«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ | 2010
Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը չքանդվեց, բայց ոչ էլ գործարկվեց։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի, Արեգ Դավթյանի
Լուսանկարները՝ Սուրեն Մանվելյանի, Նորայր Չիլինգարյանի
ԵՐԵՎԱՆ #68 | 2021
Ոսկե ծիրանի շրջանակում ամառայինում առաջին անգամ կինո ցուցադրվեց փրկութայն պայքարից հետո
Հարցի էությունը
2010-ի Փետրվարի 25-ին կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցի կառուցել Աբովյան 18-ում տեղակայված «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տարածքում։ Մասնավորապես գործադիրը փոփոխություն մտցրեց իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Հանելով ամառային դահլիճի տարածքը ցուցակից՝ կառավարությունն ընդունեց «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինության առաջարկությունը՝ ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի վերջինս այդ տարածքում կառուցի խորհրդային իշխանության կողմից քանդված, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման մեկ այլ եկեղեցի։ Կինոթատրոնի ղեկավարության պնդմամբ՝ ամառային դահլիճի շահագործումը տնտեսապես ձեռնտու չէր իրենց։
Մեծ աղմուկ բարձրացավ։ Նախ ընդվզեցին մասնագետները, հետո միացան սովորական մարդիկ։ Կազմակերպվում էին ցույցեր, սոցիալական հարթակներով քննարկումներ էին ծավալվում, նախաձեռնությանը վերաբերող ֆեյսբուքյան էջ ստեղծվեց, որին տասը օրվա մեջ միացավ շուրջ 7000 մարդ։ Ստորագրահավաքի արդյունքում հավաքվեց 24 հազար ստորագրություն։
Ամառային դահլիճը 1960-ականներին
Մոտ վեց տասնյակ մտավորականներ միացան համընդհանուր հորդորին՝ չքանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը՝ նամակ հղելով վարչապետ Տիգրան Սարգսյանին և Գարեգին Բ կաթողիկոսին։ Վրդովմունքի մեծ առիթ էր ոչ միայն ամառային դահլիճի քանդումը, այլ նաև այն փաստը, որ կառավարությունն այդքան հեշտությամբ հանել էր նման շինությունը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից։ Ըստ օրենքի, մինչ նմանատիպ որոշում կայացնելը հարկավոր էր փորձագետների մասնակցությամբ քննարկում կազմակերպել։
Նամակի հեղինակները հույս ունեին, որ եկեղեցին և կառավարությունը կհրաժարվեն իրենց գաղափարից և այդպես էլ եղավ, արդեն շուրջ 11 տարի գործընթացը սառեցված է։
Իրոք, ժամանակին այստեղ կողք կողքի կանգնած են եղել Պողոս-Պետրոս եկեղեցին (կինոթատրոնի տեղը), ռուսական եկեղեցին (Ստանիսլավսկու թատրոնի վայրում) և մզկիթը (Նկարիչների միության փոխարեն): Պողոս-Պետրոսը կառուցվել էր երկրաշարժի ժամանակ կործանված նույնանուն տաճարի տեղում, սակայն հայտնի չէր, թե երբ։ 1930-ականներին վերոնշյալ բոլոր կառույցները քանդվեցին սովետական ղեկավարության կողմից, չնայած որ ճարտարապետները մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի կանգնեցնեն եկեղեցու քանդման գործընթացը։
