Մոսկվա-Երևան-սթենդափ
Comedy Club-ի 200 հոգանոց դեսանտը, Ռուսլան Բելիի հայաստանցի հանդիսատեսը և հետաձգված ծրագրերը. այն մասին, թե ինչպես է ռուսական կատակերգական ոլորտը թափանցում Հայաստան ու ինչ ազդեցություն է թողնում տեղական շուկայի վրա, պատմում է իվենթ-մենեջեր, Sounds Good ընկերության հիմնադիր Հակուկ Եղիազարյանը։
Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի
Լուսանկարները՝ Comedy Club Production, Հարություն Մալխասյանի
ԵՐԵՎԱՆ #77 | 2022
Comedy Club-ը գալիս է տուն
2018 թվականի ամառն էր. ես, հայտնի դեպքերից ոգևորված, արդեն պատրաստվում էի մշտապես տեղափոխվել Երևան, երբ ընդհանուր ծանոթների միջոցով Comedy Club Production-ը դուրս է գալիս ինձ վրա. փնտրում էին տեղական պրոդյուսեր/փիառ-մասնագետի, բայց նաև ինչ-որ իմաստով «մոսկվացի լոկալի», որը կարող է իրենց հետ աշխատել, հեշտությամբ լեզու գտնել։ Ինձ դիմել էին որպես անհատի, բայց քանի որ արդեն ծրագրում էի ապագայում տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպել, ստեղծեցինք Sounds Good անվանումով կազմակերպությունը, հնարավորինս անդեմ, որպեսզի դրա հետևում երևա ոչ թե անհատը, այլ՝ արված աշխատանքը։
Ես, բնականաբար, Comedy-ի ժողովրդից շուտ եկա, որպեսզի սկսեմ աշխատել։ Եկա ամռանը, իսկ փառատոնը պլանավորված էր սեպտեմբերի կեսին։ Մինչև օրս առիթի դեպքում խոսում եմ նրանից, թե ինչ ահռելի մեխանիզմ է Comedy Club Production-ը, որն աշխատում է առանց որևէ ուշացման, առանց ամենը վերջին օրվան թողնելու, ուղղակի րոպեներով։ Ոչ մի տեղ, ոչ մի երկրում ես նման աշխատանք ու աշխատելաոճ չեմ տեսել։ Եկել էին բոլորը՝ հավաքարարից սկսած մինչև անվտանգության աշխատակից։ Մոտ 200 հոգի էին, որոնցից 50-ը միայն արտիստները, եկել էր ամբողջ տեխնիկական անձնակազմը, բոլոր դեկորացիաներն ու ամեն մի ագույցը բերված էր Մոսկվայից։
Ժան-Կլոդ Վան Դամը՝ Comedy Club-ի երևանյան համերգի ժամանակ
Մեզ համար Երևանում նման ժանրի և ոլորտի միջոցառումների համար անգերազանցելի մակարդակ էր։ Ուղղակի կասեմ երկու բառ՝ Անդրեյ Լևին, ով փրոդաքշնի գործադիր տնօրեն է, ու երևի իրենից այն կողմ ես ուրիշ մեդիամենեջերի այլևս չտեսնեմ։ Բոլոր աշխատողներին, ամենացածր օղակից մինչև ամենավերևներում կանգնած մարդկանց գիտեր անուններով, նկատում էր ամեն ինչ՝ գովելով լավն ու սիրունագույն, կոնստրուկտիվ քննադատության արժանացնելով բացասականը։ Երբ ես կողքից հետևում էի այդ ամենին ու բացականչում՝ «Աստվա՜ծ իմ», աշխատակիցներն ասում էին՝ «այո՛, ինքը մեր Աստվածն է»։
