Նոր սերնդի աշխատավայր
Գրասենյակ

Նոր սերնդի աշխատավայր

«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Մերուժան Մինասյանը պատմում է ՏՏ միջավայրներ նախագծելու և նոր տեսակի գրասենյակներ ստեղծելու կարևորության մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝  «Ստորակետ» ճարտարապետական  արվեստանոցի

 

ԵՐԵՎԱՆ #76 | 2022
 

#Ճարտարապետություն #ՏՏ

Երկխոսություն

Ցանկացած աշխատանքային միջավայրի ստեղծումը երկխոսություն է ճարտարապետի և պատվիրատուի միջև։ Մենք թիմով մեծ հաճույք ենք ստանում՝ անցնելով այդ ճանապարհը, ծանոթանալուց և միմյանց ընկալելուց մինչև նոր միտք առաջարկելը։ Առհասարակ այսօր գոյություն ունի գրասենյակների նախագծման երկու մոտեցում։ Առաջինը ես անվանում եմ pinterest-յան սինդրոմ, երբ մարդիկ նայում են՝ ինչն է թրենդային այդ պահին և դա էլ անում են։ Բայց կա մեկ այլ մոտեցում, երբ դու ուսումնասիրում ես, թե տվյալ ընկերությունն իրենից ինչ է ներկայացնում, որն է դրա ինքնությունը, արժեհամակարգը։ Լսելով պատվիրատուին՝ բացահայտում ես ընկերությունը և փորձում քո ընկալումներն արտացոլել գրասենյակի ինտերիերում։ 

 

Նորարարական մոտեցումներ 

Վերջին տասը տարիների ընթացքում աշխատավայրի ձևաչափը մեծապես փոփոխվել է։ Մասնավորապես՝ ՏՏ ընկերություններն իրենց հետ բերեցին բոլորովին այլ մոտեցումներ՝ անցյալում թողնելով 90-ականների նյույորքյան 180 x 180 սմ չափի քյուբիքալները։ Հայտնվեց օփեն սփեյս գրասենյակների գաղափարը։ Ընդհանուր առմամբ, առաջնային է դարձել այն, որ տարածքը լինի հարմարավետ, հավես լուծումներով, որպեսզի մարդիկ հաճույքով գան աշխատանքի։ 


ՏՏ ընկերությունների համար կարևոր է նաև բազմաֆունկցիոնալ տարածքներ ունենալը։ Օրինակ՝ մի սենյակ, որտեղ կարելի է ժողով անել, իսկ հետո փոփոխելով այն դարձնել լսարան։ Որպես գրատախտակ ծառայող պատերը ևս նոր սերնդի գրասենյակների պարտադիր նախապայման են։ 


Նման աշխատավայրերում սկսել են հայտնվել նաև հանգստի գոտիներ։ Մի հատվածում կարող ես քնել, մյուսում յոգայով զբաղվել, պինգ-պոնգ խաղալ, կամ բարից խմիչք վերցնել, նստել տանիքում ու վայելել արևը, իհարկե, աշխատելով։ 


Դպրոցներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դասասենյակից դուրս երեխաներն ավելի մեծ հաճույքով են սովորում։ Ըստ իս՝ նույն խնդիրը կա նաև գրասենյակներում, մարդիկ հոգնում են աշխատասենյակից և փնտրում են վայրեր, որտեղ կարող են ոչ ֆորմալ տարբերակով աշխատել։ Պարզ է՝ մի պահի կուզենան վերադառնալ իրենց աշխատասեղանին, բայց ընտրության հնարավորությունը մեծ առավելություն է։ 

 

 

IT Office #24726

 

Միջազգային փորձ

Առաջին ՏՏ գրասենյակները, որոնք նախագծել ենք, պատկանում էին միջազգային ցանցերի՝ Vmware-ը, Mentorgraphics-ը։ Դրանք հստակ սահմանված պահանջներ ունեին, բայց դրա հետ մեկտեղ շատ բաց էին տարբեր առաջարկների համար։ Cisco-ի դեպքում, որը հեռահաղորդակցությանը վերաբերող գործունեություն է ծավալում, որոշեցինք գրասենյակի երկայնքով փողոց անցկացնել, որտեղ նույնիսկ տիպիկ երևանյան նստարան կա, հեռախոսի խցիկ, հետիոտնային անցում, փողոցային լուսավորություն և այլ նման տարրեր, որոնք մարդկանց համար հանդիպման և կապի միջավայր են ստեղծում։

 

ՏՏ անտառը 

Հայաստանյան Renderforest ընկերության գրասենյակը կառուցելիս ուշադրություն էինք դարձրել դրա անվանմանը: Forest-ը թարգմանաբար նշանակում է անտառ, իսկ Render բառն ավելի թվայնացման կողմ է տանում։ Գրասենյակի ամբողջ տարածքում բնության տարրեր ենք ավելացրել, բայց հարկից հարկ բարձրանալով դրանք ձևափոխվում են։ Առաջին հարկում, որտեղ գտնվում է ընդունարանը, բույսերը բնական են, իսկ արդեն վերջին հարկում, որտեղ գտնվում են ընկերության ամենատեխնիկական բաժինները, բուսականությունը ներկայացված է թվային տեսքով՝ պիքսելներով։ 


