Նարեկ Մարգարյան. «Երևանը նման է Սուպերմենի Մետրոպոլիսին»
Իմ Երևան

Նարեկ Մարգարյան. «Երևանը նման է Սուպերմենի Մետրոպոլիսին»

«Արմքոմեդիի» համահեղինակ Նարեկ Մարգարյանը պատմում է Երևանի ու Simpson-ների նմանության, DC-ի ու Marvel-ի քաղաքների հետ ունեցած ընդհանրությունների ու երևանյան ճշմարտությունների մասին:

Տեքստը՝ Լենա Գևորգյանի

 

Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյանի

 

ԵՐԵՎԱՆ #54 | 2019

#ԻմԵրևան

Ծնվել ու մեծացել եմ Երևանում: Տասը տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Մոսկվա: 18 տարեկանում վերադարձա Երևան: Այդ ընթացքում ամեն տարի գալիս էինք այստեղ: Բայց ամենաակնհայտ տարբերությունը 90-ականներից հետո քաղաքից վերացած կտրված ծառերն ու թալանված նստարաններն էին:

 

Ոչ սովորական արտաքինով էի՝ բակենբարդներ ունեի, ինչն այն ժամանակ բավականին համարձակ էր համարվում: Երևանում տարօրինակ հայացքներն ավելի շատ էին: Մնացած բոլոր առումներով ինտեգրումը նորմալ էր:

 

Անկախ նրանից, թե ընթերցողներից ով ինչ կմտածի՝ Երրորդ մասում գտնվող տատիկիս բակն ամենալավն էր:

 

 

Ամենաֆանտաստիկ խաղերն էինք խաղում: Մի ամառ դետեկտիվներ էինք. Երրորդ մասի շուկայի դիմացը կրպակ էին թալանել, մենք էլ գնացել ու փորձում էինք բացահայտել դեպքը: Մյուս ամառ Նինջա կրիաներն էինք: Թիմ էինք, ես Միքելանջելոն էի, սեփական թշնամի՝ Շրեդեր, ունեինք ու պայքարում էինք իր հետ: Դասական բակ էր՝ բեսեդկայով, պուլպուլակով, «աղմկո՜ւմ եք» գոռացող մարդով, գարաժ սարքողին խանգարող հարևաններով, խաղի ամենահետաքրքիր պահերին տուն կանչելով:

 

Այստեղ ամեն մեկն իր Երևանն ունի՝ սեփական ծանոթների շրջանակի հաշվին: Քաղաքն ավելի շատ իրենք են, քան բուն Երևանը: Ու երբ քեզ համար ծանոթության ճիշտ շրջանակն ես գտնում, սկսում ես ապրել քո ուզած Երևանում:

 

Կա խարեբների, փաբերի ու քյաբաբնոցների Երևանը ու նրանք միմյանցից ռադիկալ տարբեր են: Ու ինձ թվում է՝ պուլպուլակներն են միավորում այդ Երևանները, որպես յուրահատուկ պորտալներ՝ ունիվերսալ ու բոլորի կողմից սիրված բարիքներ:

 

Երևանը Simpson-ների մեջի Սփրինգֆիլդի որակն ունի. մի անգամ շատ վաղ առավոտյան իջնում էի կենտրոն ու սենց նայեցի շուրջս՝ Թումանյան փողոցն էր, մեկ էլ էն փող հավաքող, մի քիչ լիքոտ տղեն դուրս եկավ, կովբոյի շորերով մի ձյաձ կա, ինքն անցավ: Ու ես հասկացա՝ կերպարներ կան, որ միշտ քաղաքում են, իրենց կարող է մի քանի էպիզոդ ցույց չտան սերիալում, բայց առանց իրենց՝ անհնար է: Ու այդ կերպարներից մեկն էլ ես էի:

 

Ամեն ինչ այս կյանքում կարող է կոմիքսի թեմա դառնալ, եթե հետաքրքիր շարմ ունի: Իսկ Երևանը յուրահատուկ շարմով քաղաք է, հետևաբար իր մասին կոմիքսային պատմություններ կարելի է և պետք է պատմել:

 

DC-ի կոմիքսներում կա մռայլ ու մութ Գոթըմ քաղաքը, որտեղ Բեթմենն է, ու կա պայծառ Մետրոպոլիս քաղաքը, որտեղ Սուպերմենն է: Երևանն ավելի շատ նման է Մետրոպոլիսին, մենք արևոտ քաղաք ենք: Դրամայի տեսանկյունից ավելի հետաքրքիր է, երբ արևոտ քաղաքին ինչ-որ վտանգ է սպառնում, որովհետև մթում սարսափն ակնհայտ է: Կոմիքսում Երևանին կարող են սպառնալ օրինակ այլմոլորակայինները:

 

