Նաիրա Մուրադյան․ «Ես չեմ առանձնացնում հին ու նոր Երևանները»
Իմ Երևան

Նաիրա Մուրադյան․ «Ես չեմ առանձնացնում հին ու նոր Երևանները»

Մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ Նաիրա Մուրադյանը պատմում է կտուրի վրա գտնվող հայրատան տան, Մասիվից կենտրոն ոտքով զբոսանքների, «Հայֆիլմի» հրաշքների աշխարհում հայտնվելու մասին, ինչպես նաև արդարացնում Հյուսիսային պողոտայի գոյությունը:

Տեքստը՝ Լենա Գևորգյանի


Լուսանկարը՝ Առնոս Մարտիրոսյանի

 

ԵՐԵՎԱՆ # 20 | 2013

#ԻմԵրևան

Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել ու հենց Մարգարյանն է ընդունել ծնունդս: Հետո էլ երեխաներս են ծնվել այդ նույն ծննդատանը: Ամենահետաքրքիրն այն էր, որ «էխոյի» սարքը հենց ծննդաբերելուս օրն էին առաջին անգամ բերել հիվանդանոց: 

 

Կյանքիս առաջին հինգ տարին անցել է Ֆիրդուսում գտնվող մեր տանը։ Կտուրի վրա էր` ընդամենը երկու սենյակ: Իսկ փողոցը, կարծես, դարակներից բաղկացած լիներ`իրար վրա դասավորված փոքրիկ տնակներով: Տարբեր ազգության մարդիկ էին բնակվում այդ փողոցում: Քուրդ մի ընկերուհի ունեի, ում մազերին ինչ ասես չէին քսում, որ գանգուր դառնար` ձվածեղ, «զելյոնկա»: Կոլորիտային փողոց էր` հարևանի ճաշերի հոտերով: 

 

Երբ կյանքդ փուլերի է բաժանվում ու յուրաքանչյուր հինգ տարին մեկ փոխում ես բնակավայրդ, նախորդ հինգ տարին մխրճվում է գիտակցությանդ մեջ: Ինձ մոտ հենց այդպես էր, դրա համար էլ շատ լավ եմ հիշում մանկությունս` յուրաքանչյուր մանրուքով:

 

Տեղափոխվեցինք Լենինգրադյան փողոցի վրա գտնվող նկարիչների շենք` հինգերորդ հարկում ծնողներիս արվեստանոցն էր: Շենքային խաղ ունեինք` մի քանի հոգի մնում էր առաջին հարկում, մյուսները բարձրանում էին վերև: Ներքևից բառեր էինք գոռում ու վերևի հարկում նստողները պետք է լսեին ու գուշակեին բառը: 

 

Սկսեցի թիվ 118 դպրոցը հաճախել: Կես տարի սովորելուց հետո տեղափոխվեցինք Մասիվ: Հենց այնտեղ էլ ավարտել եմ թիվ 143 դպրոցը, իսկ տնօրենը` Սեթոն, շատ կրթված մի անձնավորություն, հիմա Երրորդ մասի անցումում գիրք է վաճառում: Իմ կյանքում միշտ այդպես է` կամ կենտրոնում եմ բնակվել, կամ ծայրամասում: Հիմա էլ Ձորաղբյուրում եմ ապրում:

 

Դասերից փախնում էի, 11 համարի տրոլեյբուսով հասնում էի Շրջանային, նստում էի Բժշկական համալսարանի դիմացի շենքի աստիճաններին ու նայում էի մարդկանց: Հրաշք էր:

 

Ընդունվեցի Թերլեմեզյանի անվան պետական ուսումնարան ու հենց այդ ժամանակ սկսեցի սիրել Երևանը: Միշտ նկարել եմ, բոլոր շարադասություններում գրում էի, որ մուլտիպլիկատոր եմ դառնալու, բայց չէի էլ կասկածում, որ նաև նկարիչ կդառնամ: Ճեպանկարներ էինք անում քաղաքի տարբեր անկյուններում և ցանկացած տեղ ոտքով էինք հասնում: Հաճախ Մասիվից ոտքով էի հասնում Թերլեմեզյան, նույնիսկ ձմռանը: Շատ շուտ էի դուրս գալիս տնից, բայց միշտ ուշանում էի:

 

 

Տերյան 2 հասցեում ստուդիա էր բացվել` նկարիչների և դերասանական կուրսեր էին անցկացվում: Այնտեղ ասացին, որ Աշտարակի մայրուղի պետք է գնամ: Բացատրեցին, երրորդ համարի երթուղայինով հասա, հարցրեցի` որտեղ է մուլտ-խումբը ու ներս մտա: Կարծես Ալիսան լինեի, որը հրաշքների աշխարհում է հայտնվել`շախմատանման հատակ, դիմացի պատին էլ մեծ հայելի, սենյակում էլ նստած էին Ռոբը, Վովան, Ստյոպան ու Յուրան, որը հետո իմ ամուսինը դարձավ: Այդպես էլ սկսեցի աշխատել «Հայֆիլմում» ու մինչև հիմա էլ աշխատում եմ: 

 

Ռոբ Սահակյանցի կինը` Լյուդմիլան, ֆիլմ էր նկարահանում: Գրաֆիկաս հավանել էր, առաջարկեց ինձ համագործակցել: Ռոբը դեմ էր: Հետո սկսեցի գրաֆիկական մերկ կանանց նկարել` Ռոբը հավանեց ու ընկերացանք: 17 ու կես տարեկան էի, երբ դարձա Սովետական Միությունում ամենաերիտասարդ բեմադրիչներից մեկը:

 

Ես չեմ առանձնացնում հին ու նոր Երևանները: Իմ հին Երևանը տպված է հիշողությանս մեջ, չեմ ուզում բաց թողնել այդ հիշողությունները: Թումանյան փողոցի վրա էր տատիկիս տունը` սալոնի երկրորդ հարկում: Հիմա այնտեղ այլ մարդիկ են ապրում, բայց իմ հին Երևանը, միևնույն է, այդ երկրորդ հարկում է:

 

Տատիկիս տանը լսվում էր հարևաններից մեկի նվագը` դաշնամուրով Բաբաջանյան էր նվագում: Ու շատ էին նման տները, պատուհանները բաց էին ու լսվում էր, թե ինչպես են մարդիկ նվագում, հենց իրենք, իրենց ձեռքերով: Այդ ժամանակ ընդունված էր, չէ՞, որ բոլորն իրենց տներում պետք է դաշնամուր ունենային: Հիմա նման բան չեմ լսում:

 

Ժամանակին քաղաքն ու մարդիկ հիանալի էին` երևանցիները իրոք գեղեցիկ էին: Նստում էի մետրո ու հիանում էի մարդկանց դեմքերով: Հիմա նման դեմքեր շատ քիչ կան: Մարդկանցով կարելի է հասկանալ` ինչ վիճակում է քաղաքը:

 

Նաիրա Մուրադյան, «Ֆիրդուս», 2020

 

Երևանը պետք է յուրաքանչյուրիս մեջ լինի: Սիրում եմ Երևանը, շատ եմ սիրում: Չեմ կարող առանձնացնել ու ասել` կոնկրետ ինչն եմ սիրում: Պարզապես սիրում եմ:

 

Փակ շուկայի համար պատրաստ եմ մարդ խեղդել: Ահավոր կատաղում ու ցավում եմ, երբ տեսնում եմ մեր հին շենքերը վատ վիճակում: Զարմանում եմ՝ ինչո՞ւ պետք է այնպես ստացվի, որ քաղաքացին պայքարի իր քաղաքի պահպանման համար: Տարօրինակ է ու սխալ: Այս թեման ինձ լացացնում է, ես չեմ կարող խոսել քաղաքիս մասին առանց արցունքների:

 

Շատ եմ սիրում Կիևյանի կամուրջի հատվածը: Նախ`աշտարակներ հիշեցնող երկու շենքերը. ինձ համար քաղաքը հենց այդտեղից է սկսվում: Այնտեղի շենքերի միատարրությունը չի խանգարում պարզապես ուսումնասիրել, ու հայացքդ սահում է փողոցին, շենքերին, ծառերին: Ի դեպ, յուրաքանչյուր ծառի բունը ինչ-որ կենդանու էի նմանեցնում: 

 

Եթե Երևանի մուլտ հերոսը ստեղծեի, ապա այն կլիներ խենթ ու խելառ, բայց նաև պրագմատիկ: Արտաքնապես էկլեկտիկ ոճի կլիներ, օրինակ` ցիլինդրով ու ծիծակ կոշիկներով: Երևանը իր ծնված օրվանից էկլեկտիկ է, հենց դրա համար է, որ ընդունում եմ Հյուսիսային պողոտան. սա ևս մեր քաղաքի էկլեկտիկ տարրն է: 

 

Եթե կարողանայի, առաջին հերթին կվերականգնեի բոլոր համարակալած շենքերը: Դրանք սիրուն էին ու իրենց տեղում էին:

 

Ձորաղբյուրի տանս մեկ սենյակը պապայի արվեստանոցն ենք դարձրել: Զգում եմ յուղաներկի հոտն ու հասկանում, որ Երևանի մի մասը մեզ հետ տարել ենք գյուղ:

 

Ամենամեծ ճշմարտությունը, որ սովորեցրել է ինձ այս քաղաքը` ընկերներ ունենալն է, անհնար է ապրել առանց նրանց: Դրա համար արել եմ ամեն ինչ, որ ծնողներս ու երեխաներս էլ դառնան իմ ընկերները: Ես չեմ դառնում մամա, տատիկ, ես դառնում եմ ընկեր, եթե, իհարկե, հավանում եմ այդ մարդուն:

 

Մասիվի բարձունքից տեսնում ես Երևանը վերևից, հրապարակի հարևանությամբ բնակվելով տեսնում ես, ինչպես են պատրաստվում շքերթներին ու հասկանում ես քաղաքի ներքին խոհանոցը: Ու այս քաղաքը դառնում է քոնը, քո մի մասնիկը:

 

Ի՞նչ կլինի այս քաղաքում առանց քեզ: Ի՞նչ տարբերություն… չկա Փարաջանովը, ու չնայած որ երևանցի չէր, իր տուն-թանգարանի այդ հատվածը իրենով է արել: Նույնը կարող եմ ասել Սարյանի մասին: Նա արդեն վաղուց չկա, բայց նա այդ հատվածում է, Սարյանի մոտ ես գնում, ոչ թե այդ փողոց: Երևանն ինձնով անելու հավակնություններ չունեմ, բայց նման մարդիկ քաղաքին պետք են:
 

հավելյալ նյութեր