Խորհրդային տարիներին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտեխցյան և Թելման Գևորգյան) երևանցիների ամենասիրելի վայրերից մեկն էր։ Հենց դահլիճի տակ հեղինակներն առանձնացրել էին հասարակական տարածք, որտեղ բացօթյա սրճարան էր գործում։
Խորհրդային կարգերի փլուզումից հետո կինոթատրոնի շենքը սեփականաշնորհվեց և, քանի որ այն այդքան էլ լավ վիճակում չէր, պետք էր վերականգնողական աշխատանքներ անցկացնել։ Այդ նպատակով, վերականգնման պայմանով քանդվեցին Թումանյան փողոցում գտնվող բետոնե աստիճանները, որոնք էլ առանձնացնում էին ամառային դահլիճը փողոցից։ Ավելի ուշ ամառային դահլիճի տարածքում բացվեց ավտոլվացման կետ, հետո՝ սրճարան, որը փակեց դահլիճի մուտքը Թումանյանի կողմից:
2000-ականներին փորձեր եղան վերադարձնել Ամառային դահլիճին իր նախկին դերը. համերգներ, փառատոներ կազմակերպվեցին։ 2010-ի պայքարը նույնպես իր հիմքում դնում էր դահլիճի պահպանումն ու վերարժևորումը, սակայն, եթե դահլիճը պահպանել հաջողվեց, ապա վերարժևորելու տեսանկյունից իրավիճակը մնաց անփոփոխ։
ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քաղաքաշինարար
Հազար թերթ թուղթ
Ամառային դահլիճի հարցը սկսեց մարտ ամսին։ Այդ թեմայի շուրջ ֆեյսբուքյան հրապարակում արեցի, որն արձագանք ունեցավ, համախոհներով հանդիպեցինք, զրուցեցինք։ Դա եղավ մարտի չորսին, և այդ առաջին հավաքի օրվանից սկսած ամեն տարի այդ նույն օրը հավաքվում ենք մեր տանը։ Սկզբում փորձում էինք հանրությանը պարզ բացատրել, որ մեր թիրախն ամենևին էլ եկեղեցին չէ, և պետք է նշել, որ դա նաև կինոթատրոնի սեփականատիրոջ և հենց եկեղեցու արժանիքն է, որ ամառային դահլիճն այսօր գոյություն ունի։
Այդպիսով, մարդիկ սկսեցին միանալ շարժմանը, եղան ասուլիսներ, հայտարարություններ, բուռն քննարկումներ։ Ստորագրահավաք կազմակերպեցինք, և Ամառային դահլիճի դեպքում առաջին անգամ սոցիալական մեդիան օգտագործվեց որպես գործիք։ Հենց այնտեղով մարդկանց խնդրեցինք ոչ թե պարզապես գալ Թամանյանի արձանի մոտ և մասնակցել ստորագրահավաքին, այլ առաջարկեցինք ներբեռնել հրապարակման մեջ ներդրված փաստաթուղթը՝ քսանհինգ հոգու ստորագրության տեղերով և գալ արդեն քսանհինգ հոգու ձայներով։ Արդյունքում կարողացանք մի շաբաթվա մեջ մոտ քսանչորս հազար ստորագրություն հավաքել, որն այդ օրերին չլսված բան էր։
Սկավառակով չէին ընդունում՝ հազար թերթ թուղթ հանձնեցինք նախագահի աշխատակազմին։ Ես հիշում եմ ուսանողներիս պայծառ դեմքերը, երբ բերում էին ստորագրություններով թղթերը։
Ամառային դահլիճը 2012 թվականին
Պահպանել և արժևորել
Այդ ժամանակ քաղաքային ակտիվիզմը նաև նորաձևն էր և, իմ կարծիքով, այդքան կարևոր չէր հենց Ամառային դահլիճը, որքան մեծ թվով երիտասարդները, ովքեր այդ գործընթացում իրենց մասնակցությունն ունեցան։
Ամառային դահլիճը կարծես թե հաջողվեց պահպանել. եկեղեցին չկառուցվեց, բայց ըստ իս ներկայիս վիճակն այդքան էլ հուսադրող չէ։ Այն, ինչ մենք արեցինք, ընդամենը աշխատանքի կեսն էր։ Մենք պնդում էինք, որ խորհրդային մոդեռնիզմի 60- 70-ականների շենքերը ոչ միայն պիտի պահպանվեն, այլ նաև արժևորվեն։ Պահպանել՝ չի նշանակում դրանք դարձնել թանգարանային նմուշներ և չօգտագործել։ Բնական է, որ Ամառային դահլիճի նստարանները պիտի փոխվեն, եթե ներկայիս եղածներն օգտագործման ենթակա չեն. այն պիտի ամբողջությամբ արժևորվի։
Մենք ստեղծել ենք նոր օրակարգ, մասնագետների մեջ ենք կարողացել շատ բան փոխել։ Հիշում եմ` առաջիններից էինք, ով խոսեց Կոնդի մասին, և այդ ժամանակ մեզ վրա ծիծաղում էին, իսկ այսօր բոլորն ասում են՝ Կոնդը պետք է պահպանել։ Այս գործընթացների վրա մոտ երեք սերունդ է մեծացել, ուսանողները դարձել են մասնագետներ և այլն։ Սոցիալական մեդիան է մի պահից սկսել օգտագործվել որպես իրազեկման գործիք։ Մենք սկսել ենք փողոցներում կանգնելու փոխարեն լոբինգով զբաղվել և այլն։
ԱՐՍԵՆ ՇՈՒՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ճարտարապետ
Պասիվ ակտիվություն
Ես իրականում էդքան էլ ակտիվ չեմ եղել երբեք, ուղղակի գրում էի, ինձ էլ կարդում էին։ Համենայն դեպս, փողոց շատ քիչ եմ դուրս եկել։ Ամենաառաջին անգամ 2000-ականների սկզբին էր, կարծեմ «Սևան» հյուրանոցը քանդելուց հետո՝ Սարհատի, Բելլայի, մյուսների հետ պլակատներով քայլում էինք փողոցներով։ Հետո արդեն կինո «Մոսկվայի» ամառային դահլիճի ժամանակ էր, որ շատ գրեցի, մասնակցեցի ստորագրահավաքին, մի քանի իվենթներ եղան՝ մասնակցեցի․․․
Իսկ գրել եմ էն, ինչ չեմ կարողացել մեջս պահել։ Ինձ համար կարևոր էր արտահայտվել Երևանի մասին, միջավայրի մասին։ Հետո պարզվեց, որ մարդիկ կարդում էին, հավատում ու սկսում կիսել իմ տեսակետը։
Մի անգամ էլ նստած աշխատում էի գրասենյակում, երբ ռադիոյով հանկարծ լսեցի ամառայինի քանդելու մասին լուրերը։ Էնպես ներվայանցա, որ միանգամից մեծ գրառում արեցի Live Journal-ում, էն ժամանակ Ֆեյսբուքը դեռ էդ աստիճանի տարածված չէր։ Պարզվեց, որ իմ պոստի հետ զուգահեռ մի քանի հոգի էլ աղմուկ էին բարձրացրել, ու էդպես միասին կարողացանք ալիք բարձրացնել։ Սկսեցին զանգել լրագրողները, հարցուփորձ անել, ու ձնագունդը սկսեց մեծանալ։
Մեծ հաշվով էդ բոլոր պատմությունները ինձ ջղայնացնում են մի ֆունդամենտալ պատճառով․ էն, որ ես ինձ մեծապես համարում եմ էս քաղաքի տերը, թող սխալ չհնչի․․․ Բայց հա, սա նաև իմ քաղաքն է, ու չեմ հասկանում, թե ինչի՞ պիտի նման լուրջ որոշումները կայացվեն առանց ինձ հետ քննարկելու։
Դահլիճի պաշտպանությանն ուղված ակցիա, 2010թ․
Անբացատրելի հաղթանակ
Մինչև վերջ չեմ հասկանում, թե ինչպես ստացվեց փրկել ամառայինը։ Միայն կարող եմ ենթադրել, որ կարողացանք միաժամանակ մի քանի զգայուն կետի կպնել։ Նախ, մեր ճարտարապետական համքարությունում կան լեգենդի վերածված անուններ։ Կա նաև պատկերացում հայկական մոդեռնիստական դպրոցի մասին միֆը։ Միֆ, որովհետև կան առանձին մարդիկ, բայց դպրոց հաստատ չկա, ավաղ։
Ինչևէ, Սպարտակ Կնտեխցյանի նկատմամբ կա վաղուց ձևավորված հատուկ վերաբերմունք, հատկապես տարիքով, բայց դեռ ակտիվ մասնագետների շրջանում։ Բոլորն ասում են, որ իր աշակերտներն են եղել, կամ ընկերն են եղել, կամ հետը խմել են՝ մի քիչ նման է Փարաջանովի միֆականացված կերպարին։ Կնտեխցյանն էլ, ի դեպ, շատ քիչ գործ ունի արված, բայց բոլորը նշանավոր։ Իսկ ամառային դահլիճը շատ կարևոր գործ է հենց ճարտարապետական իմաստով։ Ու կոնկրետ էդ պայքարին միացան շատ ու շատ էնպիսի մարդիկ, որոնք մնացած այլ դեպքերում հեչ էլ չէին պայքարում։
Դեր խաղաց նաև էն, որ Կնտեխցյանը չկա։ Կարող ա զավեշտ թվալ, բայց լրիվ լուրջ եմ ասում․ ասենք՝ կինո «Ռոսիան» կամ Երիտասարդական պալատն էդքան էլ բանի տեղ չեն դնում, ասում են՝ դե Պողոսյանը կա, թող ինքը պաշտպանի, ինքն ա հեղինակը։ Իսկ այ գնացած լեգենդի ժառանգության համար արժի կռվել։
Հետո կինո «Մոսկվայի» հետ կապված շատ անձնական հիշողություններ կային՝ 60-ականներ, վերելք, ջահելություն։ Ես էլ ունեմ հուշեր՝ մի անգամ գնացինք «Ֆանտոմասը» նայելու, անձրև եկավ, իջանք՝ աստիճանների տակից էինք նայում։ Փառատոներ էին անում, երկու ֆիլմ մի սեանսի ժամանակ։ Մի անգամ էլ պապաս համարյա ծեծում էր ինչ-որ խուլիգանների, որոնք հերթում մի կնոջ նեղացրեցին․․․ Ընդհանրապես, ամառայինը էն հատուկենտ շենքերից է, որ ոչ միայն ունի պատմական ու մշակութային արժեք, ոչ միայն տեղի հիշողություն, այլև հենց ճարտարապետական մեծագույն նշանակություն ունի։ Սա ունիկալ դեպք էր։
Հետո միացան ջահելները, որոնք չունեին իմ ու ավագ սերնդի սենտիմենտալ կապվածությունը, գուցե երբեք էլ դահլիճի ներսում չէին եղել, բայց հավաքվեցին իրար գլխի, կարողացան 50 հազար ստորագրություն հավաքել․․․ Առաջին դեպքն էր երևի, որ օգտագործվեցին սոցցանցերը, Ֆեյսբուքն արդեն սկսում էր գրավել լայն մասսաներին։ Էն սերունդը մեծացավ, եկել էր նոր գիտակցությամբ, նոր արժեքային համակարգով ու նոր եռանդով։
Կար եկեղեցու գործոնը։ Խնդիրն էն է, որ ընդունված է չքննարկել ընդհանրապես, եթե ինչ-որ բան է տրվում եկեղեցուն։ Դա սխալ մոտեցում է։ Եթե եկեղեցի է, չի նշանակում, որ պետք է վատ լուծում տալ, իսկ դեմ արտահայտվողներին կոչել անաստվածներ։ Բայց էստեղ մի կարևոր նրբություն էլ կար․ Պողոս-Պետրոսը ոչ թե ամառային դահլիճի տեղում էր, այլ բուն կինոթատրոնի թևերից մեկի։ Այսինքն՝ եթե էդքան սկզբունքային էին, պիտի քանդեին հիմնական շենքը։
Կիսատ հաղթանակ
Ի վերջո, հաջողվեց անել էնպես, որ շենքը չքանդվի։ Բայց դա միջանկյալ հաղթանակ է։ Չքանդեցին ու բեռը գցեցին սեփականատիրոջ վրա, որն էն ժամանակ ուզում էր հրաժարվել էդ տարածքից հօգուտ եկեղեցու։ Ինքն էլ չգտավ կոմերցիոն ճանապարհ օգտագործելու։ Պետք էր օգնել, պետք էր աջակցել։ Ի վերջո պետք է լիներ հասարակական պահանջ։ Որը չկա։ Չի եղել ու չի լինելու։ Կամ պիտի էլիտան վերցներ իր վրա էդ ֆունկցիան։ Բայց չունենք դրանից։ Երևանի էլիտան ինչ-որ մարդիկ են, որոնք 60 թվին նստած են եղել Կազիրյոկում ու ձեռով բարևել են Ազնավուրին։
ՍԵՎԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ճարտապարետ
Նախադրյալները
Ամառային դահլիճը քաղաքային ակտիվիզմի բացառիկ դեպքերից է, երբ կարող ենք ասել, որ հաջողվեց հասնել մեր նպատակին։ Մեր նախաձեռնությունը բավական մեծ արձագանք ստացավ։ Ի տարբերություն Կոնդի և Հյուսիսային պողոտայի դեպքերի՝ երբ նույնիսկ մասնագետների միջև տարակարծություններ կային, այստեղ թե՛ հասարակության լայն շերտերը, թե՛ մասնագետների կողմը համակարծիք էին. Ամառային դահլիճի արժեքը միանշանակ էր։
Բացի այդ, այս դեպքում կար մի բացարձակ սուտ դահլիճը հուշարձանների ցուցակից հանելու մասին։ Որոշ մարդկանց համար դեր խաղաց նաև եկեղեցու ներգրավվածությունը։ Այս բոլոր նախադրյալները պարարտ դաշտ էին պատրաստել, որպեսզի իշխանությունները հետ կանգնեն այդ քայլից։
Առցանց
Շատ կարևոր դեր խաղաց նաև այն, որ կառավարությունը ներդրեց որոշումներն առցանց տեղադրելու պրակտիկան, ինչը Հայաստանի համար բավական առաջադեմ երևույթ էր։ Այդպես էլ որոշումը գտել էինք ինտերնետում։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակ կառավարության նիստերը չէին հեռարձակվում՝ կարող էինք այդպես էլ չիմանալ այս որոշման մասին կամ իմանալ այն ժամանակ, երբ սկսվեցին քանդման գործընթացները։
Բացի այդ, մեզ հաջողվեց պեղել հարցին վերաբերող ամբողջ փաստաթղթաշրջանառությունը։ Պարզեցինք, որ Մշակույթի նախարարությունը չի տվել իր համաձայնությունը, որ առանց նախարարության և մասնագիտական գնահատման ընդունվել է կառավարության նման որոշում։ Դա մեզ թույլ տվեց շուտ ահազանգել և նախապես անցնել գործի, ինչը նաև անսպասելի էր իշխանության համար։
Պակաս կարևոր չէր մարդկանց մեջ նախորդ անհաջողություններից կուտակված էներգիան և ջղայնությունը։ Մարդիկ պատրաստ էին պայքարել, ու դա նույնպես պատճառ դարձավ, որ կառավարությունը հետ քայլ անի։
Գուցե այսօր մեր ազդեցության լծակները շատացել են, մենք այլևս երիտասարդ ակտիվիստներ չենք, բայց ժամանակի հետ այդ էներգիան գնում է այլ խնդիրների լուծման վրա և, եթե նույն խնդիրը լիներ այսօրվա իրականության մեջ, ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ քանի մարդ կգնար պայքարելու։
Ոչ եկեղեցու դեմ
Այդ օրերին մեզ հանդիպման հրավիրեց Վեհափառը։ Դա չտեսնված բան էր, որ եկեղեցին երկխոսության մեջ մտնի ակտիվիստների հետ, այն էլ՝ այդքան բարձր մակարդակով։
Նրանց մոտիվները պարզ էին. մտավախություն ունեին, որ մեր գործողություններն ուղղված են հենց եկեղեցու դեմ։ Գնացինք հերքելու այդ միտքը։ Նա մի հետաքրքիր բան ասաց, որն առ այսօր հիշում եմ։ Ասաց․ «Լավ, ես հիմա հետ կկանգնեմ, բայց տասը տարի անց կտեսնենք՝ ով կհիշի և կարժևորի այդ վայրը»։
1970-ականներ
Դեպի ինստիտուցիոնալը
Ակտիվիզմն ինքն իրենով ինստիտուցիոնալ չէ։ Մենք հասանք մեր նախանշված նպատակին՝ Ամառային դահլիճի քանդումը կասեցվեց։ Գուցե մեզանից ոմանք իրենց մտքում ունեին, թե հետոն ինչպիսին պիտի լինի, որպեսզի դահլիճն արժևորվի և օգտագործվի, բայց այդ կետից գործընթացը պետք է գնար ինստիտուցիոնալ դաշտ, իսկ մենք այդ դաշտում ներգրավված չենք առ այսօր։
Հենց այդ նպատակով էլ Ամառային դահլիճի պահպանումից հետո Սարհատ Պետրոսյանի հետ, ով մեր նախաձեռնության կորիզային անդամներից է, հիմնադրեցինք urbanlab-ը՝ դուրս գալով պլակատային ակտիվիզմի նիշից՝ շեշտադրելով բովանդակությունը։