Մի Բարդակ ու մի Ազատ
Ինչպես և ինչու արցախցի Ազատը բացեց Ստեփանակերտի միակ ու անկրկնելի «Բարդակ» փաբը, և ի՞նչ կարիք կա այս խառը ժամանակներում դրանից բացի ստեղծելու «Մառանը» (որի տարածքում առայժմ ապրում են Դանթե և Բեատրիչե ոչխարները)։
Տեքստը՝ Էլեն Բաբալյանի
Լուսանկարենրը՝ Բիայնա Մահարու
ԵՐԵՎԱՆ #79 | 2023
Առաջին չորս շիշը
2017-ից սկսած Արցախի պարտադիր այցելության կետերից է Ստեփանակերտի «Բարդակ» փաբը: Հիմնադիրն Ազատն է՝ շարժուն, վառվռուն կանաչ աչքերով, անդադար ֆիզիկական աշխատանքներից ու լեռնային արշավներից մկանուտ դարձած մի տղա, որն այնպես է սիրում Արցախը, որ ակամայից վարակվում ես նրա սիրով ու թվում է՝ ինքդ էլ ես մեծացել այս սարերում ու անտառներում:
Ազատը «Բարդակը» բացեց ապրիլյան պատերազմից վերադառնալուց հետո, հոր սարքած կիսակառույցում, որտեղ ժամանակին հաճախ էին հավաքվում ընկերներով: Այդ նույն ընկերներով էլի հավաքվեցին, մի քիչ պատերն ամրացրեցին, բարի սեղան հավաքեցին, մի քանի պադոնե սեղան-աթոռ հարմարեցրին ու վերջ՝ փաբը պատրաստ էր: Ինտերիերի իրերն իրենց ոտքով եկան՝ հին մագնիտոֆոն, հնաոճ կահույք (կամ գոնե մի մասն այդ կահույքի), փայտե վառարան, սովետական պլակատներ, դարին հասակակից տեսախցիկ, ճապոնական ահռելի հովհար, հին լապտերներ, մի խոսքով՝ անգլիական ավանդական փաբերի լավագույն օրինակներով ձեռքի տակ եղած իրերից ստեղծեցին Ստեփանակերտի երիտասարդության սիրելի չեք փոյնթը: Փաբի դռները բացելու ժամանակ կար ընդամենը չորս շիշ խմիչք, բայց դե կարևորը՝ սիրտդ լեն պահես:
Հարազատ բարդակ
«Բարդակը» հեղաշրջում արեց: Հանկարծ պարզվեց, որ Ստեփանակերտում ու հարակից տարածքներում կան շատ երիտասարդներ, որոնք ունեին նման վայրի կարիք՝ ռոք էին սիրում ու Ղարաբաղի թթի օղուց ավելի գերադասում Արցախի գինին: Շատ արագ փաբի մշտական հաճախորդներ դարձան նաև արտասահմանյան ընկերությունների աշխատակիցները: «Բարդակը» նրանց հիշեցրեց իրենց ծննդավայրի շունչն ու ազատությունը:
Փաբի անունն Ազատն ընտրել է երկու հիմնավորմամբ. «Նախ՝ մեր շուրջն ամենուր է բարդակ, բառը մեզ շատ հարազատ է, ոչ ոք ոչ մի բանից գլուխ չի հանում արդեն երեսուն տարի է: Բացի այդ, այս բառը լավ ֆիլտր է կեղծ բարեպաշտ մարդկանց զտելու համար, նրանք կգնան գլամուր, եվրոպական անվանում ունեցող վայր, չեն գա բարդակ տեղ, ու մեր ուզածն էլ հենց դա է»: Ազատը չէր սխալվել, նրա ստեղծած վայրում հավաքվել են անկեղծ, ազատ շփվող ու իրական արժեքների մասին զրույցներ գնահատող մարդիկ, առանց պաթոսի ու ռազմահայրենասիրական կենացների: Հատկապես ակտիվ են այստեղ անցնում ուրբաթ երեկոները՝ անգլիական լավագույն ֆրայդեյնայթերի ավանդույթի համաձայն: Մեծ սեղանի շուրջ հավաքվում են անգլերեն, ռուսերեն, հայերեն, արցախերեն խոսող երիտասարդներն ու խաղում, օրինակ՝ «Այլ կերպ»:
Փաբ մտնողի ձեռքերում հաճախ կտեսնես նվեր-խմիչք, օրինակ՝ շաբաթվա սկզբին բանակի ընկերը Երևանից ուղարկել է «Յագերմեյսթեր», ամբողջ շաբաթ սպասել է, որ ուրբաթ օրը կիսի բարդակցիների հետ: Հարցնում եմ՝ իսկ ֆեյս-քընթրոլի հարցը ո՞նց եք լուծում: Ժպտում է. «Զգացվում է, որ Արցախից չես, այստեղ բոլորը բոլորին գիտեն, ով պետք չի, ինքը չի էլ գալիս»:
Զարթնի՛ր
Բարդակը հեղաշրջում արեց ոչ միայն արցախցի երիտասարդների համար, այլև այն տուրիստների, որոնք ոչ մի կերպ չէին էլ ակնկալում ավանդապաշտ այս տարածքում գտնել փաբ՝ Դիփ Փարփլով ու ռոմ կոլայով: Ու ինչպես բոլոր աճող օրգանիզմները, «Բարդակն» էլ սկսեց մեծանալ ու զարգանալ: Ամեն ամիս մի քանի նոր իրեր էին հայտնվում՝ առավել էկլեկտիկ ու հետաքրքիր դարձնելով Ազատի թագավորությունը: Շատ ուրախացան սովետական սառնարանի գալով, այնքան, որ միանգամից կարմիր ներկեցին: Սանհանգույցի դուռը քողարկեցին հին վինիլներով՝ կենտրոնում ազատ տեղ թողնելով պրոլետարների առաջնորդի հպարտ կիսանդրու նկարի համար: Սյան երկայնքով գրեցին «Զարթնի՛ր», վերևից կախեցին հարսնացուի քող՝ միգուցե ինչ-որ մեկին պետք գա, երբ զարթնի:
Սեղանների գրվածքները… Առանձին ուսումնասիրության թեմա են «Բարդակի» սեղանները: Պատմվածք, նույնիսկ վեպ կարելի է կազմել, ժանրը՝ պատմական դրամա՝ սիրային ելևէջներով: Ամեն հնարավոր անկյունում Արեգ Բալայանի հայտնի Բլօջիկներն են՝ փաբի հենց մուտքի մոտ արկի վրա, մինչև բարի սեղան: Թվում է՝ Բլօջիկները հենց այստեղ էլ ծնվել են, հետո տարածվել ամենուրեք:
Պատերից մեկի վրա դեռ 18-ին միայն Թալիշի գյուղապետարանի ցուցանակն էր, վերջին պատերազմից հետո՝ արդեն նաև Տիգրանակերտինը: Չես հասցնում տխրել, երբ նույն պատի վրա աչքդ նկատում է ծանոթ մի տղամարդու դեմք: Միայն շատ քչերը հիմա դեմքով կճանաչեն ֆրանսիացի երգիչ Ջո Դասսենին:
Առաստաղն էլ անմասն չի մնացել Ազատի ու նրա ընկերների ստեղծագործ մտքերից: Երկայնքով մեկ մեծ հնդկական կտոր է ամրացված, որի մեջ նրանք նետում են հավելյալ գումարները: «Գերշահույթ» տերմինը փաբին անծանոթ է, բայց ձեռքի տակ հայտնված ավել գումարը հավաքում են հենց այստեղ, ու ամսվա վերջում հանում ու, օրինակ, կոմունալները վճարում:
«Բարդակ» փաբն ունի իր պաշտոնական չեքինը: Ազատը պատմում է, որ երբ փոստից զանգեցին, ասացին, որ Ֆրանսիայից նամակ ունի, մտածեց՝ երևի ազերներն են դժգոհել, քանի որ հաճախ էր կիրառում #ArtsakhIsArmeniaNot Azerbaijan հեշթեգը: Պարզվեց՝ Գուգլից է, գրում էին, որ եթե մարդիկ շատ են ուզում check in լինեն ու new place են պահանջում, Գուգլը հետաքրքրվում է օգտատերերի պահանջարկով ու հաստատում հասցեն Գուգլի քարտեզում:
Բարդակից բացի
Ազատի մանկության հեծանիվը մնացել է փաբի դռներից դուրս՝ մուտքի մոտ, ավտոբուսի կմախքի հետ հարևանություն անելու: Բայց իր մանկական երազանքներից Ազատը չի հրաժարվում: #եկԱրցախ հեշթեգին ու գաղափարին հավատարիմ՝ «Բարդակից» բացի մեկ այլ վայր է մտմտում ստեղծել: Արդեն 50 տարով վարձակալել է նախկին մարզահամալիրի տարածքն ու կամաց-կամաց իր ձեռքերով կառուցում է. «Ուզում եմ սարքել համերգային կենտրոն, կարկասները լավն են, կարող ենք լույսերն ու աուդիոն ամրացնել այնպես, որ չխանգարի մարդկանց»:
