ՆՓԱԿ-ի ռոք ալիքը
Փառատոն

ՆՓԱԿ-ի ռոք ալիքը

Ճարտարապետ և MHHOG ռոք խմբի համահիմնադիր Սևադա Պետրոսյանը պատմում է, թե ինչպես 90-ականների կեսերին ՆՓԱԿ-ը վերածվեց ռոք էպիկենտրոնի՝ իր շուրջ հավաքելով հայաստանյան գլխավոր խմբերին ու ռոքասերներին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 
Լուսանկարները՝ ՆՓԱԿ արխիվ / Վռամ Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#Ռոք

 

 

Փառատոնին ելույթ ունեցած բոլոր խմբերի ցուցակը (ըստ այբբենական կարգի, կազմավորման թվական և անդամներ)

⬩ ԱԼՔ, 1995, Անդրեյ Ափոյան, Հովակ Ալավերդյան, Կարեն Գրիգորյան, Դավիթ Գրիգորյան
⬩ Alter Ego, 1997, Էդգար Բարսեղյան, Լևոն Գևորգյան
⬩ AMBER, 1995, Արտաշ Հարությունյան, Արթուր Իգիթյան, Հրանտ Ղորուխչյան
⬩ Angels, 1995, Արտակ Կնյազյան, Վլադիմիր Սոֆյան, Հովակ Ալավերդյան,
⬩ Ass Kissers, 1993, Խաչատուր Մխիթարյան, Վարդան Սահակյան, Ռոբերտ Մաթևոսյան, Լևոն Հախվերդյան
⬩ Բամբիռ 2, 1996, Նարեկ Բարսեղյան, Արման Քոչարյան, Մհեր Վարդիկյան, Արեգ
⬩ Empyray, 1992, Կարեն Արզումանյան, Սերգեյ Ջանգիրյան, Սեյրան Մալերյան, Սարգիս Մանուկյան
⬩ Hieronymus Bosch, 1988, Միքայել Բալասանյան, Արտաշես Բալասանյան
⬩ IF, 1998, Հայկ Գոլչանյան, Գևորգ Բաղդասարյան, Սերգեյ Ազարյան
⬩ Լավ Էլի, 1997, Ալեքս Ավետիսյան, Մհեր Մանուկյան, Դավիթ Գրիգորյան
⬩ ՆԱԱՍ, 1998, Արթուր Մարտիրոսյան, Սրապիոն Դանիկյան, Աբրահամ Գրիգորյան, Նորիկ Ղազարյան
⬩ Ro The U, 1992, Սերգեյ Մելիք-Բարխուդարյան, Դիմա Մկրտչյան, Գրիգոր Րյաբուխա, Լևոն Հախվերդյան
⬩ Time, 1997, Աշիկ Աբաջյան, Վանիկ Հակոբյան, Վահե Հակոբյան, Հայկ Ավետիսյան, Արտակ Ներսիսյան, Տիգրան Կարապետյան
⬩ Объединение TUSH, 1996, Արտաշ Բալասանյան, Արթուր Բարսեղյան, Մախնո
⬩ ВИА ИМЕНИ ДЖОНА ТРЛИНСКИ, 1997, Տիգրան Մարտիրոսյան, Նորայր Չիլինգարյան, Անհայտ Զինվոր
⬩ Ոստան Հայոց, 1986, Արեգ Նազարյան, Դավիթ Մուշեղյան, Հովհաննես Կուրղինյան, Լևոն Միքայելյան, Լևոն Հախվերդյան
⬩ The One Man Band, 1995, Սևադա Պետրոսյան
 King’s Cross, 1998, Հենրիկ Կարագյոզյան, Աշոտ Առաքելյան, Կորյուն Բաբիկյան, Սուրեն Սարգսյան
⬩ PEGAS, 1998, Գուրգեն Ներսիսյան, Վարդան Ափինյան, Տիգրան Ներսիսյան, Վահե Բորեցյան

 

