Նոր բան ասա
Երևանը՝ հին զբոսաշրջային գրքույկներում և այսօր։
Տեքստը՝ Արեգ Դավթյանի
ԵՐԵՎԱՆ #34 | 2015
Զբոսաշրջիկի գլխավոր օգնականը տասնամյակներ շարունակ եղել են զանազան ուղեցույցները, որոնք օգնել են ճամփորդին կողմնորոշվել նոր ու անծանոթ վայրում: Ուսումնասիրելով մի քանի հին (և ոչ այնքան) ուղեցույցներ Երևանով, մենք փորձեցինք պատկերացնել, թե դրանցում ինչը չի հապատասխանում ժամանակակից երևանյան իրականությանը:
«Երևան. գովազդային ծանուցատետր»
(Ереван. Рекламный проспект, «Տուրիստ» կենտրոնական գովազդային-տեղեկատվական բյուրո, Մոսկվա, 1975թ.)
Մեջբերում
«Պարոնյանի փողոցում ավարտվում է «Դվին» հյուրանոցի և Ծիծեռնակաբերդ զբոսայգի տանող ճոպանուղու կառուցումը: Փողոցի աջ կողմում հին Երևանի կառույցներով բլուր է: Դա հանրահայտ Կո՜նդն է: Ի սկզբանե քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն ծրագրավորվում էր թողնել Կոնդի բլուրը իր միջնադարյան տեսքով: Սակայն հատակագծի հետագա վերափոխումների ընթացքում որոշում կայացվեց Կոնդում կառուցել բարձրահարկ շենքեր: Դեպի Հրազդանի կիրճը տանող թունելի վրա արդեն կառուցվում է Կապի տան 17-հարկանի շենքը»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
Այս ընթացքում «Դվին» հյուրանոցը հասցրեց կառուցվել, դառնալ քաղաքի ամենակարևոր վայրերից (ընդ որում՝ ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև երևանցիների), ապա վաճառվել ու լքվել: Երկու տարի առաջ նոր սեփականատերերը որոշեցին հիմնովին փոխել հյուրանոցի արտաքին տեսքը և հիմա, ինչպես և ուղեցույցի լույս տեսնելու օրերին, տարածքում շինարարություն է ընթանում: Ինչ վերաբերում է Կոնդին, ապա բարձրահարկերն այնտեղ այդպես էլ չկառուցվեցին և միջնադարյան Երևանն այնտեղ քիչ թե շատ պահպանվել է, բայց ապագան բավական մշուշոտ է: Ի դեպ, «Ոսկե Ծիրան» փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Կոնդ» վավերագրական ֆիլմի ընթացքում երևում են կադրեր, որտեղ «Դվինի» հաճախորդները իրենց հյուրանոցային պատշգամբներից հետաքրքրությամբ հետևում են թաղամասի բնակիչների բարդ առօրյային:
Ծիծեռնակաբերդ տանող ճոպանուղին այդպես էլ իրականություն չդարձավ, իսկ ահա Կապի տունը կառուցվեց և այժմ հայտնի է իբրև «Փոստի շենք»:
Մեջբերում
«Հաղթանակ» զբոսայգում է գտնվում Արևիկ արհեստական լիճը, որտեղ կարելի է լողալ և նավակ վարել, «Արագիլ» ռեստորանը, որից այցելուները կարող են հիանալ քաղաքի տեսարանով… Հրաշալի է երեկոյան Երևանը»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
Արևիկ արհեստական լիճը իր տեղում է, սակայն «Հաղթանակ» զբոսայգին վաղուց այն վայրը չէ, ուր կհրավիրես արտասահմանցի հյուրերին (միայն եթե միտք չունես ներկայացնելու «Մայր Հայաստանի» պատվանդանի ներսում գտնվող Ռազմական թանգարանը): Իսկ ահա «Արագիլ» ռեստորանը, որը կառուցվել էր Ռաֆայել Իսրայելյանի նախագծով և գործում էր 1959 թվականից, լքվեց և կիսաքանդ թողնվեց խորհրդային կարգերի փլուզումից շատ չանցած: Ու հրաշալի երեկոյան Երևանով ռեստորանի հարթակից այլևս ոչ ոք չի հիանում (թեպետ տեսարանը մինչ օրս գեղեցիկ է):
«Երևան. տեսարժան վայրեր»
(Getting Around Yerevan, Գիտատեխնիկական հրատարակությունների պետական հրատարակչություն, Երևան, 1960թ.)
Մեջբերում
«Այս զբոսայգին հիմնվել էր ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի: Ստալինի հուշարձանը, որ տեղակայվել է զբոսայգու գեղատեսիլ անկյուններից մեկում, բացվել էր 1950 թվականի նոյեմբերի 29-ին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-րդ հոբելյանի օրը»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
Այսօր ոչ մի զբոսաշրջիկ, բարեբախտաբար, չի տեսնի հսկայական Ստալինին՝ «զբոսայգու գեղատեսիլ անկյունում»: Ինչպես հայտնի է, 1962-ին, երբ «ժողովուրդների առաջնորդի» կերպարն այլևս այդքան էլ ակտուալ չէր, արձանը պայթեցվեց, իսկ մի քանի տարի անց դատարկ պատվանդանը զբաղեցրեց Մայր Հայաստանը:
«Երևան. ուղեցույց»
(Ереван. Путеводитель, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983 թ.)
Մեջբերում
«Վերադառնանք Հոկտեմբերյան պողոտա: Մենք կարող ենք այցելել «Ռոսիա» կինոթատրոնը՝ ամենախոշորը հանրապետությունում: Դրա մեծ դահլիճը տեղավորում է 1600 հանդիսատես, փոքրը՝ 1000: Ինտերյերի ձևավորման մեջ օգտագործվել են խեցեղեն, քանդակադրոշմ, վիտրաժներ, քանդակներ: Պետական կրկեսը տեղակայված է Օրջոնիկիձեի պողոտայի սկզբնամասից ոչ հեռու»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
«Ռոսիա» կինոթատրոնի հրաշալի շենքը (ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Ս. Խաչիկյան), իհարկե, կանգուն է, բայց քսան տարուց ավելի է ինչ չի օգտագործվում իր նշանակությամբ և մեծ դահլիճ ուղևորվող 1600 հոգին ոչ մի կերպ չեն կարող գնահատել կառույցի նրբագեղ ինտերյերը: Ինչպես բոլորս գիտենք, «Ռոսիան» արդեն վաղուց սովորական տոնավաճառ է:
Պետական կրկեսի իրավիճակը մի փոքր այլ է: Շենքը մի քանի տարի առաջ ապամոնտաժվեց և տեղում սկսվեց նոր շենքի շինարարությունը: Դրա հանձնման ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին, բայց ընթացք, այդուհանդերձ, կա: Այնպես որ, եթե զբոսաշրջիկները այցելեն Երևան մի քանի տարի հետո, գուցեև տեսնեն այն՝ ավարտուն տեսքով: Ավելորդ չէ նաև նշել, որ Հոկտեմբերյան պողոտան այժմ կրում է Տիգրան Մեծի անունը, իսկ Օրջոնիկիձեն դարձել է Արշակունյաց:
Մեջբերում
«Նալբանդյան փողոցում կարելի է նստել ճոպանուղու խցիկը և բարձրանալ դեպի «Նաիրի» հյուրանոց, որից հրաշալի տեսարան է բացվում»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
Ավաղ, այս գործողությունն իրականացնելու միջոց այժմ չկա. վերոնշյալ ճոպանուղին, որը զբոսաշրջիկների համար Երևանի վրա բացվող գեղեցիկ տեսարանը լուսանկարելու համար էր, իսկ Նորքի բնակիչների համար՝ անփոխարինելի միջոց քաղաքի կենտրոն հասնելու, դադարել էր գործել դեռ 2004 թվականին՝ վթարից հետո: Մի քանի տարի ճոպանուղին պարզապես անգործության էր մատնված, իսկ 2009-ին այն ապամոնտաժվեց: Ծրագրված վերանորոգումն այդպես էլ տեղի չունեցավ: Այսօր կարելի է միայն ուսումնասիրել այն, ինչ մնացել է Նալբանդյան փողոցի վրա գտնվող կայանից:
Մեջբերում
«Մոտ ապագայում կգործարկվեն մարզապալատը, մետրոպոլիտենի երկրորդ գիծը, շարունակվում է Գլխավոր պողոտայի շինարարությունը, ինչպես նաև Ալ. Թամանյանի արձանի հետևում գտնվող լանջի օրիգինալ ձևավորումը: Այստեղ նախատեսվում է կառուցել շարժասանդուղք-ներ, որոնցով այցելուները կբարձրանան դեպի Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հուշարձանը և դիտահարթակը»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
«Թամանյանի արձանի հետևում գտնվող լանջի օրիգինալ ձևավորումը» ճիշտ է, մինչ օրս, իր վերջնական տեսքը չի ստացել, բայց արդեն բավական երկար տարիներ Երևանի ամենագրավիչ տարածքն է: Հարցրեք ցանկացած զբոսաշրջիկի՝ Կասկադը և հարակից տարածքը հաստատ կլինեն Երևանում նրան ամենաշատ դուր եկած վայրերի ցանկում: Ցավոք, շարժասանդուղքները առայժմ չեն հասցնում մինչև դիտահարթակը և առայժմ պարզ չէ, թե երբ կկառուցվի Կասկադի վերին հատվածը:
«Երևան»
(Yerevan, Ինտուրիստ, Մոսկվա, 1974 թ.)
Մեջբերում
«Հեղափոխության պետական թանգարանի հավաքածուն ծանոթացնում է այցելուին Հայաստանի պատմության մեզ ամենամոտ շրջանին՝ 19-րդ դարավերջից մինչև մեր օրերը: Թանգարանը ներկայացնում է հայ ժողովրդի հեղափոխական պատմությունը: Այստեղ գտնվող նյութերի օգնությամբ կարելի է տեղեկանալ այն մասին, թե ինչպես Անդրկովկաս և մասնավորապես Հայաստան ներթափանցեցին և տարածվեցին մարքսիստական գաղափարները»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
Պարզ պատճառներով, 1991 թվականին Հայաստանի Հեղափոխության թանգարանը լուծարվեց, իսկ հավաքածուն տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժին:
«Հայաստան. Ճանապարհորդի հանրագիտարան»
(Армения. Энциклопедия путешественника, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1990 թ.)
