Metaport. «Եթե 200 տարի անց որևէ մեկը հետաքրքրվեր քո պատմությամբ, ի՞նչ կցանկանայիր պատմել նրան»
Համացանց

Metaport. «Եթե 200 տարի անց որևէ մեկը հետաքրքրվեր քո պատմությամբ, ի՞նչ կցանկանայիր պատմել նրան»

Երևանում, Թբիլիսիում, Բուդապեշտում ու աշխարհի այլ ծայրերում կուտակվող մարդկային պատմություններն ու հուշերը հիմա տեսանելի են «Մետապորտ» հարթակում։ Շփվել ենք նախագծի հիմնադրի հետ։

Տեքստը՝ Նայիրի Արապաթեանի

 

metaport.ai

 

Գոհար Բարսեղյանը ճամփորդելիս միշտ խորհել է՝ որտեղի՞ց կարող է իմանալ ասենք՝ մոտակա շենքի պատմությունը։ Այլ հարթակներում կարելի է գտնել շինության, կառուցման թվականի և այլնի մասին, բայց ոչ մարդկային պատմության, հույզերի և ապրումների։ Հենց այս գաղափարից էլ առաջնորդվել է նա և թիմի հետ նվիրվել նախագծի մշակմանը։ Գոհարն անձամբ զրուցել է տասնյակ մարդկանց հետ՝ պատմաբանների, ճարտարապետների, պարզապես ճամփորդության սիրահարների, որպեսզի պարզի՝ արդյո՞ք մարդիկ իսկապես կգնահատեն նման ծրագիր։

 

Գաղափարի հիմքում մարդկային պատմությունն է, և խոսքը ոչ միայն հայտնի, մեծահարուստ կամ ազդեցություն ունեցող մարդկանց մասին է, այլ մեզանից յուրաքանչյուրի,  ինչն էլ յուրահատուկ է դարձնում այն մնացածից։

 

«Մետապորտի գաղափարն ուղղված է պատմությունների պահպանմանը, որոնց մեծ մասն այսօր հայտնվում է սոցիալական հարթակներում, ինչպիսին է Facebook-ը։ Սակայն այնտեղ այդ պատմությունները հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց և որոշ ժամանակ անց կորում են։ Մինչդեռ Մետապորտը թույլ է տալիս քարտեզի վրա պահպանել այդ պատմությունները՝ տալով դրանց կոնտեքստ, ժամանակ և տեղ»,- ասում է Գոհարը։

 

Թեստավորման առաջին տարբերակը շատ բան է սովորեցրել թիմին, և արդյունքում ստեղծվել երկրորդ՝ ավելի բարելավված ու պարզեցված տարբերակը։

 

Նախագծի գաղափարն առաջացել է 2022 թվականին։ Առաջին թիմն ընդամենը երեք հոգուց էր բաղկացած՝ Գոհարը, Հայկ Խաչատրյանը (ծրագրավորող) և Արևիկ Շաբոյանը (դիզայներ)։ Նրանք սկսեցին Թբիլիսիից, քանի որ այդ քաղաքն իր պահպանված հին շենքերով ու հայկական հարուստ պատմությամբ հիանալի օրինակ էր։

 

Յուրաքանչյուր վայր դառնում է տվյալների կրող՝ հնարավորությամբ ավելացնելու հին թերթերի հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր, հետազոտություններ, ճարտարապետական փաստաթղթեր, բանավոր պատմություններ, անգամ քաղաքային լեգենդներ։ «Մենք ժողովրդավարացնում ենք պատմության պահպանման գործընթացը»,- հավելում է նա։

 

«Մետապորտը նախատեսված է նրանց համար, ովքեր չունեն նախնական գիտելիք տվյալ վայրի մասին, բայց ցանկանում են տեսնել, թե իրենց շուրջը ինչ կա։ Սա պարզապես պատմական շենքերի տվյալների բազա չէ, այլ մի հարթակ, որտեղ կարելի է ավելացնել ցանկացած վայրի պատմություն՝ այգի, լիճ, արձան, նույնիսկ ավելի քան 500 տարվա ավերված շինությունների։ Ես կարծում եմ, որ վերջապես մի արխիվ է հավաքվում քարտեզի վրա, որ մարդկանց հետ է տանում այն տեղերը, այն բնական միջավայրը, որտեղ ապրել, ստեղծագործել են, ընտանիք են կազմել ու կարծում եմ՝ դա շատ մեծ առավելություն է»։

 

Հարթակը հնարավորություն է տալիս պատմաբաններին կամավոր սկզբունքով ստուգելու և հաստատելու տվյալները, որից հետո նրանց կողքը «ստուգված» նշանն է հայտնվում (verified checkbox)։ 

 

Գոհարի խոսքով՝ պատմական տվյալների պահպանման նման մոտեցում մինչ այժմ հիմնականում ցուցաբերվել է մասնագետների, հետազոտողների կողմից, սակայն ոչ հասարակ մարդկանց։

 

«Մեզ հաճախ համեմատում են «Վիքիպեդիայի» հետ, բայց պատմությունը միայն հարուստների ու հզորների մասին չէ, ո՛չ, քո պատմությունը ևս կարևոր է, և հաճախ ավելի կարևոր, քան նրանցը։ Ինչու իմ պապիկի պատմությունը պակա՞ս կարևոր է, քան Էյնշտեյնի։ Պատմություն կերտող մարդիկ հաճախ անտեսված մնացին, ոչ հայտնի լինելու պատճառով»,- նշում է նա։ Գոհարի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված պապիկի պատմությունն իսկապես արդեն տեղադրված է քարտեզում։ 

 

Մետապորտն արդեն պատրաստ է ավելի լայն հանրության համար և նպատակ ունի դառնալ պատմությունների պահպանման գլոբալ հարթակ։

 

«Ապրիլ ամսին խրախուսելու ենք, որ բոլորն իրենց ընտանիքների Ցեղասպանության պատմություններով կիսվեն քարտեզի վրա՝ դեպի Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա իրենց արտագաղթի պատմություններով։ Մենք վերջապես ունենք հնարավորություն խոսելու մեր պատմության մասին, և կիսվելու ամբողջ աշխարհի հետ, որը վիզուալ առավելություն ունի։ Տարածումը միշտ եղել է հայերի մեջ»։

 

Շուտով արհեստական բանականությունն իր միջամտությունն է ունենալու հարթակում՝ օգտատերերին մատուցելով ավելի լայն ծառայություն։

 

Գոհարն արդեն առավոտյան սրճելիս Մետապորտում տեղադրված նոր պատմություններն է կարդում, և շատ հաճախ գտնում հետաքրքիրն ու յուրահատուկը՝ աշխարհի 4 կողմում բնակվող անծանոթ մարդու մասին, որը դժվար թե գտներ այլ կերպ։