🏹 Նետաձգություն. հավերժական արվեստ և սպորտ
Սպորտ

🏹 Նետաձգություն. հավերժական արվեստ և սպորտ

Երևանի «Նաիրի» նետաձգության ակումբը դրամահավաք է սկսել՝ մարզաձևը Հայաստանում ավելի ներկայանալի դարձնելու նպատակով։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով ակումբի անդամ, բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը պատմում է Հայաստանում նետաձգության բազմադարյան պատմության, ինչպես նաև մարզական նետաձգության կարևորության մասին։

 

Տեքստը՝ Լիլիթ Խաչատուրյանի (հոդվածը պատրաստվել է  նետաձգության ԽՍՀՄ սպորտի վարպետ, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանի աշխատությունների հիման վրա)

 

Մասնակցել դրամահավաքին

 

Նետաձգությունը հայոց լեռնաշխարհում

Ավելի քան 3 հազար տարի առաջ աղեղը սկսեց օգտագործվել ոչ միայն որսի համար, այլև որպես զենք։ Աղեղնավորները բարձր էին գնահատվում, քանի որ նրանք կարող էին հարվածել մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող թիրախներին: 

 

Հայկական լեռնաշխարհի ցեղերը նետ-աղեղի լարը պատրաստում էին կենդանիների ջիլերից, աղիներից, կաշուց, բուսական ճկուն ու դիմացկուն արմատներից և այլ նյութերից։ Նետին սրընթաց արագություն էին տալիս հատկապես կաշվից ու ջլերից պատրաստված լարերը, որոնք նետաձգության ժամանակ ահավոր ճայթյուն էին առաջացնում (դարեր անց Եղիշեն Վարդանանց պատերազմի մասին գրում է․ «․․․Աղեղների լարերի ճայթյունը առհասարակ խլացնում էր բոլորի ականաջները»)։ 

 

Էնեոլիթյան շրջանի հայկական ժայռապատկերների նյութը վկայում է, որ հայերի նախնիները զենքը օգտագործել են ինչպես կրծքի կամ դեմքի մոտ, այնպես էլ որովայնի սահմանում պահած վիճակում։ Նետաձգության ուժգնության ու արագության պահպանման տեխնիկան ցայտուն արտահայտվում է ժայռապատկերներից մեկում։

 

 

Հոմերոսյան շրջանից հետո կիրառվող նետաձգության տեխնիկայի մասին հայտնում են․ «Նրանք աղեղի լարը ձգում էին մինչև ճակատը, նույնիսկ մինչև աջ ականջը և նետն այնպիսի ուժ էր ստանում, որ նրա թափին չի կարող դիմանալ ո՛չ վահանը, ո՛չ էլ զրահը»։ Այս փաստի փայլուն ապացույցն է մ․թ․ա․ VIII դ․ վերագրվող նետաձիգ զինվորների պատկերաքանդակը, որը ներկայացվել է «Վանի թագավորությունը» աշխատությունում։ Իսկ Մովսես Խորենացին դյուցազն Հայկի մասին գրում է․«Պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպչում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի թափ անցնելով նրա թիկունքի միջև, գետին է խրվում»։

 

Օտար աղբյուրները վկայում են, որ դեռևս մ․թ․ա 6-րդ դարում հին հայերի մոտ նետաձգության տեխնիկան արդեն կատարելագործված էր։ Քսենոֆոնը «Անաբասիս» աշխատությունում գրում է․ «Նրանք շատ արագաշարժ էին։ Նրանք ուրիշ ոչինչ չունեին, այլ միայն աղեղներ և պարսատիկներ։ Ամենալավ նետաձիգներն էին․․․»։ 

 

 

Նետաձգությունը որպես ռազմի բնույթի մարզաձև տեղ էր գտել հայկական բանակում՝ նրա կազմավորման առաջին օրերից։ Մ․թ․ա 6-րդ դարում հայկական զորագնդերի մասին խոսելիս Քսենոֆոնը հաղորդում է, որ մասնագիտական գնդերի հետ միասին հայերն ունեին «տասը հազար նետաձիգ»։ Նետաձիգների առանձին գնդեր գործել են նաև անտիկ և միջնադարյան շրջանի հայկական զորաբանակում։ Դիոն Կասսիուսը նշում է, որ Տիգրան Մեծի զորքերում գործող նետաձիգներն իրենց հմուտ նետաձգությամբ մեծապես խոչընդոտել են Լուկուլլոսի զորքերի առաջխաղացմանը։

 

Սեպագիր արձանագրություններում նշված է, որ Արգիշտի II-ի նետը կտրել-անցել է 950 կանգուն՝ 490 մետր տարածություն։ Համեմատության համար՝ ժամանակակից օլիմպիական խաղերում նետաձիգի և թիրախի միջև հեռավորությունը 70 մետր է։ Դա չի նշանակում, թե պետք է շտապել և նախնիների գերհզորությամբ կամ պարծենկոտությամբ բացատրել նման արդյունքը։ Այսօր նույնպես հեռավորության ռեկորդները հասնում են 4-5 հարյուր մետրի։ 

 

Նետաձգությունը ժամանակակից Օլիմպիական խաղերում

Նետաձգությունն աստիճանաբար վերածվեց մարզաձևի, երբ ռազմարվեստում իր տեղը սկսեց զիջել հրազենին։ 1900 թվականին կայացան նետաձգության առաջին պաշտոնական մրցումները, և դա տեղի ունեցավ երկրորդ Օլիմպիական խաղերում։ Մինչև 1972 թվականը այս կարգը համարվում էր կամընտիր՝ որոշ տարիներին այն ներառված էր Օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ որոշ տարիներին՝ ոչ։ Չնայած անցկացված մրցումներին, չկար նետաձգությունը կարգավորող կազմակերպություն։ 

 

Նետաձգության միջազգային ֆեդերացիան (FITA, այժմ  World Archery) ստեղծվել է միայն 1931 թվականին Լեհաստանում, և հետագայում մշակել է մրցումների կանոնները: 1980-ականների կեսերին մտցվեցին մենամարտեր, որոնք պետք է բարձրացնեին մրցումների ժամանցային տարրը։ 1988 թվականին ավելացան թիմային մրցումները։ 2000 թվականից ի վեր նետաձգության կանոններն անընդհատ փոխվում են, և յուրաքանչյուր Օլիմպիական խաղեր ուղեկցվում են ծրագրի փոփոխություններով:

 

 

Նետաձգությունը Հայաստանում

Որպես պրոֆեսիոնալ մարզաձև, Հայաստանում նետաձգությունը հիմնադրվել է 1970ական թվականներին՝ հունգարացի Ֆերենց Սաբոյի ՆԿ 2  և ռուս Օլգա Բուդարինայի ջանքերով։ Նրանք արագ սկսեցին դասախոսություններ կարդալ և անցկացնել մեթոդական ու գործնական մարզումներ։

 

Լինելով երեխաների համար շատ գրավիչ մարզաձև, այն արագ տարածվեց՝ սկզբում Երևանում, իսկ հետագայում նաև մարզերում։ Այդ ժամանակների ամենաբարձր մարզական տիտղոսներից մեկը՝ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալը, նվաճել է Արամ Տոնյանը 1982 թվականին։

 

 

Խորհրդային տարիներին սպորտային ակումբները կցված էին տարբեր գործարանների ու հիմնարկների։ Օրինակ՝ Երևանում առաջին պարապմունքները անցկացվել են «Նաիրիտ» գործարանին պատկանող «Նաիրի» մարզադաշտում (այս մասին հիշեք)։

 

Ցավոք, վերջին տասնամյակներում՝ գործարանների փլուզման հետ, վերացան նաև բազմաթիվ նետաձգության խմբակներ։ Շատ մարզաձևեր մնացին առանց կայուն սպորտային բազայի, գույքը մաշվեց, հնացավ, փակվեցին ամբիոնները, նոր մարզիչներ չպատրաստվեցին։

 

