Nile AI. լավագույն ժամանակը փոփոխության համար
Երևանում շատ շուտով կբացվի ամերիկյան Nile AI ստարտափի մասնաճյուղը։ Ընկերության գլխավոր տնօրեն Լեո Պետրոսյանը վստահ է, որ ներդնելու և մաքսիմալ ազդեցություն ունենալու լավագույն ժամանակը ճգնաժամն է։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Հրանտ Խաչատրյանի
ԵՐԵՎԱՆ #68 | 2021
UCB-ն համաշխարհային կենսաբժշկական ընկերություն է, որը կենտրոնացած է նյարդաբանության և իմունոլոգիայի վրա: Այն ստեղծվել է 19-րդ դարի քսանականներին Բրյուսել քաղաքում։ Տասը տարի անց այն ընդլայնվել է՝ մուտք գործելով ամերիկյան շուկա։ 1950-60-ականներին ընկերության գիտնականները մեծ առաջընթաց գրանցեցին նաև բիոտեխնոլոգիայի ոլորտում։ Ընկերությունն առավել լայն ճանաչում ձեռք բերեց 80-90-ականներին հակահիստամինային Զիռտեկ և Կեպռա դեղամիջոցների ստեղծման շնորհիվ։ 21-րդ դարում ընկերությունը կենտրոնացավ հենց կենսաբժշկության վրա՝ ձեռք բերելով մի շարք կենսատեխնոլոգիական կազմակերպություններ։ Այսօր UCB-Ն ներդրել է 29.3 միլիոն ԱՄՆ դոլար Nile ընկերության մեջ և հանդիսանում է վերջինիս գլխավոր բաժնետերը։
Ինչպե՞ս է հիմնադրվել Nile AI ընկերությունը։
- Nile AI-ը հասարակ ստարթափ չէ։ Մենք սկսել ենք հակառակ կողմից` ի սկզբանե ունենալով գնորդ։ UCB բելգիական դեղագործական ընկերությունը, որ 20 միլիարդ եվրո շուկայական արժեք ունի, նկատեց որոշ լուծումների բացակայությունը շուկայում և որոշեց թիմ հավաքել, որը կգեներացնի և կմշակի այդ լուծումները։ Արդյունքում ստեղծվեց Nile Al-ը։
Ի՞նչ լուծումների մասին է խոսքը։
- Առողջապահության մեջ ամենաթանկ և ծանր խնդիրները կապված են սրտանոթային հիվանդությունների հետ։ Երկրորդ տեղում ուղեղին վերաբերող խնդիրներն են։ Ամբողջ աշխարհում հազարավոր ընկերություններ զբաղվում են սրտին վերաբերող խնդիրներով, մինչդեռ ուղեղի դեպքում ընկերությունների քանակն այդքան էլ շատ չէ։ UCB-ի նպատակը նյարդաբանական խանգարումների մենեջմենթն է։
Սրտի կաթվածի դեպքում մարդիկ միանգամից շտապում են հիվանդանոց։ Պետք է գործել արագ, և բուժումը երկար չի տևում։ Ուղեղի դեպքում խնդիրը կարող է օրեր, ամիսներ և նույնիսկ տարիներ տևել, մինչև մարդը կստանա համապատասխան խնամք։ Մեր աշխատանքն ամենաշատն առնչվում է էպիլեպսիայի հետ։ Մենք փորձում ենք մինչև մեկ տարի կրճատել մի գործընթաց, որը կարող է տևել 20 տարի, որպեսզի երեխան, ով ունեցել է իր առաջին էպիլեպտիկ նոպան վեց տարեկանում, կարողանա վերադառնալ նորմալ կյանքի յոթ տարեկանում, այլ ոչ թե 27-ում։
Կարո՞ղ ենք ասել, որ փորձում եք կանխատեսել, թե երբ կլինի հաջորդ նոպան։
- Nile AI-ում մենք ասում ենք, որ ունենք երկու նպատակ. մինչև 2025 թվականը կարողանալ կանխատեսել էպիլեպսիան, իսկ մինչև 2030-ը՝ դարձնել այն կառավարելի։
Նպատակները պարզ են։ Իսկ ինչպե՞ս եք օգտագործում արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը այդ աշխատանքում։
- Էպիլեպսիայի դեպքում բժիշկը փորձում է որոշակի բուժում և սխալվում է, փորձում է մեկ այլ բուժում և կրկին սխալվում է։ Ամեն նոր բուժման փորձը կարող է տևել մինչև մեկ տարի։ Մենք ստեղծել ենք արհեստական բանականություն, որը սովորել է կլինիկական հետազոտությունների և պացիենտների համար արդեն իսկ փորձված լուծումների տվյալները, ինչը մեզ թույլ է տալիս գտնել և դասակարգել նույն խնդիրներն ունեցող հիվանդներին՝ մեկ այլ հիվանդի համար լավագույն լուծում գտնելու նպատակով։
Ինչու՞ որոշեցիք հենց այս փուլում աշխատել նաև Հայաստանում։
- Պատճառները շատ են։ Սա իմ առաջին ստարթափը չէ, և տարիներ շարունակ ես ցանկացել եմ ստեղծել ընկերություն, որը կարող է հաջողությամբ աշխատել Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Հայաստանը առաջարկելու շատ բան ունի, և մենք կառուցում ենք մեր կազմակերպությունն այնպես, որ կարողանանք փազլի կտորների նման հավաքել պատկերը՝ համադրելով ԱՄՆ-ում մեր ունեցածն այստեղի հնարավորությունների հետ։
Որո՞նք են Հայաստանի առավելությունները նման ընկերությունների համար։
- Մարդիկ։ Համար մեկ առավելությունը միշտ էլ մարդիկ են։ Այս ընթացքում մենք հանդիպել ենք բազմաթիվ մարդկանց, ում համարում ենք շատ լավ մասնագետ «ներդրում» անելու համար։ Վերջերս ռեստորաններից մեկում մի մատուցող էր սպասարկում։ Նրա հետ անգլերենով խոսեցի։ Ասաց, որ անգլերեն գիտի, ես էլ հումորով պատասխանեցի, որ կարող ենք նաև ճապոներեն խոսել։ Նա սկսեց ինձ հետ ճապոներեն խոսել, իսկ հետո անցավ հունարենի։ Ես նրան հարցրի՝ որտեղի՞ց այսքան լեզու գիտի։ Պատասխանեց, որ պարզապես սիրում է սովորել, ու սա բնորոշում է այստեղի մարդկանց։
Ի՞նչ հետագա պլաններ ունեք Հայաստանի վերաբերյալ։
- Երբ այստեղի ՏՏ ոլորտի մարդկանց հարցնում ես, թե ինչու չեն զբաղվում առողջապահական տեխնոլոգիաներով, նրանք ասում են, որ բուն արտադրանքը կարող են ստանալ, բայց չեն հասկանում կանոնակարգերը և որոշ գործընթացներ։ Մենք նպատակ ունենք վերապատրաստել տեղացիներին, որպեսզի նրանք կարողանան հանգիստ աշխատել կանոնակարգված արտադրանքի մշակման ուղղությամբ։ ԱՄՆ-ի մեր թիմը կգա Հայաստան, որպեսզի սեմինարներ անցկացնի թե՛ մեր աշխատակիցների, թե՛ այլ ցանկացողների համար և լրացնի նրանց ունեցած բացերը։
Հայաստանը պատերազմի և համավարակի արդյունքում ճգնաժամային վիճակում է։ Ձեր կարծիքով, ՏՏ-ն կարո՞ղ է լինել այն ուժը, որը կօգնի շտկել այս իրավիճակը։
- Nile AI-ը միջազգային դեղագործական ընկերության մասնիկ է, և ես կարողացել եմ համոզել այդ ընկերությանը մասնաճյուղ բացել Հայաստանում անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այդ մարդիկ Euronews-ով տեսնում էին պատերազմը, և մյուս հանդիպմանը մի մարդ համոզում էր իրենց, որ պետք է ներդնել հենց այնտեղ, հենց այս պահին։ Ըստ իս, ներդնելու ամենալավ ժամանակն է, երբ նման բան է տեղի ունենում երկրում, քանի որ ավելի քիչ ջանքով կարելի է ստեղծել ավելի մեծ փոփոխություն։ Շատ մարդիկ վախենում են անել այդ քայլը, իսկ դու կարող ես լինել առաջինը, ով փոփոխություն կբերի։