Խնդրում եմ, հերիք է Երևանի մասին երգեր գրեք: Որովհետև շատ է արդեն, քըմո՜ն, ու որովհետև նոր ասելիք չկա: Բայց գրվում են երգեր, որովհետև Լոս-Անջելեսում լավ են վաճառվում: Վերջին 20 տարիների ընթացքում, երևի, միայն Ֆորշի «Երևանն է» եղել, որ ինչ-որ նոր բան է ասել:

 

Երևանը երիտասարդ է, թաքցնում է իր տարիքը, որովհետև իրականում Հռոմից մեծ է:

 

Քաղաքի տարբեր հատվածներ տրամադրություն են ստեղծում: Ի դեպ, այդ տարածքներից չէ ինձ համար այլևս Կասկադը, որովհետև ավելի զբոսաշրջիկային է դարձել: Տերյանը հստակ տրամադրություն է: Երևանը մարդիկ են, ում ամեն քայլափոխի բարևում ես ու կարծես՝ ամբողջ քաղաքին գիտես: Կարծում եմ՝ մեկ էլ Գլենդելում է տենց:

 

Սերգեյի հետ Բրյուսովում ընկերացանք, իսկ առաջին մեր ելույթը Stop ակումբում էր: Ի դեպ, էն ժամանակ մեր հավաքատեղիներից մեկը Wild West-ն էր: Մեր ամենասիրելի վայրերից էր նաև Կոնսի բակը: Բայց ամենակարևոր տեղը, արդեն 20 տարուց ավել, Սարյանի արձանն է: Երբ ասում ենք՝ «իջնենք քաղաք», նշանակում է, որ ընկերներով հենց Սարյանի արձանի մոտ ենք հանդիպելու:

 

«Ուգլ» պահելու գաղտնիքն ենք բացահայտել վերջերս: Հիշում եք, չէ՞, որ Երևանում «ուգլավիկներ» կային, որ առավոտյան 8-ից մինչև ուշ գիշեր նույն տեղում կանգնած մարդկանց էին նայում: Այսպիսով՝ ԹումանյանՊրոսպեկտ խաչմերուկում նստարան դրեցին: Սկսեցինք այնտեղ նստել ու «ուգլ» պահել: Այդտեղ իսկական դրամա կամ կատակերգություն է ծավալվում՝ իրական երևանյան կինո: Անպայման կհայտնվի մի աղջիկ, ում մի տղա է սիրահետում, իսկ նա «չի ուզում»:

 

Իսկական Երևանը բակերում է, պիտի ներս մտնես, որ բացահայտես քաղաքը:

 

Ժամանակին ինձ սահմանափակում էր այն, որ Երևանում մարդիկ շատ ավելի ծանր էին իրենց պահում, քան իրականում կային: Հիմա էլ, դեռ փողոցում հաճախ կարելի է հանդիպել ջղային, առանց ժպիտի, ունքերը կիտած անցորդների, բայց հաստատ ցենտր անձնավորություն է: Բայց դե մեզ մոտ մարդիկ պիտի ծանր պահեն իրենց: Արտասահմանում թեթևություն կա. փողոցում երաժիշտ է նվագում, կարող ես կանգնել, պարել, ու ոչ ոք քեզ չի նայի, անծանոթի հետ կանգնես, խոսես: Իսկ մեզ մոտ պիտի սպասես ծանոթդ անցնի, նոր պարես: Բայց մեծ փոփոխություն եմ նկատում, դրական դինամիկա կա:

 

Մեքենա լավ վարել էստեղ եմ սովորել: Երևանում վարել կարողացողն իսկական վարպետ է ցանկացած այլ քաղաքում:

 

Երևանյան ճշմարտություններ կան, որ հենց բակային կյանքից են գալիս՝ տարիքով մարդկանց պետք է օգնել, աղջիկներին՝ պաշտպանել: Տարրական ճշմարտություններ են, որ մանկուց են եկել: Ու այսօր, երբ այդքան շատ են քննարկում գենդերային հավասարությունը, մտածում ես՝ իհարկե կա ողջամիտ սահման՝ այո՛, սեռերը հավասար են, բայց կա նաև հակառակ հիպերուռճացված կողմը, որ չի կարելի կնոջ առջև դուռ բացել, որովհետև դա իրեն վիրավորում է: Մեզ մոտ այս ուռճացված վիճակը չկա, բայց կան բոլոր նախադրյալները: Դրա համար մարդիկ պիտի միմյանց հետ ավելի շատ շփվեն՝ ոչ թե ֆեյսբուքում, մանիֆեստների լեզվով, այլ իրականում:

 

Երևանն ինձ ոգեշնչում է, անսահման նյութ է ինձ համար: Հիմա, օրինակ, երգիծական գիրք եմ գրում Հայաստանի մասին, բայց 90%-ը վերաբերվում է Երևանին, քաղաքն ամեն էջում է: