«Նպատակ»՝ հանուն նպատակների իրականացման
Ապագա

«Նպատակ»՝ հանուն նպատակների իրականացման

Ճարտարապետական ամառային ստուդիա 2021:

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ ՀԲԸՄ Հայաստանի

 

Նախագծի մասին ավելի մանրամասն՝ www.npatak.com/

#Ճարտարապետություն

ԵՐԵՎԱՆը ներկա է եղել «Նպատակ» Ճարտարապետական ամառային ստուդիա 2021-ի նախագծերի ամփոփիչ միջոցառմանն ու ականատեսը եղել Հայաստանում ոչ հեռավոր ապագայում նախատեսվող յուրատեսակ նոր ու պրեֆեսիոնալ ճարտարապետական նախագծերի ներկայացմանը։ Եվ այսպես, ո՞րն է «Նպատակի» նպատակը։ 
 

Ինչպես հայտնի է, Հայաստանում ճարտարապետական կրթություն ստանալու միակ տարբերակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սովորելն է։ Այլընտրանքներ չկան, սակայն կա դրա անհրաժեշտությունը։ Հենց այս միտքն էլ հիմք հանդիսացավ «Նպատակի» ստեղծման համար։ Երեք ճարտարապետ ընկեր՝ Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանն ու Արմեն Հակոբյանը երկար մտորումներից, տարբեր գաղափարների մեկտեղումից ու քննարկումներից հետո վճռեցին ստեղծել «Նպատակ» հարթակը։  Այն յուրատեսակ կամուրջ է հայ ուսանողների և արտերկրում ուսանած, մասնագիտական մեծ փորձ ձեռքբերած ու բազմաթիվ հաջողություններ գրանցած հայազգի ճարտարապետների միջև։ 

 

 


«Նպատակի» առաջին պիլոտային նախագիծը՝ Ճարտարապետական ամառային ստուդիա 2021-ն է։ Փորձի փոխանակում, պրակտիկ գիտելիքներ, իրական աշխատանքային միջավայր, արդյունքում՝ իրականացված յուրահատուկ, պրոֆեսիոնալ նախագծեր։ Թիմերն աշխատել են TUMO Center for Creative Technologies, Children of Armenia Fund (COAF), AGBU Armenia և IDeA foundation-ի կողմից տրամադրված իրական նախագծերի վրա։


Այսպես՝ 4 երիտասարդ ճարտարապետ, թիմի երկու ղեկավար և ընդհանուր՝ 4 խումբ աշխատել է 4 տարբեր նախագծերի վրա ընդամենը 12 օր, այդ ընթացքում այցելել այն բնակավայրերը, որտեղ նախատեսված է նախագիծը (ցավոք բացառությամբ Ստեփանակերտի) և աշխատել տեղում։ Օգոստոսի 26-ին AGBU-ում այս խմբերը հանդես եկան իրենց նախագծերի մասին պատմող հաշվետվությամբ, որտեղ մանրամասն ներկայացվեցին նախագծերը ինչպես նաև տեղի ունեցավ քննարկում ու պատվոգրերի հանձնում։ 

 

 

 

Գյումրու փակ շուկան (խումբ՝ TUMO), AGBU-ի Արցախի մասնաճյուղը, այսպես կոչված՝ Ստեփանակերտի բզեզը (խումբ՝ AGBU), Դիլիջանի գործարան 12-ը (խումբ՝ IDEA) ու Դեբետ գյուղի գյուղամեջը (խումբ՝ COAF) այսուհետ իրական նախագծեր են, իրական գծագրեր, հատակագծեր ու ռենդերներ, իրականացված ուսանողների կողմից՝ իրենց ավագ ու փորձառու գործընկերների ղեկավարությամբ։ 


«Նպատակը» ճարտարապետության ոլորտում Հայաստանում առկա յուրատեսակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին հմտանալու, ծանոթանալու նոր մոտեցումների, նոր աշխատելաոճի, ինչպես նաև եզակի հնարավորություն աշխատելու իրական նախագծերի հետ։ «Նպատակն» ապագա է, որը նախագծում ու կառուցում են այսօր։  
 

հավելյալ նյութեր