․․ Զարմացած Արմեն Ջիգարխանյանը գյուղից ժամանած «բարեկամների» հետ երգում է «Քամի զանա»-ն․․․ Հանուն սիրո և ընկերության ամեն ինչի պատրաստ հայ տղամարդիկ Սանահինի վանքի ֆոնին քոչարի են պարում․․․ Ոչ մի նոր բան՝ մանկուց բոլորիս հայտնի տեսարաններ են Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» կատակերգությունից։ Բայց մի կարևոր նրբություն․ այս ամենն այժմ հնարավոր է դիտել մեծ էկրանի վրա՝ հարմարավետ փափուկ բազկաթոռներին նստած։

 

 

Երաժշտական խմբագիր և կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյան, հնչյունային հետարտադրական աշխատանքներ՝ Berberyan Production Studios, մոնտաժ՝ Նաիրի Դանիելյան

 

Փետրվարի 8-ին ԿինոՊարկում մեկնարկեց #ՄերԿինոն արշավը և, ահա, «Տղամարդիկ» վերադառնում են կինովարձույթ։ Մեկ շաբաթ շարունակ այն կարելի է դիտել ԿինոՊարկում՝ հենց նոր լույս աշխարհ եկած հոլիվուդյան բլոքբասթերների կողքին։ Հաջորդ շաբաթ հերթափոխը կհանձնվի Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» դրամային, հետո կլինեն «Մենք ենք մեր սարերը», «Մեր մանկության տանգոն» և «Խոշոր շահումը»։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, կարևորելով հայկական արժեքների անգնահատելի ներդրումը, սիրով համաձայնեց միանալ արշավին՝ մասնակցելով ֆիլմերի ընտրությանը և տրամադրելով դրանք նոր տեսաձայնային որակով։

 

Կինո՝ հայերի մասին

Առաջանում է տրամաբանական հարց․ ինչո՞ւ դիտել այս դասական, սիրված ժապավենները կինոթատրոնում։ ԿինոՊարկում բացատրում են շատ պարզ․ ցանկացած ֆիլմ պետք է դիտել մեծ էկրանին։ «Այդպես է միայն հնարավոր ընկղմվել ֆիլմի իրականության մեջ և զգալ այն ամենը, ինչ դերասանները փորձում են փոխանցել, - մանրամասնում է Երևան Մոլի բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը, - դա վերաբերում է նաև մեր հին ֆիլմերին, որոնց յուրովի տեղ է հատկացված հայկական արժեքների ձևավորման գործում։ Մեր երիտասարդությունը, որը ևս այդ արժեքների կրողն է, հնարավորություն պետք է ունենա այդ ֆիլմերը դիտելու կինոթատրոնում»։

 

Ինչ վերաբերում է ընտրված ֆիլմերին, ապա գլխավոր սկզբունքը եղել է, որ դրանք հային ու հայի կյանքը տարբեր դրսևորումներով ներկայացնող գործեր լինեն։ Նշված բոլոր ֆիլմերում կա հումոր, կենցաղ, ընտանիք, աշխատանքային առօրյա և դրանից բխող խնդիրներ, որոնց լուծման հայի մոտեցումը կհասկանա միայն հայը։ 

 

 

Երաժշտական խմբագիր և կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյան, հնչյունային հետարտադրական աշխատանքներ՝ Berberyan Production Studios, մոնտաժ՝ Նաիրի Դանիելյան
 

Ժամանակակից մոտեցում

Եվ իհարկե, ժամանակակից վարձույթի համար անհրաժեշտ են առաջխաղացման ժամանակակից գործիքներ։ Հատուկ այս արշավի համար ԿինոՊարկի գործընկեր Դոպինգ կրեատիվ ընկերությունը մշակել է ընտրված ֆիլմերի մատուցման թարմացված ձևաչափ՝ ստեղծելով «Տղամարդիկ», «Կտոր մը երկինք» և «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերի նոր ազդագրերն  ու լրացնելով այն կոմպոնենտը, որն այսքան տարի պակասել է ֆիլմերին՝ թրեյլերը։ Թրեյլերը խորհրդային տարիներին չի կիրառվել, մինչդեռ այն ամենաարդյունավետ գործիքներից է, որը ֆիլմի շուրջ կարողանում է ստեղծել աժիոտաժ, մեծացնել դրա հանդեպ հետաքրքրությունն ու ապահովել տոմսերի վաճառք։  #ՄերԿինոն արշավը լրացրեց այդ բացը ու դասական հայկական ֆիլմերը վերադարձրեց մեծ էկրան։ 

 

Թեպետ դրանք ոչ այնքան բուն գովազդի միջոցներ են, այլ պարզապես տարրեր, որոնք պարտադիր պետք է ունենա ցանկացած ժամանակակից ֆիլմ։ «Ուշադրություն դարձնելով նորաստեղծ վիզուալներին՝ կարելի է հասկանալ, որ դրանք հնի ու նորի համախումբ են. հին հայկական ֆիլմերը կարծես ժամանակի միջով անցած՝ փոխակերպվել և ներկայանում են ժամանակակից թրենդերին տիպիկ ձևաչափով, - նշում է Շուշան Ավագիմյանը։ - Կարևոր է նշել, որ դրանից չի փոխվում նրանց էությունը` մենք նորից վերհիշելու ենք Թորիկի ու Գրիգոր աղայի վեճերը կամ չորս ընկերոջ զվարճալի ու պատահականություններով լի արկածներն աղջկա սիրտը գրավելու ճանապարհին։ Պարզապես այդ ամենի ներկայացումը ներդաշնակորեն խառնված է նորագույն տեխնոլոգիաների և դրանց գործիքների հետ»։

 

 

Երաժշտական խմբագիր և կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյան, հնչյունային հետարտադրական աշխատանքներ՝ Berberyan Production Studios, մոնտաժ՝ Նաիրի Դանիելյան
 

Շարունակելի՞ 

Պարզ է, որ ուշադրության արժանի հայկական ֆիլմերի թիվը շատ ավելին է, քան այս հինգը և գուցե հաջողության դեպքում հետագայում ԿինոՊարկի մեծ էկրաններին՝ նորանոր բլոքբասթերների կողքին կհայտնվեն նաև ա՞յլ հայրենական գլուխգործոցներ։ Կինոթատրոնի ղեկավարությունն առայժմ չի բացում բոլոր փակագծերը, միայն նշում է, որ ԿինոՊարկը բազմապրոֆիլ կինոթատրոն է, ինչը նշանակում է, որ այն համատեղում է ինչպես արդիականությունը, այնպես էլ ավանդույթները, վինտաժն ու նորարարությունը, մշակույթը և թվային դարաշրջանը:

 

Համենայն դեպս, սա հաստատ ֆիլմի վերջը չէ։ 

հավելյալ նյութեր