25 տարի առաջ

1996-ին երկար բացակայությունից հետո նորից հայտնվեցի Երևանում։ 19 տարեկան էի, հետաքրքրվում էի ռոքով, նույնիսկ ինքս էի նվագում։ Այդպես սկսեցի հարցուփորձ անել, թե այստեղ ով կա, ինչ կա ռոքի ասպարեզում։ Արդյունքում հասկացա, որ կա շատ ցրված և ոչ շատ տեսանելի ենթամշակույթ։ Ինձ խորհուրդ տվեցին մի օր գնալ Հովհաննես Թումանյանի արձանի մոտ, քանի որ բոլոր ռոքերներն այնտեղ էին հավաքվում։ Գնացի ու տեսա, որ հիմնականում դպրոցական տարիքի երեխաներ են, որոնք սիրում էին արևմտյան երաժիշտների և զբաղվում էին նրանց կասետային ձայնագրությունների պեղումներով: Ինձ ավելի շատ հետաքրքրում էին տեղացի կատարողները։ 


Ծանոթներիցս մեկը ինձ մի ծամած կասետ տվեց, որի մասին այն ժամանակ բոլորը խոսում էին։ MDP խմբի կասետն էր, որի երկու հիմնադիր անդամները ներկայիս DOGMA խմբում են հանդես գալիս։ Բոլորը գիտեին MDP-ն ու մի քանի այլ խմբերի, բայց նրանց գտնելը շատ դժվար էր, համերգներ կամ չէին լինում, կամ էլ տեղ չէր լինում։ Ժամանակի ընթացքում ընկերների միջոցով մի երկու խմբի հետ ծանոթացա, մեր համալսարանում ևս կային տղաներ, որոնք նվագում էին, և սկսեցի պատկերացում կազմել: 

 

 

Փորձառական

Նույն ժամանակ սկսեցի աշխատել ՆՓԱԿ-ում։ Այդ տարիներին այն հիմնական թիմ չուներ, շատ փոքր հիմնարկ էր, որտեղ հավաքվում էին առաջադեմ նկարիչներ, տարբեր փախած ցուցահանդեսներ էին անցկացվում, և մենք մտածում էինք, որ ՆՓԱԿ-ում տեղի ունեցող գործընթացները պետք է դիվերսիֆիկացվեն: Երաժշտության տեսանկյունից մտածեցինք՝ ի՞նչ կա։ Հասկացանք, որ ալտերնատիվ ուղղվածություն է համարվում ռոքը։ Մենք ուզում էինք, որ այն արվեստի տեսակները, որոնք արժանի են ներկայացված լինելու լայն հասարակությանը, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացվում, իրենց տեղը գտնեն ՆՓԱԿ-ում։ 


Նույն 96-ին մի խումբ գտանք՝ Strangers։ Նրանք բժշկական համալսարանի ուսանողներ էին, և իրենց փորձասենյակը հենց համալսարանի նկուղում էր։ Կիսաքանդ, ցուրտ սենյակ էր, պատերին տարբեր կատարողների պատկերներով: Բավական հետաքրքիր խումբ էր, երեք հոգով նվագում էին պրոգրեսիվ ռոք։ Այդպես ՆՓԱԿ-ում մի հետաքրքիր համերգ կազմակերպեցինք: Ցուրտ էր, բոլորը բաճկոններով, տաք շորերով փաթաթված եկել էին նրանց լսելու։ Հաջորդը եղավ Angels խումբը։ Իմ տպավորությամբ իրենք Երևանի Բոն Ջովին էին։ 


Այս համերգից հետո է՛լ ավելի շատ մարդիկ սկսեցին նկատել, որ ՆՓԱԿ-ում ինչ-որ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Դեռ մինչ այդ՝ շուրջ երեք տարի շարունակ, ՆՓԱԿ-ը կազմակերպում էր Երիտասարդական արվեստի փառատոն։ Այսօր այն կոչվում է Արվեստի այլընտրանքային փառատոն։ Այս փառատոնի շրջանակներում որոշեցինք հրավիրել ռոք խմբերի, որոնք նոր են, վերջին տարում են կազմավորվել։ Երկու խումբ նվագեցին՝ The Kings Cross-ը և If-ը։ Այս խմբերը հետաքրքիր էին նրանով, որ արդեն նոր սերունդ էր, նրանք պարզապես Beatles կատարելուց հասել էին նրան, որ սեփական գործերն էին նվագում։ 

 

Սևադա Պետրոսյան

 

 

