«Մեզ համար կարևոր է, որ աշխատանքը միանգամից չսպառվի իր տեսողական պատկերով»
Ահա մի զրույց

«Մեզ համար կարևոր է, որ աշխատանքը միանգամից չսպառվի իր տեսողական պատկերով»

«Ահա մի զրույց» Նախագծի չորրորդ զրույցը արվեստագետներ Կարինե Դավթյանի և Լավրենտ Հովհաննիսյանի ու համադրող Նայիրի Խաչատուրեանի միջև է։ Զրույցը կայացել է «Հանդիպման տարածք» ցուցադրության շրջանակում, որը AHA collective-ի ցուցասրահում կգործի մինչև 2026 թվականի նոյեմբերի 11-ը։ Առաջին անգամ հանրությանն է ներկայացվում արվեստագետ զույգի վերջին հինգ տարիների համատեղ ստեղծագործական աշխատանքները, որոնք արդյունաբերական ու բնական նյութերից ստեղծված տարածական կոլաժներ են։ Նրանց երկրաչափական աբստրակցիանները ներգործում են դիտորդի ընկալման և տարածական զգայունության վրա՝ հրավիրելով մեզ խորացնելու մեր հարաբերությունը տարածության հետ և զգալու դրա հարուստ էկոլոգիան։

Հարցազրույցը՝ Նայիրի Խաչատուրեանի

 

Լուսանկարները՝ Սևակ Թոմասյանցի

#Արվեստ

 

Հանդիպման տարածք. Լավրենտ Հովհաննիսյան, Կարինե Դավթյան

Ցուցադրությունը բաց է հանրությանը մինչև նոյեմբերի 11-ը` երկուշաբթիից շաբաթ ժամը 16:00–19:00, և այլ ժամերի՝ նախապես պայմանավորվելով։

AHA collective

Հասցե` Մոսկովյան 31 (2-րդ մուտք, 2-րդ հարկ)

 

Նայիրի. Ձեր աշխատանքներին առաջին անգամ ծանոթացել եմ ձեր տանը՝ շատ մտերմիկ միջավայրում, որտեղ ձեր ճարտարապետական և կահույքագործական աշխատանքները երկխոսության մեջ էին մտնում ձեր ստեղծագործական գործերի հետ։ Ալյումինից, քարից, փայտից և այլ նյութերից կազմված այս ծավալային կոլաժներն ինձ ներկայացրեցիք՝ մի փոքր շարժական լույս տարբեր ուղղություններով տեղափոխելով մակերեսների վրայով։ Լույսի յուրաքանչյուր նոր դիրք բացահայտում էր ծավալի մեկ այլ խորություն, ծալք, գույն կամ հորինվածքային շեշտադրում։ Ստվերի ներկայությունն ու իմ` դիտորդի շարժումը անընդհատ փոխում էին աշխատանքի ընկալումը։ Ինչպե՞ս եք մոտենում ստվերին ստեղծագործելուց։ Արդյո՞ք այն նախապես հաշվի առնված և հորինվածքի ստեղծման մաս է, թե՞ թողնում եք, որ լույսի, նյութի և տարածության փոխազդեցությունից ինքնուրույն ձևավորվի։ 

 

Կարինե /  Լավրենտ.  Մենք ստվերը չենք նախագծում որպես ֆիքսված հորինվածքային տարր, բայց ստեղծագործության ընթացքում անպայման հաշվի ենք առնում դրա հնարավոր ներկայությունը։ Ավելի շուտ փորձում ենք ստեղծել այն պայմանները, որոնցում լույսն ու ստվերը կարող են շարունակել ձևափոխել աշխատանքը։ Ծալքի խորությունը, հարթությունների հարաբերությունը, նյութի մակերեսը կամ տարրերի միջև հեռավորությունը որոշակիորեն ուղղորդում են այդ փոխազդեցությունը, բայց վերջնական պատկերը չենք փորձում վերահսկել։ Այն փոխվում է լույսի աղբյուրի, տարածության և դիտողի դիրքի հետ։ Այդ պատճառով ստվերը մեզ համար ոչ այնքան նախապես «հորինված» տարր է, որքան աշխատանքի շարունակություն՝ մի բան, որի շնորհիվ ֆիզիկապես անփոփոխ կառուցվածքը շարունակաբար փոխվում է ընկալման մեջ:

