Նարեկ Բախտամյան. «Երևանի իրական համը հակասությունների մեջ է»
Իմ Երևան

Նարեկ Բախտամյան. «Երևանի իրական համը հակասությունների մեջ է»

Աղբյուր Սերոբի ազատությունից մինչև Սախարովի հրապարակի հանդարտություն, դպրոցական բիստրոյի հոթդոգից մինչև «Նավավարի» աղի պատյանով ձուկը. Kond House-ի ու մի շարք այլ ռեստորանային նախագծերի հեղինակ Նարեկ Բախտամյանի հետ զրուցել ենք երևանյան «բոզբաշի», քաղաքի հետ հարաբերությունների և անհամատեղելի թվացող հակասությունների մասին, որոնք ձևավորում են մեր տեսակը։

Տեքստը՝ Ելենա Գևորգյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի

#ԻմԵրևան #Գաստրո

Մանկությունս ասոցացվում է Աղբյուր Սերոբ 7 լեգենդար հասցեի հետ։ Թեև տունը վարձով էր՝ հին ու քանդված վերանորոգմամբ, բայց այնտեղ ինձ ամեն ինչ թույլատրված էր. կարող էի պատերի վրա նկարել ու գունազարդել։ Ունեի մի մեծ պատշգամբ, որտեղ ինչ խաղեր ասես կազմակերպում էի։ Այդտեղ երբեք «չէ» բառը չկար։

 

Ճարտարապետությունը, փողոցներն ու մարդիկ, միջավայրը, որտեղ մեծանում ենք, անխուսափելիորեն ձևավորում են մեր տեսակը։ Երևանն ինձ դարձրել է այնպիսին, ինչպիսին կամ։ Օրինակ՝ ես աշխարհի ամենաանկազմակերպ մարդկանցից եմ. միշտ ուշանում եմ և չունեմ ժամանակի հստակ զգացողություն։ Ինձ թվում է՝ սա նույնպես Երևանի ազդեցությունն է։

 

Ամենավառ հիշողություններս կապված են դպրոցի «բիստրոյի» հետ։ Դա «էլիտար» վայր էր, որտեղ հավաքվում էին դասից փախնողները։ Հիշում եմ՝ մի օր նստած ուտում էի «ֆուլ փաթեթը»՝ երկու նրբերշիկով ու կարտոֆիլով հոթդոգ, որ 250 դրամ էր և թան։ Դասընկերս մոտեցավ ու խնդրեց պակասող 50 դրամը, որ ինքն էլ կարողանա ուտել։ Էլ գումար չունեի։ Ասեց. «Այ, եթե հոթդոգդ առանց կարտոֆիլի վերցնեիր, հիմա ես էլ կուտեի»։ Չեմ հիշում այդ տղայի անունը կամ դեմքը, բայց մինչև հիմա հիշում եմ այդ մեղավորության զգացումը։

 

Դպրոցի դիմացի պատուհանից վաճառվող 50 դրամանոց բուլկիները միշտ ուղեկցվում էին «չգիտես՝ ինչպես են սարքել» կասկածանքով։ Դա նման էր աղացած մսի հանդեպ այն տարիների համատարած վախին, որից ձերբազատվեցի միայն տարիներ անց։

 

 

Իմ ուսանողական առավոտները սկսվում էին «Չորրորդ իշխանություն» թերթով և 96 համարի երթուղայինով, որով հասնում էի դասի, հետո էլ՝ «Փարիզյան սրճարան»՝ հանգիստ թերթ կարդալու, կամ գրադարան։ Ամենալավն Ակադեմիայի արվեստի բաժնի գրադարանն էր՝ հունահռոմեական արվեստի իր հարուստ ալբոմներով։ Իսկ Բայրոնի գրադարանում ահավոր ցուրտ էր. ընկերներով նստում էինք, կարդում, հետո գնում թեյով տաքանալու ու նորից վերադառնում, մինչև մեզ դուրս էին հրավիրում փակվելու պատճառով։ Գնում էինք “Texas”, որտեղ ֆիստաշկայի կեղևները գետնին գցելն արդեն ավանդույթ էր։

 

Հիշո՞ւմ եք առաջին ալտերնատիվ ինտերնետ-ակումբները, որոնք ավելի շատ թեյարան էին հիշեցնում։ Գնում էինք The Club, թեյ պատվիրում և ժամավճարով նոթբուք վերցնում։ Հիմա նույնիսկ դժվար է հիշել, թե ինչ էինք անում ինտերնետում։

 

Հիմա այն փուլն է, երբ պետք է Երևանին ինչ-որ բան տանք. կա՛մ պետք է ստեղծես, կա՛մ հեռանաս։ Իմ առաքելությունն այսօր «անտիգլամուրիզմն» է։ Մի ժամանակ ես էլ էի կորցրել այդ սահմանը՝ բացելով շքեղ, սպիտակ սփռոցներով ռեստորան, որը փակվեց ընդամենը չորս ամսից։ Այդ փորձն ինձ սովորեցրեց, որ Երևանին պետք է վերադարձնել իր բակային ոգին։ Ուզում եմ զարգացնել սթրիթ ֆուդի մշակույթը։ Քաղաքի հետ պետք է շփվել դրսում՝ այգիներում ու փողոցներում, այլ ոչ թե փակվել «գլամուրային» պատերի մեջ։

 

Առաջին աշխատանքս Աբովյան փողոցի հուշանվերների խանութում էր։ Օրական 500 դրամ էի ստանում, ինչն ավելի քիչ էր, քան ծախսում էի ճանապարհի ու սննդի վրա։ Բայց դա անգլերենս կիրառելու և զբոսաշրջիկներին մեր քաղաքի մասին պատմելու լավագույն հնարավորությունն էր։