Վերածնունդ

2021 թվականին մի քանի երիտասարդներ որտեղից որտեղ իմանում են, որ Հայաստանում դեռ կարելի է նետաձգությամբ զբաղվել։ Սպորտին ավելի մոտիկից ծանոթանալուց հետո տեսնում են բազմաթիվ բացեր ու խնդիրներ։ Հասկանում են, որ եթե այս մարզաձևը հենց հիմա ոչ մեկը չարթնացնի, մի քանի տարի հետո այն պարզապես կարող է վերանալ Հայաստանից։

 

2022 թվականին ստեղծվում է «Նաիրի» նետաձգության ակումբը՝ ի հիշատակ այն առաջին «Նաիրի» մարզադաշտի, որտեղ տասնամյակներ առաջ սպորտային նետաձգությունը ծնվեց Հայաստանում։ Ակումբի նպատակն է այս մարզաձևը վերականգնել հայաստանցիների սիրված մարզաձևերի ցանկում, օգնել երեխաներին զբաղվել այս սպորտով, մարզվել և դառնալ պրոֆեսիոնալ մարզիկներ:

 

 

Ակումբի հիմնադիրների շարքում են սպորտի իսկական նվիրյալներ ու վարպետներ, եղբայրներ Վարդան և Տիգրան Ադամյանները, որոնք Հայաստանում նետաձգության առաջին պրոֆեսիոնալ մարզիկներից էին, և երկար տարիներ մարզչական գործունեություն են ծավալում։ 

 

Այս մարզաձևը հատկապես օգտակար է երիտասարդների համար, քանի որ  սովորեցնում է լինել ավելի համբերատար, աշխատասեր և դիմացկուն: Արժանապատիվ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեծ պրակտիկա և նվիրվածություն։ 

 

Նետաձիգ կարելի է դառնալ ցանկացած տարիքում։ Բացի այդ, նետաձգությունն այն մարզաձևերից է, որտեղ չկան ֆիզիկական սահմանափակումներ։ Մտքի կարողությունները նույնքան կարևոր են, որքան ֆիզիկական պատրաստվածությունը, նմուշառման և նետարձակման հմտությունները։ Կանոնավոր մարզումները զարգացնում են այնպիսի հմտություններ, որոնք օգտակար կլինեն նաև առօրյա կյանքում։

 

Չնայած մարզաձևը դասվում է ամենապահովների թվին, այն պահանջում է պատասխանատվության բարձր հատկություններ։ Հասկանալի է, որ անխոհեմ պահվածքի դեպքում այն կարող է չափազանց վտանգավոր դառնալ։ Նետաձգությունը սովորեցնում է պատասխանատու լինել միմյանց, ինչպես նաև այն սարքավորումների համար, որոնք օգտագործում են: 

 

Դրամահավաք

«Նաիրի» նետաձգության ակումբը այս մարզաձևն ավելի ներկայանալի դարձնելու նպատակով ամիսներ առաջ reArmenia հարթակում սկսեց դրամահավաք։ 

 

Այսօր մեր երկրում եզակի մարդիկ գիտեն, որ նետաձգությունը՝ որպես մարզաձև, Հայաստանում գոյություն ունի և որ դրանով կարելի է զբաղվել։ Պետությունն ապահովում է անվճար ուսուցում մինչև 18 տարեկան երեխաների համար, սակայն սակավ պայմաններով։  Նետաձգությամբ զբաղվելու համար չկան պատշաճ պայմաններ, դահլիճներ, բացօթյա կահավորված տարածքներ: Ներկայիս շինությունները կիսավեր են և չունեն անվտանգության կանոններին համապատասխան չափանիշներ և հարմարություններ (սանհանգույց, հանդերձարան, խմելու ջրի հասանելիություն): Առկա սարքավորումները քիչ են և հնամաշ: Ունենք որակավորված մարզիչների և պրոֆեսիոնալ կազմակերպված, կանոնավոր մրցումների խիստ պակաս։ 

 

 

Նետաձգության մնայուն գրավչությունն այն է, որ կարող է անխափան կերպով համատեղել հնագույն ավանդույթները ժամանակակից սպորտային նվաճումների հետ: Անկախ նրանից այս մարզաձևում սկսնակ եք, թե մասնագետ, աղեղն ու նետը շարունակում են խորհրդանշել մարդկային հմտությունների կատարելագործումը։

հավելյալ նյութեր