 

 

Նայիրի. Դուք այս աշխատանքները նկարագրում եք որպես «կոլաժներ»: Դասական արվեստում կոլաժը ենթադրում է գտնված թղթերի կամ տափակ տարրերի համադրություն, մինչդեռ ձեր կոլաժներն ունեն բացի տարբեր նյութերի համադրությունից հստակ քանդակային ծավալ և ճարտարապետական խորություն: Ինչպե՞ս եք ընտրում, թե որ նյութերը կամ ձևերը կարող են գոյակցել մեկ աշխատանքի մեջ։

 

Կարինե / Լավրենտ. «Կոլաժ» անվանումը սկզբում ընտրել էինք շատ պարզ պատճառով․ աշխատանքներում համադրում էինք տարբեր ձևեր և նյութեր, և «կոլաժ» բառն այդ համադրությունը նկարագրելու ամենապարզ տարբերակն էր։ Ժամանակի ընթացքում, սակայն, աշխատանքների զարգացմանը զուգահեռ ավելի ընդգծվեց դրանց ծավալային և տարածական բնույթը, և հասկացանք, որ դրանք ավելի շատ կառուցվածքներ են, քան կոլաժներ։ «Կոլաժ» բառը, այնուամենայնիվ, մնացել է մեր «ներքին»՝ աշխատանքային բառապաշարում։ 

 

Նյութերի և ձևերի ընտրության հարցում նախապես սահմանված կանոններ չունենք։ Երբեմն աշխատանքը սկսվում է որոշակի ձևից կամ կառուցվածքային գաղափարից, երբեմն՝ նյութից և դրա հատկություններից։ Մեզ հետաքրքրում է, թե ինչպես են տարբեր նյութերը փոխում նույն ձևի ընկալումը և ինչ հարաբերություն են ստեղծում միմյանց հետ՝ իրենց գույնով, մակերեսով, խտությամբ և լույսի հետ փոխազդեցությամբ։ Նյութը պետք է դառնա աշխատանքի կառուցվածքի և ընդհանուր ընկալման անհրաժեշտ մասը։ 

 

 

Նայիրի. Ձեր զույգի մասնագիտական կենսագրության մեջ երկու տարբեր ճյուղավորում կա․ Լավրենտ, դու ճարտարապետ-կահույքագործ ես, իսկ դու՝ Կարինե, ժամանակակից զարդի դիզայներ։ Այսպիսով, երկու տարբեր մասշտաբներից՝ տարածականից և մարմնին մոտ` մանրամասշտաբից, դուք կարծես հանդիպում եք միջին մասշտաբում՝ ձեր ծավալային կոլաժներում։ Որքանո՞վ է ձեր մասնագիտական առօրյան և փորձառությունը ներգործում ձեր ստեղծագործական գործընթացի վրա։ Արդյո՞ք ձեր ամենօրյա աշխատանքում ձեռք բերած մտածողությունն ու հմտությունները տեղափոխվում են այս գործերի մեջ։

 

Կարինե.  Զարդարվեստն ինձ սովորեցրել է շատ անմիջական հարաբերություն ունենալ նյութի հետ։ Երբ աշխատում ես փոքր մասշտաբով, նույնիսկ ամենափոքր փոփոխությունը՝ համամասնության, հաստության, մակերեսի կամ միացման մեջ, կարող է փոխել ամբողջ ձևի ընկալումը։ Կարծում եմ՝ մանրամասնի նկատմամբ այդ ուշադրությունն ինձ հետ տեղափոխվել է նաև մեր համատեղ աշխատանքների մեջ։ Հետաքրքիր է, որ այստեղ նույն զգացողությունը գործում է արդեն այլ մասշտաբով․ փոխվում է աշխատանքի չափը, բայց ձևի և նյութի նկատմամբ ուշադրությունը՝ ոչ։ 

