Մկրտիչ Մազմանյան․ «Իմ Ազնավուրը կլինի բոլորինը»
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում, ապրիլի 26-ին, Two Arcs պատկերասրահում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն վարպետի՝ Ազնավուրին պատկերող դիմաքանդակները, կոմպոզիցիոն աշխատանքներն ու գծանկարները։ ԵՐԵՎԱՆն այցելել է քանդակագործի արվեստանոց՝ տեսնելու, թե ինչպես է նա պատրաստվում գալիք ցուցահանդեսին, զրուցել արվեստագետի ստեղծագործական ուղու և ազնավուրյան ոգեշնչումների մասին։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը։ Բացման օրը արվեստասերներին կներկայացվի նաև պատկերագիրք, որն ընդգրկում է Մազմանյանի ստեղծագործական ուղին՝ ուսանողությունից մինչ օրս։
Մկրտիչ Մազմանյանի ստեղծագործական կյանքը լայն աշխարհագրություն ունի․ ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի), սովորել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, ապա՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, կրթությունը շարունակել է Էստոնիայում՝ Տալլինի արվեստի բարձրագույն ինստիտուտում։ 1979-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 1990-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ Մկրտիչ Մազմանյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանում, Էստոնիայում, Լատվիայում, Մոլդովայում, Լիբանանում։ Ցուցահանդեսներ է ունեցել Միջին Արևելքում, Եվրոպայում, Ասիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ Չնայած այս մեծ աշխարհագրությանը՝ քանդակագործը երբեք չի կտրել ամուր կապերը հայրենիքի հետ, ավելին՝ այժմ հայրենիքում ապրելը համարելով մեծ երջանկություն՝ շարունակում է ստեղծագործել այստեղ։
Կիսաաբստրակտ, կիսաանհեթեթ, կիսառեալիստական
Մազմանյանը մեծագույն սիրով է հիշում նախ՝ Գյումրիում, ապա Երևանում ուսանելու տարիները՝ համարելով, որ գեղարվեստական կրթությունը Խորհրդային Հայաստանում անհամեմատ ավելի բարձր էր․ «Տիտաններ էին դասավանդում, որոնց հետ բախտ ունեինք շփվելու։ Ակադեմիական հիմքեր ունենալով հանդերձ՝ ակադեմիական չէր կրթությունը, այլ ժամանակի մեջ փոխվում էր ըստ ժամանակի պահանջի։ Խորհրդային Միության տարածքում ամենաառաջնակարգը հայկական դպրոցն էր․ լիներ դա նկարչական, թատերական, թե գրական»,— ասում է վարպետն ու ժպիտով հիշում ուսումնառության տարիներն ուսումնարանում՝ Արտո Չաքմաքչյանի մոտ։
Քանդակագործը վստահ է, որ շատ կարևոր է շեղվել ակադեմիական ոճից, ինչ-որ պահից դադարել ձգտել անատոմիական ճշտգրտության ու ձեռք բերել ստեղծագործական ազատություն։ Հենց դա է, որ քանդակագործը սովորել է Երևանում ուսանելու տարիներին։ Դրան նպաստում էր նաև ինֆորմացիան։ Խորհրդային հասարակարգն, իհարկե, այդ առումով սահմանափակում էր արվեստագետներին, սակայն Չաքմաքչյանի աշակերտը լինել նշանակում էր նաև ունենալ նոր գրքեր արտերկրից։ «Շատ էինք նայում ու ոգեշնչվում։ Այդպես, շեղվելով անատոմիական նմանությունից՝ հարեցի կիսաաբստրակտ, կիսաանհեթեթ, կիսառեալիստական ծավալներին։ Ինձ համար շատ կարևոր է եղել ձևամտածողությունը։ Եթե ձևը չես փոխում, չես կարող տալ նոր բովանդակություն։ Իհարկե բովանդակությունն է թելադրում ձևը, բայց բովանդակությունը մեծապես կախված է արվեստագետի գիտելիքներից ու ներքին հարստությունից։ Գիտելիքներ կուտակելուն զուգահեռ չես կարող չշեղվել»,— նշում է վարպետը։
Երևան-Տալլին-Երևան
Այսպես կոչված՝ «շեղումը» հատկապես նկատվեց արդեն Տալլինում ուսանելու տարիներին։ Քանդակագործը խոստովանում է, որ այստեղ մեծապես զգում էր հզոր ուսուցչի պակաս և ակամայից փորձում էր վերհիշել Երևանում սովորածը։ Այդպես, հենց այդ տարիներին քանդակագործը շեղվեց դեպի զուտ ստեղծագործական ծավալները և հատկապես պորտրետային ժանրում գտավ ազատություն։
Էստոնիայում ունեցած ակտիվ ստեղծագործական կյանքից հետո Երևան վերադառնալուն պես Մկրտիչ Մազմանյանը միացավ մի շարք խոշոր նախագծերի` ստեղծելով «Զվարթնոց» օդանավակայանի կողապատերը, իրականացնելով Գյումրու օդանավակայանի ինտերիերի ձևավորումը և Երիտասարդական պալատի «Ադամ և Եվա» հսկայածավալ հորինվածքը։ Օբյեկտից ճարտարապետություն, կամերայինից մոնումենտալ անցումները Մազմանյանն իրականացրեց իրեն հատուկ վերլուծողականությամբ։
Արվեստն ընդդեմ պատերազմի
1992-ին քանդակագործը հրավեր ստացավ դասավանդելու Լիբանանի Թորոս Ռոսլին արվեստի ակադեմիայում։ Ժամանեց, ու շատ արագ անցավ գործի։ Նախ՝ ընդլայնեց ակադեմիայի ծրագիրը, ապա՝ սկսեց իր կյանքի ստեղծագործական նոր շրջանը։ «Գնացի Լիբանան, երբ պատերազմը նոր էր ավարտվել և Բեյրութը ահավոր վիճակում էր։ Այն, ինչ ես տեսա, սարսափելի էր։ Քանդված քաղաք, աղբերի կույտեր քաղաքի կենտրոնում։ Ցավալի էր տեսնել այդ գեղեցիկ երկիրն այդ վիճակում։ Երիտասարդներն էլ ոչինչ չգիտեին բացի պատերազմից, միայն լավ կրակել գիտեին։ Երբ քաղաքում քայլում էի ուսանողներիս հետ, նայում էին տարբեր անկյուններ ու ասում՝ օ՜, այստեից ինչ լավ կարելի է թշնամուն կրակել։ Որոշեցի գեղագիտությամբ շոյել լիբանանցիներին, հանել նրանց այդ վիճակից արվեստով։ Սկսեցի կանանց ողորկ ֆիգուրաներ քանդակել՝ ինչպես փաստեր։ Դրանք ձգտումներ են դեպի վեր, դեպի տիեզերք, հաղորդագրություններ են մարդկությանը, որ կինը սյուն է, ապագա է, ընտանիք ու հայրենիք պահող է»։
Ու չնայած ստեղծագործական շրջանների բազմազանությանը՝ Մազմանյանի արվեստը յուրահատուկ է չընդհատվող շարունակականությամբ, կարմիր թելի նման մի քանդակից մյուսն անցնող միայն իրեն հատուկ ձեռագրով։ Ու սա չի խանգարում ամեն անգամ լինել տարբեր ու նոր։ Ֆիգուրատիվից վերացականի անցումը նուրբ է, ոչ միանգամից ու ոչ ամբողջապես։ Քանդակագործը կարծես հուշումներ է թողնում դիտողին՝ ծանոթ դեմքեր ու պատկերներ որսալու համար։
Մեծ ու տիեզերական Ազնավուրը
Խոսելով գալիք ցուցահանդեսի մասին, քանդակագործը խոստովանում է, որ քովիդյան մեկուսացման մեջ հատկապես Շառլ Ազնավուրին շատ է քանդակել։ Ո՞վ կմտածեր, որ այդ ամենը կվերածվի մի ամբողջ շարքի ու ցուցահանդեսի, այն էլ՝ կհամընկնի շանսոնյեի 100-ամյակի հետ։ «1960-ականները Խորհրդային Հայաստանի արվեստի համար հեղաշրջիչ էին։ Շառլն էլ 1964-ին եկավ համերգով։ Սկսեցի շատ լսել իրեն, - հիշում է քանդակագործը, - Սկզբում հրապուրվում էի իրենով որպես մեծ հայ, հետագայում սկսեցի հասկանալ, որ ինքը ոչ միայն մեծ հայ է, այլև մեծ ու տիեզերական մարդ։ Ոչ միայն կատարում է լավագույն ձևով, այլև գրում է լավագույն ձևով և որ իր յուրաքանչյուր երգ պոեզիա է ու դրամատուրգիա։ Եվ ես ցանկացա նրա երաժշտությունը թարգմանել ձևի։ Ու Շառլը դարձավ իմ ուսուցիչը։ Մտածում էի, թե այս մեծությանը ինչպե՞ս պետք է հատուցեմ։ Ինչպե՞ս պետք է վերադարձնեմ նրան այն, ինչ ինքը տվել է մարդկությանը։ Ու բոլորովին չնկատեցի, թե ինչպես Շառլը, ինքն էլ դա չիմանալով, ինձ մղեց առաջ և դարձավ միջոց ու պատճառ, որ ես ինքս ինձ արտահայտեմ, ինքս ինձ քանդակեմ»։
Մազմանյանական Ազնավուրը տարբեր է․ ռեալիստական ու վերացական, բայց ավելի քան իրական, մետամորֆոզային ու միշտ տարբեր։ Հաճախ դրանք ոչ թե ուղիղ վերարտադրություններ, այլ էմոցիոնալ պատկերներ են՝ վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին։ Մի դեպքում Ազնավուրը նուրբ պոետ է, մյուսում՝ հզոր հայ, որ սեպի նման մխրճված է հայրենի հողում։ «Մի գործ ունեմ, որ քանդակը սնամեջ եմ արել, որ եթե, օրինակ, Երևանում տեղադրվի՝ հայրենիքն իր մեջ լինի, ինքը՝ հայրենիքի»։ Քանդակագործն անկեղծանում է, որ ինքն էլ չի նկատել, թե ինչպես այսքան Շառլ ունեցավ, իսկ հետո՝ չցանկանալով բացահայտել ցուցահանդեսի գաղտնիքները, նշում, որ այդ ինտերակտիվ ցուցահանդեսի գաղափարը իր հանգուցյալ կնոջ՝ օպերային երգչուհի Նադեժդա Մանոյանինն էր։ Այժմ էլ դստեր՝ Զարայի օգնությամբ իրականացնում է ամբողջն ու լիահույս է, որ իր Ազնավուրը կլինի բոլորինը։