Ի սկզբանե այս շենքը եղել է երկու հարկանի տուֆե կառույց, բայց ընկերության հիմնադիրները հստակ նպատակ ունեին ստանալ էներգախնայող շենք, որը նաև հաճելի աշխատանքային միջավայր կունենա։ Նման մոտեցումները ևս խոսում են ընկերության տեսլականի մասին։ Առհասարակ ՏՏ ընկերությունների հիմնադիրները, հատկապես ստարտափերները, շատ ազատ մտածողության և ճկուն մարդիկ են, հակառակ դեպքում միջազգային շուկայում դժվար կգոյատևեն։ Այդ պատճառով նրանց հետ հեշտ է լինում տարբերվող գաղափարներ մտածել, նախագծել և իրականացնել՝ ստեղծելով ոչ թե պարզապես գրասենյակ, այլ միջավայր։ 

 

 

Renderforest

 

Կտրվելով աշխարհից

Երբ ծանոթացանք Krisp-ի թիմի հետ, մենք արդեն իսկ օգտվում էինք հավելվածից և ընդհանուր պրոդուկտի գաղափարը մեզ շատ հետաքրքիր էր։ Երբ միացնում ես Krisp-ը, աշխարհի ամբողջ աղմուկը վերանում է և մեր առաջնային հայեցակարգը հենց այդ գաղափարից էր ոգեշնչված։ Ձև էինք մշակել, որ գրասենյակը երկու պատկեր ունենար՝ աշխատանքային քաոտիկ վիճակ և իդեալական հանգիստ տարածք հատուկ վարագույրի միջոցով։ Բայց գնալով հասկացանք, որ հարմարավետության տեսանկյունից այդ տարբերակը չի համապատասխանում։ Բացի այդ, ընթացքում փոխվեց ընկերության բրենդային ինքնությունն ու նաև տարածքը։ 


Արդեն վերջնական տարբերակով որոշեցին հիմնվել Krisp-ի առավելությունների վրա՝ ձայնամեկուսացման և մարդկանց միջև կապը ապահովելու։ Այդ նպատակով որոշեցինք կապի լարերը չթաքցնել՝ ցույց տալով Ա կետը Բ կետի հետ կապելու գաղափարը։ Այդ ամենի հետ մեկտեղ պարզ է, որ պետք էր ապահովել որակյալ աշխատանքային տարածք, հանդիպումների սենյակներ, խոհանոց, հանգստի տարածքներ և այս ամենը իրենց ինքնության հետ համահունչ։ Տարածքում կառուցեցինք նաև հատուկ ձայնակլանիչ նյութերով արված սենյակ և, առհասարակ, գրասենյակում այդ հարցին շատ լուրջ ենք վերաբերվել։ 


Եվ որպես վերջին շտրիխ, տանիքում ավազով դաշտ է լինելու, որտեղ լողափի աթոռներ կտեղադրվեն։ 

 

 

Krisp

 

Բարդ էրգոնոմիկ վիճակ

Իրականում, վստահ եմ, որ տեղական ՏՏ ընկերությունները պատրաստ են ամբողջությամբ նման ձևաչափերի հասնել։ Մեր գերմանացի գործընկերներից մեկի գրասենյակում հանդիպումները երբեք նստած վիճակում չեն անցկացվում։ Քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկար նստած հանդիպումների ժամանակ մարդիկ թուլանում են, սկսում տարբեր թեմաներից խոսել, մինչդեռ կանգնած վիճակում կենտրոնացնում են իրենց ուժերը հարցերին լուծում գտնելու և այդ բարդ էրգոնոմիկ վիճակից շուտ դուրս գալու համար և ժողովների տևողությունը չի գերազանցում 45 րոպեն։ Իրենք համարում են, որ ավելի երկար ժողովը պարզապես անարդյունավետ է։ Այստեղի փոքր ՏՏ գրասենյակներից մեկում կանգնած աշխատելու համար նախատեսված սեղան առաջարկեցինք տեղադրել. սկզբում չէին համաձայնվում, բայց երբ մոտ մեկ ամիս փորձարկեցին, արձագանքը հիանալի էր։ Ու նման առաջադեմ մտածողության ձգտող գրասենյակներ շատ են, մնում է ենթակառուցվածքները թույլ տան։ 

 

Առանց քարտուղարուհու սենյակի 

21-րդ դարը դեմ է գնում նախկին մոտեցումներին։ Չկա հեռավոր տնօրենի սենյակը, որից հետո գալիս են հանգստյան սրահը և քարտուղարուհու անկյունը։ Ես ինքս հավատում եմ, որ ցանկացած մարդ գրասենյակում համարժեք է տնօրենին, որովհետև նույն չափ, երբեմն նաև ավելի աշխատանք է կատարում։ Եթե դու բաց ընկերություն ես, թաքցնելու ոչինչ չունես, նույնիսկ հաշվապահությունդ կարող է առանձին սենյակ չունենալ։ Բայց կարևոր է հասկանալ, որ թիմիդ զարգացումն ու գրասենյակի ձևաչափը զուգահեռ երևույթներ են։ Եթե գրասենյակը ձևականորեն օփեն սփեյս է ստեղծում, բայց մարդիկ դրան պատրաստ չեն, դա շատ ակնառու է դառնում։ 
 

հավելյալ նյութեր