Միտյա Լյալինը, Nkar ստուդիան և «Ինչպիսի՞ն է ժամանակակից Հայաստանը» ցուցահանդեսը
Ցուցահանդես

Միտյա Լյալինը, Nkar ստուդիան և «Ինչպիսի՞ն է ժամանակակից Հայաստանը» ցուցահանդեսը

Ապրիլի 3-ից 19-ը HayArt Centre-ում անցկացվեց Karmir Film Lab-ի ամենամյա open call-ի ամփոփիչ՝ «Ինչպիսի՞ն է ժամանակակից Հայաստանը» ցուցահանդեսը։ Մի քանի ամիսների ընթացքում ժյուրին դիտել էր ավելի քան հազար կադր՝ ընտրելով 36 հեղինակների աշխատանքներ։ Համադրողների թիմում էին Սաշա Mademuaselle-ը, Իլյա Պիլիպենկոն, Ալեքսեյ Կոմոզան և լուսանկարիչ, Nkar Studio-ի համահիմնադիր Միտյա Լյալինը։ Նրանց հետ հայտերի փուլի վրա աշխատել էին նաև Կարեն Միրզոյանը, Անուշ Բաբաջանյանը, Էրիկ Գրիգորյանը և Ալեքսանդր Անուֆրիևը։

Karmir Film Lab-ը 2020 թվականին Հայաստանում հիմնված ֆոտոլաբորատորիա է, որի հիմնադիրներն են Լևոն Բադիկյանը և Ալեքսեյ Կոմոզան։ Սա Երևանի այն հազվագյուտ վայրերից է, որտեղ կարելի է մշակել լուսանկարչական ժապավեն (C-41, E-6, սև-սպիտակ), կատարել ժապավենի սկանավորում, fine art և ֆոտոտպագրություն, ինչպես նաև ձեռք բերել Kodak ժապավեններ և հեղինակային փաթեթավորումներ։ Karmir-ը նաև իրականացնում է ամենամյա open call, տպագրում է ցուցահանդեսային նախագծեր և կազմակերպում աշխատարաններ՝ Հայաստանում անալոգային լուսանկարչությամբ զբաղվող համայնքի համար։

 

Կայք՝ karmir.film · Instagram՝ @karmir.film

 

#Արվեստ

Լյալինը 2022-ից ապրում և աշխատում է Երևանում՝ որպես կոմերցիոն լուսանկարիչ (նրա պորտֆոլիոն ներառում է իվենթ-լուսանկարչություն, գովազդ, պրոդուկտային նկարահանումներ)։ Nkar Studio-ն Միտիյան հիմնադրել է նույն տարում՝ Ջաննաթ Մաշարիպովայի հետ համատեղ։ Սա հեղինակային նախագիծ է, որի առանցքում բարդ առարկայական և արվեստային լուսանկարչությունն է։ Երեք տարվա ընթացքում Nkar-ի հաճախորդների թվում են եղել Inecobank-ը, Acba Bank-ը, Easypay-ը, Telcell-ը, Rien-à-Porter-ը, Chronograph, Tiamo և Blure բրենդները, Backbone և Formascope գործակալությունները, ինչպես նաև միջազգային ընկերություններ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Կանադայից։

 

 

Nkar-ում աշխատանքը կառուցված է հստակ բաժանված պատասխանատվության վրա։ Լուսանկարիչը աշխատում է սեթ-դիզայների հետ համատեղ․ մեկը պատասխանատու է լույսի, կադրավորման և գունային լուծումների համար, մյուսը՝ կադրի ներսում գտնվող օբյեկտների, ռեկվիզիտի ու ձևի։ Արտ-տնօրենը նախապես թիմի հետ մանրամասն մշակում է յուրաքանչյուր կադրի կոնցեպտը, պատրաստում է պրեզենտացիա՝ նկարագրություններով և ռեֆերենսներով, համաձայնեցնում հաճախորդի հետ, և նույն այդ նյութը դառնում է ուղեցույց հենց նկարահանման հրապարակում։ Նկարահանումից հետո կադրերը փոխանցվում են ռետուշերներին։ Լյալինի խոսքով՝ այս մոտեցման նպատակը ոչ թե հոսքային արտադրությունն է, այլ ուշադրությունը յուրաքանչյուր փուլին։