Հայտարարություններով փառատոն 

Միևնույն ժամանակ, Երևանում կային այլ խմբեր, որոնք ավելի մեծ սերնդից էին։ Բնականաբար ռոքը շատ ավելի շուտ էր սկսվել Հայաստանում։ Պարզապես այդ խմբերն ընդհատակային կյանքով էին ապրում, իրար գիտեին հեռվից, ակտիվ չէին։ Նախկինում այլ փառատոներ եղել էին, որոնցից մեկը Gaudeamus-ն էր, որի մասին բոլորը խոսում էին։ Մտածեցինք՝ ինչո՞ւ մենք նման մի բան չկազմակերպենք, տեսնենք՝ ով կա առհասարակ այդ դաշտում։ Մենք կարծում էինք, որ հոյակապ կլինի, եթե գոնե չորս-հինգ խումբ նվագի: 98 թվականի սկզբին հայտարարությունը տարածեցինք: Այսինքն պրինտերով տպած պաստառները փակցրեցինք համալսարանների պատերին, մետրոյում և նման այլ վայրերում։ 


Այն ժամանակ ՆՓԱԿ-ը երևի երկու աշխատող ուներ: Գործադիր տնօրենը Միքայել Մկրտչյանն էր, որի գաղափարն էր փառատոն կազմակերպելը։ Կար նաև տնտեսվարը և ես, որ ուղղակի կողքից օգնում էի։ Ծանոթություններով կազմակերպչական խումբ հավաքեցինք, որի մեջ էին Միքայելը, ես (ՆՓԱԿ-ի երաժշտության բաժնի կորդինատոր), «Ոստան Հայոց» խմբի լիդեր Արեգ Նազարյանը, նկարիչ, «ԱՐ» հեռուստաալիքի «Քաղաք» հաղորդաշարի հեղինակ Գրիգոր Խաչատրյանը, «Մարկատո» պարբերականի հեղինակ Արման Պադարյանը և Միքայել Բալասանյանը, ով Հայաստանում ռուսական փանք ռոքի կարկառուն ներկայացուցիչներից էր և Hieronymus Bosch խմբի առաջին դեմքը։ 


Մեզ նաև մեծապես օգնեց Արարատ Բաբիկյանը, ով շատ հետաքրքիր կերպար էր՝ Վերնիսաժի մոտ նստում նվագում էր ու նաև երաժշտական գործիքներ էր վաճառում։ Իր արվեստանոցում հազարավոր գործիքներ ուներ և աղքատ երաժիշտները հենց իր մոտից էին գնում իրենց գործիքները։ 


Ստացանք մոտ 40 հայտ։ Հիմնական պայմանները երկուսն էին՝ ներկայացնել ռոքի որևէ ժանր և անպայման ունենալ հեղինակային գործեր։ Այդ պայմաններով մաղելու արդյունքում կանգնեցինք մոտ 20 խմբի վրա։ Դա Հայաստանում չտեսնված բան էր՝ 20 խմբով փառատոն։ 

 

Ռոք ՆՓԱԿ '98

 

Հրաչի սարքավորումները

ՆՓԱԿ-ն ուներ հսկայական դահլիճ, որը պիտի տեղավորեր մեր հանդիսատեսին։ Արդեն պայմանավորվել էինք սարքավորումների համար և խմբերի հետ առանձին հանդիպումներ էինք ունեցել։ Սկսում ենք աշխատել, գալիս հասնում է փառատոնի նախօրեն։ Պետք է բերվեն սարքավորումները, որ տեղադրենք ու սաունդչեք անենք։ Սարքերը բերում են և պարզվում է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում նրան, ինչ մեզ պետք է։ Վաղը պիտի սկսվի փառատոնը։ Նստած մտածում ենք՝ ի՞նչ անել։ Ուստան [Արեգ Նազարյանը – խմբ.] ասում է. «Ինձ 1000 դրամ փող տվեք, ես կգնամ սարքավորումներ կբերեմ, դուք գործ չունեք»։ Տալիս ենք գումարն ու նստում սպասում, որ հեսա մի քանի ժամ անց պիտի սարքավորումները հասնեն։ Մի քանի ժամ անց գալիս է Արեգը՝ քեֆը լավ, այդ 1000 դրամն էլ երևի խմիչքի վրա էր ծախսել։ 


Երևանում կար մի Հրաչ, բավական մեծ չափերի մարդ էր, ով հայտնի էր նրանով, որ քաղաքի ամենալավ սարքավորումներն իր մոտ էին։ Արեգը գնացել էր իր մոտ և համոզել, որ բավական էժան գնով սարքավորումները վարձակալենք։ 