 

Լավրենտ. Ճարտարապետությունն, անշուշտ, ազդել է իմ մտածողության ձևի վրա։ Այն սովորեցրել է ձևին նայել ոչ միայն որպես տեսողական պատկերի, այլ որպես կառուցվածքի՝ հասկանալ, թե ինչպես է այն կազմավորվում, ինչ հարաբերություններ կան դրա մասերի միջև, ինչպես են աշխատում համամասնությունը, նյութը և տարածությունը։ Կարծում եմ՝ այդ մտածողությունը բնականորեն տեղափոխվում է նաև մեր աշխատանքների մեջ։

 

Միևնույն ժամանակ, այստեղ մասշտաբի փոփոխությունն ինձ համար կարևոր է․ ճարտարապետության համեմատ շատ ավելի փոքր տարածքում նույն հարցերը կարող են ուսումնասիրվել ավելի անմիջական և ազատ ձևով։ Գաղափարը և դրա ֆիզիկական իրականացումը շատ մոտ են միմյանց, և ստեղծման ամբողջ ընթացքին կարող ես անմիջականորեն մասնակցել։

 

 

Նայիրի. Կոլաժների շարք ունեք («Spatial Construction»), որոնց կենտրոնը գրեթե գունային դատարկություն կամ խորը գունային հարթություն լինի, որը հիշեցնում է երկրաչափական աբստրակցիան և «Color Field» նկարչությունը՝ թարգմանված ֆիզիկական ռելիեֆի լեզվով: Կարծես դրանք պատուհաններ կամ մուտքեր լինեն, ինքնամփոփ մանրաճարտարապետական տարածություններ։ Ինչպե՞ս եք ընկալում խորությունն ու դատարկությունը այս գործերում։

 

Կարինե / Լավրենտ. Խորությունն ու դատարկությունը մեզ համար ինքնուրույն տարրեր են, նույնքան կարևոր, որքան նյութական ձևը։ Դատարկությունը չենք ընկալում որպես ինչ-որ բանի բացակայություն․ այն ձևավորվում է հարթությունների, եզրերի և դրանց միջև եղած հարաբերությունների միջոցով և դառնում աշխատանքի կառուցվածքի մի մասը։

 

Այս գործերում հատկապես հետաքրքրում է այն պահը, երբ հարթ մակերեսը սկսում է տարածական խորություն ձեռք բերել։ Երբեմն այդ խորությունը ֆիզիկական է, երբեմն այն ավելի շատ ստեղծվում է գույնի, լույսի և ստվերի միջոցով։ Այդ պատճառով աշխատանքի դատարկ կամ խոր գունային հատվածը մեզ համար ոչ թե ֆոն է, այլ ակտիվ տարածություն, որը փոխում է ամբողջ կառուցվածքի ընկալումը։

 

Նայիրի. Այլ աշխատանքներ ունեք՝ «Interval», «Common Form», «Syntactic Structure», որոնք կառուցված են կրկնվող տարրերի շուրջ՝ աշխատանքը վերածելով յուրօրինակ համակարգված տարածքի։ Մի դեպքում անմշակ բնական քարը տեղադրված է մշակված ալյումինե դարակաշարի մեջ, մեկ այլ գործում՝ նմանատիպ ձև և գույն ունեցող կլորավուն ծավալները ստեղծում են իրենց իսկ ցանցը։ Այս աշխատանքներում առկա է պարզ ձևի կրկնության և ամբողջական համակարգի ստեղծման միջև ուժեղ երկխոսություն։ Թվում է՝ հենց այդ հարաբերակցության մեջ է գտնվում ձեր արվեստի կենսունակության առանցքը․ այբուբենային համակարգի նման՝ դուք ստեղծում եք տեսողական լեզուներ` յուրաքանչյուրն իր ինքնուրույն նյութամթերքով ու շարահյուսությամբ, որոնք դիտորդին ներհայեցման հնարավորություն են տալիս։ Ի՞նչ դեր ունի հոգևորը ձեր ստեղծագործական աշխարհում։

 

 

Կարինե / Լավրենտ. Հոգևորը մեր աշխատանքներում նախապես ձևակերպված գաղափար կամ նպատակ չէ։ Այն ավելի շատ կապված է ստեղծագործելու և դիտելու ընթացքի հետ՝ կենտրոնացման, կրկնության, լռության և ինչ-որ բանի հետ երկար ժամանակ մնալու հնարավորության։

 

Մեզ համար կարևոր է, որ աշխատանքը միանգամից չսպառվի իր տեսողական պատկերով։ Պարզ ձևի կրկնությունը, տարրերի միջև հարաբերությունները, լույսի փոփոխությունը կարող են ստեղծել մի վիճակ, երբ դիտումը դառնում է ավելի դանդաղ և կենտրոնացած։ Այդ առումով հոգևորի ներկայությունը մեզ համար ներհայեցման հնարավորության մեջ է։

 

Նայիրի. Ձեր ստեղծագործական մտածողությունը որոշ առումներով հիշեցնում է 1960–70-ականների ճապոնական Mono-ha շարժումը՝ շեշտադրելով նյութերի և տարածության միջև հարաբերությունները։ Արվեստի գործը դառնում է հանդիպման տարածք, ներհայեցողության միջավայր։ Մարդու գիտակցությունը մի քայլ հետ է քաշվում՝ աշխարհը իր անմիջական, չմիջնորդավորված ներկայության մեջ զգալու և սեփական ինքնագիտակցությանը մոտենալու համար։ Ինչպե՞ս եք ինքներդ ընկալում այս «հանդիպման» գաղափարը։

 

Կարինե / Լավրենտ. Mono-ha-ի հետ այս զուգահեռը մեզ համար հետաքրքիր է, հատկապես նյութի, տարածության և դիտողի միջև հարաբերության տեսանկյունից։ Թեև մեր աշխատանքները չեն ձևավորվել այդ շարժման անմիջական ազդեցությամբ, մեր մոտեցման հետ որոշակի ընդհանրություն ունի արվեստի գործը ոչ միայն որպես ինքնուրույն օբյեկտ, այլ որպես հարաբերությունների ձևավորման վայր ընկալելու գաղափարը։

 

«Հանդիպումը» սկսվում է հենց աշխատանքի ներսում՝ նյութերի, հարթությունների ու դատարկության, լույսի ու մակերեսի միջև ձևավորվող հարաբերություններից։ Դիտողի ներկայությամբ այդ հարաբերությունները շարունակվում են՝ յուրաքանչյուր անգամ ստեղծելով ընկալման նոր հնարավորություն։ Այս իմաստով աշխատանքն ինքնին դառնում է հանդիպման տարածք` բաց տարածություն այդ փոխազդեցությունների համար։ 

 

 

Նայիրի. Շուրջ հինգ տարի շարունակ միասին ստեղծագործելուց հետո բացվում է ձեր առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում։ Ի՞նչ փոխվեց ձեր հարաբերության մեջ սեփական աշխատանքների նկատմամբ, երբ որոշում կայացրեցիք, որ աշխատանքները պետք է դուրս գան արվեստանոցից և ներկայանան հանրությանը AHA collective-ի ցուցասրահում։

 

Կարինե / Լավրենտ. Մինչ այս աշխատանքները հիմնականում ձևավորվել և գոյություն են ունեցել մեր անձնական միջավայրում։ Ցուցահանդեսին պատրաստվելը մեզ հնարավորություն տվեց առաջին անգամ մի փոքր հեռավորությունից նայել դրանց՝ ոչ միայն որպես առանձին աշխատանքների, այլ որպես տարիների ընթացքում ձևավորված միասնական ընթացքի։ Այդ հեռավորությունից ավելի հստակ դարձան նաև այն կապերն ու ընդհանուր լեզուն, որոնք ստեղծման ընթացքում միշտ չէ, որ նկատելի էին մեզ համար։

հավելյալ նյութեր