Մրգօղիներն ու հին հեթանոսական Հայաստանը
Ավանդույթներ

Մրգօղիներն ու հին հեթանոսական Հայաստանը

Ինչու էին շատ հին Հայաստանում սիրում մրգօղիներ, ինչ պատճառներով այդ մշակույթը գրեթե մոռացվեց ու ինչպես կարող ենք դրանք արժևորել մեր ժամանակներում. բացատրում է «Բախտամի» թորատան հիմնադիր Նարեկ Բախտամյանը, որի հետ ԵՐԵՎԱՆը շփվել է իր «Բորշչ» կոնծարանում և «Կոնդ հաուս» ըմպելարանում։

Տեքստը՝ Վիկտորիա Սամուելի


Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի

 

ԵՐԵՎԱՆ #84 | 2024
 

#Գործընկեր

Ո՞ւր կարող են տանել թրմօղիների և մրգօղիների շուրջ զրույցներն այս կիսացուրտ վաղ գարնանային երեկոյան։ Իհարկե, դեպի հեթանոսական Հայաստանի սովորույթներ, թագավորներ, քրմեր ու աստվածներ, էլ ու՞ր։ Ի դեպ, թեման հարուցած ըմպելիքն էր բուրբոնի մեջ թրմած բալի թուրմը։ Եվ ահա «Բորշչ» կոնծարանում նստած, նույն այդ կոնծարանի ու մրգօղու հիմնադիր-հայր Նարեկ Բախտամյանը պատմում է, որ շատ նման մի խմիչք հազարամյակներ առաջ Հայքի քրմերը խորհուրդ էին տալիս ընդունել սեռական խաղերից առաջ։ Ահա այսպիսի հույժ կարևոր մշակութային ժառանգություն, ավաղ, գրեթե մոռացված։ 

 

 

Անանուն

Հեթանոսական ժամանակներից կտրուկ անցում մեզ ավելի մոտ դարեր. Նարեկն ունի իր վարկածը, թե ինչու է մոռացության մատնվել հին հայկական ըմպելիքների մի ամբողջ շերտը։ «Մի հատ մեծ սխալ տեղի ունեցավ, երբ «վոդկա» բառը հայերեն թարգմանվեց օղի, մինչդեռ դա խմիչքի առանձին կատեգորիա ա, հստակ գրված ա՝ ցորենից կամ կարտոֆիլից ստացվող 40 աստիճանից բարձր թունդ ալկոհոլային խմիչք։ Դա պիտի մնար վոդկա, իսկ մրգայինը լիներ օղի։ Բայց փաստացի մենք մրգօղիների համար առանձին անուն չունենք,– տարակուսում է Նարեկն ու թվարկում նմանատիպ մյուս՝ ինքնուրույն անուն ունեցող կատեգորիաները. տեկիլան ագավայի թորվածք է, ռոմը՝ շաքարեղեգի, վիսկին՝ հացահատիկային,– երբ լինի հստակ անուն, բազմաթիվ հարցեր կլուծվեն»։ 


Քանի որ օղին արդեն անվերադարձ ասոցացվում է վոդկայի հետ, Նարեկն առաջարկում է մի քիչ էլ փորփրել մեր անցյալը։ Հեռախոսով միացնում է Միքայել Ոսկանյանի «Զոմա-Զոմա» զվարթ երգը (որ ժամանակին գտել ու մշակել էր Կոմիտասը). «Իմ շատ լավ ընկեր Միքայել Ոսկանյանը հետաքրքիր ուսումնասիրություն է արել, պարզվեց, որ զոման հին հայկական հեթանոսական թունդ ալկոհոլային ըմպելիք ա, և մենք շատ կուզենայինք մրգօղիներն աշխարհին ներկայացնեինք այդ անվանումով ու իր հետ աշխարհին մատուցեինք ամբողջ հիասքանչ լեգենդը, որովհետև կարծում եմ՝ այն փառահեղ է»։


Զոման, ուրեմն, հին հայկական թունդ խմիչք էր, որը հայտնի էր հատկապես թագավորների և կրոնական վերնախավի շրջանում։ «Գինին համարվում է աստվածային խմիչք։ Դե ժողովուրդը սիրում է միշտ աստծուն մոտ լինել, չէ՞։ Իսկ օղին թագավորական խմիչք է»,– բացատրում է Նարեկը հավամրգի թրմօղին լցնելով։ Նախորդից ավելի թթվաշ է, գույնը՝ ավելի ջրաներկային-թափանցիկ։

 

Լուսանկարը՝ Անդրանիկ Բեգլարյանի

 

Ավանդույթներն ու պրոֆեսիոնալ մոտեցումը

Չնայած ընդհանուր շատ հաճելի տրամադրությանն ու միջավայրին, Նարեկը նորից լուրջ խնդիր է բարձրաձայնում. չնայած, որ մրգօղիներն ու թրմօղիները կան հազարամյակներ շարունակ, երկար ժամանակ դրանք նույնականացվել են ոչ շատ դրական երևույթների հետ. 