 

 

 

Կոմերցիոն պրակտիկային զուգահեռ Լյալինը ներգրավված է Երևանի մշակութային անցուդարձում։ Նա լուսանկարչական աշխատարան է վարել UWC Dilijan-ում և Աննա Պրիլուցկայայի հետ դասավանդել է ԹՈՒՄՈ կենտրոնում, որի արդյունքում կազմակերպվել է ուսանողական ցուցահանդես։ Որպես ռեպորտաժային լուսանկարիչ Լյալինը վավերագրում է hosq հարթակի միջոցառումները։ Նույն դերում նա աշխատում է նաև Library for Architecture-ի և CYFEST մեդիաարվեստի փառատոնի հետ։

 

Karmir Film Lab-ի հետ նրա կապը սկսվել է դեռ 2022-ին։ Այդ ժամանակ լաբորատորիան ընդունել էր նրա անհատական ցուցահանդեսը և իրականացրել տպագրությունը։ Այսօր Nkar-ը լաբորատորիայում մշակում և սկանավորում է ժապավենը, իսկ Karmir-ը տպում է ստուդիայի ցուցադրական նախագծերը։ 2025-ի փետրվարին երկու թիմերը միասին կազմակերպեցին երկօրյա աշխատարան․ առաջին օրը Nkar ստուդիայում մասնակիցները միջին ֆորմատով նատյուրմորտ էին նկարում, երկրորդ օրը Karmir-ում նույն կադրերը սկանավորվում և քննարկվում էին։

 

Հաջորդ համատեղ նախագիծը «Ինչպիսի՞ն է ժամանակակից Հայաստանը» մրցույթն էր։ «Երբ տղաները հայտարարեցին մրցույթը ու ինձ հրավիրեցին որպես կուրատոր, մենք արդեն ունեինք ընդհանուր պատկերացում, թե ինչպես ենք մտածում լուսանկարչության մասին», — ասում է Լյալինը։

 

Նախագծի հիմքում պարզ միտք է․ լուսանկարը և տեքստը տարբեր կերպ են աշխատում իրականության հետ։ Մրցույթի պայմանների համաձայն,  մասնակիցներից պահանջվում էր ուղարկել ոչ միայն լուսանկար, այլև տեքստ՝ որպես նկարագրություն կամ ազատ ռեֆլեքսիա Հայաստանի մասին։ Տեքստը շտապում է անվանել և բացատրել, լուսանկարը՝ վավերագրում է ներկայությունը։ 

 

 

Ցուցադրությունը բաժանված էր երեք հատվածի․ սկզբում՝ լուսանկարներ առանց որևէ մակագրության, հետո՝ սեղան, որին շարված են կադրեր ապագա ֆոտոգրքից ու որտեղ դիտողը կարող էր ինքնուրույն դասավորել կադրերը, և միայն վերջում՝ հեղինակային տեքստերը՝ չխմբագրված, բնօրինակ լեզուներով։ Ժամանակակից Հայաստանը, այս տրամաբանությամբ, ապրում է պատկերների և բառերի միջև եղած այդ բացվածքում։

 

Այս մոտեցումը Լյալինը բերում է իր առարկայական լուսանկարչության փորձից։ Ստուդիայում մեկ կադրի վրա կարող են աշխատել ժամերով։ Կարևորը ոչ թե կադրերի քանակն է, այլ յուրաքանչյուր մանրուքի մշակումն ու ճշգրտությունը։ Թեև ժամանակային սահամանփակումներին հետևելը նույնպես կարևորվում է՝ դա էլ, ըստ Լյալինի, աշխատանքի մի մասն է։ 

 

Իսկ համադրողական աշխատանքին միանալը լուսանկարչի հետարքիր էր առաջին հերթին՝ տեսնելու համար, թե ինչպես են ֆոտոյին մոտենում մյուսները։ 

 

 

