«Մսյո Ազնավուր». ինչիպիսի՞ն է ստացվել աղմկահարույց կենսագրական ֆիլմը
Կինո

«Մսյո Ազնավուր». ինչիպիսի՞ն է ստացվել աղմկահարույց կենսագրական ֆիլմը

Դեկտեմբերի 5-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում էկրան բարձրացավ «Մսյո Ազնավուր» խաղարկային ֆիլմը` բոլորիս սիրելի Շառլի կենսագրական դրաման: ԵՐԵՎԱՆի խնդրանքով կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը փորձում է այս ֆիլմի օրինակով հասկանալ, թե ինչու են հենց կենսագրական կինոնկարները պատճառում մեծագույն բերկրանքները, բայց նաև առաջացնում ամենամեծ հիասթափությունները։

Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի

#Կինո

Կենսագրական ֆիլմեր ստեղծվել են կինոյի սկզբնավորման առաջին տարիներից սկսած: Աղբյուրներում նշվող ժանրային առաջնեկը` «Քելլիի հրոսակախմբի պատմությունը» (The Story of the Kelly Gang), նկարահանվել է 1906-ին և պատմում է ավստրալացի բուշ-ռենջեր (անտառներում թաքնվող փախստական, գող) Նեդ Քելլի մասին, որի հրոսակախումբը պայքարում էր բրիտանացի գաղութարարների դեմ: Իսկ ահա նույն թվականին լույս տեսած «Բեթհովենի «Լուսնի սոնատի» ստեղծումը» (The Origin of Beethoven's Moonlight Sonata), առաջին երաժշտական կենսագրական ֆիլմն էր, ինչն ինքնին կարելի է համարել առանձին ենթաճյուղ կենսագրական ֆիլմերի շարքում: 

 

 

Ձախողում․ ֆիլմը փորձում է արագ պատմել ամեն ինչի մասին, դառնալով մակերեսային

Ուսումնասիրությունները փաստում են, որ հայտնի տղամարդկանց կյանքը նկարագրող պատմություններն ավելի շատ են։ Եթե իրական կանանց մասին պատմող հազվագյուտ ֆիլմերի մեծամասնությունը ներկայացնում է հերոսուհիներին որպես զոհ, ապա նշանավոր տղամարդկանց բայոպիկները պատկերում են վերջիններիս կյանքի կարևոր դրվագները` հաջողության հասնելու ճանապարհին: Ճիշտ այսպիսինն է նաև «Մսյո Ազնավուրը», որ փորձում է 134 րոպեների մեջ ամփոփել երգչի ողջ կյանքը։ 

 

Հաջողություն․ հանդիսատեսը տեսնում, լսում է ծանոթ ու սիրելի մեղեդիներ, երբեմն երգում է ֆիլմին զուգահեռ

Ֆիլմի համառեժիսորը Մեհդի Իդիրն է, որը, ի հավելումն ռեժիսորության, նաև հիփ-հոփ պարող է և բազում երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել ֆրանսիացի հայտնի հիփ-հոփ երգիչների համար: Ֆիլմում սերը երաժշտության նկատմամբ ռեժիսորն արտահայտում է ազնավուրյան երգերով ողողելով գրեթե  յուրաքանչյուր դրվագ, ինչը շանսոնիեի երկրպագուների աչքում դառնում է գեղեցիկ երաժշտական բացիկ։ 

 

 

Ձախողում․ ընտանիքի ներգրավվածությունը բացառում է արտաքին կամ այլընտրանքային մոտեցում պատմությանը

«Երաժշտական բացիկի» ձևավորումը ենթադրում է համագործակցություն երգերի իրավատերերի հետ, որը հաճախ արվեստագետի ընտանիքի անդամներն են: «Մսյո Ազնավուրի» դեպքում ընտանիքի անդամների հետ համագործակցությունն ավելի լայն է, քանի որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ժան-Ռաշիդ Քալուշն է` Ազնավուրի դստեր` Քեթիի ամուսինը։ 

 

Ձախողում․ բոլորն ունեն իրենց պատկերացումները հայտնի հերոսի մասին և բոլորին գոհացնելն անհնար է / Հաջողություն. սիրելի դերասանը մարմնավորում է սիրելի երգչին

Կենսագրական ֆիլմերում ամենից կարևորը գլխավոր դերակատարն է, որը մարմնավորում է խնդրո առարկա հերոսին, նրա վրա են կենտրոնանում հանդիսատեսի բոլոր սպասելիքները: «Մսյո Ազնավուրում» հերոսին մարմնավորում է Թահար Ռահիմը՝ գուցե այս պահին ֆրանսիական կինոյի համար մեկ աստղը, որը հայտնի էր Ժակ Օդիարի «Մարգարե» (A Prophet, 2009) և Քևին ՄաքԴոնալդի «Մավրիտանացին» (The Mauritanian, 2021) ֆիլմերով, որոնցից առաջինը գլխավոր մրցանակի էր արժանացել Կաննի կինոփառատոնում, իսկ երկրորդը ներկայացվել էր Ոսկե Գլոբուսի: Հայ հանդիսատեսին Ռահիմը ծանոթ է նաև գերմանացի Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut, 2014) ֆիլմից, որում դերասանը մարմավորում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Նազարեթին: «Մսյո Ազնավուրի» նախապատրաստական աշխատանքներին Ռահիմը ևս մոտեցել է ամենայն պատասխանատվությամբ, շաբաթական տասը ժամ վերցնելով երգի դասեր, մշակել ձայնը` հնարավորինս մոտ լինելու Ազնավուրի խռպոտ ձայնը վերստեղծելուն: 

 

 

Ի վերջո․․․

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում էր այս մայիսին` Կաննի կինոփառատոնի շրջանակներում: Չար լեզուներն ասում են, որ պրոդյուսերները գիտեին, որ ֆիլմը կարող է արժանանալ բացասական արձագանքի, իսկ կաննյան խիստ կինոքննադատների սուր գրիչները կարող էին ոչնչացնել ֆիլմի պոտենցիալ դիստրիբուցիոն հաջողությունը: Այդ պատճառով հեղինակները խուսափեցին առաջին ցուցադրությունն անել կինոփառատոնում և լայնածավալ դիստրիբուցիա սկսեցին աշնանը՝ առանց փառատոների: Պրոդյուսերների այս քաղաքականությունն ճշգրտորեն ցույց տվեց ֆիլմի ստեղծման հիմնական նպատակն ու նախանշեց սպասելիքները, որ պետք է ունենա հանդիսատեսը կինոդահլիճ մուտք գործելոց առաջ: 

 

Կինոյի համր շրջանի ավարտից հետո կինոգետները հավատում էին, որ կենսագրական ֆիլմերի դարաշրջանն ավարտվել է, բայց անցել է մոտ իննսուն տարի և դրանք շարունակվում են նկարվել ու հազարավոր մարդկանց տանել կինոթատրոն: Ցավոք, դրանց մեծամասնություն ստեղծվում են հենց այդ նպատակով և շարժվում նույն հնացած հետագծով` բավարարելու զանգվածների հետաքրքրությունն իմանալ հայտնի մարդկանց դժվարություններ անձնական կյանքի մանրամասնությունների մասին: 

 

«Մսյո Ազնավուրը» ևս դասվում է հերթական վոյերիստական դրամաների շարքին, որ հմայում է լայն հանդիսատեսին հայտնի ու տաղանդավոր դերասաններով, գեղեցիկ պատկերներով ու ծանոթ կամ նույնիսկ սիրելի երաժշտությամբ, բայց թողնում մակերեսայնության ու դատարկության ետնահամ, որ փորձում է խոսել ամեն ինչի մասին` չասելով ոչինչ: 

հավելյալ նյութեր