 

Ոստան Հայոց

 

Amber խմբի ելույթը


Առավոտյան ժամը 5-ին բեռնատարներով սարքավորումները բերեցին մեզ մոտ։ Բոլորս՝ կազմակերպիչներ, երաժիշտներ, մասնակիցներ, առավոտվա այդ ժամին հավաքվել ենք ՆՓԱԿ-ի դռան առջև, տեղափոխում ենք սարքավորումներն ու դնում ձայնը։ Այդ ընթացքում այլ խնդիրներ են առաջանում։ Մի քանի հոգի, ում մերժել էինք, գալիս են պարզելու, թե ինչու չենք նվագելու, մենք սկսում ենք բացատրել։ Այդ պահին հայտնվում է Բամբիռի Ջագը՝ երեխեքի հետ և հարցնում՝ արդյո՞ք կարող են իրենք էլ նվագել։ Այդ ժամանակ հիմիկվա Բամբիռի տղաները մոտ 14-15 տարեկան էին, որոշեցինք, որ հենց իրենք էլ կբացեն փառատոնը։


Ընդհանուր առմամբ այս ամենի վրա ծախսեցինք մոտ 500 դոլար։ ՆՓԱԿ-ի կողքը կար մի բիստրո, որտեղ քաղաքապետարանի աշխատակիցները 200 դրամով կարտոֆիլ ու նրբերշիկ էին ուտում, բայց բացի դրանից այնտեղ «Հոլսթոն» գարեջուր էին տալիս։ Նրանց պատուհանը բացվում էր հենց ՆՓԱԿ-ի մուտքի մոտ և որոշեցինք, որ էժանով գարեջուր կվաճառեն մասնակիցներին։


Այդպես 98 թվականի հունիսին կազմակերպվեց ՆՓԱԿ-ի առաջին ռոք փառատոնը։ Իրոք, բոլոր քսան խմբերը նվագեցին, համերգը տևեց մոտ 12 ժամ։ Այդ օրվա մասնակիցներից խմբեր կան, որոնք այսօր էլ գործում են։ Օրինակ՝ «Լավ Էլիի» հետ այնտեղ եմ ծանոթացել։ Նրանք արդեն շուրջ երկու տարի է նվագում էին, հասցրել էին խմբի անվանումը փոխել և արդեն կար իրենց ամենահայտնի «Գտա քեզ երկնքում» երգը։ Հենց այդ երգն էլ նվագեցին փառատոնի ժամանակ։ 


Այս փառատոնի մեկ այլ հետաքրքիր կողմերից եղավ այն, որ ծանոթացանք հայաստանյան բայքերների ենթամշակույթի հետ։ Նրանց էլ հրավիրեցինք, որ գան և իրենց մոտոներով դահլիճ մտնեն։ Իսկ անվտանգությունն ապահովում էին այկիդոյով զբաղվող մի խումբ մարզիկներ։ 


Կարող է անհավատալի թվալ, բայց այդ օրն ընդհանրապես ագրեսիայի որևէ դրսևորում չկար։ Թեև խմիչքը շատ էր, բայց ոչ մի կռիվ չեղավ։ Իսկական փառա-տոն էր։ Տոմսեր էինք վաճառում և տարիներ անց իմացա, որ դրանք այսպես ասած սև շուկայում էին հայտնվել։ Մենք ծախել էինք մոտ 500-600 տոմս, բայց մեր հաշվարկներով փառատոնին եկել էր 1000-ից ավել մարդ։ 

 

 

ՆՓԱԿից՝ Ստոպ

Սա ռոքի սկիզբն էր ՆՓԱԿ-ում, ինչը խթանեց մի քանի կարևոր գործընթացի։ Երկու այլ ավելի փոքր փառատոն կազմակերպեցինք, մեկը Հելոուինի թեմայի մեջ էր, մյուսն ավելի ռոքնռոլային մթնոլորտի մեջ։ Այլ մարդիկ ևս սկսեցին տարբեր վայրերում ռոք միջոցառումներ կազմակերպել, բայց բոլորի աչքը ՆՓԱԿ-ի վրա էր, քանի որ երկար տարիների դադարից հետո հենց այնտեղ էր առաջին անգամ կազմակերպվել նման մասշտաբային ռոք փառատոն։ 


Բացի այդ, Մալխասյան Արթուրը՝ Ոստան Հայոց խմբի ընկերներից, ով ևս ռոքի մեծ սիրահար էր, առաջարկեց, որ այդ փառատոներն ավելի փոքր տարբերակով, ավելի հաճախակի բնույթ կրեն։ Նա իր վրա էր վերցնում ապահովությունն ու գարեջուրը։ Միջոցառումների ընթացքում նվագելու էին մի քանի ռոք խմբեր. համ գումար կաշխատեինք, համ ավելի կզարգանար ոլորտը։ Ցավոք, ՆՓԱԿ-ում նման գործունեության հնարավորություն չեղավ, բայց Արթուրը չհրաժարվեց իր մտքից և արդյունքում ստեղծվեց ռոք ակումբը, Երևանի առաջին ռոք ակումբը, որը գտնվում էր այսօրվա Stop ակումբի տեղում։ 


Այնուհանդերձ զգում էինք, որ սկսնակ խմբերի համար քիչ տեղ կա։ Նրանց ռեպերտուարն ավելի փոքր էր, դժվար էր իրենց համար տոմսեր վաճառելը։ Մտածեցինք, որ կարելի է շարունակել այն, ինչ սկսել էինք դեռ 98-ին՝ ՆՓԱԿ-ի Երիտասարդական արվեստի փառատոնի շրջանակում և կազմակերպել նորաստեղծ խմբերի փառատոն։ Այս փառատոներն անվճար էին, լիքը նորաստեղծ խմբեր հենց այդ փառատոների ժամանակ արեցին իրենց առաջին քայլերը։ Սարքավորումների խնդիրն արդեն այդքան սուր չէր, քանի որ ՆՓԱԿ-ն ուներ իր սեփականը։ 

 

Ինցեստ

Այդ ժամանակ, բացի փառատոներից, ՆՓԱԿ-ի տանիքի տակ ես փորձում էի առանձին խմբերի առաջ տանել։ Նրանցից մեկը Ինցեստն էր, չորս աղջիկներ էին՝ թե՛ երաժշտության տեսակով, թե՛ բառերով շատ հետաքրքիր էին, ծանր երաժշտություն էր, բայց ունիկալ։ Նրանց այդ բավական սեքսիստական ոլորտում, որտեղ գերակշռում էին տղամարդիկ, շատ դժվար էր առաջ շարժվելը, և ես որոշել էի օգնել։ 


Այն ժամանակ ստուդիայում ձայնագրվելը բավական թանկ հաճույք էր մեզ համար, բայց մենք, միևնույն է, որոշեցինք դա կազմակերպել։ Աղջիկների համար ՆՓԱԿ-ի սենյակներից մեկում դեմո ալբոմ ձայնագրեցինք, որից շուրջ հարյուր օրինակ վաճառեցինք։ Արդեն 2005-ին կարողացանք նրանց մի քանի գործ հենց ստուդիայում ձայնագրել և պատրաստվում էինք շարունակել, բայց, ցավոք, խումբը ցրվեց։ 

 

Ալք

 

 

Ռոքի մեղմացումը

Արդեն քայլ առ քայլ դաշտը բացվում էր, հայտնվում էին վայրեր, որտեղ ռոք երաժիշտները կարող էին ելույթ ունենալ, ինչու ոչ, նաև գումար աշխատել։ Ոլորտը զարգանում էր և արդեն ՆՓԱԿ-ից դուրս։ Ռոքն այլևս այդքան էլ ալտերնատիվ չէր, այժմ վերելքի վրա էլեկտրոնային երաժշտությունն էր և ինքնաբերաբար ռոքի ներկայությունը ՆՓԱԿ-ում մեղմվեց։ Գուցե նաև ես էի արդեն հոգնել, քանի որ ամեն մի փառատոնը բավական ծանր էր, թեև ինձ բոլոր կողմերից օգնում էին։


Մինչ այդ ևս մեծ փառատոներ եղել էին, նույն 80-ականներին անցկացված Վելատրեկի փառատոնը, բայց նման «բումի» կարողացավ հասնել երևի թե միայն ՆՓԱԿ-ը և այն մնաց մարդկանց հիշողության մեջ, որպես ռոք ոլորտի ամենամեծ երևույթներից մեկը։ 90-ականներին չկար փող, սարքավորումներ, բայց կար շատ յուրահատուկ էնտուզիազմ։
 

հավելյալ նյութեր