Անձամբ իմ աշխատանքի մեջ մտնում էր ամենը, ինչ կապված էր տեղական շուկայի ու մեդիայի հետ՝ գովազդը, ինֆլուենսերների հետ աշխատելը, հեռուստատեսություն այցեր կազմակերպելը, լրագրողների հետ աշխատանքը և ընդհանուր առմամբ ունեի 2,5 ամիս։ Մինչև փառատոնի մեկնարկը նկարում էինք ինտրոներ քաղաքի տարբեր վայրերում. օրինակ՝ Տիմուր Բատրուդինովին կայարանում էինք նկարում, զբոսաշրջիկների համար նախատեսված երկհարկանի ավտոբուսում՝ էսքկուրսավարի կարգավիճակում, Դեմիս Կարիբիդիսին՝ Կասկադում, այսինքն՝ բացի այն, որ ծրագիրը հայերի մասին էր, նաև մի քիչ Երևանն էին ցույց տալիս, մտածում էինք՝ ինչպես ներկայացնել ու գեղեցիկ ցույց տալ քաղաքը։
Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը՝ կնոջ հետ Երևանում
Այդ ամենը Երևանին տվեց երկօրյա տոն, բացի այդ այսօր շատ արտիստներ գալիս են Երևան ու մոռանում, թե որտեղ են եկել, Comedy Club-ի փառատոնի պարագայում ամբողջ ծրագիրն ադապտացված էր Հայաստանին ու տեղական օրակարգին։ Բացի այդ երկար տարիներ հայերի ու հայկականի մասին կատակներ անելուց հետո իրենք վերջապես հասան Հայաստան ու կատակում էին, որ «Comedy-ն գնում է տուն»։ 2018 թվականին, հեղափոխության շուրջ էյֆորիայի ֆոնին իրենք անգամ կատակում էին վարչապետի մասին, բայց դա, ինչպես և մյուս բոլոր կատակները, արվում էր շատ բարի։
Ռուսլան Բելիի մասին
Դեռ Covid-ից առաջ ես, այցելելով Մոսկվայի StandUp Store-ը, մտածում էի ռուսաստանցի սթենդափ կոմիկներին Երևան բերելու մասին, գնում էի ինչպես սեփական հաճույքի, այդպես էլ սկսնակ կամ արդեն հայտնի կոմիկների ելույթները տեսնելու համար, երկար պատրաստվում։ Դե իսկ համավարակից հետո պարզ էր, որ շուկային երկար ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար, բացի այդ՝ պետք է ինքդ քո գրպանից ներդնես և հասկանալի չէ՝ հետ կբերես այդ գումարը, թե չէ, հավանաբար, հետ չես բերելու։ Այսինքն՝ պետք է հասկանաս՝ ինչին ես պատրաստ գումար հատկացնել, որ այդ գումարը հետ չգա, չէ՞ որ անում ես այդ թվում նաև սեփական հաճույքի համար։
Ու 2021-ի նոյեմբերն էր, խոսեցի Ալեքսեյ Խլիստովի հետ, որը Ռուսլան Բելիի մտերիմ ընկերն ու համերգային տնօրենն է. պայմանավորվեցինք համագործակցության մասին, շեշտեմ, որ դա եղել է մինչև ռուս-ուկրաինական պատերազմն ու ռելոկացիան։ Որոշել էինք անել Նոր տարուց և ցրտերից հետո, երբ արդեն բացվում է ակտիվ ժամանցային շրջանը՝ տաք օրերին, ապրիլի 15-ին, բայց… փետրվարին բոլորս միայն ենթարկվեցինք կոլեկտիվ շոկի և միանգամից չեղարկեցինք համերգը։
Հետո սկսվեց ռելոկացիան, ռուսաստանյան կոմիկների մի զանգված տեղափոխվեց Երևան, սկսեց ելույթ ունենալ փոքր բարերում ու փաբերում, հետո եղավ Տիկնիկային թատրոնի մեծ համերգն ու բզոց ստացա Սարգսյան Տաշից, ով քաջալերեց Բելիի համերգի միտքը՝ ասելով, որ դրա կարիքն ունեն, ինչպես մարդիկ, այդպես էլ անձամբ ելույթ ունեցող արտիստները։ Այդպես շփվեցի Լյոխայի հետ, որպեսզի հասկանանք՝ արժե-չարժե, ու արդյունքում Բելիի մենահամերգը տեղափոխեցինք հունիս։
Ռուսլան Բելին Երևանում
Ի զարմանս ինձ՝ տոմսերը բավական արագ սկսեցին սպառվել, թեև Սունդուկյանի անվան թատրոնն ամենամեծն է Երևանում, և քանի որ ֆիզիկապես դա հնարավոր էր՝ որոշեցինք դնել երկրորդ համերգը, արդեն հավելյալ՝ երկրորդ համերգից գոյացած հասույթն էլ ուղղել բարեգործության։ Քանի որ ես կարող էի հետևել հանդիսատեսին, զարմանալիորեն հաճելի էր, որ տոմսերը գնում էին տեղացիները՝ հայերը, հանդիսատեսի մեջ համարյա ռուս չկար։ Ինձ նաև տեղեկություն հասավ այն մասին, որ ոմանք պատրաստվում էին Բելիի երևանյան համերգին անել այն, ինչ-որ արվեց Նուռլան Սաբուրովի ամերիկյան համերգի ժամանակ (հանդիսատեսներից մեկը հրապարակավ պահանջեց Սաբուրովից իր կարծիքն արտահայտել պատերազմի մասին, իսկ մի այլ ակտիվիստ դուրս եկավ բեմ՝ կարմիր ներկով պատված շորերով – խմբ.), նման խոսակցություններ կային նաև Իվան Աբրամովի մենահամերգի հետ կապված։ Փառք Աստծո, իրենց մեջ գտնվեցին մարդիկ, որոնք ասեցին՝ «դուք ձեր երկրում չեք, հանգստացե՛ք…»։ Նույն Ռուսլանն անցած տարի YouTube-ում հրապարակված համերգի ժամանակ հնչեցրած մեկ-երկու «ոչ ճիշտ» արտահայտության համար սկսվեց չեղարկվել որպես արտիստ, ընդհուպ մինչև իրեն արգելեցին ելույթ ունենալ սեփական իսկ ակումբում՝ StandUp Store-ում։ Այնպես որ ես ուրախացել էի, որ համերգին հայերն են գալիս, չէ՞ որ նախնական այս ամենը տեղացիների համար էր, հայերի համար։
Շատ հավես էր, որ Բելիից առաջ ելույթ էին ունենում հայ կոմիկները՝ Աշոտ Դանելյանը, Բագրատ Ղազարյանը, ArmComedy-ի Նարեկն ու Սերգեյը. Աշոտի ու Բագրատի պարագայում էլ իրենք նորություն էին հանդիսատեսի համար, նոր, թարմ նյութով։ Եվ առհասարակ՝ սթենդափի նպատակը հանդիսատեսին ոչ միայն ծիծաղեցնելն է, այլ մտածել ստիպելը. Բելիի մոտ մի հատված նվիրված էր ծնողներին, ծնողների հետ հարաբերություններին, և համերգից հետո մի աղջկանից նամակ ստացա, ում մայրը համերգից հետո լուռ մնաց-մնաց ու արդեն տաքսիի մեջ պտտվեց ու ասեց աղջկան՝ «Ես է՞լ եմ քո հետ այդպես վարվում…»: Ինձ այդ պատմությունը շատ հուզեց, հենց դա է սթենդափի գլխավոր նպատակներից մեկը։
Շատ եմ ցավում, որ այս ամենը տեղի է ունենում պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում, քանի որ իմ թիրախը ռուսական կոմիկներն էին, ու այսօրվա իրականության մեջ կարող է դիտվել, որ ռուս արտիստները գալիս են Երևան ռուս հանդիսատեսի համար։ Մյուս կողմից էլ կասեն՝ իրենց առջև ամեն ինչ փակվել է, գալիս են այստեղ՝ «խոպանի»։ Բայց այն արտիստները, որոնց հետ որ ես եմ աշխատում, չեն դիտարկում Երևանն այդ կերպ, և, առհասարակ, մենք շատ ավելի նախօրոք էինք սկսել համագործակցել։
Հակուկ Եղիազարյանն ու ռուսաստանցի կոմիկ Տիմուր Կարգինովը Երևանում
Մոսկվան Երևանում
Նախապատերազմական ծրագրերը հետաձգվեցին, բայց չեն չեղարկվել։ Հաջորդ տարի անպայման կշարունակենք ռուսական սթենդափի արտիստներին հրավիրել Երևան, վստահ եմ, որ հանդիսատեսն էլ այս ընթացքում էլ ավելի պարտաստված կդառնա։
Ընդհանրապես, ոլորտը կամաց-կամաց զարգանում է։ Բացվեց «Ari» սթենդափ ակումբը, որտեղ որ պարբերաբար ելույթ են ունենում Stand-Up Club #1-ի ժողովուրդը, բայց իրենք ոնց որ չհասկանան, որ գտնվում են Երևանում. այդտեղ բեմից հնչում են ներքին ռուսական կատակներ, ռուսական օրակարգ, ոչինչ չի խոսվում Երևանի մասին, չկա ոչ մի ինտեգրացիա, թվում է, թե գտնվում ես Մոսկվայում։ Արդարության համար նշեմ, որ ընդամենը մի անգամ եմ եղել, չգիտեմ՝ հետո ինչպես է զարգացել, բայց տպավորություններս այդպիսինն էին։
Լավ կլիներ՝ իրենք մտցնեին երևանցիներին այդ ամենի մեջ, որովհետև Երևանին շատ են պակասում ժամանցի վայրերը, ու եթե արդեն կա մի վայր, որտեղ կարող ես գնալ էմոցիա ստանալու, ինչի՞ չանել այնպես, որ մարդկանց ձգի գնալ այդտեղ…
Էվոլյուցիայի սկզբում գտնվող հայկական սթենդափը
Սթենդափը պարզապես ծիծաղեցնելը չի, նախևառաջ հոգեթերապիա է. դուրս ես գալիս բեմ ու հանրայնացնում խնդիրներդ այդքան մարդու առաջ։ Հայաստանում առայժմ շատ մեծ դահլիճներ հավաքող արտիստների ծրագրերը գրում են ոչ թե իրենք, այլ ուրիշները։ Գուցե այդ արտիստները պատրաստ չեն անձնական բաներից խոսել, դեռևս այդքան վարժ չեն, որ անձնական խնդիրները դարձնեն սթենդափի նյութ, լավ մատուցել, որպեսզի դա և՛ հետնահամ թողնի, և՛ մտածելու տեղիք տա։
Երևի պետք է, որ հայկական սթենդափն անցնի այս էվոլյուցիան, որ հասնի այն մակարդակին, որին որ նոր-նոր հասնում է ռուսական սթենդափը։ Իսկ Հայաստանն առհասարակ անմշակ դաշտ է. մեր խնդիրները թե՛ անձնական, թե՛ կոլեկտիվ, թե՛ մեր հասարակության մակարդակով այնքան շատ են, որ այդ ամենից կարելի է այնքան շատ նյութ ունենալ, հասկապես, որ այս երկրում բոլորիս մոտ ամեն ինչ ցավում է, և նշանակետին խփելը կարող է լինել 10-ից 10։
Շատ կուզեի հայերենն ադապտացվեր սթենդափին, ինչպես որ ժամանակին ռեպն ադապտացավ։ Չէ՞ որ ամենասկզբում նույնն ասում էին ռեպի մասին, իսկ հիմա, երբ տեսնում ենք, թե ինչ տեքստեր են գրում Միշոն ու Ֆելոն, հասկանում ենք, որ իրավիճակը փոխվել է։ Միգուցե պետք է լինել ավելի տեսած, կարդացած, վարժ, որ նույնիսկ ամենաանմարքեթինգային լեզվով դա կարողանաս մատուցել։
Կուզեի, որ սթենդափը չլիներ այդքան անդերգրաունդ, ինչպիսին որ այսօր է՝ իր փաբերով ու հակահիգիենիկ վայրերով, որովհետև այսօրվա 30-ից 40 տարեկաններն առաջվա 30-ից 40 տարեկանները չեն։ Շատերը նրանք են, որոնք 20-ից 30 կյանք չեն ունեցել, հիմա տեղը հանում են։ Իրենք, այո, ուզում են իրենց ոտքով գնալ սթենդափ լսելու, բայց դրա հետ մեկտեղ չեն ուզում փնթի միջավայր ու կեղտոտ զուգարաններ, պատրաստ են նորմալ վճարել՝ փոխարենն ինչ-որ բան ստանալու, այնպես որ՝ անդերգրաունդը կարող է լինել նաև մաքուր։