Notations 2026. 111 արվեստագետ 27 երկրից
Փառատոն

Notations 2026. 111 արվեստագետ 27 երկրից

Օգոստոսի 1-2-ը Երևանում կանցկացվի «Նոթեյշնս» (Notations) միջազգային երաժշտական փառատոնը՝ միավորելով ժամանակակից երաժշտության, ձայնային արվեստի և միջդիսցիպլինար ստեղծարարության մասնագետներին։ Փառատոնին կմասնակցեն 111 արվեստագետ, երաժիշտ, կատարող և հետազոտող աշխարհի 27 երկրից, որոնք կներկայացնեն նորարարական նախագծեր, համերգներ և պերֆորմանսներ։

Մանրամասները՝ այստեղ

#Արվեստ

Ծրագրի ցերեկային հատվածը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ երեկոյան ու գիշերային միջոցառումները՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում։

 

Միջազգային ծրագրի առանցքային հյուրերից է գերմանական էլեկտրոնային Brandt Brauer Frick տրիոն, որի ելույթը բացառիկ հնարավորություն է այս ժանրի սիրահարների համար։ Փառատոնին հանդես կգան նաև Hogh Arthun, MOCT, ПЭУ, DIGSTORE, Rambalkoshe, Cyberfolk, հայկական ինդի բեմի showcase-ը և մի շարք այլ երաժիշտներ ու ստեղծագործական խմբեր՝ ձևավորելով բազմաժանր և բազմամշակութային ծրագիր։

 

«Նոթեյշնսը» ոչ միայն երաժշտական փառատոն է, այլ նաև հանդիպման միջազգային հարթակ, որտեղ հատվում են տարբեր մշակույթներ, երաժշտական լեզուներ և ստեղծագործական մոտեցումներ։ Երկու օր շարունակ Երևանը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետների՝ ստեղծելով համագործակցության, փորձարարության և նոր գաղափարների տարածք։ «Մեզ համար կարևոր էր ձևավորել ոչ թե պարզապես համերգային շարք, այլ միջավայր, որտեղ միջազգային և հայկական արվեստագետները կարող են հանդիպել, ստեղծագործել և ներկայացնել նախագծեր, որոնք դժվար է տեսնել այլ բեմերում։ «Նոթեյշնսը» հենց այդպիսի կենդանի և բաց տարածք է նոր համագործակցությունների համար»,— նշում են hosq հիմնադրամից։

 

Փառատոնի կարևոր առանձնահատկություններից է, որ ներկայացվող ծրագրի զգալի մասը ստեղծվել է «Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիայում։ Այս տարի լաբորատորիան գրանցել է աննախադեպ միջազգային հետաքրքրություն․ մասնակցության համար դիմել էր մոտ 250 արվեստագետ և հետազոտող աշխարհի ավելի քան 38 երկրներից, որոնցից ընտրվել են 111 մասնակից։