«Ինձ համար կարևոր էր հասկանալ՝ այսօր ինչ հեղինակներ և ինչ հայացքներ կան։ Ոճը շատ անհատական բան է, այն շատ բան է ասում մարդու մասին ու միշտ հետաքրքիր է ուսումնասիրել, թե ինչպես են տարբեր մարդիկ տեսնում միևնույն երևույթները։ Սա երկկողմանի գործընթաց է․ որպես ժյուրիի անդամ ես պետք է գնահատեմ աշխատանքները, բայց ուրիշի լուսանկարը նաև ինձ համար նոր տեսանկյուն է բացում։ Սա երկխոսություն է», — նշում է նա։

 

Քննարկումների ընթացքում Լյալինը նայում էր կադրին ոչ թե առանձին, այլ կոնտեքստի մեջ՝ ինչպես այն կհնչի մյուսների կողքին։ Նրա համար կարևոր էր ոչ թե լուսանկարի ինքնուրույն «լավը լինելը», այլ այն, թե ինչպես է այն տեղավորվում մրցույթի հնչեցրած հարցի ընդհանուր, խմբային պատասխանի մեջ։ 

 

«Լուսանկարը պետք է լինի կենդանի։ Ոչ թե պարզապես ճիշտ կոմպոզիցիա կամ լույս ունենա, այլ այն, թե արդյոք այն կարողանում է որսալ նյարդը և ցույց տալ անհատականություն»։

 

Նատյուրմորտների դեպքում դիտողը կարող է ժամերով զննել մի որևէ մանրուք, և այդ հայացքը փոխում է ամբողջ պատկերը։ Այդ նույն սկզբունքով Լյայլինը խորասուզվում էր մասնակիցների ուղարկած կադրերի մեջ։ 

 

 

Հազարից ավելի լուսանկարների դիտումը, նրա խոսքով, բացեց բազմաթիվ տարբեր հայացքներ՝ տեղացի հեղինակներից մինչև սփյուռքահայեր, զբոսաշրջիկներ և ներգաղթյալներ։ Հայաստանը այդ կադրերում երբեք ամբողջությամբ չի սահմանվում, մշտապես խուսափում է հստակ ձևակերպումից, և հենց այդ բարդությունն է, որ Լյալինը համարում է ամենագեղեցիկը։

 

Ժյուրիի աշխատանքը նա նկարագրում է որպես նախագծի ամենակարևոր փորձառություն․ ոչ մի ընտրություն հեշտ ու միանաշանակ չէր, արդյունքում ցուցահանդեսը կառուցվել է հենց վեճի վրա։

 

«Ցուցահանդեսը մեր հայացքների համագումարն է, և մենք կարող էինք սխալվել։ Սա հրավեր է երկխոսության։ Ամենահետաքրքիրը այն է, երբ դու կտրուկ դեմ ես ինչ-որ լուսանկարի, բայց այն հայտնվում է քո սիրելիի կողքին, և երկուսն էլ այլ կերպ են սկսում աշխատել»։

 

Այս փորձը վերադառնում է ստուդիա և փոխում նաև նրա սեփական աշխատանքին նայելու ձևը։ «Ես հիմա նայում եմ տարբեր հնարքների, ռակուրսների, լույսի լուծումների վրա և փորձում հասկանալ՝ ինչու ես ինքս այդպես չեմ մտածել։ Սա կարևոր է՝ տեղում չմնալու համար։ Սա ոչ թե մրցակցություն է, այլ երկխոսություն»։

 

HayArt-ում ցուցահանդեսը այս պատմության միայն սկիզբն է։ Փակվելուց անմիջապես հետո համադրողների թիմը սկսում է աշխատել ֆոտոգրքի վրա, որտեղ ընտրանին կընդլայնվի՝ դուրս գալով 36 հեղինակների սահմաններից և դառնալով նույն զրույցի ավելի դանդաղ շարունակությունը։ 

 

Հատուկ շնորհակալություն՝ HayArt Centre-ին, որը համաձայնեց հյուրընկալել նախագիծը կարճ ժամկետներում։ Լյալինի համոզմամբ՝ այս տարածքը դեռ կարևոր դեր կունենա հայկական արվեստի դաշտում։

հավելյալ նյութեր