Նոր հին գետնանցումը
Միջավայր

Նոր հին գետնանցումը

ԵՐԵՎԱՆը քայլում է Մաշտոցի պողոտայի նորաբաց գետնանցումով։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Հասմիկ Բարխուդարյանի, Երևանի քաղաքապետարանի, Անցում No. 1

Փակվել է Երևանի ամենամեծ հասարակական զուգարանը։ Վերանորոգվել է Դիանա Աբգարի պուրակը Միսաք Մանուշյան պուրակին կապող գետնանցումը, որը մինչև վերջերս շատ վատ վիճակում էր, ու մեղմ ասած՝ վատ էր բուրում։ Նոր կառուցապատումն արել է «Տաշիր» խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ ԵՐԵՎԱՆ-ը որոշեց անցնել ու տեսնել այդ լեգենդար անցումը։

       
Դե, գնացինք, անցնենք Մաշտոցի պողոտան։ Մոտենում ենք գետնանցումի լուսավորված մուտքին։ Այստեղ ունենք ընտրության հնարվորություն․ իջնել ապակեպատ շարժասանդուղքով կամ աստիճաններով։ Դե իհարկե շարժասանդուղքով։ Հիմա կասեք էլի բողոքելու բան գտավ, բայց դեռևս պուրակից կարելի էր լսել դրա ճռճռոցը։ Ինչևէ, իհարկե, քայլելն առողջարար է,  բայց շարջասանդուղքով իջնելն ավելի հարմարավետ է։ 


Մի բան, որ միանգամից գրավեց ուշադրությունս՝ հայ մեծերի շրջանաձև դիմանկարներն էին, որ փակցված են աստիճանավանդակի մի կողմի պատին։ Մի քիչ իհարկե անհասկանալի է դրանց նպատակը և ինչու այդ ձևաչափով, հատկապես, որ միայն դիմանկարներն են՝ առանց ուղեկցող բովանդակության, նույնիսկ առանց անուններ նշելու։ Մի խոսքով՝ ցանկացած անհասկանալի իրավիճակում օգտագործի՛ր հայ մեծերի դիմանկարներ։ Իսկ մյուս պատին՝ Երևանի հայտնի ճարտարապետական կառույցների պատկերներով խորաքանդակներ են։ Այն շատ ավելի հաճելի տեսք ունի։ Ինչքան կարող էինք բողոքեցինք ու հասանք ինքն իրեն բացվող դռներին։ 

 


Ներս մտնելով՝ շարժասանդուղքների ու ավանդական աստիճանների արանքում միանգամից նկատվում է անվասայլակ բարձրացնելու համար նախատեսված հարմարանքը։ Այն փորձարկել ցավոք չհաջողվեց, քանի որ այդ պահին սայլակ կամ մանկասայլակ մոտակայքում չկար։ Հուսանք, որ ամեն բան լավ է աշխատում։ Ներսում բավական լուսավոր է ու ընդարձակ։  Աջ կողմում հայելիներով պատված պատ է, ինչը նպաստում է լուսավորության ու ընդարձակության զգացողությանը։ Ու դե, իհարկե, սելֆի անելու նոր, մեծ հայելի Երևանում։

 

Կենտրոնում երկարուկ ոլորաձև սեղան է, աթոռներ, ասում են՝ այդտեղ շախմատներ են դրվելու։ Մյուս մայթ անցնելու համար անհրաժեշտ է քայլել երկար միջանցքով, որի մի կողմում սուպերմերկետ է, իսկ մյուս կողմում՝ տարատեսակ խանութներ, սրճարաններ, բանկ ու դեղատուն։ Ընդհանուր առմամբ հարմարավետ է, շատ բաներ հեշտ հասանելի։ 


Անցանք մյուս կողմ, ամեն բան այնքան նման էր, որ մի պահ տպավորություն էր, թե նույն տեղում ենք հայտնվել։ Բայց ոչ, այստեղ այլ հայ մեծերի դիմանկարներ էին։ Այս անգամ բարձրացանք աստիճաններով ու նկատեցինք ցուցանակը, որտեղ լուսանկարներով ցույց է տրված, թե ինչպիսի տեսք է ունեցել գետնանցումը նախքան վերակառուցումը, որ հանկարծ չմոռանանք։ 


Պիտի խոստովանեմ, որ գետնանցումը տեսնելու ցանկությունն ավելի մեծացավ ֆեյսբուքյան քննարկումները տեսնելուց հետո։ Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանն օրինակ գտնում է, որ քաղաքային փողոցների վրա գետնանցումներ ընդհանրապես պիտի գոյություն չունենան։ Ըստ նրա, կարևոր է լուծել երթևեկության անխափանության հարցը, ինչի արդյունքում պետք է կիրառվեն զեբրաներն ու լուսացույցերը։ Իհարկե, վատ չի, որ արդեն եղած գետնանցումը բարեկարգվում է, բայց ըստ ճարտարապետի դա անվտանգության ու հարմարավետության հետ ոչ մի կապ չունի։ 

 

 


Ճարտարապետ Հակոբ Մանսուրյանն էլ գտնում է, որ իհարկե, կան շատ եվրոպական քաղաքներ, որտեղ քաղաքաշինական տեսանկյունից կենտրոնացված, մտածված  նախագծում կա, որտեղ հեշտ է փակել եղած գետնանցումներն ու կիրառել զեբրաներ, բայց մեր պարագայում, նման հանգույցները քիչ են։ Նա կարծում է, որ անիմաստ կլինի արդեն եղած՝ Խորհրդային Միությունից ժառանգած գետնանցումը փակել։ Իհարկե կարևոր է, թե ինչպես է կազմակերպվում ներքին տարածությունը, որպեսզի մատչելի լինի այն հենց իբրև անցում օգտագործելու տեսանկյունից։ Խորհրդային մոտեցումը՝ մի ընդհանուր հանրային տարածք ստեղծելն էր։

 

 


Այ, այսպիսի բաներ։ Ամեն դեպքում, պետք է խոստովանեմ, որ գետնանցումը զուտ մի փողոցից մյուսն անցնելու տեսանկյունից բավական հարմարավետ է։ 
 

հավելյալ նյութեր