«Երբ ինչ-որ մեկն իր այգում իր ձեռքով սարքած թորման սարքով սարքում ա մրգօղի, որը ժողովրդի մեջ ասում են յաթրջի, տնական արաղ կամ այլ անհասկանալի անվանումներ են տալիս, մարդկանց կարող է դուր չգալ։ Լինում ա՝ ասում են՝ պապուս քաշածն ա, մեջը շաքար չկա, մինչդեռ խնդիրը դա չի։ Այն իրենից մասնագիտական մի շարք պրոցեսներ ա ենթադրում, որի համար մարդ պիտի ունենա համապատասխան կրթություն։ Սա այն դեպքը չի, որ գաղափարը սերնդեսերունդ ժառանգելով՝ մենք հասնում ենք ինչ-որ բանի, որովհետև այս ամենը, ի վերջո, գիտություն ա։ Դրա համար շատ կարևոր ա, իհարկե, հիմքում ունենալով պապենական այդ բոլոր ավանդույթները, օգտագործելով ժամանակակից գիտությունը և տեխնոլոգիաները և վերցնելով Հայաստանից դուրս այս ոլորտի այլ փորձառությունը՝ ստեղծենք այն, ինչ ստեղծում ենք»։

 

 

Սիրուն խմելու մասին (ճիշտ միջավայրում)

Այսօր մենք «Բորշչում» ենք, բայց Նարեկի մյուս արդեն հռչակավոր նստավայրն է «Կոնդ հաուսը»։ Այստեղ էլ ինչեր ասես, որ չեն խմվել ու ինչ զրույցներ ասես, որ չեն վարվել… «Կոնդի» ու «Բորշչի» նման նախագծերը, ըստ Նարեկի, թույլ են տալիս ոչ միայն ծանոթանալ մրգօղիների և թրմօղիների իրարից տարբեր համերին, այլև դրանք փորձել ավելի համապատասխան միջավայրում։ Սա ծանոթություն է խմիչքին իր ամբողջությամբ, որովհետև ճիշտ միջավայրը, լուսավորությունը, մարդիկ և զրույցներն են, որ թույլ են տալիս ճանաչել խմիչքն ու հիշել դրա համը, որովհետև ամենայն հավանականությամբ, երբ այն խմես տանը, մենակ, քո գրասեղանի մոտ, այն լրիվ այլ համ կունենա։ Այստեղ իմ ու Նարեկի կարծիքները համընկնում են, իսկ հավամրգի, որն աճում է ճահիճներում և որի հայերեն անվանումը հազիվ գտա ինտերնետում, ոչ այնքան քաղցր համը շարունակում էր լցնել երեկոն և գունավորել փիլիսոփայության վերածվող զրույցը, որի մասին շրջանցեմ շատ երկար չլինելու համար։ 


«Չեմ պատկերացնում, որ մարդը կարող է նստել ու մենակով խմել։ Դա կոլեկտիվ շփում ա պահանջում, որովհետև պարուրում ա ուրախ ու բարի բանով։ Ու երբ ես խմելու մասին եմ խոսում, ես սիրուն խմելու մասին եմ խոսում»։

 

 

Թունդ շարունակություն

Եթե «Բորշչը» կոնծարան է, ապա «Կոնդը»՝ ըմպելարան։ Այնտեղ էլ ուղևորվում ենք, որպեսզի շարունակենք զրույցն արդեն մրգօղիների շուրջ, որոնք, ի տարբերություն թրմօղիների, համարվում են թունդ ալկոհոլային խմիչք։ Մրգօղիները մատուցում են այն չրերի հետ, որ մրգերից պատրաստված են հենց մրգօղիները։ Ահա մեր բաժին միայն ծիրանի մրգօղին՝ ծիրանաչրի համադրությամբ։ Բնական համն ու «Կոնդի» կարմիր ու տաք լուսավորությունը կարող էին արդեն լավ ավարտ լինել և՛ այս հարցազրույցի, և՛ այս վաղ գարնան երեկոյի, բայց ինչպե՞ս հրաժարվես էլի այստեղ պատրաստած լիմենչելոյից։ Լցնելիս Նարեկը ոգևորված պատմում է իր փորձարկումների մասին. ծիրանի մրգօղու վրա թրմօղի էին սարքել, անունը դրել «Ծիրանչելո»։ Այ այսպիսի հայ-իտալական բարեկամություն։


Մրգօղիների հետ համադրվող ուտեստի ընտրությունը կախված է նրանից, թե ինչ տրամադրությամբ է սկսվում կոնծաբանությունը (Նարեկի սիրելի բառերից մեկ ուրիշը)։ Որպես նախուտեստ առաջարկվում են նույն մրգի չրերը, բայց բազմաթիվ մրգօղիների հետ հրաշալիորեն համադրվում են յուղոտ մսի կտորները։


Իսկ այ օրինակ տանձի մրգօղին հրաշալիորեն համադրվում է բորշչի հետ, ինչպես 7-8 տարի առաջ պարզվեց, երբ Նարեկն այցելել է ընկերոջ տուն, ով հրավիրել էր բորշչ ուտելու, տարավ տանձի մրգօղին։ «Բորշչը» դեռ չկար, բայց այդ ժամանակ հասկացան, որ դա ստացված համադրություն է, որը հիմա կարող է նոր ու հետաքրքիր համադրություն լինել կոնծարանի հաճախորդների համար։

 

Մրգերով ու լեգենդներով

Հայաստանի բնությունը, հատկապես մրգերի հարցում, շատ առատաձեռն է, իսկ մրգօղիներն ու թրմօղիները տարբերվող խմիչքներ են։ Ալկոհոլը, Նարեկի կարծիքով, աշխարհին ներկայանալու լավագույն ձևերից է, և այդ մասին պետք է խոսվի նաև գրականության ու կինոյի մեջ, պետք է տրվի մշակութային արժեք։ 


«Հայաստանը, իրականում, ունի շշմելու մրգային ռեսուրս, որը պիտի շատ ավելի լավ օգտագործենք ու դրանով ներկայանանք աշխարհին,– վստահ է Նարեկ Բախտամյանը,– ու դե մեր փառահեղ լեգենդներն էլ հետը»։

հավելյալ նյութեր