ՆՁԱԿ․ ժառանգության հիմքի վրա կառուցվող գիտական ապագա
Գիտություն

ՆՁԱԿ․ ժառանգության հիմքի վրա կառուցվող գիտական ապագա

ՀՀ կառավարությունը լուծարել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի բացառիկ գիտատեխնիկական գրադարանն ունի շուրջ 22 մլն փաստաթուղթ պարունակող պահոց։ Մի քանի ամիս առաջ ԵՐԵՎԱՆն այցելել էր այժմ արդեն լուծարված ՆՁԱԿ, որտեղ երկար տարիներ պահպանվում էր խորհրդահայ գիտական ոլորտի միջավայրը՝ այդ ժամանակներին հատուկ խճանկարներից մինչև բացառիկ գրադարանը։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի


Լուսանկարենրը՝ Հարություն Մալխասյանի

1980-2024

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) տնօրեն Հայկ Մարգարյանի աշխատասենյակի պատուհանների տակ մոտակա մի քանի տարին աղմկոտ է լինելու․ վերականգնվում է նախկինում այստեղ գտնվող այգին։ Առայժմ հայտնի չէ՝ որքանով նման կլինի մեկը մեկին, բայց հին պատկերը կարելի է տեսնել այս նույն աշխատասենյակում գտնվող մանրակերտի միջոցով․ Կոմիտասի պողոտայից երևացող չորս միանման բարձրահարկերից մեկն է, փոքր անցումով դրան կապված գրադարանային մասնաշենքը և այգին։ Ժամանակին այստեղ էր տեղակայված Գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկատնտեսական հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտը։ 

 

 

 

Մանրակերտի վրա կա նաև կառույցի ստեղծման տարեթիվը՝ 1980։ Իսկ դա նշանակում է, որ ինստիտուտի գոյության ակտիվ շրջանը համընկել է Խորհրդային Միության վերջին տասնամյակի հետ։ Այդպես, դեռ ողջ պոտենցիալը չհասցնելով ցույց տալ՝ այս հսկայական շենքն իր ահռելի բովանդակությամբ մի տեսակ մոռացության է մատնվել։ 

 

Եվ ահա, նոր ժամանակներում Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում փորձում են վերաիմաստավորել ինստիտուտի ժառանգությունն ու այդ հիմքի վրա կառուցել գիտական ապագա։ 

 

Անցյալի ու ապագայի միջև

Անցյալի ու ապագայի միջև ներկայի կամուրջը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով․ ահա ինստիտուտի սրահներից մեկում խորհրդային գիտական հաստատություններին այդքան հատուկ մի գեղատեսիլ խճանկարի ֆոնին ու մի քանի տասնամյակի պատմություն ունեցող հատակափայտի վրա տեղադրված է բոլորովին վերջերս կայացած Innovative Armenia գիտաժողովը, որի ընթացքում մի քանի կարևոր փաստաղթուղթ էր ստորագրվել։ Դրանցից ամենացնցողը, իհարկե, ավստրիական կողմի հետ համաձայնությունն էր՝ իրագործելու մի նախագիծ, որի շրջանակում Հայաստանը կդառնա Մարս մոլորակի հետազոտությունների սիմուլյացիայի վայրը։ Ըստ ՆՁԱԿ տնօրեն Հայկ Մարգարյանի, հյուրերի համար ակնհայտ էր նաև ժառանգության հիմքի վրա այսօր կառուցվող գիտական ապագան։ 

 

 

 

Գիտության առևտրայնացում 

Երկար տարիներ Հայաստանում չկար որևէ կառույց, որը կզբաղվեր, այսպես ասած, տեխնոլոգիաների տրանսֆերով, որն անհրաժեշտ է, որպեսզի գիտնականներն առևտրայնացնեն իրենց գյուտերը։ Սա բավական նոր ոլորտ է հետխորհրդային երկրների համար, քանի որ ԽՍՀՄ-ում դրա կարիքը պարզապես չկար․ պետությունը պատվիրում էր, պետությունը վճարում էր։ Մինչդեռ ԱՄՆ-ում, օրինակ, արդեն 60-ականներից մասնավոր սեկտորն ակտիվ աշխատում էր գիտնականների հետ, ինչը մեծապես խթանեց գիտության զարգացմանն Արևմուտքում։ Հիմա սփյուռքի համապատասխան մասնագետների օգնությամբ ՆՁԱԿ-ը փորձում է լրացնել այդ բացն ու դառնալ միջնորդ գիտության ու մասնավորի միջև։ 

 

Այստեղ պարբերաբար միջոցառումներ են կայանում, հանդիպումներ երկու սեկտորների միջև, այնպես որ տարիների ընդմիջումից հետո իր ուղղակի նշանակությամբ օգտագործվում է, օրինակ, մեծ դահլիճը, որտեղ մտնելով՝ կարծես հայտնվում ես 40 տարի առաջվա Երևանում։ Ներս մտնողի մտքով ակամայից անցնում է՝ լավ է, որ ոչ ոք չի իմացել այս ամենի մասին, պարզապես փակել-գնացել են, առանց քանդելու․․․ Ահա այսպես, կոնսերվացված խորհրդային ինտերիերում կերտվում է Հայաստանի ինովացիոն ապագան։ 

 

Բայց, թերևս, նախկին ինստիտուտից ժառանգություն մնացած ամենամեծ հարստությունն ահռելի գրադարանն է։ Ավելին, այն գործում է դեռ 1963 թվականից՝ այս բարձրահարկից ավելի վաղ կառուցված մասնաշենքում։  