Մեջբերում
«Երիտասարդական պալատ կարելի է բարձրանալ Աբովյան պուրակից՝ լայն աստիճաններով, Ազատության պողոտայից՝ վերելակով, որը տեղակայված է գեղատեսիլ քարանձավում, այստեղ է գտնվում նաև ավտոկայանատեղին: Ոլորուն ճանապարհը բարձրանում է դեպի ներքին բակ՝ հյուրանոցի շքամուտքի մոտ»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
Երևանյան համայնապատկերի ամենաճանաչված օբյեկտներից մեկը՝ հռչակավոր «Կուկուռուզը» (ճարտարապետներ՝ Մ. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Մ. Զաքարյան, Հ. Պողոսյան) իր մահկանացուն կնքեց 2006 թվականին: Հետաքրքրասեր զբոսաշրջիկը այժմ Երիտասարդական պալատի տեղում կտեսնի միայն դատարկ հարթակ: Այստեղ նախատեսվող նոր կառույցի՝ մի քանի անգամ անցկացված ճարտարապետական մրցույթները ոչ մի արդյունք չտվեցին:
«Երևան. Պաշտոնական քաղաքային ուղեցույց»
(Yerevan. The Official City Guide, Երևանի քաղաքապետարան, 2011թ.)
Մեջբերում
«Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկից ոչ հեռու տեղակայված է հիանալի Ծածկած շուկան (ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան, 1952): Այսօր Երևանի գրեթե բոլոր շուկաները ծածկած են, բայց անունը մնացել է այս մեկին, քանի որ այն առաջինն էր: Շուկան անհրաժեշտ է այցելել ոչ միայն այնտեղ վաճառվող ընտիր մթերքից գնելու և փորձելու համար, այլև էսթետիկ պատճառներով: Շինությունը տպավորիչ է ինչպես ճարտարապետական, այնպես էլ ձևավորման առումով: Առաստաղի հիմնական մասի լայնությունը հասնում է 32 մետրի, այն պահում են 19 զորեղ կամարները: <…> Չնայած այսօր առևտուրը Ծածկած շուկայում այդքան ակտիվ չէ, որքան նախկինում, դուք դեռևս կարող եք զգալ այստեղ արևելյան շուկաների համն ու հոտը, վայելել դրա բազմերանգությունը և, իհարկե, գնել որևէ բան, այդ համն ու հոտը հետո հիշելու համար»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
Այսօր զբոսաշրջիկները երբեմնի փառահեղ շուկայի փոխարեն կտեսնեն սուպերմարկետ: Այս ուղեցույցի լույս տեսնելուց ընդամենը մեկ տարի անց շուկան վաճառվեց, դատարկվեց, հետո «իրան-իրան փլվեցին» կամարներից մի քանիսը, իսկ 2013-ին նույն տարածքում բացվեց արդեն «Պրոսպեկտ Մոլ» կոչվող առևտրի կենտրոնը:
«Երևան»
(«Պրոգրես» հրատարակչություն, Մոսկվա, 1975 թ.)
Մեջբերում
«Ժամանակակից մեծ քաղաքի նորույթների մեջ խնամքով պահպանվում են անցյալ դարերի մասունքները: Դրանցից մեկը XIII դարում կաուցված Կաթողիկե հազվագյուտ եկեղեցին է»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
Եթե 1975 թվականին այս ուղեցույցը ձեռքին զբոսաշրջիկը փնտրեր Կաթողիկեն, ապա նա պետք է նախ հասներ Լեզվի ինստիտուտի շենքին՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում, ապա շենքերի արանքով մտներ բակ և հանդիպեր վերոնշյալ սրբավայրը: Այսօր Կաթողիկեն այլևս այդ գողտրիկ միջավայրում չէ. 2007 թվականին ինստիտուտի շենքը քանդվեց, իսկ տեղում կառուցվեց կաթողիկոսական նստավայր և մեծ Սուրբ Աննա եկեղեցին (օծումը տեղի է ունեցել 2015-ի ապրիլի 30-ին), որն էլ այժմ «գրկել» է XIII դարի Կաթողիկեն:
Մեջբերում
«Երևանը շարունակում է աճել: Քաղաքում շարունակվում է շինարարությունը, ուստի քաղաքի ուզածդ նկարագրին վիճակված է իսկույն հնանալ: Երևանցին, առավել ևս զբոսաշրջիկը ամեն օր իր համար հայտնաբերում է նոր Երևանը: Բարի համեցեք»:
Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր
Իսկապես, Երևանը հիմա էլ փոփոխվում ու վերակառուցվում է: Միայն թե միշտ չէ, որ փոփոխությունները դրական են լինում: Բայց ամեն դեպքում, այստեղ միշտ ուրախ են ընդունել զբոսաշրջիկներին, ինչ խոսք: