Մի օր Դալմայում
Մի լուսապայծառ առավոտ, շրջանցելով Հրազդան մարզադաշտը և Կոնյակի գործարանը, եկել-հասել եք «Դալմա Գարդեն Մոլ»: Իսկ հիմա ի՞նչ։ ԵՐԵՎԱՆը պատմում է, թե ինչ անել ու փորձել, եթե նախատեսել եք մի ամբողջ օր անցկացնել այստեղ և գաղափար չունեք որտեղից սկսել։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Նկարազարդումները՝ Վալենտինա Պալատարյանի
ԵՐԵՎԱՆ #78 | 2023
Առևտրի կենտրոններն արդեն վաղուց պարզապես շոփինգի վայրեր չեն. մարդիկ այստեղ գալիս են ժամանցի, մի համով բան ուտելու կամ երեխաներին մի քանի ժամով մանկական անկյունում թողնելով՝ մի քիչ հանգստանալու։ «Դալման» ևս բացառություն չէ։
Սուրճ
Երբ հայտնվեք «Դալմայի» դռներից ներս, առաջին հերթին ներքևի հարկի զգեստապահարանում թողեք վերարկուն, որից հետո հանգիստ գնացեք ձեր առավոտյան սուրճի կամ թեյի հետևից։ Այն կարող եք խմել առաջին հարկի սրճարաններից մեկում, իսկ ֆուդկորտ դեռ կհասնեք, օրը երկար է լինելու։ Ի դեպ, չզարմանաք, եթե ձեզ կողքի սեղանից ժպտա դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։ Ինֆոկետի աշխատակիցները պատմում են, որ նա իր տիկնոջ հետ այստեղ շատ հաճախ է նախաճաշում։ Օրվա առաջին խոր շունչն անելուց հետո կարելի է անցնել հետագա քայլերին։
Բնականաբար, շոփինգ
Պետք չէ մոռանալ, թե ինչի համար ենք հավաքվել։ Պտտվեք մոլի բոլոր հարկերով և խանութներով, անպայման գնեք ձեր սրտին մոտ մի բան և, իհարկե, փորձեք մի բան, որը երբևէ չէիք մտածի, թե ձեզ կսազի։ Կոսմետիկայի խանութներում տարբեր գույների շրթներկեր փորձելը կամ տղամարդկանց բաժնում ամեն երկրորդ օծանելիքը ձեր վրա փչելը դեռ ոչ ոք չի արգելել։ Այս ամենի միակ վատ կողմն այն է, որ ամբողջ օրվա ընթացքում ստիպված կլինեք տոպրակները ձեռքում պտտվել, բայց դե բոլորս էլ սիրում ենք մեզ զգալ ֆիլմի հերոս և, ինչպես ֆիլմերում է լինում, մոլից դուրս գալ ամենատարբեր բրենդերի տոպրակներով (ցանկալի է դանդաղեցրած կադրով)։ Բայց եթե նման ցանկություն չունեք, պարզապես օրվա այս մասը տեղաշարժեք ավելի ուշ ժամի։ Նաև հետևեք «Դալմայի» նորություններին, շուտով այս մասի վերաբերյալ լավ նորույթ է սպասվում։
Grab the popcorn
Հաջորդ քայլը կարող է լինել մի բուռ պոպկորն կամ նաչոս գնելը և մի նոր ֆիլմ դիտելը։ Cinema Star-ում հաստատ կգտնեք որևէ լավ նորույթ, իսկ ժանրի ընտրությունը կախված է ձեր տարիքից, հոգեվիճակից և այդ պահին ձեր կողքին երեխաների առկայությունից։ Խնդրեք, որ աղի ու քաղցր պոպկորնը խառնեն իրար, ասում են՝ դա լավագույն համադրությունն է։
Ընտանեկան բոուլինգ
Եթե այս օրը որոշել եք անցկացնել ընտանիքի կամ ընկերների հետ, կարող եք ֆիլմից հետո մտնել ժամանցի հատված և բոուլինգ խաղալ։ Դա երևի ուրախանալու լավագույն տարբերակն է, մինչև ֆուդկորտ հասնելը լավ ախորժակ բացելու ու երեխաների էներգիան նվազեցնելու համար։ Այդ ընթացքում կարող եք նաև մի փոքր շունչ քաշել, քանի դեռ երեխաները տարված են այդ նույն հարկի ատրակցիոններով։
Ֆուդկորտում հաց ուտել
«Դալմայի» ֆուդկորտը շատերի համար լավ հաց ուտելու տեղ է, կամ նույնիսկ առաջին ժամադրության վայրի լավ տարբերակ՝ պատշգամբի տեսարանը վկա (ի դեպ, տեսարանների մասին՝ Zigzag-ի մոտի ապակե պատերից իր ողջ գեղեցկությամբ երևում է Արարատը, դա էլ հաշվի առեք)։
Ասում են՝ ֆուդկորտի տարածքը դատարկ տեսնում են միայն պահակները փակումից հետո։ Այստեղ միշտ մարդիկ կան և ձեր ուզած սեղանը գտնելը՝ մեծ հաջողություն։ Ուստի մինչև դեպի ֆուդկորտ գալը, եթե ձեզ հետ որևէ մեկը կա, նրան ուղարկեք տեղ պահելու։ Երբ ավարտեք ընթրելը, կարող եք երեխաներին մի ժամով ուղարկել մանկական անկյուն, դուք էլ օրվա վերջին աղանդերը վայելեք։ Կարևորը վերջում չմոռանաք երեխաներին վերցնել. ասում են՝ նման դեպքեր հաճախ են պատահում։
Վերջում
Երբ օրը մոտենա ավարտին, կինոթատրոնի կողքի ֆոտոխցում մի ուրախ լուսանկարների շարք արեք, որպեսզի այս օրը տպավորվի ձեր հիշողության մեջ։ Երբ լուսանկարի գույները տեղը գան, երկրորդ հարկի միջանցքում հրուշակեղենի խանութ կա, ուղևորվեք այնտեղ, գնեք մի քանի գունավոր արջուկ կամ բազմերանգ թթու ժապավենները (առջևում գիշեր կա)։
Որպես ավարտական կետ՝ վերարկուն վերցնելուց առաջ պտտվեք -1 հարկի տնային պարագանների խանութներում, մի անկարևոր, բայց հաճելի մանրուք գնեք (օրինակ՝ բուրավետ մոմ կամ լոգարանի ևս մեկ գորգ), որը գուցե երբեք չօգտագործեք և գնացեք տուն՝ ձեր գնումներն ուսումնասիրելու։