 

 

 

Գրադարանն առաջ

Այս հարստության մասին մեզ պատմում է ՆՁԱԿ տեխնիկական գրադարանի ֆոնդերի պահպանման բաժնի պետ տիկին Հասմիկ Հարությունյանը։  Նա այստեղ աշխատում է հեռավոր 1979 թվականից, երբ հիմնարկը դեռ կոչվում էր Հանրապետական գիտատեխնիկական գրադարան ու գտնվում էր Գոսպլանի (ըստ էության՝ էկոնոմիկայի նախարարություն) ենթակայության ներքո։ Խորհրդային տարիներին գրադարանն ունեցել է հինգ ենթաբաժին՝ պարբերականների, գրքային, արտոնագրային փաստաղթղթերի (պատենտների), նորմատիվ փաստաղթղթերի և արդյունաբերական կատալոգների։ Վերջին երեքը մասնագիտացված ֆոնդ էին կոչվում ու Հայաստանում իրենց տեսակով միակն էին։

 

Միայն արտոնագրային ֆոնդում պահվում է 19 միլիոն փաստաթուղթ աշխարհի 77 երկրներից։ Դրանք մեծամասամբ պահպանվում են միկրոկրիչների վրա, որոնց համար կան հատուկ կարդացող սարքեր։ 

 

«Այն ժամանակ գրադարանը հիմնականում սպասարկել է գիտատեխնիկական ոլորտի մարդկանց՝ ուսանողներ, ասպիրանտներ, գիտնականներ, - պատմում է տիկին Հարությունյանը․ - Պարբերականների ֆոնդում հատկապես հետաքրքրվում էին ամերիկյան ամսագրերով․ հենց մեզ մոտ կարելի էր ծանոթանալ աշխարհի մյուս կողմերում գիտական ու տեխնիկական զարգացումներին»։ 

 

90-ականներին, իհարկե, շատ բան փոխվեց․ «80-ականներին ամբողջ բուհական ու գիտական համակարգն այստեղ էր, որովհետև մեզ մոտ ամենալիարժեք գիտական հավաքածուն էր։ 90-ականներից գնալով փոքրացավ ընթերցողական խումբը։ Փոփոխվեց նաև ֆոնդի լրացման ձևը։ Խորհրդային տարիներին բոլոր հանրապետություններից ստանում էինք օրինակներ, իսկ անկախացումից հետո միայն այն, ինչ մենք էինք ընտրում ու գնում՝ ելնելով պահի պահանջներից»։ Առաջին արցախյան պատերազմի տարիներին, օրինակ, գրադարանը տնօրեն Ռաֆայել Հարությունյանի նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով բազմազան ռազմական գրականություն ձեռք բերեց։ Պաշտպանության նախարարության աշխատակիցները պարբերաբար գալիս ու ծանոթանում էին։ 

 

 

 

Գրադարանն այսօր

Հիմա գրադարանում տարեկան շուրջ երեք հազար այցելու է լինում։ Շատերը նեղ մասնագիտական գրականություն են փնտրում, ամենապահանջվածը, թերևս, պատենտների բաժինն է։ Ըստ ֆոնդապահի, արտոնագրային մասնագետներ կան, որոնք 80-ականներից ի վեր գալիս են գրադարան, ուսումնասիրություններ անում։ 

 

Իսկ վերջերս մի գեղեցիկ, կինոյական պատմություն էր եղել։ Նկարահանող խումբ էր եկել հաղորդում նկարելու։ Խմբի անդամներից մեկի հայրը խորհրդային տարիներին գիտնական է եղել, Մոսկվայում եղած տարիներին մի գյուտ է պատենտավորել, բայց հետագա խառը տարիներին այդ գործի հետ կապված բոլոր տեղեկությունները կորել են։ Պահպանվել է միայն պատենտի համարը։ Եվ ահա, տարիներ անց, այդ համարով պատենտի փաստաթուղթը գտնվել է այս գրադարանում։ 

 

Անկախ համացանցի հնարավորություններից, ֆիզիկական շոշափելի պահոցը միշտ իր տեղում է։ Թեև գրադարանի ղեկավարությունը վաղուց պլանավորում է աստիճանաբար թվայնացնել այս հսկայական բովանդակությունը, թեկուզ ոչ հանրայնացնելու (խնդիր կա հեղինակային իրավունքների հետ կապված), այլ պարզապես ապագայի համար պահելու համար։ 

 

 

 

Անցյալի վրա հիմնված ապագա

Գրադարանի մասնաշենքն իրոք ապշեցնում է իր ահռելի տարածքով։ Փաստաթղթերով, գրքերով ու միկրոկրիչներով լցված դարակների անվերջ շարքեր, որոնք ամեն հարկում բաժանված են երկու մակարդակի, որպեսզի ավելի շատ նյութ տեղավորվի, անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովելու համար ջեռուցման խողովակներ, միկրոֆիլմերը դիտելու սարքեր, գյուտեր, ամսագրեր, գրքեր․․․ 

 

Զարմանալի չէ, որ այս շատ կինոյական միջավայրում պարբերաբար նկարահանող խմբեր են լինում։ ՆՁԱԿ-ում շարունակում են ակտիվորեն աջակցել գիտության ու մասնավոր սեկտորի սերտ կապերին։ Ինչպես հիշեցնում է տնօրենը, դրա համար անհրաժեշտ է ամուր հենվել սեփական ժառանգության վրա, որի մի կարևոր մասն է այս ահռելի գրադարանը։

հավելյալ նյութեր