Մի դահլիճի պատմություն
Կինոթատրոն

Մի դահլիճի պատմություն

Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճի բուռն կյանքը։

Տեքստը` Լենա Գևորգյանի


Լուսանկարները` Սուրեն Մանվելյան, Ս. Կնտեխցյանի արխիվից

#Ճարտարապետություն #ՀինԵրևան

Սուրբ Պողոս-Պետրոս
Առաջին տաճարն այս տեղում կառուցվել է V-VI դարերում և իրենից ներկայացնում էր եռանավ բազիլիկ անգմբեթ տաճար: 1679 թ. աղետալի երկրաշարժի հետևանքով եկեղեցին ավերվեց: XVIII դարավերջին նրա մնացորդների վրա իր նախկին տեսքով կառուցվեց նույնանուն եկեղեցի: 1930 թ. որոշվեց եկեղեցին քանդել: Ալեքսանդր Թամանյանը, որ զբաղեցնում էր նաև Հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահի պաշտոնը, ակտիվորեն հանդես էր գալիս ի պաշտպանություն եկեղեցու: Կոմիտեի գիտքարտուղար Աշխարհաբեկ Քալանթարի հետ միասին նա դիմել է Հայաստանի լուսժողկոմ Եղիազարյանին, նշելով, որ Սուրբ Պողոս-Պետրոսի կործանումը զգալի բաց պիտի առաջացնի Երևան քաղաքի շինարարության համար և որ նրա կանգուն մնալը չի խանգարում շուրջը քաղաքացիական շենքեր կառուցելուն՝ Աբովյան փողոցի և հրապարակի կողմից: Բացի այդ, արտաքին նկարների տակ բացվեցին զանազան դարերի պատկանող 5 տարբեր սվաղի շերտեր, որոնց վրա գտնվում են յուղաներկ և ջրաներկ ֆրեսկոներ: Թամանյանը ևս մեկ անգամ լուսժողկոմին դիմում է 1931-ի ապրիլի 22-ին, այս անգամ խնդրելով գոնե մեկ ամիս՝ հետազոտությունների և որմնանկարների անվնաս տեղափոխման համար: Սակայն արդյունքում փրկվեցին միայն կտավի վրա արված սրբապատկերներն ու մնացած շարժական գույքը, որոնք այժմ պահվում են Ազգային պատկերասրահում, իսկ որմնանկարներից մնացել է ընդամենը մի քանի բեկոր, որոնք Երևանի պատմության թանգարանում են:
 
 
 

2010 տարվա հունվարին Երևանում բուռն քննարկումներ սկսվեցին. ուշադրության կենտրոնում էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը: Կիսամոռաց կառույցի մասին հիշեցին, երբ գաղափար ծագեց քանդել այն, վերականգնելով այդ տեղում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Հասարակությունը գրեթե միաձայն հանդես եկավ ի պաշտպանություն Սպարտակ Կնտեխցյանի և Թելման Գևորգյանի կերտած դահլիճի:

 

Հայտնի է որ 1960-ականները առանձնահատուկ էին Երևանի համար: Հենց այդ ժամանակ քաղաքով մեկ սկսեցին բացվել սրճարաններ, ձևավորվեց մեզ հասած երևանյան քաղաքային մշակույթը: Իր մեծ դերն այս ամենի մեջ անշուշտ ուներ նաև քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը, որի ջանքերի շնորհիվ 1962-ին երիտասարդ ճարտարապետներ Թելման Գևորգյանին ու Սպարտակ Կնտեխցյանին հնարավորություն տրվեց օգտագործել կինո «Մոսկվայի» հետնամասում գտնվող տարածքը: Հեղինակներն ապացուցեցին, որ ամենաանհարմար ճարտարապետական միջավայրի մեջ կարելի է ստեղծել հետաքրքիր կոթող: Դահլիճը կախվեց քաղաքի վրա, և այն, ինչ լինելու էր ներսում, նույնպես տարբերվում էր զրոյական մակարդակից: Այն կոչված էր ստեղծել արվեստի մի միջավայր, որը պետք է իշխեր այն քաղաքի վրա, որը սիրում էին ճարտարապետները:

 

 

Աշխատանքային ողջ ընթացքը տեղի էր ունենում հենց քաղաքապետի անմիջական հսկողության ներքո: Կինոթատրոնի նախասրահը իջեցվեց փողոցի մակարդակից մի փոքր ցածր, իսկ օդում «ճախրող» նստատեղերի տակ ստեղծվեց հասարակական տարածք՝ սրճարանով և շատրվանով, որը միևնույն ժամանակ կարծես կտրված էր քաղաքից:

 

Տնական հարաբերություններ

Ամառայինի մասին յուրահատուկ հիշողություններ ունեն Թումանյան 28/20 հասցեում գտնվող՝ կինոթատրոնի դիմացի շենքի բնակիչները: Դահլիճի բուռն կյանքը՝ կինոցուցադրումներով ու համերգներով, անցել է բառացիորեն նրանց աչքի առաջ: 61-ամյա տիկին Նադյայի աչքերը փայլեցին, երբ խնդրեցինք պատմել այն ամենի մասին, ինչ կապված է իրենց բակի և դահլիճի հետ: Նախ սուրճ հյուրասիրեց, ապա սկսեց հիշել՝ «Շատ հարմար էր՝ տնից դուրս ես գալիս, փողոցը անցնում ու հասնում ես քաղաքի ամենահաճելի մշակութային վայրերից մեկը՝ ուզածդ կինոն կամ համերգը գնա նայի կամ լսի… Մեր հարևաններից շատերը հանգիստ վայելում էին ամառայինի համերգները առանց տնից դուրս գալու: Ավելին ասեմ, էդպիսի օրերին հեռուստացույցի դիտումները չեղյալ էինք հայտարարում, որովհետև նույնիսկ փակ պատուհանները մեզ չէին փրկում աղմուկից», — հիշում է տիկին Նադյան:

 

Ձմռանը, ինչպես կարելի է տրամաբանել, ամառային դահլիճը չէր գործում: Բայց հենց որ կինոթատրոնի աշխատակիցները սկսում էին մաքրել աթոռներն ու բեմը և փոխել էկրանը՝ թումանյանցիներն առաջինն էին իմանում, որ ձմեռն ավարտվել է: Համերգների և ֆիլմերի սեզոնը հայտարարվում էր բացված:

 

 

Այստեղ գալիս էին Երևանի բոլոր ծայրերից՝ ամառայինը յուրահատուկ ոգի ունեցող միջավայր էր: Տիկին Նադյան ժպտալով նշում է, որ բաց դահլիճը ամենաէկզոտիկ վայրն էր սիրահար զույգերի համար: Նրանցից շատերը գնում էին այնտեղ ոչ թե ֆիլմ դիտելու, այլ միասին ժամանակ անցկացնելու համար: Ռոմանտիկ շփմանը տրամադրում էր նաև կինոթատրոնի ներքևի հատվածում գործող Թումանյան փողոցի առաջին բացօթյա սրճարաններից մեկը:

 

«Հաճելի էր առույգ, ռոմանտիկ զգացողություններով տարված երիտասարդներին տեսնել», — ասում է տիկին Նադյան, սակայն հավելում, որ շենքի բնակիչները հաճախ դժգոհության ալիք էին բարձրացնում, քանի որ սիրահար այցելուներին ուշ ժամերին փոխարինում էին խմիչքի սիրահարները, որոնց զրույցները ևս կարելի էր լսել հարևան շենքերից: Բացի այդ, հաճախ այդ հանդիպումները ավարտվում էին վեճերով կամ ծեծկռտուքով:

 

Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո՞. «Էհ, էն ժամանակ արդեն կինո նայելու ժամանակը չէր»: Մի քանի տարի կինոթատրոնը չէր գործում: Հարակից տարածքները վերածվել էին թաղի տղաների «ռազբորկատեղիի»: Այնտեղ էին «բնակություն» հաստատել նաև անտուն «բոմժերը»:

 

Տիկին Նադյան ամեն անգամ դահլիճի մասին խոսելիս, մոտենում է լուսամուտին և ձեռքով ցույց տալիս դիմացի մայթը: «Մի երկու տարվա ընդմիջումից հետո նորից գնացինք կինոթատրոն: Էսօրվա պես հիշում եմ՝ Ֆորշի համերգն էր…»: Ու կրկին Թումանյան փողոցի բնակիչներն էին առաջինը տեղեկանում, որ ամառն ավարտվել է՝ տոնական տրամադրությամբ տեղի էր ունենում կինոթատրոնի պաշտոնական փակման արարողությունը, որը ազդարարվում էր համերգով:

 

Երբ սկսեց գործել նաև «Մոսկվայի» հիմնական դահլիճը, և սկսեցին պարբերաբար ֆիլմեր ցուցադրվել, նույն ֆիլմերը ցուցադրվում էին նաև ամառայինում՝ տոմսերն արժեին 500 դրամ: Ցուրտ երեկոների պատճառով կինոսեր հանդիսատեսը ստիպված էր լինում նստել ամառայինում բաճկոններով, սակայն դա չէր խանգարում նրան վայելել այն ժամանակվա միակ հաճույքներից ու զվարճանքներից մեկը:

 

 

Որոշ ժամանակով ամառայինը մասամբ ձեռք բերեց իր նախկին մշակութային արժեքը: Կինոթատրոնի դիմացի շենքի չորրորդ-հինգերորդ հարկերում ապրող բնակիչները կարող էին չվճարել տոմսի համար՝ պատշգամբ կոչվող «ամֆիթատրոնից» էկրանը պարզ երևում էր: Շատերը հատուկ զինված էին պատրաստվում կինոդիտմանը՝ հեռադիտակներով և ուտեստներով:

 

Տիկին Նադյան ծիծաղելով հիշում է, որ համերգների կամ ֆիլմերի ցուցադրման օրերին անկոչ հյուրերը իրենց տանը անպակաս էին: Անծանոթները թակում էին չորրորդ հարկում բնակվող Նադյաենց դուռը և խնդրում պատշգամբից դիտել ֆիլմերը կամ լսել համերգները: «Մութ տարիների» անկոչ հանդիսատեսները ժամանակի ընթացքում ընկերներ դարձան: Ոմանց հետ շփումը շարունակվում է մինչև այսօր:

 

1990-ականներին ամառայինը հատուկ դեր է խաղացել նույն բակի բնակիչ 31-ամյա Աննայի կյանքում: Նա 19 տարեկան էր, երբ սկսեց հանդիպել Արթուրի հետ: Նրանց առաջին ժամադրությունը տեղի է ունեցել ամառայինում՝ Ֆորշի վերոհիշյալ համերգին: Այժմ Աննան ամուսնացած է, Արթուրի հետ չէ՝ Արտակի: Բայց ամառային դահլիճում Արթուրի համբույրն առաջինն էր:

 

 

Ցուցակից դուրս

1990-ականների սկզբին «Մոսկվա» կինոթատրոնի շենքը սեփականաշնորհվեց: 60 տարվա պատմություն ունեցող շենքն արդեն գտնվում էր բավականին վատթար վիճակում: Կառույցի ծածկերը փայտից էին: 1992 թվականին սկսվեցին վերականգնման աշխատանքները, որոնք իրականացնելու համար պարտադիր էր ամբարձիչ կռունկ մոտեցնել: Այդ աշխատանքները ապահովելու համար վերականգնման պայմանով քանդվեցին Թումանյան փողոցում գտնվող բետոնե սալն ու աստիճանները, որոնք և առանձնացնում էին ամառային դահլիճը փողոցից և ապահովում էվակուացիոն ելքը: Մասնագետների կարծիքով, հենց այդ ժամանակ խախտվեց դահլիճի ճարտարապետական տեսքը:

 

Ավելի ուշ ամառային դահլիճի տարածքում բացվեց ավտոլվացման կետ, հետո՝ սրճարան, որը փակեց դահլիճի մուտքը փողոցի կողմից: Այժմ դահլիճում կարելի է հայտնվել միայն 1,5 մետրանոց նեղ միջանցքով: Սրճարանը փակեց նաև շատրվանն ու Հովհաննես (Հոնիկ) Մինասյանի հեղինակած խճանկարը՝ Երևանի առաջին ստեղծագործություններից մեկը, որ վստահ կարելի էր «հանրային արվեստ» անվանել: Այն ժամանակներում համատարած սոցռեալիզմին հակառակ՝ Մինասյանն իր խճանկարը ստեղծել էր աբստրակտ ոճում:

 

Նորագույն պատմության տարիներին ամառայինում տեղի են ունեցել համերգեր, ռոք-փառատոներ, իսկ վերջին լուրջ իրադարձությունը 2009-ին կայացած դիրիժոր Արամ Ղարաբեկյանի կազմակերպած բացօթյա երաժշտական փառատոնն էր, որի շրջանակներում մեկ ամսվա ընթացքում գրեթե ամեն օր կինո «Մոսկվայի» ամառային դահլիճում հնչում էր զանազան երաժշտություն՝ դասականից մինչև ժողովրդական և ռոք: Մինչև 2010 թվականի փետրվարի 28-ը շենքը գտնվում էր Երևանի պատմության և մշակույթի ուշադրության ցանկի մեջ, ասել է թե՝ պետության պահպանության տակ:

 

 

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին օրենքում նշված է, որ եթե ճարտարապետներից, պատմաբաններից, մշակութաբաններից և հնէաբաններից կազմված հանձնաժողովը գտնում է, որ տվյալ կառույցը հուշարձան է, և եթե շենքին չի հասցվել իրական ու շոշափելի վնաս, ապա այն չի կարող դադարել հուշարձան լինելուց: Միևնույն օրենքի համաձայն, հուշարձանների ցանկից տվյալ կառույցը դուրս է գալիս կոնկրետ փաստերի հիման վրա:

 

Այսպիսով շենքի վրա կատարվող ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանեցվի ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաև մշակույթի և հուշարձանների պահպանության վարչության հետ:

 

2010 թվականի փետրվարի 25-ին ՀՀ կառավարությունը նիստի ընթացքում, փոփոխություններ կատարելով Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ընդունեց «Մոսկվա» կինոթատրոն ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Աբովյան 18 հասցեում գտնվող ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նոր եկեղեցի կառուցելու համար:

 

Կրկնվող պատմություն

Ամառայինի պաշտպանության համար ստեղծված քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներից մեկը՝ Սարհատ Պետրոսյանը, ցույց է տալիս բազմաթիվ հարցումներին ստացված նամակներ և հիշում, թե ինչպես ամառայինի քանդման լուրը համախմբեց բազմաթիվ մտավորականների: Նրանց «հավաքատեղին» դարձավ Facebook-ը, որում բացված համապատասխան էջին մի քանի շաբաթվա ընթացքում անդամակցեց 6000-ից ավելի օգտագործող:

 

Սարհատը պատմում է, որ դահլիճը փրկողների բողոքողները ունեին իրենց իրավական հիմքերը: Մասնավորապես, պատմական հատակագծերի համաձայն եկեղեցին գտնվել է ոչ թե ամառային դահլիճի, այլ «Մոսկվա» կինոթատրոնի հիմնական շենքի տեղում: Քաղաքացիական նախաձեռնության պահանջը նախ հետևյալն էր՝ վերադարձնել դահլիճը հուշարձանների կարգավիճակ ունեցող շենքերի ցանկ, վերականգնել շենքի նախնական տեսքն ու ստանալ սեփականատիրոջ համաձայնությունը՝ պայմանագրի համաձայն օգտագործել շենքը որպես մշակութային օբյեկտ:

 

 

Դժգոհ երևանցիները նամակ հղեցին կաթողիկոսին և ՀՀ վարչապետին: Պատասխանները մասնակիցներին չգոհացրեցին, ու վերջիններս հանրային ստորագրահավաք կազմակերպեցին: Հավաքվեց 25 000-ից ավելի ստորագրություն: Պատճենները ուղարկվեցին ՀՀ Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին և կաթողիկոսին:

 

2010 թվականի փետրվար-մարտ ամիսներին Թամանյանի արձանի մոտ և Աբովյան փողոցում էր հավաքվում նաև ուսանողությունը ու ստորագրություն հավաքում: Ակտիվիստ Մանե Թամանյանը նրանցից էր, ով իր մեծանուն ապուպապի արձանի մոտ անցորդներին առաջարկում էր մեկ ստորագրությամբ իրենց լուման ներդնել դահլիճի պահպանման գործում: Իհարկե, պատահում էին նաև հակառակ կարծիք ունեցողները. «Մի օր Թամանյանի արձանի մոտ մի տղամարդ, լսելով, թե ինչով ենք զբաղվում, անկեղծ ապշեց՝ «չեք էլ ամաչում, հավաքվել եք էն մարդու արձանի մոտ, որը պայքարում էր ձեր կինոթատրոնի տեղում կանգնած եկեղեցու փրկության համար, գոնե ուրիշ տեղ գնացեք ստորագրություններ հավաքեք», — պատմում է Մանեն, — «Հետաքրքրվեցի այս պատմությամբ, ուսումնասիրեցի Թամանյանի նամակագրությունն այդ թեմայի շուրջ: Չեք պատկերացնում, թե որքան նման էր այս նույն իրավիճակին: Այն ժամանակ Թամանյանին չհաջողվեց փրկել Սուրբ Պողոս-Պետրոսը, բայց վստահ եմ, որ այսօր նա կլիներ մեր կողքին»:

հավելյալ նյութեր