 

Եկավ ամսագրերի ու լրագրության շրջանը։ Հիշում եմ առաջին մեծ հարցազրույցս Արտո Թունջբոյաջյանի հետ. ձայնագրիչով լսում էի ու կեսը չէի հասկանում, բայց ստացվեց։ Արման Մարգարյանի հետ ընկերացանք ու սկսեցինք տարբեր նախագծեր անել։ Ռոք կինոների դիտումներ էինք կազմակերպում Avangard ակումբում, «Կատվի դրախտ» հաղորդման համար գովազդ էինք գտնում, փարթիներ էինք անում։ Զուգահեռ սկսվեց աշխատանքը City FM-ում, որը իմ կյանքի ամենաերանելի աշխատանքներից էր։ Ֆելիքս Խաչատրյանը, Արթուր Իսպիրյանը, DJ Սեդրակը, Հրանտ Թոխատյանը՝ աստղային կազմ էր։

 

Իմ մուտքը horeca ոլորտ սկսվեց «Ուլիխանյան» ակումբից։ Դժվար ժամանակներ էին. որոշեցինք ռոք-երեկոներ անել՝ 1000 դրամով անսահմանափակ խեցգետիններով։ Ջազային միջավայրի համար դա իսկական փորձություն էր, բայց նաև՝ անմոռանալի ու հավես շրջան։

 

 

«Նավավարի» ստեղծման հիմքում հայրիկիս՝ Արթուր Բախտամյանի ձուկ որսալու և պատրաստելու վարպետությունն էր։ Մեր տանը միշտ կար կարաս կամ սազան, ու երբ «Ժան Պոլը» միանգամից ստացվեց, հասկացա՝ սա իմ ուղին է։ «Նավավարն» էն նախագիծն է, որը դեռ իր ասելիքն ունի ու մի օր անպայման պետք է վերականգնվի։

 

Այն ժամանակվա Երևանը դեռ պատրաստ չէր ձկան նման մշակույթին. մարդկանց հիմնականում հետաքրքրում էր՝ «արդյո՞ք կուտես ու կկշտանաս»։ Բայց մենք շարունակում էինք փորձարկումները հայկական ձկնատեսակներով։ Մեր հիմնական «ֆիշկան» աղի պատյանի մեջ եփված ձուկն էր, որը հաճախորդի աչքի առաջ վառում էինք կոնյակով, ապա ջարդում պատյանն ու մատուցում։

 

Այսօր իմ հարաբերությունները «Կոնդի Հաուսի» հետ նման են ծնողի և 18 տարեկան անկանխատեսելի դեռահասի կապի։ Ինը տարի առաջ դա խենթ ու համարձակ նախագիծ էր, որն այսօր արդեն իր սեփական դիմագիծն ու կյանքն ունի։

 

Իմ վերջին շրջանի բացահայտումը «13:20» բարն է։ Այնտեղ ես վերապրում եմ իմ պատանեկությունը, շփվում Հայաստան տեղափոխված ռուսների հետ ու լսում նրանց պատմությունները Երևանի մասին։ Իսկ գիշերային Երևանն ինձ համար դարձել է անհետաքրքիր՝ իր «գլամուրով» ու նոր այֆոնների ցուցադրությամբ։

 

Իմ ընտանիքում պաթոսը երբեք ընդունված չի եղել։ Հայրս ինձ սովորեցրել է ոչ թե օգտվել կապերից, այլ ինքնուրույն «ձուկ բռնել»։ Երբ ամեն առավոտ արթնանում ես ու տեսնում ես Հանրապետության հրապարակը, դա մեծ ազդեցություն է ունենում կայացմանդ վրա։ Նույն կերպ մեծ ազդեցություն է ունենում, երբ ամեն առավոտ տեսնում ես Արթուր Բախտամյանին։

 

ԵՐԵՎԱՆի գլխավոր խմբագրի և Նարեկ Բախտամյանի զրույցը՝ GastroCast փոդքասթի շրջանակում

 

Երևանը միանշանակ սթեյք չէ՝ բարդ ու բազմաշերտ ուտեստ է, որտեղ բաղադրիչներն առաջին հայացքից կարող են բացարձակ չսազել իրար։

 

Պատկերացրեք մի խառնուրդ, որտեղ մանր կտրտած գառան միսն է, բուլղարական պղպեղը, սոխը, չգիտես որտեղից հայտնված բրինձն ու մի փունջ իրար հակասող համեմունքներ՝ կորիանդրի սերմից մինչև չաման ու ծխեցված պղպեղ։ Գուրմանի աչքով նայելիս կարող ես ասել՝ «լավ, սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ»։ Կամ ինչու՞ պետք է արդեն իսկ յուղոտ գառան մսին հսկայական քանակությամբ տոմատ ու կարագ ավելացնել։ Բայց օրվա վերջում, երբ նստում ես, մի երկու բաժակ խմում ու ուտում ես այդ ամենը, հասկանում ես՝ «բայց համո՛վ էր»։ Հենց այդ անհասկանալի, մասնագիտորեն «սխալ», բայց ներդաշնակ համն է, որ թույլ չի տալիս մարդկանց հեռանալ այս քաղաքից։ Ինչքան էլ ասենք, թե այստեղ Հիմալայան աղն ավելի կսազեր, կամ տոմատը շատ էր, միևնույն է՝ Երևանի իրական համը հենց այդ հակասությունների մեջ է։

հավելյալ նյութեր