«Օդը՝ զգալի և շոշափելի»՝ կինո «Հայրենիքում»
Սեպտեմբերի 3-ին Երևանում բացվեց NEXA 2026 ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի առաջին թողարկումը։ «Օդը՝ զգալի և շոշափելի» խորագրով փառատոնը «Հայրենիք» կինոթատրոնի շենքում անդրադառնում է օդի աղտոտվածությանը՝ որպես բնապահպանական, քաղաքային, սոցիալական և մարմնական փորձառության։
Աղբյուր՝ Nexa
NEXA 2026-ը ժամանակակից արվեստի միջազգային փառատոն է, որի առաջին թողարկումը տեղի է ունենում Երևանում։ Այն կենտրոնանում է օդի աղտոտվածության վրա՝ որպես մեր միջև գոյություն ունեցող անտեսանելի, սակայն զգալի և շոշափելի միջավայրի։
Օդի աղտոտվածությունը մեր ժամանակի ամենահրատապ բնապահպանական մարտահրավերներից է։ Երևանում հատկապես մտահոգիչ են PM2.5 մասնիկները, որոնք կարող են խորը ներթափանցել թոքեր և ազդել մարդու առողջության վրա։ Աղտոտվածությունը գործում է նաև բումերանգի նման․ այն, ինչ մենք արտանետում ենք շրջակա միջավայր, վերադառնում է մեր սեփական մարմիններ։
NEXA-ն ուսումնասիրում է օդը ոչ միայն որպես բնապահպանական խնդիր, այլև որպես մարմնական, սոցիալական և քաղաքային փորձառություն։ Փառատոնի առաջին թողարկումն անցկացվում է «Հայրենիք» կինոթատրոնի շենքում, որը կարծես շնչում է ու դառնում փառատոնի մի մասը։
Այս թեմայի ուսումնասիրությունը շարունակվում է նաև Transition to 8: European Societies in Flux (TT8) նախագծի շրջանակում, որի երևանյան ցուցադրությունը ներկայացվում է NEXA 2026-ի ընթացքում։ TT8-ը համադրում է սոցիալական հետազոտությունը, տեխնոլոգիան և ժամանակակից արվեստը՝ ուսումնասիրելու, թե ինչպես են մարդիկ և համայնքները արձագանքում օդի աղտոտվածությանը։ TT8 նախագիծը ստեղծվել է Փանոս Գկիոկասի կողմից, իրականացվում է MENTOR-ի (Հունաստան), MoTA – Museum of Transitory Art-ի (Սլովենիա), Electroni[k]-ի (Ֆրանսիա) և Today Art Initiative-ի (Հայաստան) համագործակցությամբ և համաֆինանսավորվում ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի շրջանակում։