900 քմ-ոց հսկա տարածքի մի հատվածն արդեն այս տարի գործարկել է. մի քանի տնակներ գետի ափին հյուրընկալել են ճամբարական երեխաների Հայաստանից: Սակայն օգոստոսի սկզբին ռազմական դրության սրացման արդյունքում միանգամից երկու միջոցառում հետաձգվեց: Ամառային հանգստի սեզոնն ինչ-որ կերպ փակելուց հետո անցավ նույն տարածքում Մառանի կառուցմանը: Գինի մատուցելու մշակույթ է սովորեցնելու, կլինեն հինգ-վեց սեղաններ, գինի ու խորտիկներ:
Տունը կմնա կանգուն
Նույն տարածքում գտնվող երկհարկանի տունը մի ժամանակ բնակելի էր, բայց դա այնքան վաղուց էր: Ու միևնույն է՝ տունը կմնա կանգուն, կվերակառուցվի, կթարմանա, բայց չի քանդվի: Որովհետև տունը հայտնվել է Ազատի ձեռքերում, իսկ նա նոր իրեր չի սիրում՝ շունչ, հոգի, ապրած կյանք չկա դրանց մեջ: «Պատշգամբի փայտը շատ վատ վիճակում էր, ժամանակը կերել էր գրեթե ամբողջովին: Հիմա լավ է, ուշքի է եկել, վերանորոգել եմ, այս սենյակում հիմնարար պատն էր ճաք տվել, բայց դա էլ խնդիր չէր, ուղղեցի»: Առաստաղի լուսամփոփը չափսերով մեծ է ու աչք է զարնում, ակնհայտ այս տարածքից չէ, դառը ժպիտով ասում է, որ Տիգրանակերտից է բերել. «Երբ իմացա, որ էլ մերը չի լինելու, գնացի մասունքներ հավաքելու»:
Ապագա «Մառանի» սենյակներից մեկում նկատում եմ մի աստվածային կոմոդ, իսկական խորան, կախարդված մոտենում եմ ասես ծնկաչոք աղոթելու: Ազատը նկատում է հիացմունքս ու պատմում, որ իր հետ էլ էր նույնը տեղի ունեցել, երբ առաջին անգամ տեսավ նրան: Ընդհանրապես, Արցախում ով կոմոդ է վաճառում, առաջինն Ազատին են զանգում, գիտեն, որ հասկանում է իրական արժեքը:
Նույն սենյակի մյուս անկյունում կոմոդի մրցակիցն է՝ 1897 թվի ֆիզհարմոնիան: «Արցախում սրանից էլ չկա: Օդեսայից են բերել, բայց գերմանական է: Ջութակիս ուսուցչուհու տանն եմ տեսել ու մի քանի տարի փող կուտակել, որ կարողանամ գնել: Շատ նուրբ գործիք է, թոզի փշուր ընկնի, չի նվագի: Ստեղներն առանձին-առանձին մաքրել եմ, որ հաշտվի, սկսի նվագել»,– պատմում է ու նստում գործիքի դիմաց, դանդաղ ու ակնածանքով սկսում նվագել: Ազատը տասնհինգ տարի ջութակ է նվագել, այդքանը բավական էր երաժշտի կարիերա սկսելու, հետագայում համերգներ ու շրջագայություններ ունենալու համար:
Բայց Արցախը ստիպեց գերզգայուն գործիքը դնել մի կողմ ու ձեռքն առնել կամ զենքը՝ ռազմական էսկալացիաների ժամանակ, կամ էլ սղոց, մուրճ և այլ ոչ նուրբ գործիքներ: Ծննդավայրը նրան չտվեց ընտրության հնարավորություն:
Շինության մուտքի մոտ գոմ կա, մեջը երկու ոչխար է պահում՝ Դանթեն ու Բեատրիչեն: Հարցնում եմ՝ մնալո՞ւ են այստեղ: Ասում է՝ սա նրանց տունն է, ես հո թուրք չեմ, տնից հանեմ: Հայը տուն է կառուցում, արցախցին՝ տներ: